ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կենդանական աշխարհի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «զ» ենթակետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին` վեցամսյա ժամկետում`
1) սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը.
2) հաստատել կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույցը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2016 թվականի հունվարի 20-ի N 4-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը:
2. Կենդանական աշխարհի պետական կադաստրը (այսուհետ` պետական կադաստր) կենդանական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի, քանակական ու որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, հանրապետությունում տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ է:
3. Պետական կադաստրի վարումը նպատակ ունի բացահայտելու կենդանիների տեսակների ու համակեցությունների, դրանց ապրելավայրերի քանակական և որակական փոփոխությունները:
4. Պետական կադաստրի վարման համար կարող են օգտագործվել գիտական ուսումնասիրությունների, պետական հաշվառման և մոնիթորինգի, կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի և այլ տվյալներ:
5. Պետական կադաստրը վարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
6. Պետական կադաստրը կազմված է հետևյալ բաժիններից`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի վայրի կենդանիների տեսակային բազմազանություն (անողնաշարավոր, ողնաշարավոր).
2) կենդանական աշխարհի օգտագործում.
3) կենդանական աշխարհի պահպանություն, վերարտադրություն:
7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված պետական կադաստրի բաժինները ներառում են կենդանական տեսակի մասին հետևյալ տեղեկատվությունը`
1) կարգաբանական պատկանելությունը և գիտական անվանումը (հայերեն, լատիներեն), կարգավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքի և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) դասակարգումը.
2) թիվը բնության մեջ և անազատ պայմաններում.
3) կենդանատեսակի տարածվածությունը` աշխարհագրական և վարչատարածքային.
4) պաշարը` աշխարհագրական որոշակի տարածքում առկա կենդանական տեսակների և համակեցությունների օգտագործման ենթակա քանակությունը.
5) բնակմիջավայրերը.
6) տեղեկատվության սկզբնաղբյուրը.
7) սպառնալիքները.
8) քաղաքացիներին և իրավաբանական անձանց օգտագործման տրված վայրի կենդանիները (օգտագործման իրավունքի և տեսակի, թույլատրված ու փաստացի).
9) տեսակի պահպանության ու կայուն օգտագործման միջոցառումները` առկա և նախատեսվող:
II. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Պետական կադաստրի վարման տարեկան ծրագրերն օրենքով սահմանված կարգով մշակում է լիազոր մարմինը:
9. Պետական կադաստրի տվյալները գրանցվում են գրանցամատյանում, որի օրինակելի ձևը հաստատվում է լիազոր մարմնի կողմից:
10. Պետական կադաստրում տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, որն ապահովում է տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը և փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը:
11. Պետական կադաստրի վարման գրանցամատյաններում ներառվում են նաև կենդանական աշխարհի պետական հաշվառման տվյալները: Կենդանական աշխարհի պետական հաշվառումն իրականացվում է պարբերաբար` ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ:
12. Պետական կադաստրի վարման գրանցամատյանները վարվում են ինչպես փաստաթղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևով, որոնց վարման ժամանակ պետք է ապահովվի դրանց համադրելիությունը: Փաստաթղթային և էլեկտրոնային կրիչների միջև տվյալների տարբերության դեպքում հիմք է ընդունվում փաստաթղթային տարբերակը:
13. Պետական կադաստրի վարման գրանցամատյաններում տվյալների մուտքագրումը և փոփոխությունն իրականացվում են դրանք ներկայացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
14. Պետական կադաստր վարող լիազոր մարմինը ճշգրիտ մուտքագրում է կենդանական աշխարհի հաշվառում և ուսումնասիրություններ իրականացնողների ներկայացրած փաստաթղթային և էլեկտրոնային տվյալները:
15. Սույն կարգի 7-րդ կետում նշված պետական կադաստրի ամփոփ տվյալները համարվում են պաշտոնական և կարող են հիմք հանդիսանալ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների համար` իրենց լիազորությունների սահմաններում որոշումներ ընդունելիս:
16. Պետական կադաստրի տվյալները կարող են տրամադրվել տեղեկանքների, հաշվետվությունների, գրաֆիկական և այլ նյութերի տեսքով:
17. Իրավաբանական անձինք և քաղաքացիները պետական կադաստրի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով դիմում են լիազոր մարմին:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |