ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«10» հունիսի 2008թ. |
N 433 |
ք.Ստեփանակերտ
ՀԱՆՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԻՆ (ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ, ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ) ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «իբ» կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հանված հաշվառման համարանիշերը համապատասխան մարմիններ հանձնելու, պահպանելու և վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) վերադարձնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«10» հունիսի 2008թ.
թիվ 433 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԻՆ (ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ, ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ) ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» վարչության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով հանված հաշվառման համարանիշերը համապատասխան մարմիններ հանձնելու, պահպանելու և վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով համապատասխան մարմինը տրանսպորտային միջոցներ հաշվառող և հաշվառման համարանիշեր հատկացնող մարմինն է:
3. Ճանապարհային ոստիկանության ծառայողն իր կողմից հանված հաշվառման համարանիշերը ծառայության ավարտից հետո հանձնում է ճանապարհային ոստիկանության շարային ստորաբաժանման՝ վարչական իրավախախտումների հաշվառում իրականացնող ծառայողին՝ բացառությամբ մինչև ծառայության ավարտը շահագործումն արգելելու պատճառները վերացնելուց համարանիշերը վերադարձնելու դեպքերի:
4. Ճանապարհային ոստիկանության շարային ստորաբաժանման՝ վարչական իրավախախտումների հաշվառում իրականացնող ծառայողը հանված հաշվառման համարանիշերն ստանալու օրվան հաջորդող երրորդ օրը դրանք ուղարկում է համապատասխան մարմին, եթե այդ ընթացքում վարորդը (սեփականատերը, սեփականատիրոջ ներկայացուցիչը) շահագործումն արգելելու պատճառները վերացնելուց հետո չի դիմում՝ համարանիշերը հետ ստանալու համար:
5. Ճանապարհային ոստիկանությունում հաշվառված տրանսպորտային միջոցների հանված հաշվառման համարանիշերը հանձնվում են տրանսպորտային միջոցը տվյալ պահին տնօրինող անձի կողմից նշված՝ տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանում:
6. Ճանապարհային ոստիկանությունում հաշվառման ոչ ենթակա տրանսպորտային միջոցների հանված հաշվառման համարանիշերն ուղարկվում են տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացրած համապատասխան մարմին:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցների հանված հաշվառման համարանիշերը պահպանվում և վերադարձվում են վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) ճանապարհային ոստիկանության՝ համարանիշերը հանելու վայրի տրանսպորտային միջոցներ հաշվառող ստորաբաժանման կողմից:
8. Համապատասխան մարմիններն իրականացնում են իրենց ուղարկված հաշվառման համարանիշերի հաշվառում՝ դրանք գրանցելով հաշվառման մատյանում: Հաշվառման մատյանի ձևը սահմանվում է ճանապարհային ոստիկանության ղեկավարի կողմից:
9. Սույն կարգի 5-րդ կետում նշված ստորաբաժանումներից հաշվառման համարանիշերը հետ ստանալու համար մեկամսյա ժամկետում չդիմելու դեպքում դրանք ուղարկվում են տրանսպորտային միջոցը հաշվառող ստորաբաժանում, եթե տվյալ տրանսպորտային միջոցը չի հաշվառվել այդ ստորաբաժանման կողմից:
10. Հանված հաշվառման համարանիշերը վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) վերադարձվում են անմիջապես՝
1) տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում տեխնիկական զննություն անցած չլինելու դեպքում՝ տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում տրանսպորտային միջոցը համապատասխան մարմին կամ պաշտոնատար անձին ներկայացվելուց հետո.
2) տրանսպորտային միջոցն անօրինաբար վերասարքավորելու դեպքում՝ վերասարքավորումն օրինականացնելու վերաբերյալ փաստաթուղթ ներկայացվելուց կամ վերասարքավորումը վերացրած վիճակում տրանսպորտային միջոցը համապատասխան մարմին կամ պաշտոնատար անձին ներկայացվելուց հետո.
3) տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը և կահավորվածությունը տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ցանկին չհամապատասխանելու դեպքում՝ շահագործումն արգելելու համար հիմք հանդիսացած անսարքությունը կամ պայմանը վերացված վիճակում տրանսպորտային միջոցը համապատասխան մարմին կամ պաշտոնատար անձին ներկայացվելուց հետո:
11. Սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում տրանսպորտային միջոցի շահագործումն արգելելու համար հիմք հանդիսացած անսարքությունը կամ պայմանը վերացնելուց հետո տրանսպորտային միջոցի վարորդը (սեփականատերը, սեփականատիրոջ ներկայացուցիչը) նախօրոք դիմում է համապատասխան մարմին, որտեղից նրան տրվում են 24-ժամյա գործողության ժամկետով ժամանակավոր համարանիշեր՝ տրանսպորտային միջոցը համապատասխան մարմին հասցնելու և հաշվառման համարանիշերը հետ ստանալու նպատակով:
12. Հանված հաշվառման համարանիշերը վերադարձնելու մասին նշում է կատարվում հաշվառման մատյանում և հաստատվում համարանիշերը հետ ստացող անձի ստորագրությամբ՝ բացառությամբ մինչև ծառայության ավարտը շահագործումն արգելելու պատճառները վերացնելուց հետո համարանիշերը հետ ստանալու դեպքերի, որոնց մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |