Համարը 
N 432-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.07.09/11(173)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.06.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.06.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԻ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«24» հունիսի 2011թ.

N 432-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԻ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ ու 7-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքային համայնքի տարածքում «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության համար կառուցվող վարչական շենքի տարածքի բարեկարգման անհրաժեշտությունից ելնելով` Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցի թիվ 32/1 հասցեում գտնվող 295,85 քառ.մետր մակերեսով սրճարանի ու Կնունյանցների փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 95 քառ.մետր բնակավայրերի հողերի (այսուհետ օբյեկտ) նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ, հետևյալ հիմնավորմամբ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահից, քանի որ այդ ծրագիրը նպատակ է հետապնդում «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության համար կառուցվող բազմաֆունկցիոնալ վարչական շենքի շինարարության ավարտման և շենքի տարածքի բարեկարգման համար անհրաժեշտ աշխատանքների կատարման միջոցով ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 11-ի N 559–Ն որոշմամբ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցի թիվ 34 հասցեում գտնվող տարածքի նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչված ծրագրի իրականացումը,

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 11-ի «Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 559-Ն որոշման համաձայն, Ստեփանակերտի քաղաքային համայնքի տարածքում «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության համար վարչական շենք կառուցելու նպատակով օտարվել է համապատասխան տարածք, իսկ շենքի տարածքի բարեկարգման աշխատանքները հնարավոր չէ իրականացնել առանց նշված սեփականության օտարման,

3) սույն որոշման 1-ին կետում նշված օբյեկտի և տարածքի նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքի սեփականատիրոջը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված օբյեկտը և տարածքը ձեռք բերող է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը,

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան երկու ամիսը,

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունն է:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում այն պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց,

2) օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի ավարտից հետո ապահովել սույն որոշման 1-ին կետով նշված՝ սրճարանի և հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպությանը,

3) ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված օբյեկտների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

(3-րդ կետը խմբ. 20.10.2011 N 774-Ն)

4. Ստեփանակերտի քաղաքապետին`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված` Ստեփանակերտի քաղաքային համայնքի սահմաններում գտնվող 95 քառ.մետր բնակելի կառուցապատման հողամասը, համաձայն անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 069027 վկայականի, փոխել հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ