Համարը 
N 94Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.11.26/15(21)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ արտադրական ենթակառուցվածքների վարչություն
Ընդունման ամսաթիվը 
04.11.2009
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
04.11.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ-ՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«16» նոյեմբերի 2009թ.

պետական գրանցման համարը 20209123

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«4» նոյեմբերի 2009թ.

N 94Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

 

ՊԵՏ

Կ. ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր արտադրական

ենթակառուցվածքների վարչության պետի

2009 թվականի «4»-ի թիվ 94Նհրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետի հրամանով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրն է` ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման գործընթացի իրականացումը:

4. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդրին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) քննարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման հայտերը, ուսումնասիրում է լիցենզիա ստանալու համար հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը.

2) տալիս է եզրակացություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիա տրամադրելու, մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետի հաստատմանը.

3) ներկայացնում է առաջարկություններ լիցենզավորող մարմնին տրանսպորտի բնագավառի լիցենզավորման օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետ հրավիրված անձ):

8. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման հասցեի, ամսաթվի ու ժամի մասին:

9. Հանձնաժողովի նիստը նախագահողը նիստի ժամանակ հայտարարում է, թե ինչ հարց է քննարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:

10. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը գրավոր չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամանակ: Հրավիրված անձի սույն կետով նախատեսված խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:

11. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, հարուցել միջնորդություններ:

12. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերվում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին: Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, այլ անձինք:

13. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

14. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`

1) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը.

2) հանձնաժողովի կազմը.

3) քննարկվող հարցի բովանդակությունը.

4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.

5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.

6) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը:

15. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

16. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:

17. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:

18. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր.

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

4) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Հանձնաժողովի նախագահի տեղակալը` հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում ստանձնում է նրա պարտականությունները:

20. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

2) տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի հերթական նիստի անցկացման վայրի, ժամանակի և քննարկվող հարցի մասին` նիստի օրվանից առնվազն յոթ օր առաջ.

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

4) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման վերաբերյալ.

5) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

6) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագծերը, եզրակացությունները և կազմակերպում հանձնաժողովի որոշումների սահմանված ձևով հանձնումը կամ ուղարկումը հայտատուին:

21. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում, հանձնաժողովի անդամներից մեկը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ստանձնում է հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները:

22. Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակմանը և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.

2) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

24. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: