Համարը 
N 3-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.02.10/01(292)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.01.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.01.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.02.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2016թ.

N 3-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կենդանական աշխարհի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «ե» ենթակետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

 1. Սահմանել կենդանական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի հունվարի 20-ի N 3-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի կենդանական աշխարհի մոնիթորինգի իրականացման նպատակը, խնդիրները, օբյեկտներն ու կենդանական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման (վարման) կարգը:

2. Կենդանական աշխարհի մոնիթորինգը (այսուհետ` մոնիթորինգ) նպաստում է կենդանիների բազմազանության պահպանության և կայուն օգտագործման նորմերի սահմանմանը: Մոնիթորինգը` կենդանական աշխարհի օբյեկտների որակական և քանակական ցուցանիշների, գնահատման, արագ արձագանքման և զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ է:

3. Մոնիթորինգը կազմակերպվում ու իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Մոնիթորինգի կազմակերպման և իրականացման համար հիմք են կենդանական աշխարհի պետական հաշվառման տվյալները, որն իրականացվում է ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ: Առանձին դեպքերում դա կարող է իրականացվել նաև ըստ անհրաժեշտության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:

5. Որսորդական տնտեսությունների տարածքներում որսի կենդանիների հաշվառումը կազմակերպում և իրականացնում է որսի օգտատերը` տարեկան մեկ անգամ: Օգտատերը հաշվառման տվյալները ներկայացնում է որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառում լիազորված պետական մարմին` որսասեզոնն սկսելուց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

 

II. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Մոնիթորինգն իրականացվում է կենդանական աշխարհի օբյեկտների տարածվածության, քանակի, ներկա վիճակի, ինչպես նաև դրանց ապրելավայրերի, բնադրավայրերի, միգրացիայի ուղիների և էկոհամակարգի որակի, ամբողջականության գնահատման, բացասական երևույթների` ժամանակին հայտնաբերման, կանխարգելման և վերացման նպատակով:

7. Մոնիթորինգի խնդիրներն են`

1) կենդանական աշխարհի կառավարումն իրականացնողներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը` համապատասխան որոշումների ընդունման համար.

2) կենդանիների տարածվածության, տեսակային կազմի, քանակի, ապրելավայրերի, բնադրավայրերի և միգրացիայի ուղիների առկա վիճակի բացահայտումը.

3) պոպուլյացիաների քանակական և որակական փոփոխությունների ընթացքի գնահատումը և կանխատեսումը.

4) կենդանական աշխարհին ու դրա առանձին տեսակներին սպառնացող բնական, մարդածին գործոնների բացասական ազդեցության բացահայտումը, դրա կանխարգելման միջոցառումների մշակումը և վերացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

5) կենդանական ռեսուրսների օգտագործման նորմավորման հիմնավորմանը նպաստելը` ըստ ծավալների և ժամկետների.

6) կենդանական աշխարհի մասին տեղեկատվական համակարգի ստեղծմանն ու իրազեկմանը նպաստելը:

 

III. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

8. Մոնիթորինգի օբյեկտներն են`

1) կենդանիների տեսակների ապրելավայրերը, բնադրավայրերը և միգրացիայի ուղիները, տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերը.

2) կենդանիների բազմազանությունը` առաջնահերթ նշանակություն տալով`

ա. այն տեսակներին, ցեղերին, ընտանիքներին կամ այլ կարգաբանական միավորներին, որոնց տարածվածությունը սահմանափակվում է հարաբերականորեն ոչ մեծ աշխարհագրական շրջանով (էնդեմիկներ),

բ. այն տեսակներին, ցեղերին, ընտանիքներին կամ այլ կարգաբանական միավորներին, որոնք պահպանվել են անցած երկրաբանական ժամանակաշրջաններից և ներկայումս հազվադեպ են հանդիպում (ռելիկտներ),

գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանական աշխարհի համար օտարածին և տեղածին այն տեսակներին, որոնց ներթափանցումը բնական էկոհամակարգեր և արագ բազմացումն սպառնում են էկոհամակարգերի կայունությանը (ինվազիվ և էքսպանսիվ տեսակներ).

3) Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների տեսակները, ինչպես նաև դրանց պոպուլյացիաները.

4) տնտեսական արժեք ներկայացնող և արդյունագործական նշանակություն ունեցող տեսակները.

5) կենդանիների պոպուլյացիաները և դրանց գերիշխող (դոմինանտ) տեսակները.

6) կենդանական ռեսուրսների ապօրինի օգտագործումը:

 

IV. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մոնիթորինգը կազմակերպում և իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը (այսուհետ` լիազորված պետական մարմին):

10. Մոնիթորինգի իրականացումը փուլային գործընթաց է, որը ներառում է`

1) ելակետային տվյալների ստացումը և հավաքագրումը` սույն կարգի 8-րդ կետում նշված մոնիթորինգի օբյեկտների դիտարկման միջոցով.

2) ստացված տվյալների վերլուծությունը, ամփոփումը, կանխատեսումների կազմումը.

3) տվյալների բազայի վարումը և տեղեկատվության տրամադրումը.

4) լիազորված պետական մարմնի կողմից` մոնիթորինգի տվյալների հիման վրա անհրաժեշտ բնապահպանական գործողությունների իրականացման վերաբերյալ որոշումների նախագծերի մշակումը` շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովմամբ (տարածքային կառավարման մարմիններ, համապատասխան ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, բնօգտագործողներ և այլն):

11. Սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոնիթորինգի ելակետային տվյալներն ստանում են`

1) միջազգային և հանրապետական նշանակություն ունեցող` բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում և անտառային հողերում` լիազորված պետական մարմնի կազմում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունները, իսկ հավատարմագրային կառավարման դեպքում` հավատարմագրային կառավարիչը.

2) տեղական նշանակություն ունեցող` բնության հատուկ պահպանվող տարածքներում` պահպանությունը և օգտագործումն իրականացնող մարմինը.

3) բնության հատուկ պահպանվող տարածքներից, անտառներից և անտառային հողերից դուրս` լիազորված պետական մարմնի պատվերով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Մոնիթորինգի ելակետային տվյալների ստացման և հավաքագրման նպատակով ստեղծվում է դիտարկման ցանց, որը ներառում է մշտական կամ ժամանակավոր (սեզոնային) դիտակետեր, փորձահրապարակներ, երթուղիներ` դիտարկումների, ստուգայցերի, երթուղային հետազոտությունների և ուսումնասիրությունների անցկացման համար:

13. Մոնիթորինգի իրականացման նպատակով դիտարկման ցանցը նախատեսվում է` հաշվի առնելով տվյալ տարածքում սույն կարգի 8-րդ կետում նշված մոնիթորինգի օբյեկտների առկայությունը, դրանց տարածվածությունը, վիճակը, մարդածին ներգործության ծանրաբեռնվածությունը:

14. Դիտարկման ցանցի տեղաբաշխման նախագծերը մշակվում և հաստատվում է լիազորված պետական մարմնի պատվերով:

15. Դիտարկման ցանցի պահպանումը, սպասարկումը և անխափան գործունեությունն ապահովում է տվյալ տարածքի պահպանությունը և օգտագործումն իրականացնող մարմինը` համապատասխան անձնակազմի և տվյալների հավաքագրման համար անհրաժեշտ սարքավորումների միջոցով:

16. Մոնիթորինգի իրականացման ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալները լրացվում են լիազորված պետական մարմնի կողմից հաստատված ձևատեսքերում` մոնիթորինգային արձանագրություններում և դաշտային ձևերում, որտեղ գրանցվում են մոնիթորինգի ենթարկվող յուրաքանչյուր օբյեկտի մասին ստացված դաշտային տվյալները:

17. Մոնիթորինգի արդյունքում ստացված ելակետային տվյալները ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ներկայացվում են լիազորված պետական մարմին, որն իրականացնում է սույն կարգի 10-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված մոնիթորինգի տվյալների համակարգումը և տվյալների բազայի վարումը:

18. Լիազորված պետական մարմինն ապահովում է մոնիթորինգի տվյալների մուտքագրումը, դասակարգումը, վերլուծությունը, պարբերական թարմացումը և հասարակայնության համար տեղեկատվության մատչելիությունը: Այդ նպատակով ստեղծվում է միասնական համապարփակ տեղեկատվական համակարգ, որն ընդգրկում է ելակետային տվյալների փոխհամադրելի բազաները:

19. Մուտքագրված տվյալները վերլուծվում և գնահատվում են մուտքագրման օրվանից մինչև 20 օրվա ընթացքում, որից հետո տեղադրվում են համապատասխան վեբ-կայքում:

20. Անտառների կենդանական աշխարհի վերաբերյալ ստացված տվյալները ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ներկայացվում են լիազորված պետական մարմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 10-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» N 429 որոշմամբ սահմանված կարգով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ