Համարը 
N 05
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.03.02/06(15)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ արխիվային գործի վարչություն
Ընդունման ամսաթիվը 
31.01.2006
Ստորագրող մարմինը 
Վարչության պետ
Ստորագրման ամսաթիվը 
31.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության նախարարության

կողմից «08» փետրվարի 2006թ.

Գրանցման համարը 514

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

31 հունվարի 2006թ.

N 05

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արխիվային գործի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի օգտագործման կարգը»` համաձայն հավելվածի:

 

 

Վարչության պետ

Ա. ՂԱԶԱՐՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարությանն առընթեր

արխիվային գործի վարչության պետի

2006թ. հունվարի 31 -ի N 5 հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականություն համարվող փաստաթղթերի (այսուհետ` փաստաթղթեր)` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից օգտագործման կարգը:

2. Փաստաթղթերը օգտագործվում են գիտական, մշակութային, սոցիալական, քաղաքական, տնտեսական, ստեղծագործական, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և օրենքով չարգելված այլ նպատակներով:

3. Փաստաթղթերը օգտագործման են տրամադրվում պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության աշխատակազմերի արխիվներին ժամանակավոր, պետական արխիվին` մշտական պահպանության հանձնելուց հետո:

4. Փաստաթղթերը օգտվողի ուսումնասիրմանն են տրամադրվում պետական արխիվի տնօրենի, իսկ պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության աշխատակազմերի արխիվներում` դրանց ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ, նշված արխիվների` այդ նպատակով առանձնացված տարածքներում:

5. Փաստաթղթերի օգտագործման թույլտվությունը ձևակերպվում է օգտվողի դիմումի կամ կազմակերպության գրության հիման վրա, որում նշվում է օգտվողի ազգանունը, անունը, ուսումնասիրման նպատակը: Դիմումի կամ գրության հետ միաժամանակ ներկայացվում է օգտվողի անձը հաստատող, իսկ մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթերից օգտվելու դեպքում` նաև ազգակցական կապի վերաբերյալ (ընտանիքի անդամ, օրինական ժառանգորդ և այլն) փաստաթուղթ:

6. Փաստաթղթերը կարող են ժամանակավոր օգտագործման տրամադրվել իրավապահ մարմիններին և այլ իրավաբանական անձանց` դատարանի որոշման հիման վրա` հանձնման-ընդունման ակտով:

7. Փաստաթղթերից օգտվողի դիմումով տրամադրվում են արխիվային տեղեկանքներ, արխիվային փաստաթղթերի պատճեններ կամ դրանցից քաղվածքներ:

8. Սոցիալ-իրավական բնույթի արխիվային տեղեկանքները, արխիվային փաստաթղթերի պատճենները կամ դրանցից քաղվածքները (աշխատանքային ստաժի, կրթության, պարգևատրումների, պատվավոր կոչումներ շնորհելու, բանակում ծառայելու, պարտիզանական շարժումներին մասնակցելու, համակենտրոնացման ճամբարներում գտնվելու, բռնադատված լինելու մասին) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվում են անվճար:

9. Oգտվողին` փաստաթղթերի օգտագործման տեղեկատվական ծառայությունների վճարովի մատուցման և փաստաթղթերի ու դրանց տեղեկատու-որոնողական միջոցների առևտրային օգտագործման գներն ու սակագները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Փաստաթղթերից օգտվողների դիմում-հարցումների պատասխանները, արխիվային տեղեկանքները, արխիվային փաստաթղթերից քաղվածքներն ու պատճենները օգտվողներին են տրամադրվում առձեռն (անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ ու ստորագրությամբ) կամ փոստային ծառայության միջոցով` պետական արխիվի, պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության միջոցներով:

11. Փաստաթղթերի օգտագործման մերժումը իրականացվում է միայն "Արխիվային գործի մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

12. Փաստաթղթերը հրապարակելիս նշվում են արխիվի անվանումը և արխիվային ֆոնդի, ցուցակի, գործի, թերթի համարները:

13. Փաստաթղթերն ուսումնասիրելու, ցուցադրություններ կազմակերպելու, հրատարակման, ժամանակավոր օգտագործման տրամադրելու վերաբերյալ ցուցումներն ու հրահանգները, ինչպես նաև տեղեկատու-որոնողական միջոցների համակարգը սահմանում է պետական արխիվի տնօրենը, պետական մարմնի, պետական հիմնարկի և կազմակերպության աշխատակազմերի արխիվներում` դրանց ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարը: