| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«22» մայիսի 2009թ.
Պետական գրանցման համարը 1110973 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«27» ապրիլի 2009թ. |
թիվ 41-Ն |
ք. Ստեփանակերտ
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել փաստաբանների, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձինք) կողմից կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 020 հաշվետվական ձևը (այսուհետ` թիվ 020 հաշվետվական ձև) և թիվ 020 հաշվետվական ձևի լրացման և ներկայացման ուղեցույցը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման և նրանց կողմից կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Հաստատել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ ֆինանսների նախարարի
2009 թ. ապրիլի 27-ի թիվ 41-Ն հրամանի |
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹԻՎ 020 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ
ԹԻՎ 020 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Սույն ուղեցույցը սահմանում է փաստաբանների, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված հաշվետվությունների լրացման կարգը: Սույն ուղեցույցում օգտագործվող հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացություններին համաձայն:
Գլուխ 1. Հաշվետվական ձևի լրացման դեպքերը և լրացման ընդհանուր կանոնները
1. Սույն հաշվետվական ձևի ներկայացումը պարբերական բնույթ չի կրում և ներկայացվում է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով սահմանված դեպքերում:
2. Սույն հաշվետվական ձևը լրացրեք միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժնից (այսուհետ` նաև Ֆինանսական դիտարկումների բաժին) հաշվառման համար ստանալուց հետո:
3. Սույն հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով` հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի և միանշանակ ընկալվող հայերեն լեզվով, բացառությամբ այն դաշտերի, որոնց համար անհրաժեշտ տվյալները հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են անգլերեն կամ ռուսերեն լեզուներով: Այդ դաշտերը լրացվում են համապատասխան լեզվով: Հաշվետվական ձևը կարող եք ձեռք բերել Ֆինանսական դիտարկումների բաժին դիմելու միջոցով:
4. Հաշվետվական ձևը լրացրեք համակարգչի օգնությամբ կամ գրչով` յուրաքանչյուր վանդակում նշելով մեկ կամ երկու նիշ (եթե վանդակների քանակը բավարար չէ): Հաշվետվական ձևի 2.5., 2.6., 3.1. և 3.2. կետերի ներքո հատկացված դաշտերի սահմաններն անբավարար լինելու դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի ձախ կողմում նշեք, թե որ կետն եք լրացնում, ստորագրեք, հաստատեք կնիքով (կնիքի առկայության դեպքում) և կցեք հիմնական հաշվետվական ձևին: Բովանդակային ուղղումներ կատարելու դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև, իսկ տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:
5. Հաշվետվական ձևի «Գործարքի մյուս կողմ» 4.2. կետը ենթակա է լրացման, եթե հաշվետվություն տրամադրող անձն իր տրամադրության տակ ունի կամ պարտավոր է ունենալ այդ տեղեկատվությունը:
6. Հաշվետվական ձևի առաջին էջի ներքևի մասում նշեք Ձեր կողմից ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ նաև առաջին էջը):
7. Հաշվետվական ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում ստորագրեք և հաստատեք կնիքով (կնիքի առկայության դեպքում):
8. Հաշվետվական ձևի այն էջերը, որոնք չեն լրացվել կարող են չներկայացվել:
9. Փոխկապակցված կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ կարող է ներկայացվել մեկ հաշվետվություն (փոխկապակցված գործարքների կամ գործարար հարաբերությունների լրացման կարգը տե´ս սույն ուղեցույցի 18-րդ կետում):
10. Փոխկապակցված կասկածելի գործարքներ կամ գործարար հարաբերություններ են՝
1) Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված գործարքները կամ գործարար հարաբերությունները:
2) այն գործարքները կամ գործարար հարաբերությունները, որոնք առանձին-առանձին չեն համարվում կասկածելի, բայց դրանց հանրագումարն է կասկածի տեղիք տալիս:
11. Փոխկապակցված կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների դեպքում պարտադիր չէ, որ փոխկապակցված կասկածելի գործարքները կամ գործարար հարաբերությունները կատարված լինեն միաժամանակ: Օրինակ` որևէ նոր կատարված գործարք և որոշ ժամանակ առաջ կատարված գործարք կամ նոր վերլուծության արդյունքում բացահայտված ու նախկինում չնկատված գործարքը միասին կարող են հանդիսանալ փոխկապակցված:
Գլուխ 2. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը
12. «Հաշվետվության անվանումը» 1-ին բաժնում նշված երեք դաշտերից՝
1) Առաջին դաշտում լրացրեք Ֆինանսական դիտարկումների բաժնի կողմից տրամադրված հաշվառման համարը՝ 8 նիշից կազմված:
2) Երկրորդ դաշտում լրացրեք գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ կասկածելիության հիմքեր և չափանիշներ բացահայտելու ամսաթիվը, որն անհրաժեշտ է լրացնել հետևյալ տեսքով. օր` 2 նիշ, ամիս` 2 նիշ, տարի` 2 նիշ:
3) Երրորդ դաշտում լրացրեք տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը՝ 3 նիշ:
13. «Հաշվետվության տեսակը» 1.1. կետում «Նոր հաշվետվություն» կետում կատարեք նշում, եթե` ներկայացվում է նոր հաշվետվություն:
14. «Լրացում-հաշվետվություն» կետում կատարեք նշում, եթե արդեն իսկ տրամադրված հաշվետվության հետ կապված` անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն կամ անհրաժեշտ է կատարել սխալի կամ թերացման ճշտում: Նշված տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը կարող է առաջանալ, ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ Ֆինանսական դիտարկումների բաժնի կողմից տեղեկատվության խնդրարկմամբ: Լրացում-հաշվետվություն ներկայացնելիս լրացման են ենթակա միայն այն դաշտերը, որոնց կապակցությամբ ներկայացվում է այդ հաշվետվությունը: Լրացուցիչ տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն այն կետերի վերաբերյալ, որոնք ենթակա են հայեցողական լրացման: Սխալի կամ թերացման ճշտում կատարելու դեպքում «Լրացում-հաշվետվություն» ներկայացնելու հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել գրություն Ֆինանսական դիտարկումների բաժնի պետի անունով սխալի կամ թերացման ճշտման վերաբերյալ:
15. «Լրացվող հաշվետվության անվանումը» դաշտում լրացրեք սույն ուղեցույցի 12-րդ կետով նախատեսված` արդեն իսկ տրամադրված այն հաշվետվության անվանումը, որին որպես լրացում ուղարկվում է «Լրացում-հաշվետվությունը»:
16. «Լրացում-հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում նշեք (թվերով), թե հաշվետվության լրացման որ հերթական տարբերակն է այն:
17. «Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության առարկան» 2-րդ բաժնում ներկայացվում են կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ ընդհանուր տվյալներ:
18. Այն դեպքում, երբ փոխկապակցված կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ ներկայացվում է մեկ հաշվետվություն, ապա հաշվետվական ձևի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ բաժինները, կախված կասկածելի փոխկապակցված գործարքների կամ գործարար հարաբերությունների քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք՝ պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:
19. «Գործարքի կնքման ամսաթիվը» 2.1. կետում լրացրեք կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը փաստացի կատարելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով): Եթե այն դեռևս չի կատարվել, նշեք այն ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), երբ ներկայացվել է այդ գործարքի կամ գործարար հարաբերության կատարման պահանջը, իսկ այն դեպքում, երբ գործարքը կամ գործարար հարաբերությունը մերժվել է, նշեք գործարքի կամ գործարար հարաբերության մերժման ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):
20. «Արժույթը» 2.2. կետում լրացրեք այն արժույթը, որով կատարվել է կամ պետք է կատարվի կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը:
21. «Գումարը տվյալ արժույթով» 2.3. կետում լրացրեք կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության գումարի չափն այն արժույթով, որով կատարվել է կամ պետք է կատարվի այդ գործարքը կամ գործարար հարաբերությունը:
22. «Գումարը համարժեք Հայաստանի Հանրապետության դրամին» 2.4. կետում լրացրեք կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության գումարը արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված տվյալ օրվա միջին փոխարժեքով: Եթե «Արժույթը» կետում նշեք Հայաստանի Հանրապետության դրամ, ապա «Գումարը համարժեք Հայաստանի Հանրապետության դրամին» դաշտը ենթակա չէ լրացման և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կատարման գումարը լրացվում է «Գումարը տվյալ արժույթով» 2.3. կետում:
23. «Գործարքի էությունը» 2.5. կետում նկարագրեք այն գործարքը կամ այն հարաբերությունը և դրանց բնույթը, որոնք դիտվել են կասկածելի գործարքներ կամ գործարար հարաբերություններ:
24. «Գործարքին առնչվող Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկություններ» 2.6. կետում նշեք սույն ուղեցույցի 29-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, եթե այդպիսիք առկա են, ինչպես նաև գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող` Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկությունները:
25. «Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության նկարագրությունը» 3-րդ բաժնում ներկայացվում են գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները, կասկածների նկարագրությունը, ինչպես նաև գործարքը կամ գործարար հարաբերությունը մերժված լինելու հանգամանքի վերաբերյալ տեղեկատվություն:
26. «Կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները» 3.1. կետում նշեք գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի համարելու նշված 3.1.1.-3.1.3. ենթակետերից մեկը կամ մի քանիսը: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները այդ ենթակետերում առկա չեն, ապա նշեք «Այլ» 3.1.4. ենթակետը: Նշված 3.1.1.-3.1.4. ենթակետերից մեկը կամ մի քանիսը նշելու դեպքում այդ ենթակետերից ստորև առկա դաշտում մեջբերեք օրենքով, ուղեցույցով, ներքին իրավական ակտով սահմանված կամ այլ՝ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության հիմքը կամ չափանիշը:
27. «Կասկածների նկարագրությունը» 3.2. կետում հնարավորինս մանրամասն նկարագրվում են այն բոլոր հանգամանքները և իրավիճակները, որոնք վկայել են գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության մասին կամ հաստատում են գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիությունը:
28. «Գործարքը մերժվել է» 3.3. կետում կատարվում է նշում, եթե գործարքի կամ գործարար հարաբերության կատարումը մերժվել է:
29. Եթե հաշվետվությունը վերաբերում է մեկից ավելի գործարքների կամ գործարար հարաբերությունների և մերժվել են ոչ բոլոր գործարքները կամ գործարար հարաբերությունները, որոնց վերաբերյալ տեղեկատվություն է ներառված հաշվետվական ձևում, ապա այդ մասին նշում է կատարվում հաշվետվական ձևի «Գործարքին առնչվող Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկություններ» 2.6. կետում:
30. «Գործարքի կամ գործարար հարաբերության կողմերը» 4-րդ բաժնում լրացվում է հաճախորդ և գործարքի կամ գործարար հարաբերության մյուս կողմ ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տեղեկատվությունը:
31. «Հաճախորդ» 4.1. կետում նշեք հաճախորդի տեսակը` ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր: Այն դեպքում, երբ հաճախորդների թիվը մեկից ավելի է, ապա «Հաճախորդ» 4.1. կետում, կախված հաճախորդների քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք՝ պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:
32. «Անուն/անվանում» 4.1.1. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի անվանումը:
33. «Ազգանուն» 4.1.2. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը:
34. «Ծննդյան ամսաթիվ» 4.1.3. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):
35. «Բնակության վայր/Իրավաբանական անձի գտնվելու վայր» 4.1.4. ենթակետում ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացրեք այն հասցեն, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Եթե դա հնարավոր չէ պարզել, ապա նշեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման հասցեն (երկիրը, քաղաքը, փողոցը, շենքը, տունը/բնակարանը), իսկ իրավաբանական անձի դեպքում լրացրեք իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (երկիրը, քաղաքը, փողոցը, շենքը, տունը/բնակարանը):
36. «Քաղաքացիություն» 4.1.5. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը:
37. «Անձը հաստատող փաստաթղթի տեսակ» 4.1.6. ենթակետում նշեք հետևյալ փաստաթղթերից մեկը`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար ամձնագիրը, զինվորական գրքույկը, ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը հաստատող փաստաթուղթը,
2) օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության անձնագիրը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կացության վկայականը:
38. «Փաստաթղթի սերիա և համար» 4.1.6.1., «Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը» 4.1.6.2. ենթակետերում նշեք «Անձը հաստատող փաստաթղթի տեսակ» 4.1.6. ենթակետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), եթե այդ փաստաթղթում առկա են այդ տվյալները, իսկ եթե ոչ՝ ապա նշեք տվյալ փաստաթղթի անհատականացման համարը:
39. «Կազմակերպական-իրավական ձև» 4.1.7. ենթակետում նշեք իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևի հապավումը (օրինակ, ՍՊԸ, ԲԲԸ և այլն): Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:
40. «Պետ. գրանցման վկայականի համար» 4.1.8. ենթակետում լրացրեք անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի գրանցումն իրականացնող մարմնի կողմից տրամադրված պետական գրանցման վկայականի համարը:
41. «ՀՎՀՀ» 4.1.9. ենթակետում լրացրեք անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը:
42. «Գործարքի մյուս կողմ» 4.2. կետում 4.2.1.-4.2.9. ենթակետերը լրացվում են սույն ուղեցույցի 32-41-րդ կետերով սահմանված կարգով: Այն դեպքում, երբ գործարքի մյուս կողմում հանդես եկող անձանց թիվը մեկից ավելի է, ապա «Գործարքի մյուս կողմ» 4.2. կետը, կախված նրանց քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք՝ պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:
43. «Հաճախորդի լիազորված անձ» 5-րդ բաժինը լրացվում է, եթե գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է լիազորված անձ: Այն դեպքում, երբ լիազորված անձանց թիվը մեկից ավելի է, ապա «Հաճախորդի լիազորված անձ» 5-րդ բաժինը, կախված լիազորված անձանց քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք՝ պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:
44. «Ում լիազորված անձն է հանդիսանում» 5.1. կետում լրացրեք այն հաճախորդի անունը, ազգանունը /անվանումը, ով լիազորել է այդ անձին հանդես գալ իր անունից կամ ներկայացնել իր շահերը:
45. «Հաճախորդի լիազորված անձ» 5-րդ բաժնի 5.2-5.7.2. կետերը և ենթակետերը լրացվում են սույն ուղեցույցի 32-38-րդ կետերով սահմանված կարգով:
46. «Հաճախորդի իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ» 6-րդ բաժնում լրացվում են հաճախորդի կողմից իրական շահառուի վերաբերյալ ներկայացված կամ այլ աղբյուրից ստացված տեղեկատվությունը: Այն դեպքում, երբ իրական շահառուների թիվը մեկից ավելի է, ապա «Հաճախորդի իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ» 6-րդ բաժինը, կախված իրական շահառուների քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք՝ պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:
47. «Չի տիրապետում իրական շահառուի մասին տեղեկատվությանը» կետում նշում կատարվում է այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու, թե` ոչ:
48. «Չկա իրական շահառու» կետում կատարվում է նշում այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը պարզել է, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա չէ իրական շահառու: Օրինակ՝ այդ մասին գրավոր հայտարարություն է տվել հաճախորդը:
49. «Առկա է իրական շահառու» կետում կատարվում է նշում այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդից կամ այլ աղբյուրից տեղեկացել է, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու:
50. «Առկա է իրական շահառու» կետը նշելուց հետո «Ում իրական շահառուն է հանդիսանում» 6.1. կետում լրացրեք այն հաճախորդի անունը, ազգանունը/անվանումը, ում իրական շահառուն է հանդիսանում:
51. «Հաճախորդի իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ» 6-րդ բաժնի 6.2.-6.7.2. կետերը և ենթակետերը լրացրեք սույն ուղեցույցի 32-38-րդ կետերով սահմանված կարգով:
52. «Պատասխանատու աշխատակից» 7-րդ բաժնում լրացվում են հաշվետվություն տրամադրող անձի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու աշխատակցի տվյալները, որը հաշվառված է Ֆինանսական դիտարկումների բաժնում:
53. «Անուն» 7.1. կետում լրացրեք պատասխանատու աշխատակցի անունը:
54. «Ազգանուն» 7.2. կետում լրացրեք պատասխանատու աշխատակցի ազգանունը:
55. «Լրացման ամսաթիվը» 7.3. կետում լրացրեք հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):
56. «Հաշվառման համարը ՖԴԲ-ում» 7.4. կետում լրացրեք հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման դիմումի հիման վրա տրամադրված հաշվառման համարը:
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ ֆինանսների նախարարի
«27» ապրիլի 2009թ. թիվ 41-Ն հրամանի |
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Փաստաբանների, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց (այսուհետ՝ հաշվետվություն տրամարդող անձինք) հաշվառումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժնում (այսուհետ` Ֆինանսական դիտարկումների բաժին) նրանց գրանցելու միջոցով:
2. Հաշվետվություն տրամադրող անձանց գրանցումն իրականացվում է հետևյալ փուլերով`
1) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,
2) հաշվետվություն տրամադրող անձանց ներառում Ֆինանսական դիտարկումների բաժնի տվյալների շտեմարանում,
3) հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման համարի տրամադրում:
3. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար ստանալու համար Ֆինանսական դիտարկումների բաժին հաշվառման դիմումը ներկայացնում են գրավոր (հաշվառման դիմումի ձևը կցվում է): Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից և հաստատվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով: Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման համար կարող է տրամադրվել նաև Ֆինանսական դիտարկումների բաժնի կողմից՝ որակավորող մարմնի կողմից տրամադրված ցանկերի համաձայն:
4. Դիմումը Ֆինանսական դիտարկումների բաժին ներկայացվում է`
1) ֆիզիկապես ներկայանալու միջոցով կամ
2) փոստի միջոցով` փակ կնքված ծրարով «Անձամբ Ֆինանսական դիտարկումների բաժնի պետին» նշագրումով: Տվյալ դեպքում դիմումն ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության փոստային հասցեով (Փետրվարի 20-ի 1, ք. Ստեփանակերտ) և ներկայացված է համարվում այն «Արցախփոստի» բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահից:
5. Հաշվառման դիմումը պետք է պարունակի`
1) հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անունը (անվանումը),
2) հաշվետվություն տրամադրող անձի բնակության/գտնվելու վայրը,
3) հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը,
4) փաստաբան հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի փաստաբանական գործունեության արտոնագրի համարը,
5) ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) և (կամ) պատասխանատու այլ աշխատակցի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը), ովքեր պատասխանատու են հաշվետվությունների տրամադրման համար,
6) հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:
6. Հաշվառման դիմումը Ֆինանսական դիտարկումների բաժին ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին երկու աշխատանքային օրվա ընթացքում տրվում է հաշվառման համար:
7. Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման դիմումի մեջ ներկայացված կամ որակավորող մարմնի կողմից տրամադրված տվյալների փոփոխման կամ լրացման անհրաժեշտության դեպքում հաշվետվություն տրամադրող անձը ներկայացնում է լրացում-դիմում՝ օգտագործելով նույն դիմումի ձևը և դրա վերևի աջ անկյունում նշելով «Լրացում» բառը: Լրացում-դիմումի մեջ փոփոխված կամ լրացված մասերը նշվում են ընգծված ձևով: Լրացում-դիմումը պետք է ներկայացվի փոփոխությունը կատարվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` սույն կարգի 4-րդ մասով սահմանված կարգով: Լրացում-դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ քան փոփոխությունը կատարվելուց հետո հաշվետվության տրամադրումը: Լրացում-դիմում ներկայացնելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը մնում է անփոփոխ:
8. Կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվությունները Ֆինանսական դիտարկումների բաժին են ներկայացվում թղթային տարբերակով` հետևյալ եղանակներից որևէ մեկով.
1) ֆիզիկապես ներկայանալու միջոցով,
2) փոստի միջոցով (տվյալ դեպքում հաշվետվական ձևը ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության փոստային հասցեով (Փետրվարի 20-ի 1, ք. Ստեփանակերտ)) և ներկայացված է համարվում այն «Արցախփոստի» բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահից:
9. Հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների բաժին է ներկայացվում փակ կնքված ծրարով «Անձամբ Ֆինանսական դիտարկումների բաժնի պետին» նշագրումով:
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Դ Ի Մ Ո Ւ Մ
| |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարության
ֆինանսական դիտարկումների բաժնի պետ
------ ------------------------ - ին |
Խնդրում եմ Ձեզ -------------------------------------------------------------------------------------------------------- -ին
Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անունը (անվանումը)
տրամադրել հաշվառման համար:
Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները՝
Բնակության վայր/Գտնվելու վայրը --------------------------------------------------------------------------------------
Հարկ վճարողի հաշվառման համարը -----------------------------------------------------------------------------------
Պետական գրանցման համարը -------------------------------------------------------------------------------------------
Փաստաբանական գործունեության արտոնագրի համարը (առկայության դեպքում)- ---------------------------
Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) և (կամ) պատասխանատու այլ աշխատակցի տվյալները
1.__________________________________________________________________
Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն
2.__________________________________________________________________
Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն
3.__________________________________________________________________
Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն
Հաշվետվություն տրամադրող անձ
| |
--------------------------
ստորագրություն |
----- --------------- ------- թ.
Կ.Տ.
| |
Հավելված թիվ 3
ԼՂՀ ֆինանսների նախարարի
«27» ապրիլի 2009թ. թիվ 41-Ն հրամանի |
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Լեռնային Ղարաբաղի հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժին է ներկայացվում գործարքում (գործարար հարաբերությունում) կասկածելիության հիմքեր և չափանիշներ բացահայտելու դեպքում` նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ը: Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել`
1) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,
2) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,
3) վիճելի (քննարկման ենթակա) դեպքերով: