Համարը 
N 238-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.06.01/08(299)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.05.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
17.05.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.06.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մայիսի 2016թ.

N 238-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, 12-րդ հոդվածի 2-րդ ու 14-րդ հոդվածի 1-ին մասերը և նպատակ ունենալով կանոնակարգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական գրանցման (հաշվառման) մասին տեղեկությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական գրանցման (հաշվառման) մասին տրամադրվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը` կազմակերպությունների, այդ թվում` առանձնացված ստորաբաժանումների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) ժամանակ վերջիններիս կամ դրանց օրինական ներկայացուցիչներին պարտադիր ծանուցել դրանց գտնվելու վայրը սպասարկող հարկային մարմին ներկայանալու պահանջի մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի  մայիսի 17-ի N 238-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ` պետական ռեգիստր) կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը կազմակերպությունների, այդ թվում` առանձնացված ստորաբաժանումների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների (այսուհետ` կազմակերպություններ) և անհատ ձեռնարկատերերի մասին տեղեկություններ տրամադրելու կարգը:

2. Պետական ռեգիստրի կողմից կազմակերպությունների պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 17-ի N 238-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) տրամադրվում են առցանց ռեժիմով անմիջապես` բացառությամբ 1-ին կետի 10-րդ, 11-րդ, 12-րդ և 4-րդ կետի 6-րդ, 7-րդ ենթակետերում նշված տեղեկությունների: Նշված տեղեկությունները ստացվելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պետական ռեգիստրին տրամադրում է գրանցվող (հաշվառվող) կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը և հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը:

3. Պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 17-ի N 238-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 10-րդ, 11-րդ, 12-րդ և 4-րդ կետի 6-րդ, 7-րդ ենթակետերում նշված տեղեկությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվում են առցանց ռեժիմով անմիջապես պետական գրանցման (հաշվառման) պահին:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 17-ի N 238-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված տեղեկությունների փոփոխության դեպքում դրանք տրամադրվում են փոփոխության գրանցման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

5. Պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի գրանցամատյանից տրվող համապատասխան քաղվածքի, վերակազմակերպման դեպքում ներկայացված փոխանցման ակտի կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի, գրանցման հայտի (որում առկա է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով լուծարվող իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) պարտավորությունների բացակայության մասին իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հավաստումը), լուծարման հաշվեկշռի, կանոնադրության, ինչպես նաև դրա փոփոխությունների պատճենները թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պետական գրանցման (հաշվառման) օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պետական ռեգիստրի կողմից տրամադրվում են կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հաշվառման վայրի հարկային մարմնին: Սույն մասում նշված տեղեկությունները տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության տրամադրած էլեկտրոնային կամ փոստային հասցեներով, էլեկտրոնային եղանակով, պատվիրված նամակով կամ հանձնվում են ստացականով:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվում են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա կամ գրառման ենթակա, ինչպես նաև պետական գրանցման (հաշվառման) համար ներկայացվող դիմումներում առկա տեղեկությունները, իսկ մյուս տեղեկությունները` առկայության դեպքում:

7. Տեղեկությունների տրամադրման հետ կապված ծրագրային հարցերը կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի համատեղ հրամանով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի  մայիսի 17-ի N 238-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը կազմակերպությունների պետական գրանցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ` պետական ռեգիստր) կողմից տրամադրվող տեղեկությունները`

1) անվանումը կամ ֆիրմային անվանումը.

2) կազմակերպական-իրավական ձևը.

3) կազմակերպության պետական գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

4) հիմնադրման եղանակը.

5) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) կազմը և տեղեկություններ նրանց մասին (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայության համարանիշը կամ դրա բացակայության մասին տեղեկանքի համարը, առկայության դեպքում նաև` հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ), իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն` վերջինիս առկայության դեպքում).

6) կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) ներդրումների չափը` արտահայտված տոկոսներով կամ մասերով.

7) կազմակերպության գտնվելու վայրը (փոստային հասցեն), առկայության դեպքում` հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

8) տեղեկություններ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա պաշտոնակատարի մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայության համարանիշը կամ դրա բացակայության մասին տրված տեղեկանքի համարը, առկայության դեպքում` հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն).

9) տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հիման վրա գործունեության տեսակները.

10) տեղեկություններ վերակազմակերպման մասին (այդ թվում` վերակազմակերպված և իրավահաջորդ կազմակերպությունների անվանումները, պետական գրանցման համարները, առկայության դեպքում` ՀՎՀՀ-ները).

11) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին (լուծարման գործընթացում գտնվելու մասին գրանցամատյանում գրառվող տեղեկությունները), դատարանի վճռով լուծարման դեպքում` դատարանի վճռի և որոշման վերաբերյալ տեղեկություններ.

12) գործունեության դադարման դեպքում` պետական գրանցման ամսաթիվը:

2. Իրավաբանական անձանց միությունների, հասարակական միավորումների և հիմնադրամների պետական գրանցման դեպքում պարտադիր տրամադրման ենթակա չեն 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված տեղեկությունները, իսկ կուսակցությունների համար 1-ին կետի 5-րդ ենթակետում նշվում են միայն մշտական գործող ղեկավար մարմնի անդամների մասին տեղեկությունները (անունը, ազգանունը, առկայության դեպքում` հանրային ծառայության համարանիշը կամ դրա բացակայության վերաբերյալ տրված տեղեկանքի համարը):

3. Բաժնետիրական ընկերությունների պետական գրանցման դեպքում պարտադիր տրամադրման ենթակա չեն 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման մասին պետական ռեգիստրի կողմից տրամադրվող տեղեկությունները`

1) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը.

2) անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, առկայության դեպքում` հանրային ծառայության համարանիշը, իսկ բացակայության դեպքում` դրա մասին տրված տեղեկանքի համարը.

3) անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալները (սերիան, համարը, ում կողմից է տրված, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, քաղաքացիությունը).

4) հաշվառման և բնակության վայրը (եթե տարբերվում է հաշվառման վայրից), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

5) տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հիման վրա գործունեության տեսակները.

6) տեղեկություն պետական հաշվառումից հանելու վերաբերյալ դիմումի ներկայացման մասին (դիմումի ներկայացման ամսաթվի նշմամբ).

7) պետական հաշվառումից հանելու ամսաթիվը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ