Համարը 
թիվ 33-Կ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.05.03/12(53)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
11.04.2007
Ստորագրող մարմինը 
Պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.04.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«19» ապրիլի 2007թ.

Գրանցման N 657

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«11» ապրիլի 2007թ.

 թիվ 33-Կ

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Աշխարհագրական անվանումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 12-րդ հոդվածների պահանջներով`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ

 

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման հրահանգը (կցվում է):

2. Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ` Ա. Ծատուրյանի վրա:

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

Վ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

 

 

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

«11» ապրիլի 2007թ.

թիվ 33-Կ հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ

 

Սույն հրահանգը բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» ԼՂՀ օրենքի 4, 5, 6 և 12-րդ հոդվածների դրույթներից և կանոնակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների հետ կապված աշխատանքները:

1. Անվանակոչման ենթակա աշխարհագրական օբյեկտների հիմնական տեսակներն են`

- նորաստեղծ վարչական-տարածքային միավորները

- նոր բնակավայրերը

- նոր առաջացած ներբնակավայրային օբյեկտները

- անանուն կամ նորաստեղծ երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքներն ու այլ ինժեներա-տեխնիկական կառույցները

- անանուն ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտները:

2. Աշխարհագրական օբյեկտների անվանումները նպատակահարմար է ընտրել տվյալ վայրի աշխարհագրական, պատմական, մշակութային, ազգագրական, կենցաղային և այլ պայմաններից ելնելով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները տրվում են հայերենով: Անվանումները հնարավորության սահմաններում պետք է լինեն պարզ, միաբառ, բարեհունչ և ունենան բառակազմական մեծ հնարավորություն:

3. Բնակավայրերին կարելի է տալ հետևյալ կարգի անվանումներ`

ա/ մոտակա ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտների անվանումը (օրինակ` Քիրս սար և Քիրսավան գյուղ, Խաչեն գետ և Խաչեն գյուղ և այլն):

բ/ այլ վայր տեղափոխված կամ լուծարված բնակավայրերի անվանումը (օրինակ` գյուղ Նոր Մարաղա, գյուղ Նոր Ղզնչի և այլն)

գ/ պատմական կամ Արևմտյան Հայաստանում գտնվող բնակավայրերի անվանումը (օրինակ` գյուղ Մուշ, Վան, Ալաշկերտ և այլն)

դ/ «որ» որոշիչով անվանումներ (օրինակ` Նոր Այգեստան, Նոր Կարմիրավան և այլն):

4. Առանձին դեպքերում կարելի է օգտագործել պետական, ռազմական, գիտական, մշակութային և այլ նշանավոր գործիչների անուններ (օրինակ` գյուղ Վազգենաշեն, գյուղ Մադաթաշեն և այլն):

5. Բնակավայրերից դուրս գտվող երկաթագծի կայարաններին նպատակահարմար է տալ մոտակա բնակավայրի կամ ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտի անվանումը:

6. Ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտներին կարող են տրվել ձևը, կառուցվածքը, չափերը, դիրքն ու այլ բնորոշ հատկանիշներ արտահայտող անվանումներ (օրինակ` գյուղ Սառնաղբյուր, գյուղ Գետավան և այլն): Կարելի է նույն անվանումով կոչել մի քանի իրար մոտ գտնվող տարատեսակ ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտներ (օրինակ` գետ Խաչեն, գյուղ Խաչեն և այլն):

7. Նպատակահարմար չէ նույն անունով անվանակոչել միևնույն վարչական տարածքում գտնվող նույնատիպ ֆիզիկա-աշխարհագրական մի քանի օբյեկտներ:

8. Աշխարհագրական օբյեկտների անվանափոխում կարելի է կատարել`

- կրկնվող անունների դեպքում

- անբարեհունչ և օտար անունների դեպքում

- պատմական անունները վերականգնելիս

- անվանափոխված բնակավայրի տարածքում կամ մոտակայքում գտնվող նույնանուն ինժեներա-տեխնիկական օբյեկտների /երկաթուղային կայարաններ, օդանավակայաններ, ջրամբարներ, ջրանցքներ/ անվանափոխման և այլ դեպքերում:

9. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման որոշումները ընդունվում են`

- ըստ վարչատարածքային միավորների և բնակավայրերի` ԼՂՀ Ազգային ժողովի կողմից

- ըստ ներբնակավայրային օբյեկտների` տեղական ինքնակառավարման մարմնի կամ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից

- ըստ ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտների` ԼՂՀ կառավարության կողմից:

10. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին առաջարկությունները պետք է իր մեջ ընդգրկեն հետևյալ տեղեկությունները`

- օբյեկտի տեսակը /շրջան, քաղաք, գյուղ, ե/գ կայարան, օդանավակայան, ջրանցք, ջրամբար, լեռ, գետ, լիճ, լեռնանցք, լեռնագրական այլ տարր/

- օբյեկտի ճշգրիտ դիրքը /շրջան, համայնք անհրաժեշտ կողմնորոշիչ օբյեկտներ, անհրաժեշտության դեպքում` կոորդինատներ/

- օբյեկտի գործող անվանումը

- առաջարկվող անվանումը

- առաջարկվող անվան հիմնավորումը

- տվյալ վարչատարածքային միավորի ներսում նույնանուն օբյեկտների առկայությունը

- անվանումն առաջարկող կազմակերպության անվանումը:

11. Եթե որպես աշխարհագրական օբյեկտի անվանում առաջարկվում են նշանավոր մարդկանց անուններ, ապա անվանակոչման մասին միջնորդագրին պետք է կցվեն նաև իրավասու մարմնի կողմից հաստատված համառոտ տեղեկանքներ այդ անձանց կյանքի, գործունեության, ինչպես նաև նրանց ժառանգների (եթե գոյություն ունեն) համաձայնության մասին:

12. Եթե անվանումները առաջարկվում են ֆիզիկա-աշխարհագրական օբյեկտների համար, ապա անվանակոչման մասին միջնորդագրին անհրաժեշտ է կցել նաև տվյալ տարածքի քարտեզ-սխեման, որտեղ պատկերված է այդ օբյեկտը:

13. Առաջարկությունները ներկայացվում են ըստ տվյալ աշխարհագրական օբյեկտի գտնվելու վայրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջվարչակազմի ղեկավարներին կամ Ստեփանակերտի քաղաքապետին: Եթե աշխարհագրական օբյեկտը գտնվում է երկու կամ ավելի շրջանների տարածքում կամ սահմանագծում, ապա անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկությունները պետք է համաձայնեցվեն տվյալ շրջվարչակազմերի ղեկավարների հետ: Տարաձայնությունների դեպքում կադաստրի պետական կոմիտեն մասնագիտական հանձնաժողովի հետ համատեղ քննարկում է բոլոր առաջարկները և դրական եզրահանգման դեպքում ընդունված տարբերակը ներկայացնում է ԼՂՀ կառավարություն` որոշում կայացնելու համար:

14. Կադաստրի պետական կոմիտեի կամ մասնագիտական հանձնաժողովի կողմից աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկը մերժվելու դեպքում այն կարող է կրկին քննարկվել հիմնավորող լրացուցիչ նյութերի և տվյալների տրամադրումից հետո:

15. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման անհրաժեշտության դեպքում համապատասխան նյութերը ներկայացվում են կադաստրի պետական կոմիտե հաշվառման համար:

16. ԼՂՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչված կամ անվանափոխված անվանումների հաշվա-ռումն ու գրանցումը իրականացվում է համապատասխան մատյաններում, որոնց ձեւաթղթերը սահմանվում են կադաստրի պետական կոմիտեի կողմից:

17. ԼՂՀ աշխարհագրական օբյեկտների հաշվառված և գրանցված անվանումները հավաքվում են կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բանկում /պետական քարտադարանում/, որի տվյալների հիման վրա պարբերաբար հրատարակվում են ԼՂՀ աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուն /գազետիրը/, ընդհանուր և թեմատիկ բառարանները, այլ տեղեկատուներ և ցանկեր:

18. Նոր անվանակոչվող, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող անվանումների նկատմամբ պարտադիր պահանջներից է անվանումների ճշգրիտ և անփոփոխ գրառումը բոլոր տեսակի պաշտոնական փաստաթղթերում, տեղեկատուներում և այլ հրատարակչական նյութերում: