Համարը 
թիվ 57-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.06.27/10(16)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
25.05.2009
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
25.05.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.07.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՌԻԵԼՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«05» հունիսի 2009թ.

Պետական գրանցման համարը 1110979

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«25» մայիսի 2009թ.

թիվ 57-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ՌԻԵԼՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ռիելտորական գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձանց) կողմից կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 024 հաշվետվական ձևը (այսուհետ` թիվ 024 հաշվետվական ձև) և թիվ 024 հաշվետվական ձևի լրացման և ներկայացման ուղեցույցը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման և նրանց կողմից կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Հաստատել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱՐԱՐ`

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ 

 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ ֆինանսների նախարարի

2009 թ. «25» մայիսի թիվ 57-Ն հրամանի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹԻՎ 024 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ

 

(Հաշվետվական ձևը լրացվում և ներկայացվում է սույն ձևի լրացման և ներկայացման ուղեցույցի համաձայն)

 

Ներմուծեք նկարագրությունը_1078

Էջերի քանակը՝ թերթ:                                                    ______________         Կ.Տ

                                                                               ստորագրություն       
 
Ներմուծեք նկարագրությունը_1079
 

Ներմուծեք նկարագրությունը_1080  

Ներմուծեք նկարագրությունը_1081

Ներմուծեք նկարագրությունը_1082                  

Ներմուծեք նկարագրությունը_1083
 
 

ՈՒՂԵՑՈՒՅՑ

ԹԻՎ 024 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

Սույն ուղեցույցը սահմանում է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված հաշվետվությունների լրացման կարգը: Սույն ուղեցույցում օգտագործվող հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացություններին համաձայն:

 

ԳԼՈՒԽ 1. ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Սույն հաշվետվական ձևի ներկայացումը պարբերական բնույթ չի կրում և ներկայացվում է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գործարքների վերաբերյալ: Հաշվետվություն տրամարդող անձանց կողմից չի ներկայացվում հաշվետվություն Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքների վերաբերյալ:

2. Սույն հաշվետվական ձևը լրացրեք միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժնից (այսուհետ` Ֆինանսական դիտարկումների բաժին) հաշվառման համար ստանալուց հետո:

3. Սույն հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով` հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի և միանշանակ ընկալվող հայերեն լեզվով, բացառությամբ այն դաշտերի, որոնց համար անհրաժեշտ տվյալները հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են անգլերեն կամ ռուսերեն լեզուներով: Այդ դաշտերը լրացվում են համապատասխան լեզվով: Հաշվետվական ձևը կարող եք ձեռք բերել Ֆինանսական դիտարկումների բաժին դիմելու միջոցով:

4. Հաշվետվական ձևը լրացրեք համակարգչի օգնությամբ կամ գրիչով` յուրաքանչյուր վանդակում նշելով մեկ կամ երկու նիշ (եթե վանդակների քանակը բավարար չէ): Հաշվետվական ձևի 2.3., 2.4., 3.1. և 3.2. կետերի ներքո հատկացված դաշտերի սահմաններն անբավարար լինելու դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի ձախ կողմում նշեք, թե որ կետն եք լրացնում, ստորագրեք, հաստատեք կնիքով (կնիքի առկայության դեպքում) և կցեք հիմնական հաշվետվական ձևին: Բովանդակային ուղղումներ կատարելու դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև, իսկ տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:

5. Հաշվետվական ձևի «Գործարքի մյուս կողմ» 4.2. կետը ենթակա է լրացման, եթե հաշվետվություն տրամադրող անձն իր տրամադրության տակ ունի կամ պարտավոր է ունենալ այդ տեղեկատվությունը:

6. Հաշվետվական ձևի առաջին էջի ներքևի մասում նշեք Ձեր կողմից ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ նաև առաջին էջը):

7. Հաշվետվական ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում ստորագրեք և հաստատեք կնիքով (կնիքի առկայության դեպքում):

8. Հաշվետվական ձևի այն էջերը, որոնք չեն լրացվել կարող են չներկայացվել:

9. Փոխկապակցված կասկածելի գործարքների վերաբերյալ կարող է ներկայացվել մեկ հաշվետվություն (փոխկապակցված գործարքների լրացման կարգը տե´ս սույն ուղեցույցի 18-րդ կետում):

10. Փոխկապակցված կասկածելի գործարքներ են՝

1) Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված գործարքները,

2) այն գործարքները, որոնք առանձին-առանձին չեն համարվում կասկածելի, բայց դրանց հանրագումարն է կասկածի տեղիք տալիս:

11. Փոխկապակցված կասկածելի գործարքների դեպքում պարտադիր չէ, որ փոխկապակցված կասկածելի գործարքները կատարված լինեն միաժամանակ: Oրինակ` որևէ նոր կատարված գործարք և որոշ ժամանակ առաջ կատարված գործարք կամ նոր վերլուծության արդյունքում բացահայտված ու նախկինում չնկատված գործարքը միասին կարող են հանդիսանալ փոխկապակցված:

 

ԳԼՈՒԽ 2. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. «Հաշվետվության անվանումը» 1-ին բաժնում նշված երեք դաշտերից՝

1) առաջին դաշտում լրացրեք Ֆինանսական դիտարկումների բաժնի կողմից տրամադրված հաշվառման համարը՝ 8 նիշից կազմված:

2) երկրորդ դաշտում լրացրեք գործարքի վերաբերյալ կասկածելիության հիմքեր և չափանիշներ բացահայտելու ամսաթիվը, որն անհրաժեշտ է լրացնել հետևյալ տեսքով. օր` 2 նիշ, ամիս` 2 նիշ, տարի` 2 նիշ:

3) երրորդ դաշտում լրացրեք տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը՝ 3 նիշ:

13. «Հաշվետվության տեսակը» 1.1. կետում «Նոր հաշվետվություն» կետում կատարեք նշում, եթե ներկայացվում է նոր հաշվետվություն:

14. «Լրացում-հաշվետվություն» կետում կատարեք նշում, եթե արդեն իսկ տրամադրված հաշվետվության հետ կապված` անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն կամ անհրաժեշտ է կատարել սխալի կամ թերացման ճշտում: Նշված տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը կարող է առաջանալ, ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ Ֆինանսական դիտարկումների բաժնի կողմից տեղեկատվության խնդրարկմամբ: Լրացում-հաշվետվություն ներկայացնելիս լրացման են ենթակա միայն այն դաշտերը, որոնց կապակցությամբ ներկայացվում է այդ հաշվետվությունը: Լրացուցիչ տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն այն կետերի վերաբերյալ, որոնք ենթակա են հայեցողական լրացման: Սխալի կամ թերացման ճշտում կատարելու դեպքում «Լրացում-հաշվետվություն» ներկայացնելու հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել գրություն Ֆինանսական դիտարկումների բաժնի պետի անունով սխալի կամ թերացման ճշտման վերաբերյալ:

15. «Լրացվող հաշվետվության անվանումը» դաշտում լրացրեք սույն ուղեցույցի 12-րդ կետով նախատեսված` արդեն իսկ տրամադրված այն հաշվետվության անվանումը, որին որպես լրացում ուղարկվում է «Լրացում-հաշվետվությունը»:

16. «Լրացում-հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում նշեք (թվերով), թե հաշվետվության լրացման որ հերթական տարբերակն է այն:

17. «Կասկածելի գործարքի առարկան» 2-րդ բաժնում նշեք Ձեր կողմից ներկայացված գործարքի վերաբերյալ տեղեկություններ:

18. Այն դեպքում, երբ փոխկապակցված կասկածելի գործարքների վերաբերյալ ներկայացվում է մեկ հաշվետվություն, ապա հաշվետվական ձևի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ բաժինները, կախված կասկածելի փոխկապակցված գործարքների քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք՝ պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:

19. «Գործարքի կնքման ամսաթիվը» 2.1. կետում լրացրեք գործարքը փաստացի կատարելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով): Եթե այն դեռևս չի կատարվել, նշեք այն ամսաթիվը, երբ ներկայացվել է այդ գործարքի կատարման պահանջը, իսկ այն դեպքում, երբ գործարքը մերժվել է, նշեք գործարքի մերժման ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

20. «Գործարքի գումարը» 2.2. կետում լրացրեք գործարքի գումարը՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:

21. «Գործառնություններ» 2.3. կետում նշեք հաշվետվություն տրամադրող անձի կողմից կնքված` 2.3.1. կամ 2.3.2. ենթակետերում նշված գործառնության տեսակներից մեկը կամ «Այլ» 2.3.3. ենթակետը և համապատասխան դաշտում լրացրեք գործառնության անվանումը:

22. «Գործարքին առնչվող Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկություններ» 2.4. կետում նշեք սույն ուղեցույցի 27-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, եթե այդպիսիք առկա են, ինչպես նաև գործարքին առնչվող` Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկությունները:

23. «Կասկածելի գործարքի նկարագրությունը» 3-րդ բաժնում ներկայացվում են գործարքը կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները, կասկածների նկարագրությունը, ինչպես նաև գործարքը մերժված լինելու հանգամանքի վերաբերյալ տեղեկատվություն:

24. «Կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները» 3.1. կետում նշեք գործարքը կասկածելի համարելու նշված 3.1.1.-3.1.3. ենթակետերից մեկը կամ մի քանիսը: Եթե գործարքը կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները այդ կետերում առկա չեն, ապա նշեք «Այլ» 3.1.4. ենթակետը: Նշված 3.1.1.-3.1.4. ենթակետերից մեկը կամ մի քանիսը նշելու դեպքում այդ ենթակետերից ստորև առկա դաշտում մեջբերեք օրենքով, ուղեցույցով, ներքին իրավական ակտով սահմանված կամ այլ՝ կասկածելի գործարքի հիմքը կամ չափանիշը:

25. «Կասկածների նկարագրությունը» 3.2. կետում հնարավորինս մանրամասն նկարագրվում են այն բոլոր հանգամանքները և իրավիճակները, որոնք վկայել են գործարքի կասկածելիության մասին կամ հաստատում են գործարքի կասկածելիությունը: 3.3. կետում նշում կատարելու դեպքում 3.2. կետում նկարագրեք նաև գործարքի մերժման պատճառները:

26. «Գործարքը մերժվել է» 3.3. կետում կատարվում է նշում, երբ գործարքի կատարումը մերժվել է:

27. Երբ հաշվետվությունը վերաբերում է մեկից ավելի գործարքների և մերժվել են ոչ բոլոր գործարքները, որոնց վերաբերյալ տեղեկատվություն է ներառված հաշվետվական ձևում, ապա այդ մասին նշում է կատարվում հաշվետվական ձևի «Գործարքին առնչվող Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկություններ» 2.4. կետում:

28. «Գործարքի կողմերը» 4-րդ բաժնում լրացվում է հաճախորդ և գործարքի մյուս կողմ հանդիսացող ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տեղեկատվությունը:

29. «Հաճախորդ» 4.1. կետում նշեք հաճախորդի տեսակը` ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր: Այն դեպքում, երբ հաճախորդների թիվը մեկից ավելի է, ապա «Հաճախորդ» 4.1. կետը, կախված հաճախորդների քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք՝ պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:

30. «Անուն/անվանում» 4.1.1. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի անվանումը:

31. «Ազգանուն» 4.1.2. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը:

32. «Ծննդյան ամսաթիվ» 4.1.3. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

33. «Բնակության վայր/Իրավաբանական անձի գտնվելու վայր» 4.1.4. ենթակետում ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացրեք այն հասցեն, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Եթե դա հնարավոր չէ պարզել, ապա նշեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման հասցեն (երկիրը, քաղաքը, փողոցը, շենքը, տունը/բնակարանը), իսկ իրավաբանական անձի դեպքում լրացրեք իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (երկիրը, քաղաքը, փողոցը, շենքը, տունը/բնակարանը):

34. «Քաղաքացիություն» 4.1.5. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը:

35. «Անձը հաստատող փաստաթղթի տեսակ» 4.1.6. ենթակետում նշեք հետևյալ փաստաթղթերից մեկը`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար անձնագիրը, զինվորական գրքույկը, ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը հաստատող փաստաթուղթը,

2) օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության անձնագիրը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կացության վկայականը:

36. «Փաստաթղթի սերիա և համար» 4.1.6.1., «Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը» 4.1.6.2. ենթակետերում նշեք «Անձը հաստատող փաստաթղթի տեսակ» 4.1.6. ենթակետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), եթե այդ փաստաթղթում առկա են այդ տվյալները, իսկ եթե ոչ՝ ապա նշեք տվյալ փաստաթղթի անհատականացման համարը:

37. «Կազմակերպական-իրավական ձև» 4.1.7. ենթակետում նշեք իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևի հապավումը (օրինակ, ՍՊԸ, ԲԲԸ և այլն): Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:

38. «Պետական գրանցման վկայականի համար» 4.1.8. ենթակետում լրացրեք անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի գրանցումն իրականացնող մարմնի կողմից տրամադրված պետական գրանցման վկայականի համարը:

39. «ՀՎՀՀ» 4.1.9. ենթակետում լրացրեք անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը:

40. «Գործարքի մյուս կողմ» 4.2. կետի 4.2.1.-4.2.9. ենթակետերը լրացվում են սույն ուղեցույցի 30-39-րդ կետերով սահմանված կարգով: Այն դեպքում, երբ գործարքի մյուս կողմում հանդես եկող անձանց թիվը մեկից ավելի է, ապա «Գործարքի մյուս կողմ» 4.2. կետը, կախված նրանց քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք՝ պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:

41. «Հաճախորդի լիազորված անձ» 5-րդ բաժինը լրացվում է, եթե գործարքում առկա է լիազորված անձ: Այն դեպքում, երբ լիազորված անձանց թիվը մեկից ավելի է, ապա «Հաճախորդի լիազորված անձ» 5-րդ բաժինը, կախված լիազորված անձանց քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք՝ պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:

42. «Ում լիազորված անձն է հանդիսանում» 5.1. կետում լրացրեք այն հաճախորդի անունը, ազգանունը /անվանումը, ով լիազորել է այդ անձին հանդես գալ իր անունից կամ ներկայացնել իր շահերը:

43. «Հաճախորդի լիազորված անձ» 5-րդ բաժնի 5.2-5.7.2. կետերը և ենթակետերը լրացվում են սույն ուղեցույցի 30-36-րդ կետերով սահմանված կարգով:

44. «Հաճախորդի իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ» 6-րդ բաժնում լրացվում են հաճախորդի կողմից իրական շահառուի վերաբերյալ ներկայացված կամ այլ աղբյուրից ստացված տեղեկատվությունը: Այն դեպքում, երբ իրական շահառուների թիվը մեկից ավելի է, ապա «Հաճախորդի իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ» 6-րդ բաժինը, կախված իրական շահառուների քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք՝ պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:

45. «Չի տիրապետում իրական շահառուի մասին տեղեկատվությանը» կետում կատարվում է նշում այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում առկա է իրական շահառու, թե` ոչ:

46. «Չկա իրական շահառու» կետում կատարվում է նշում այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը պարզել է, որ գործարքում առկա չէ իրական շահառու: Օրինակ՝ այդ մասին գրավոր հայտարարություն է տվել հաճախորդը:

47. «Առկա է իրական շահառու» կետում կատարվում է նշում այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդից կամ այլ աղբյուրից տեղեկացել է, որ գործարքում առկա է իրական շահառու:

48. «Առկա է իրական շահառու» կետը նշելուց հետո «Ում իրական շահառուն է հանդիսանում» 6.1. կետում լրացրեք այն հաճախորդի անունը, ազգանունը/անվանումը, ում իրական շահառուն է հանդիսանում:

49. «Հաճախորդի իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ» 6-րդ բաժնի 6.2.-6.7.2. կետերը և ենթակետերը լրացրեք սույն ուղեցույցի 30-36-րդ կետերով սահմանված կարգով:

50. «Պատասխանատու աշխատակից» 7-րդ բաժնում լրացվում են հաշվետվություն տրամադրող անձի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու աշխատակցի տվյալները, որը հաշվառված է Ֆինանսական դիտարկումների բաժնում:

52. «Անուն» 7.1. կետում լրացրեք պատասխանատու աշխատակցի անունը:

53. «Ազգանուն» 7.2. կետում լրացրեք պատասխանատու աշխատակցի ազգանունը:

54. «Լրացման ամսաթիվը» 7.3. կետում լրացրեք հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

55. «Հաշվառման համարը ՖԴԲ-ում» 7.4. կետում լրացրեք հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման դիմումի հիման վրա տրամադրված հաշվառման համարը:

 

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ ֆինանսների նախարարի

«25» մայիսի 2009թ. թիվ 57-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների բաժնում նրանց գրանցելու միջոցով:

2. Հաշվետվություն տրամադրող անձանց գրանցումն իրականացվում է հետևյալ փուլերով`

1) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,

2) հաշվետվություն տրամադրող անձանց ներառում Ֆինանսական դիտարկումների բաժնի տվյալների շտեմարանում,

3) հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման համարի տրամադրում:

3. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար ստանալու համար Ֆինանսական դիտարկումների բաժին հաշվառման դիմումը ներկայացնում են գրավոր (հաշվառման դիմումի ձևը կցվում է): Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով (կնիքի առկայության դեպքում):

4. Դիմումը Ֆինանսական դիտարկումների բաժին ներկայացվում է`

1) ֆիզիկապես ներկայանալու միջոցով կամ

2) փոստի միջոցով` փակ կնքված ծրարով «Անձամբ Ֆինանսական դիտարկումների բաժնի պետին» նշագրումով: Տվյալ դեպքում դիմումն ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության փոստային հասցեով (Փետրվարի 20-ի 1, ք. Ստեփանակերտ) և ներկայացված է համարվում այն «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահից:

5. Հաշվառման դիմումը պետք է պարունակի.

1) հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անունը (անվանումը),

2) հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը,

3) հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը,

4) հաշվետվություն տրամադրող անձի լիցենզիայի համարը,

5) ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) և (կամ) պատասխանատու այլ աշխատակցի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը), ովքեր պատասխանատու են հաշվետվությունների տրամադրման համար,

6) հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:

6. Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների բաժին ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին երկու աշխատանքային օրվա ընթացքում տրվում է հաշվառման համար:

7. Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման դիմումի մեջ ներկայացված տվյալների փոփոխման կամ լրացման անհրաժեշտության դեպքում հաշվետվություն տրամադրող անձը ներկայացնում է լրացում-դիմում՝ օգտագործելով սույն կարգի հավելվածով սահմանված դիմումի ձևը և դրա վերևի աջ անկյունում նշելով «Լրացում» բառը: Լրացում-դիմումի մեջ փոփոխված կամ լրացված մասերը նշվում են ընգծված ձևով: Լրացում-դիմումը պետք է ներկայացվի փոփոխությունը կատարվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում` սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով: Լրացում-դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ քան փոփոխությունը կատարվելուց հետո հաշվետվության տրամադրումը: Լրացում-դիմում ներկայացնելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը մնում է անփոփոխ:

8. Կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունները Ֆինանսական դիտարկումների բաժին են ներկայացվում թղթային տարբերակով հետևյալ եղանակներից որևէ մեկով.

1) ֆիզիկապես ներկայանալու միջոցով,

2) փոստի միջոցով (տվյալ դեպքում հաշվետվական ձևը ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության փոստային հասցեով (Փետրվարի 20-ի 1, ք. Ստեփանակերտ)) և ներկայացված է համարվում այն «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահից:

9. Հաշվետվական ձևը ներկայացվում է Ֆինանսական դիտարկումների բաժին փակ կնքված ծրարով «Անձամբ Ֆինանսական դիտարկումների բաժնի պետին» նշագրումով:

 

 

Ձև

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Դ Ի Մ Ո Ւ Մ Ի

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ֆինանսների նախարարության

ֆինանսական դիտարկումների բաժնի պետ

 

------ ------------------------ - ին

 

 

 Խնդրում եմ Ձեզ ------------------------------------------------------------------------------------- -ին

                                                                 Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անունը (անվանումը)

տրամադրել հաշվառման համար:

 

Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները՝

Բնակության վայրը/Գտնվելու վայրը-------------------------------------------------------------------

Հարկ վճարողի հաշվառման համարը -----------------------------------------------------------------

Պետական գրանցման համարը -------------------------------------------------------------------------

Լիցենզիայի համարը (առկայության դեպքում) ------------------------------------------------------

Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) և (կամ) պատասխանատու այլ աշխատակցի

 

1. ___________________________________________________________________

                                 Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն

2. ___________________________________________________________________

                                Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն

3. ___________________________________________________________________

                                Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն

 

Հաշվետվություն տրամադրող անձ

------------------------------

ստորագրություն 

    

__________________թ.                                                                       Կ.Տ.

 

 

 

Հավելված թիվ 3

ԼՂՀ ֆինանսների նախարարի

«25» մայիսի 2009թ. թիվ 57-Ն հրամանի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների բաժին է ներկայացվում գործարքում կասկածելիության հիմքեր և չափանիշներ բացահայտելու դեպքում` նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ը:

2. Կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել`

1) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

2) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,

3) վիճելի (քննարկման ենթակա) դեպքերով: