| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 2007թ. դեկտեմբերի 11-ին
Գրանցման համար 768 |
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 նոյեմբերի 2007թ. |
№ 13Ն |
ք. Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովում մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը, «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի գ) ենթակետը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005թ. ապրիլի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» թիվ 237 որոշման 2-րդ կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի
2007թ. նոյեմբերի 27-ի № 13Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման
1. Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի (այսուհետև՝ լրագրող)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում (այսուհետև՝ Հանձնաժողով) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի՝ Հանձնաժողովում գործունեության կազմակերպման հիմնադրույթները՝ նպատակ ունենալով ապահովել Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկություն ստանալու նպատակով լրագրողների համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան: Հավատարմագրված լրագրողի գործունեությունը Հանձնաժողովի տարածքում կանոնագրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով՝ խոսքի ազատության ապահովման՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:
3. Հանձնաժողովը ՝
ա) որևէ ձևով կամ որևէ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.
բ) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.
գ) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.
դ) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է Հանձնաժողովի այն միջոցառումների անցկացման վայրի և ժամանակի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ նախատեսված է լրագրողների մասնակցությունը միջոցառումներին (այսուհետև՝ Հանձնաժողովի միջոցառումներ):
Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում Հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:
4. Հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է Հանձնաժողովի նախագահի նշանակած անձը (այսուհետև՝ Հանձնաժողովի պատասխանատու):
5. Հանձնաժողովի գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին հավատարմագրելու համար լրատվական գործունեությունն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում Հանձնաժողով, նշելով՝
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական իրավական ձևը, գտնվելու վայրը,
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում),
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները),
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):
6. Հանձնաժողովը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:
Լրագրողին հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումն ստացվելուց հետո այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:
7. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում՝ տվյալ ժամկետով:
8. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:
9. Հանձնաժողովը սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողների հավատարմագրման մատյանում և դրա մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին:
10. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 8-րդ կետի պահանջը, կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու՝ սույն կարգի 12-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:
11. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է Հանձնաժողովի անցագրային կետ: Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան՝ այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո:
12. Հանձնաժողովը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե՝
ա) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով,
բ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ,
գ) տարածել է Հանձնաժողովի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով,
դ) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունություն իրականացնողը,
ե) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:
Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:
Հանձնաժողովի պատասխանատուն լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:
13. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի՝
ա) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկությունը,
բ) նախապես տեղեկացված լինելու Հանձնաժողովի միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին,
գ) մասնակցելու Հանձնաժողովի միջոցառումներին,
դ) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից,
ե) Հանձնաժողովում հավատարմագրված լինելու հանգամանքից անկախ՝ տեղեկատվության ազատության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:
14. Հանձնաժողովի պատասխանատուն լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով, լրագրողի միջնորդությամբ, կազմակերպում է այցելություններ Հանձնաժողովի ստորաբաժանումներ և հանդիպումներ Հանձնաժողովի պաշտոնատար անձանց հետ:
15. Հանձնաժողովի միջոցառումներին կարող են ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող երկու լրագրող (հեռուստաընկերությունների և լրատվական գործակալությունների համար` մեկ լրագրող և տեսաձայնագրման մեկ օպերատոր, ռադիոյի համար` մեկ լրագրող և մեկ ձայնագրման օպերատոր, իսկ մամուլի ներկայացուցիչների համար` մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ), եթե Հանձնաժողովի պատասխանատուի հետ ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն, և եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:
16. Հանձնաժողովի միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը Հանձնաժողով նախապես համաձայնեցվում է Հանձնաժողովի պատասխանատուի հետ: Այդ դեպքում (ինչպես նաև Հանձնաժողովի միջոցառումների ժամանակ) լրագրողը Հանձնաժողով է այցելում սույն կարգի 11-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ առանց Հանձնաժողովի տարածք մուտքի անցագրի:
17. Հանձնաժողովի պատասխանատուի՝ Հանձնաժողովի տարածքում հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար:
18. Հավատարմագրված լրագրողներին տեղավորելու համար, Հանձնաժողովի շենքային հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում, Հանձնաժողովը, ելնելով իր գործունեության թափանցիկությունն ապահովելու և այդ գործունեության մասին հանրությանն առավել մեծ ծավալով և լիարժեք տեղեկատվություն տալու նկատառումներից, կարող է սահմանել լրագրողների հավատարմագրման հստակ, բանական և արդարացի քվոտաներ՝ ըստ լրատվության միջոցի այլ բնութագրերի: Այդ դեպքում լրագրողների հավատարմագրումն իրականացվում է՝ առաջնությունը տալով ըստ քվոտաների պահանջվող հատկանիշներն առավել չափով բավարարող լրատվության միջոցները ներկայացնող լրագրողներին: