ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«ՏՅԱՔ» ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» ենթակետի և 17-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Տյաք գյուղում ստեղծել «Տյաք» պետական պատմամշակութային արգելոց (5,62 հեկտար):
2. Հաստատել`
1) «Տյաք» պետական պատմամշակութային արգելոցի սահմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) «Տյաք» պետական պատմամշակութային արգելոցի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ մինչև արգելոցի կառավարման մարմնի կազմավորումը, արգելոցի կանոնադրությամբ նրան վերապահված գործառույթներն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Տյաք» պետական պատմամշակութային արգելոցի գործունեության և զարգացման հեռանկարային ծրագիր:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի հետ համատեղ մինչև 2017 թվականի նոյեմբերի 20-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշումից բխող առաջարկություններ`
1) հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների.
2) ըստ անհրաժեշտության ֆիզիկական և իրավաբանական անձանց հողամասերը պետության կարիքների համար օտարելու.
3) հողատարածքներում հողօգտագործման սահմանափակումներ և սերվիտուտներ սահմանելու վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2017 թվականի մարտի 14-ի
N 155-Ն որոշման |
«ՏՅԱՔ» ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Մասշտաբ 1:2000
 ՊՏ p.45, 2017թ..jpg)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2017 թվականի մարտի 14-ի N 155-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՏՅԱՔ» ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Տյաք» պետական պատմամշակութային արգելոցը (այսուհետ՝ արգելոց) ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 14-ի N 155-Ն որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տարածքի պատմամշակութային ու բնապատմական, նյութական և հոգևոր արժեքներն իրենց պատմական, մշակութային ու բնական միջավայրում ամբողջական պահպանման, վերականգնման, ուսումնասիրման և հրապարակային ներկայացման համար՝ գիտահետազոտական, մշակութալուսավորչական և զբոսաշրջային-էքսկուրսիոն նպատակներով: Այն ստեղծվում է «Տյաք» հուշարձանախմբի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանակարգի (ռեժիմի) սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչը հնարավորություն կտա նաև ապահովել հուշարձանախմբի հնարավորինս անաղարտ պահպանությունը և դրա նպատակային օգտագործումը: Արգելոցը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Տյաք գյուղի վարչական տարածքում:
2. Արգելոցի անվանումն է`
հայերեն լրիվ` «Տյաք» պետական պատմամշակութային արգելոց
հայերեն կրճատ` «Տյաք» պետական արգելոց
ռուսերեն` Историко-культурный государственный заповедник “Тяк„
ռուսերեն կրճատ` Государственный заповедник “Тяк„
անգլերեն լրիվ` State historical and cսltսral reservation “Tyaq„
անգլերեն կրճատ` State reservation “Tyaq„:
II. ԱՐԳԵԼՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Արգելոցի ստեղծման նպատակներն են`
1) հուշարձանի պատմամշակութային հողերի և դրանց հարող տեղանքապատկերների (լանդշաֆտների) հնարավորինս անաղարտ պահպանումը.
2) «Տյաք» հնագիտական հուշարձանից հայտնաբերված և այդ հուշարձանին վերաբերող մշակութային արժեքների պահպանումը, ուսումնասիրումը, ինչպես նաև նպատակային օգտագործումը.
3) գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ստեղծումը և բնակչության մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ձևավորումը:
4. Արգելոցի տարածքում իրականացվող գործունեության հիմնական ուղղություններն են.
1) գիտաֆոնդային. թանգարանային, արխիվային և գրադարանային ֆոնդերի գիտական կոմպլեկտավորում, հավաքածուների պահպանության և պետական հաշվառման կազմակերպում, դրանց գույքագրում, թանգարանային համալիրների ուսումնասիրություն և համակարգում.
2) գիտահետազոտական. թանգարանային հավաքածուների, պատմական, ճարտարապետական և բնական հուշարձանների ուսումնասիրություն և համակարգում, ցուցադրանմուշային և ցուցահանդեսային ծրագրերի մշակում, սեմինարների, խորհրդակցությունների, կոնֆերանսների անցկացում.
3) էքսպոզիցիոն-ցուցահանդեսային. էքսպոզիցիաների և ցուցահանդեսների նախագծում, դրանց մոնտաժում և ապամոնտաժում, էքսպոզիցիաների պահպանության ապահովում.
4) վերականգնողական-կոնսերվացիոն. հավաքածուների, մշակութային և ճարտարապետական հուշարձանների վերականգնման և կոնսերվացման ապահովում.
5) լուսավորչական և էքսկուրսա-զբոսաշրջային. էքսկուրսիաների անցկացման, էքսկուրսա-զբոսաշրջային ծրագրերի իրագործման, զանգվածային միջոցառումների կազմակերպման միջոցով պատմության, մշակույթի և բնական հուշարձանների հանրամատչելիացում, ժողովրդական մշակութային ավանդույթների տնտեսավարման և բնօգտագործման ավանդական ձևերի ուսումնասիրություն, աջակցություն և վերածնում.
6) խմբագրահրատարակչական և գովազդային. գիտահետազոտական գործունեության արդյունքների, ժողովածուների, գիտական և ցուցահանդեսային պաստառների, գովազդների հրատարակման նախապատրաստություն, տեսաֆիլմերի ստեղծում, հեռահաղորդակցական համակարգերի կիրառում.
7) տնտեսական. տնտեսական գործունեության վարում, առաջադրված խնդիրների իրականացում.
8) միջազգային. միջազգային մշակութային կապերի իրականացում, թանգարանային զբոսաշրջության կազմակերպում և զարգացում.
9) պահպանական. թանգարան-արգելոցի տարածքի, ֆոնդերի, պատմամշակութային հուշարձանների անվտանգության միասնական համակարգի ստեղծում:
III. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳԸ (ՌԵԺԻՄԸ)
5. Արգելոցի տարածքում արգելվում է`
1) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը` բացառությամբ արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության.
2) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը` թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
3) երկրաբանահետախուզական աշխատանքները, որոնք ուղեկցվում են փորձնական հանույթներով, մակաբացումներով, պայթեցումներով և բնապատմական միջավայրը խախտող այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ.
4) օգտակար հանածոների մշակումը, հանքաշերտերի, հանքաելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.
5) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում, աղճատում, նսեմացնում է արգելոցի պայմանակարգը, հնագիտական հուշարձանները կամ սպառնում գիտական և (կամ) մշակութային արժեքի պահպանությանը:
IV. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
6. Արգելոցի պահպանությունը, ուսումնասիրությունը, օգտագործումը և հանրահռչակումն իրականացնում է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
7. Արգելոցի տարածքում գտնվող հուշարձաններին և դրանց բնապատմական միջավայրին առնչվող աշխատանքները համաձայնեցվում են պետական լիազոր մարմնի հետ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |