| |
| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«27» դեկտեմբերի 2008թ.
պետական գրանցման համարը 997 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«18» դեկտեմբերի 2008թ. |
N 148Ն |
ք. Ստեփանակերտ
ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ԵՎ ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը, 6-րդ հոդվածի 5-րդ մասը և 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Կասկածելի գործարքների չափանիշների վերաբերյալ» ուղեցույցը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել «Օֆշորային տարածքների ցանկը»՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ ֆինանսների նախարարի
2008թ. դեկտեմբերի 18-ի
թիվ 148-Ն հրամանի |
Ո Ւ Ղ Ե Ց Ո Ւ Յ Ց
ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սույն ուղեցույցը ներկայացվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հիման վրա և տարածվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հաշվետվություն տրամադրող անձանց վրա: Ուղեցույցը մանրամասնում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության հիմքերը՝ ներկայացնելով այդ հիմքերին բնորոշ չափանիշները և դրանք ի հայտ գալու հնարավոր իրավիճակները:
Այսպես. յուրաքանչյուր հիմքի ներքո ներկայացվում են այն չափանիշները, որոնք բացատրում են, թե որ դեպքերում է հավանական կասկածելի գործարքի առկայությունը: Չափանիշների ըմբռնումն ավելի հեշտացնելու համար կից նկարագրվում են նաև հնարավոր իրավիճակներ, որոնք չափանիշների ի հայտ գալու առանձին օրինակներ են: Հարկ է ընդգծել, որ նշված իրավիճակները չեն հանդիսանում առանձին չափանիշների ի հայտ գալու դեպքերի համապարփակ և սպառիչ նկարագրություն, և գործնականում հնարավոր է կասկածելի գործարքի չափանիշների դրսևորման ցանկացած այլ իրավիճակ:
Կասկածելի գործարքի առանձնահատկությունները կարող են տարբերվել սույն հրամանի չափանիշների նկարագրությունից: Ուստի, այս չափանիշները չպետք է ընկալվեն տառացի նշանակությամբ:
Գործարքի կասկածելիության հավանականությունն առավել մեծանում է այն դեպքերում, երբ միևնույն իրավիճակում (գործարքում) ի հայտ են գալի հավելվածում նշված չափանիշների համակցություններ:
ՀԻՄՔ 1. Գործարքը (գործառնությունը) կարող է համարվել կասկածելի, եթե հաճախորդը հաշվետվություն տրամադրող անձին առաջարկում է կնքել (հաստատել) կամ նրա հետ կնքում (հաստատում) է այնպիսի գործարք (գործարար հարաբերություն), որը թեկուզև համապատասխանում է օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին, սակայն տվյալ գործարքով (գործարար հարաբերությամբ) հնարավոր չէ պարզել հաճախորդի ինքնությունը կամ ստանալ տվյալ գործարքի (գործարար հարաբերության) կնքման կամ իրականցման համար հաշվետվություն տրամադրող անձի համար «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկություններ.
|
ՉԱՓԱՆԻՇԸ |
ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ |
|
1. Հաճախորդը խուսափում է ներկայացնել նույնականացման համար պահանջվող
փաստաթղթերը (տեղեկությունները) |
1) Հաճախորդը չի տրամադրում իր անձնագիրը և առանց օբյեկտիվ պատճառների պահանջում է հիմք ընդունել տարաբնույթ փաստաթղթեր, օրինակ՝ իր ծննդյան վկայականը,
2)Հաճախորդը չի ցանկանում ներկայացնել որևէ փաստաթուղթ, որը պարունակում է նկար և կարող է փոխարինել անձնագրին: |
|
2. Հաճախորդը ներկայացնում է նույնականացման համար պահանջվող թերի, ոչ հավաստի կամ կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ): |
1) Հաճախորդը ներկայացնում է փաստաթղթեր, որոնց կնիքները ակնհայտորեն կեղծված են կամ դրանց գծերը սահուն չեն գծված,
2) Հաճախորդին դիմում եք փաստաթղթում գրված անունով, սակայն նրա կողմից արձագանքը ուշացած է, անվանը համարժեք չի արձագանքում,
3) Հաճախորդի տրամադրած տեղեկություններն իրարամերժ են,
4) Հաճախորդը հիմնովին փոխում է ներկայացված տեղեկությունները, եթե իրեն խնդրում են ճշտել որևէ հարց: |
|
3. Անհնար է հավաստիանալ հաճախորդի
ներկայացրած փաստաթղթերի իսկության մեջ: |
1) Փաստաթղթերն ունեն անհայտ թողարկող,
2) Փաստաթղթերն անսովոր են՝ այդպիսի փաստաթղթեր երբևէ ներկայացված չլինելու պատճառով,
3) Ձեր կողմից նախկինում չի սպասարկվել տվյալ երկրի քաղաքացի և նրա փաստաթուղթը չունի նման կարգավիճակի փաստաթղթերին համապատասխան հատուկ պաշտպանվածություն: |
|
4. Հաճախորդն առանց հիմնավոր փաստարկների ձգձգում է փաստաթղթերի տրամադրումը: |
Հաճախորդի՝ քաղաք Ստեփանակերտում գտնվող աշխատավայրից տեղեկանք ներկայացնելու համար պահանջվում է մեկ ամիս, որի համար նա բացատրություններ չի ներկայացնում, կամ ներկայացնում է անտրամաբանական և տարաբնույթ մեկնաբանություններ: |
|
5. Հաճախորդի տրամադրած փաստաթղթի
վրա առկա է թողարկման հին ամսաթիվ,
սակայն փաստաթուղթն ունի ակնհայտ նոր
տեսք, կամ առկա է թողարկման նոր ամսաթիվ, սակայն պետք է լիներ հին ամսաթիվ: |
Հաճախորդը ներկայացնում է 1972 թվականին թողարկված փաստաթուղթ, որն ակնհայտորեն նոր տեսք ունի՝ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ կամ ներկայացրել է ակնհայտորեն նոր փաստաթուղթ, որը համակարգչային տեխնիկայի կիրառման շնորհիվ բերված է հին տեսքի: |
|
6. Հաճախորդը հրաժարվում է ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները և տրամադրում է միայն դրանց պատճենները: |
1) Հաճախորդը ներկայացնում է միայն փաստաթղթերի պատճենները՝ առանց բացահայտելու բնօրինակի գտնվելու վայրը և դրա չներկայացման պատճառները, կամ ներկայացնում է անտրամաբանական և տարաբնույթ մեկնաբանություններ,
2) Հաճախորդը հրաժարվում է փաստաթղթի բնօրինակը ներկայացնել նույնիսկ որոշակի ժամանակ անց: |
|
7. Հաճախորդի տրամադրած հասցեով կամ
կապի միջոցներով հաճախորդի կամ գործարքի մասնակից այլ անձի հետ անհնար է կապ հաստատել: |
1) Հաճախորդի նշած քաղաքային և (կամ) բջջային հեռախոսահամարները մշտապես չեն պատասխանում կամ անհասանելի են,
2) Հեռախոսահամարը չի պատկանում հաճախորդին (եթե հաճախորդը նշված կապի միջոցները տրամադրում է որպես իր անձնականը),
3) Հաճախորդի նշած հասցեում հաճախորդը չի բնակվում (եթե հաճախորդը նշված հասցեն տրամադրել է որպես իր բնակության հասցե) կամ նշված հասցեում նա հաշվառված չէ (եթե հաճախորդը նշված հասցեն տրամադրել է որպես իր հաշվառման հասցե): |
|
8. Հաճախորդը խնդրում է իր հետ կապ
հաստատել իր բնակության կամ հաշվառման (ֆիզիկական անձ հանդիսանալու դեպքում), իրավաբանական անձի գտնվելու վայրի (իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում)հասցեից կամ կապի միջոցներից տարբերվող հասցեով կամ կապի միջոցներով: |
Հաճախորդն իր աշխատանքային և բջջային հեռախոսակապի փոխարեն պահանջում է իր հետ կապ հաստատել միայն ոմն քաղաքացի
Զ-ի բնակարանի հեռախոսահամարով՝ այն դեպքում, երբ Ձեզ հայտնի է, որ հաճախորդն ունի իր անձնական կապի միջոցները: |
|
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող կամ գտնվող հաճախորդը ակնհայտորեն խուսափում է գործարքի կատարման ընթացքում անմիջականորեն ներկայանալ (այն գործարքների դեպքում, երբ հաճախորդի ներկայանալը պարտադիր է) հաշվետու անձին: |
1) Հաճախորդը պնդում է, որ իր հաշվից գումար կանխիկացվի և երրորդ անձի տրամադրվի առանց իր ներկայության՝ համապատասխան լիազորագրի բացակայության դեպքում,
2) Հաճախորդը հրաժարվում է ներկայանալ նույնիսկ որոշակի ժամանակ անց: |
|
10. Հաճախորդը հրաժարվում է բացահայտել
գործարքի իրական շահառուի (շահառուների) ինքնությունը: |
Փորձում եք տեղեկանալ, թե ովքեր են հաճախորդ իրավաբանական անձի իրական շահառուները, սակայն հաճախորդը՝ ընդունելով իրական շահառուների առկայությունը, հրաժարվում է բացահայտել նրանց ինքնությունը կամ տալիս է այնպիսի իրարամերժ պատասխաններ կամ փաստաթղթեր, որոնցից միևնույն է պարզ չէ իրական շահառուների ինքնությունը: |
|
11. Հաճախորդը չի տիրապետում գործարքում ներգրավված անձանց կամ գործարքի հետ
կապված այլ անհրաժեշտ տեղեկությունների: |
1) Հաճախորդը չգիտի միջոցները ստացողի անունը,
2) Հաճախորդը պատկերացում չունի իր ավանդային հաշվում առկա միջոցների մասին՝ մասնավորապես ինչ գումարներ են մուտքագրվել այդ հաշվին, ինչ հաճախականությամբ, ինչ ժամկետայնությամբ է կնքված գործարքը,
3) Հաճախորդը դժվարանում է նկարագրել իր բիզնեսի էությունը և չունի ընդհանուր պատկերացում դրա վերաբերյալ,
4) Հաճախորդը չի տրամադրում տեղեկատվություն այն անձի վերաբերյալ ում անունից հանդես է գալիս ինքը,
5) Հաճախորդը չգիտի իր բանկային հաշվին միջոցներ փոխանցողի անունը և գումարի չափը: |
|
12. Հաճախորդը գործարքի կատարման համար օգտագործում է այլ անձի անվանը շփոթության աստիճան նման անուն (անվանում)` օգտագործելով, օրինակ, հարկ վճարողի տարբեր հաշվառման համարներ: |
1) Այս դեպքը հիմնականում վերաբերում է օտարալեզու անուններին (Sajed-Saied, Kaled-Khaled և այլն): |
|
13. Գործարքն իրականացվում է այնպես, որ
հնարավոր չէ պարզել գործարքի կողմերից թեկուզև մեկի ինքնությունը կամ գործունեության բնույթը կամ ստանալ տվյալ գործարքի կնքման կամ իրականացման համար բանկի կամ վարկային կազմակերպության համար անհրաժեշտ տեղեկություններ: |
Փոխանցման հիմք հանդիսացող ապրանքների մատակարարման պայմանագրում մատակարար կողմի տվյալները բացակայում են և հաճախորդը հրաժարվում է ներկայացնել դրանք: |
|
14. Հաճախորդը կեղծ (շել) ընկերություն է և
չի ցանկանում տրամադրել տեղեկատվություն
այն անձի վերաբերյալ, ով տիրապետում է ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի)
տաս և ավելի տոկոսին, կամ այն անձի վերաբերյալ, ով իր մասնակցության ուժով կամ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատասխան
հնարավորություն ունի կանխորոշել դրա որոշումները, կամ իրական շահառուների վերաբերյալ: |
Հաճախորդը չի տրամադրում ընկերության վերաբերյալ այն փաստաթղթերը, որտեղ նշված են բաժնետերերի (բաժնեմասերի սեփականատերերի, փայատերերի) անունները կամ ընկերության փաստացի գտնվելու վայրը: |
|
15. Իրար հետ որևէ կապ չունեցող գործարքներում ներգրավված իրար հետ որևէ կապ չունեցող հաճախորդները ունեն միևնույն հասցեն և հեռախոսահամարները, և այդ հասցեն նաև որևէ իրավաբանական անձի գրանցման հասցեն է: |
|
|
16. Դրամական միջոցների փոխանցումն իրականացվում է արտերկրի անանուն կամ հաճախորդի մտացածին անունով բացված բանկային հաշիվներից կամ ըստ ներկայացնողի վճարային գործիքներով: |
Դրամական փոխանցումն իրականացվում է «Ա» տարածքում գտնվող բանկից, և որպես փոխանցումը նախաձեռնողի հաշվեհամար նշվում է «5894»: |
|
17. Բանկը չի կարողանում ստանալ բավարար տեղեկատվություն կամ տեղեկատվությունը անհասանելի է՝ անմիջականորեն պարզելու համար հաշվի սեփականատիրոջ կամ այլ բանկային գործողությունների նախաձեռնողի ինքնությունը: |
Ստացվել է դրամական փոխանցում «Ն» օֆշորային տարածքից, և բանկի ձեռնարկած գործողությունները պարզելու փոխանցումը նախաձեռնողի ամբողջական անունը ձախողվում են: Օֆշորային երկրների (տարածքների) ցանկը սահմանվում է սույն հրամանի թիվ 2 հավելվածով: |
|
18. Բանկը չի կարողանում պարզել թղթակից կամ կուտակային հաշվի իրական սեփականատիրոջը: |
|
ՀԻՄՔ 2. Գործարքը (գործառնությունը) կարող է համարվել կասկածելի, եթե գործարքի (գործարար հարաբերության) պայմանները չեն համապատասխանում հաճախորդի գործարար բնութագրին, ձեռնարկատիրական գործունեության տվյալ բնագավառում սովորաբար կնքվող նման գործարքների (գործարար հարաբերությունների) պայմաններին կամ գործարար շրջանառության սովորույթներին.
|
ՉԱՓԱՆԻՇԸ |
ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ |
|
1. Հաճախորդը սահմանում է գործարքի համար չհիմնավորված բարձր կամ ցածր գին (գումարներ) |
1) Գործարքի համար որպես հիմք ներկայացված փաստաթղթում խորհրդատվական ծառայությունների մատուցման համար նշված է այնպիսի գին, որն էականորեն տարբերվում է այդ տեսակի ծառայությունների շուկայական գնից,
2) Գործարքի համար որպես հիմք ներկայացված պայմանագրում նշված արժեթղթերի առուվաճառքի գինը համապատասխանում է արժեթղթի անվանական արժեքին, սակայն հայտնի է, որ դրանց շուկայական արժեքը էականորեն գերազանցում է անվանական արժեքը, այսինքն՝ հայտնի է, որ գործարքը շահույթ ստանալու նպատակով չի իրականացվում,
3) Արժեթղթերի շուկայի մեկ կամ մի քանի մասնակիցներ որոշակի ժամանակահատվածի ընթացքում արժեթղթերը գնանշում են ակնհայտորեն բարձր շուկայական արժեքով,
4) Արժեթղթերի շուկայի մեկ կամ մի քանի մասնակիցներ որոշակի ժամանակահատվածի ընթացքում արժեթղթերը գնանշում են ակնհայտորեն ցածր շուկայական արժեքով: |
|
2. Հաճախորդը հաճախակի ու անհիմն փոփոխում է իր անունից հանդես գալու իրավասություն ունեցող լիազորված անձանց: |
Յուրաքանչյուր անգամ հաճախորդի հաշվից գումար կանխիկացնելիս ներկայանում է լիազորված նոր անձ, որի դեպքում հնարավոր է հաշվի օգտագործումը տարբեր մարդկանց կողմից որպես տրանզիտ հաշիվ: Ընդ որում, լիազորված անձի փոփոխությունը չի վացատրվում նախորդի բացակայությամբ կամ այլ հարգելի պատճառով, և նոր լիազորված անձինք որևէ կապ չունեն կազմակերպության հետ (աշխատակից չեն և այլն): |
|
3. Գործարքն իրականացվում է օտարերկրյա ռեզիդենտ ֆինանսական կամ ոչ ֆինանսական կազմակերպությունների ներգրավմամբ՝ այն դեպքում, երբ տվյալ գործարքը կարող է իրականացվել (սովորաբար իրականացվում է) առանց այդ կազմակերպությունների ներգրավման: |
Անշարժ գույքի հետ կապված գործարքը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մի պայմանագրի հիման վրա, որը վավերացրել է Վրաստանի նոտարը: |
|
4. Հաճախորդը գործարքն իրականացնում է մի շարք ֆինանսական կամ ոչ ֆինանսական կազմակերպությունների ներգրավմամբ՝ այն դեպքում, երբ տվյալ գործարքը կարող է իրականացվել (սովորաբար իրականացվում է) քիչ քանակով նման կազմակերպությունների ներգրավմամբ:
|
1) Գործարքի հիմքում ընկած պայմանագրի մեջ նախատեսված է համանման բանկային փոխանցումների իրականացում տարբեր բանկերի միջոցով,
2) Գործարքը հաճախորդի կողմից առաջարկվող սխեմայով իրականացնելն ակնհայտորեն նպատակահարմար չէ՝ հավելյալ ծախսեր առաջանալու կամ երկարատև ժամանակահատված պահանջվելու առումով,
3) Հաճախորդն իր միևնույն ապահովագրական ռիսկերը փորձում է ապահովագրել մի քանի ապահովագրական միջնորդների միջոցով (կատարում է կրկնակի ապահովագրություն): |
|
5. Հաճախորդը գործարքն իրականացնում է նման գործարքներին սովորաբար ոչ բնորոշ՝ լիազորված անձանց միջոցով կամ հօգուտ շահառուների: |
1) Կատարվում է գույքի ապահովագրություն, պատահարն ի հայտ գալու դեպքում, հաճախորդի ցանկությամբ, ապահովագրական հատուցումը պետք է ստանա իր հետ որևէ ազգակցական կապ և գույքի նկատմամբ որևէ իրավունք չունեցող անձ,
2) Հաճախորդը պահանջում է, որ իր շահումը ձևակերպվի ի րհետ չփոխկապակցված երրորդ անձի անունով,
3) Հաճախորդը պահանջում է, որ իր շահումը փոխանցվի իր հետ չփոխկապակցված երրորդ անձի հաշվեհամարին: |
|
6. Լիազորված անձը տարբեր գործարքներ է իրականացնում մի քանի փոխկապակցված հաճախորդների համար: |
Միևնույն առևտրային ներկայացուցիչը բիզնես գործընկերների համար նույն բանկում միաժամանակ բացում է տարբեր հաշիվներ, որոնք օգտագործվում են միևնույն տնտեսագիտական/տրամաբանական հիմնավորումն ու նպատակն ունեցող գործարքների իրականացման համար: |
|
7. Գործարքն իրականացվում է անհիմն բարդ սխեմաներով, կամ հաճախորդը գործադրում է գործարքի անվտանգության և անխափան իրականացման համար այնպիսի միջոցներ, որոնք սովորաբար բնորոշ չեն նման գործարքներին: |
Այլ բանկի հաճախորդին գումար փոխանցելու համար հաճախորդը մատնանշում է օտարերկրյա բանկը կամ պետությունը, որի միջոցով պետք է կատարվի գործարքը, ընդ որում՝ կարևորելով գործարքն անպայմանորեն իր մատնանշած միջնորդ բանկի միջոցով կատարելու հանգամանքը: |
|
8. Հաճախորդը ներկայացնում է նման գործարքների կատարման համար ընդունված ժամկետներից անհիմն կարճ ժամկետներում գործարքի կատարման պահան: |
Հաճախորդն առանց մեկնաբանության կամ հիմնավորումների ակնհայտ շտապողականություն է ցուցաբերում և խնդրում է գործարքը ձևակերպել մեկ ժամում՝ թեկուզև բուն գումարը տրամադրվի ավելի ուշ և գործարքի կատարման արժեքը գերազանցի սահմանվածը: |
|
9. Գործարքը կնքվում է նման գործարքների համար պահանջվող կամ սովորաբար կիրառվող կնքման ձևից տարբերվող ձևով: |
Գրասենյակի վարձակալության պայմանագրով վարձավճարի ամենամսյա փոխանցման համար ներկայացվում է նոտարական վավերացում չունեցող պայմանագրի օրինակ: |
|
10. Հաճախորդը գործարքով սահմանված վճարումը կատարում է կանխիկ, սակայն օրենքով կամ նման գործարքների նկատմամբ սովորաբար ներկայացվող պահանջներով տվյալ գործարքի համար վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով: |
Ոչ ռեզիդենտի հետ կնքված պայմանագրի հիման վրա հաճախորդը կատարում է կանխիկացում՝ արտաքին տնտեսական գործարքով վճարում կատարելու համար: |
|
11. Հաճախորդը նմանատիպ գործարքների համար պարբերաբար վճարումը կատարում
է խոշոր կանխիկ գումարներով, որն իր պնդմամբ ստացվել է իր (մեկ այլ) բանկային հաշվից կանխիկացվելու միջոցով: |
Խոշոր կանխիկ գումարները ներկայացվում են մեկ այլ բանկի կողմից փաթեթավորած տեսքով: |
|
12. Հաճախորդը միևնույն կամ տարբեր գործարքներն իրականացնում է տարբեր արժույթներով՝ առանց դրա տնտեսական անհրաժեշտության: |
1) Ուսումնասիրելով պայմանագիրը՝ ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանից ապրանքների խմբաքանակի ներմուծման դիմաց վճարման մի մասը կատարվում է ՌԴ ռուբլով, մյուս մասը՝ կանադական դոլարով, ընդ որում, նման քայլը չի հետապնդում արժութային ռիսկերի կառավարման կամ նմանատիպ այլ նպատակներ,
2) Արտարժույթի փոխարկմամբ գործարքների արդյունքում գումարը շատ կարճ ժամանակ անց փոխանցվում է բարձր ռիսկային տարածքներ: |
|
13. Հաճախորդը գործարքն իրականացնում է նման գործարքների համար սովորաբար կիրառվող վճարման ձևից տարբերվող վճարման ձևով: |
1) Խոշոր գումարային փոխանցման համար անհրաժեշտ կանխիկի մուտքագրումը կատարվում է մանրադրամներով,
2) Հաճախորդն իր գործարքների համար մշտապես վճարում է կանխիկով, սակայն կոնկրետ դեպքում նա ներկայացնում է անհայտ թողարկողի ճանապարհային չեկ,
3) Հաճախորդը իր գործարքի համար մշտապես վճարումը կատարում է վճարման հանձնարարականներով, սակայն կոնկրետ դեպքում նա նախընտրում է վճարման այլ ձև: |
|
14. Հաճախորդն առանց հիմնավորելու հրաժարվում է գործարքի կատարման
համար առաջարկված ակնհայտ
շահավետ պայմաններից: |
Հաճախորդը բարձր տոկոսադրույք և կարճ մարման ժամկետ ունեցող վարկը գերադասում է ցածր տոկոսադրույք և երկար մարման ժամկետ ունեցող վարկից, այսինքն՝ հաճախորդի կողմից կարևորվում է առավելապես գործարքի կատարված լինելու հանգամանքի հավաստում ստանալը այլ ոչ թե գործարքի շահավետությունը: |
|
15. Հաճախորդն անտարբեր է գործարքի էական պայմանները սահմանելու նկատմամբ (ընդունելի է ցանկացած պայման): |
1) Հաճախորդն ընդունում է վարկային գիծ բացելու համար առաջարկվող ցանկացած տոկոսադրույք, այսինքն՝ առաջնայինը ոչ թե կատարվող կամ կատարվելիք ծախսումներն են, այլ գումարի ցանկացած պայմանով ստացումը,
2) Հաճախորդը մտահոգված չէ գործարքի արժեքով կամ միջնորդավճարներով: |
|
16. Հաճախորդը դրամական միջոցներ կամ այլ գույք ի պահ հանձնելու հետ կապված կատարում է արտասովոր գործողություններ: |
1) Բազմաթիվ հաճախորդներ միասին գալիս են բանկի իրենց պահատեղեր (safety box)՝ կրելով խոշար պայուսակներ, որոնք կարող են մեծածավալ կանխիկ պարունակել,
2) Հաճախորդը բանկում վարձակալում է բազմաթիվ պահատեղիներ (safety box)՝խոշոր գումարներ, վճարման միջոցներ կամ բարձր արժեքով միջոցներ պահելու համար և, միաժամանակ, հետաքրքրվում է արժույքի փոխարկման փոխարժեքով ու ավանդների ներդրման տոկոսադրույքներով, սակայն նշում է, որ այդ գործարքները կատարվելու են հետագայում: |
|
17. Հաճախորդը չի ցանկանում, որ
գործարքի անվտանգության և անխափան իրականացման համար գործադրվեն
այնպիսի միջոցներ, որոնք սովորաբար
բնորոշ են նման գործարքներին: |
1) Հաճախորդի և բանկի միջև համաձայնության կամ բանկի ներքին կանոնների համաձայն՝ հաճախորդի հաշվից որոշակի շեմը գերազանցող գործարքներ պետք է կատարվեն բանկի ներքին հսկողության մարմնի հաստատմամբ, սակայն հաճախորդը պնդում է, որ իր գործարքների դեպքում նման կարգը չկիրառվի,
2) Հաճախորդը խնդրում է իրեն սպասարկող աշխատակցին չկատարել նույնականացման և ֆինանսների նախարարություն չներկայացնել պարտադիր տեղեկացման գործարքի վերաբերյալ հաշվետվություն՝ պատճառաբանելով, որ իր կողմից կատարվող փոխանցումը փոխառություն է իր մտերիմ ընկերոջը: |
|
18. Հաճախորդի կողմից գործարքն իրականացվել է խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցությամբ, մեկ կողմի ներկայացուցչի՝ մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ: |
Դիմում է մի հաճախորդ և նշում, որ վերջերս իր հաշվին փոխանցված և իր կողմից կանխիկացված միջոցներն ունեին հանցավոր ծագում, և որ նա այդ գործարքները կատարել է այլ անձանց բռնության և սպառնալիքի ազդեցության ներքո: |
|
19. Հաճախորդը վարում է շռայլ կյանք, որի համար չեն կարող բավարարել իր եկամուտները: |
1) Հաճախորդը պարբերաբար բանկի միջոցով ֆինանսավորում է այնպիսի ապրանքների և ծառայությունների գնումը (այդ թվում՝ կրեդիտային քարտերի միջոցով, որոնց գծով պարտավորությունները հետագայում մարվում են կանխիկ մուտքերի միջոցով), որոնք որևէ կերպ չեն համապատասխանում նրա կողմից հայտարարված՝ եկամուտների չափին,
2) Հաճախորդը դիմում է այնպիսի ապահովագրական ծառայության համար, որը չի համապատասխանում նրա ֆինանսական վիճակին կամ եկամուտների պլանավորման պահանջներին: |
|
20. Մատուցվող ծառայություններից հաճախորդի օգտվելը շահավետ և հարմար չէ: |
Հաճախորդը պարբերաբար օգտվում է մի որևէ բանկի մասնաճյուղի ծառայություններից այն դեպքում, երբ դա աշխարհագրականորեն հեռու է իր բնակության վայրից կամ գրասենյակից և նրա համար որևէ գործնական անհրաժեշտություն չի ներկայացնում: |
|
21. Հաճախորդն արտասովոր հաճախականությամբ է օգտվում ի պահ տրված դրամական միջոցներից կամ այլ գույքից: |
Հաճախորդը, որը տնային տնտեսուհի է, ամեն օր միևնույն ժամի այցելում է բանկ՝ օգտվելու համար իր պահատեղից (safety box): |
|
22. Հաճախորդն իրականացնում է իրեն հավատարմագրային կառավարման հանձնված գույքի արտասովոր օգտագործում: |
Հավատարմագրային կառավարման հանձնված գույքը օգտագործվում է ոչ պայմանագրում ամրագրված նպատակներով, և հավատարմագրային կառավարիչը կնքում է ակնհայտ ոչ շահավետ պայմաններով գործարքներ: |
|
23. Հաճախորդը կատարում է բազմաթիվ գործարքներ, սակայն ակնհայտ է, որ վերջինս չի կարող տիրապետել այդպիսի խոշորածավալ գումարների: |
1) Հաճախորդն իր անունից կատարում է խոշորածավալ դրամական փոխանցումներ և, միաժամանակ, հրաժարվում է իր իրական շահառուին բացահայտելուց, բայց պարզվում է, որ այդ հաճախորդի ամսեկան եկամուտները էականորեն պակաս են նշված գործարքների գումարից,
2) Հաճախորդը պարբերաբար խոշորածավալ գումարներ է փոխանցում իր ավանդային հաշվին՝ փաստացի եկամուտները գերազանցող գումարի չափով: |
|
24. Հաճախորդը կատարում է գործարքներ տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, որոնք միմյանց հետ որևէ
կապ չունեն: |
Հաճախորդ Ա քաղաքացին պարբերաբար դրամական փոխանցումներ է կատարում մի շարք անձանց, որոնց թվում են խոշոր ձեռնարկատերեր, գործազուրկ անձինք և տնային տնտեսուհիներ: |
|
25. Կատարվում են գործարքներ, որոնք ակնհայտորեն բնորոշ չեն տվյալ ձեռնարկության գործունեության բնույթին և դրանք կնքվում են հաճախակի՝ ընդգրկելով խոշոր գումարներ: |
1) Ոչ առևտրական կամ բարեգործական ընկերությունը կատարում է գործարքներ, որոնք տրամաբանական հիմք չունեն և բնորոշ չեն վերջիններիս կանոնադրական նպատակներին,
2) Ոչ առևտրային կամ բարեգործական ընկերությունների հաշիվներ կամ աձնական հաշիվներ օգտագործվում են միջոցներ հավաքագրելու համար, որոնք հետագայում փոխանցվում են մի շարք օտարերկրյա քաղաքացիների,
3) Ոչ առևտրային կամ բարեգործական ընկերությունները, խոշոր գումարներ ստանալով իրենց արտասահմանյան գրասենյակներից, անմիջապես կանխիկացնում են դրանք: |
|
26. Վարկի ապահովման միջոց են հանդիսանում ակտիվներ կամ կապիտալ միջոցներ, որոնց սեփականատերը վարկառուի հետ որևէ կապ չունեցող անձ է: |
Հաճախորդը առաջարկում է վարկի ապահովման նպատակով գրավադրել օտարերկրյա քաղաքացուն պատկանող բնակարանը: |
|
27. Հաճախորդը կատարում է հաճախակի կամ խոշոր գործարքներ, սակայն չի ներկայացնում նախկինում կամ ներկայում աշխատանք ունենալու հանգամանքը հավաստող որևէ ապացույց: |
Հաճախորդը, որը գործազուրկ է արդեն 10 տարի և չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանում է և/կամ կատարում է խոշոր և/կամ հաճախակի փոխանցումներ՝ որպես հիմք ներկայացնելով փոխառության պայմանագրեր: |
|
28. Հաճախորդի կողմից կատարվող գործարքների համար ներկայացվող փաստաթղթերում առկա է անհամապատասխանություն: |
«Ա» բանկի հաճախորդ հանդիսացող ընկերությունը կատարել է փոխանցում, որը հավաստող փաստաթղթում բանկի կողմից նշվել է, որ փոխանցումը կատարվում է առաքվող գարեջրի պատրաստման համար անհրաժեշտ հումքի դիմաց: Նախկինում տվյալ ընկերության կողմից մեկ այլ գործարք կատարելու կապակցությամբ ներկայացվել էր վերջինիս կանոնադրության պատճենը, որը վկայում է, որ ընկերությունը զբաղվում է գրենական պիտույքների առուվաճառքով: |
|
29. Հաճախորդի բանկային հաշվով կատարվում է այնպիսի գործարք, որի գումարի չափն էապես չի համապատասխանում տվյալ հաշվով սովորաբար կատարվող գործարքների գումարների չափին: |
1) Գործազուրկը, ուսանողը կամ ցածր եկամուտներով անձը կատարում է խոշոր գումարի գործարքներ,
2) Հաճախորդի բանկային հաշվին կանխիկ մուտքագրվում է այնպիսի գումար, որի չափը էականորեն գերազանցում է տվյալ հաշվին սովորաբար փոխանցվող (մուտքագրվող) գումարների չափը,
3) Հաճախորդի հաշվին փոխանցվում է 10 միլիոն դրամ՝ այն դեպքում, երբ երկու տարվա ընթացքում հաճախորդի հաշվի միջին ամսական շարժը կազմել է 300 հազար դրամ: |
|
30. Միևնույն բանկային հաշվով գործառնություններ կատարելու լիազորություն ունեն միմյանց հետ չփոխկապակցված լիազորված անձինք: |
Հաշվետեր հաճախորդն իր հաշվով գործառնություններ իրականացնելու համար լիազորում է անմիջապես 5 տարբեր ներկայացուցիչների: |
|
31. Հաճախորդը իր բանկային հաշվին արտասովոր հաճախականությամբ փոքրածավալ գումարներ է մուտքագրում, կամ այդ հաշվին արտասովոր հաճախականությամբ փոքրածավալ գումարներ են փոխանցվում կամ ֆինանսական միջոցներն են ուղարկվում են կամ ստացվում են միևնույն անձին/անձից տարբեր հաշիվներից/հաշիվներին: |
Հաճախորդը մի քանի հաշիվներից կարճ ժամանակահատվածում ստանում է ընդհանուր
20 մլն դրամը չգերազանցող գումար: |
|
32. Հաճախորդը բանկի տարբեր մասնաճյուղերից բանկում բացված իր բանկային հաշվին ոչ ողջամիտ ժամանակահատվածի ընթացքում մուտքագրում է որոշակի միջոցներ: |
մեկ օրվա ընթացքում հաճախորդն իրեն պատկանող տարբեր հաշվեհամարներում գտնվող գումարները փոխանցում է մեկ հաշվեհամարի: |
|
33. Հաճախորդը կատարում է փոխանցումներ կամ մուտքագրում է կանխիկ գումարներ հաշիվը բացելուց անմիջապես հետո կարճ ժամանակի ընթացքում և ապա անսպասելի փակում է հաշիվըկամ դրանով ընդհանրապես գործարքներ չի կատարվում: |
Հաճախորդը բանկում բացելով հաշիվ՝ դրա վրա 15 օրվա ընթացքում փոքրածավալ բազմակի կանխիկ մուտքերով հաշվեգրում է 200 միլիոն դրամ, որից հետո ներկայանում է բանկ և պահանջում կանխիկացնել իր հաշվին առկա միջոցները և փակել հաշիվը: |
|
34. Փոքր շարժեր ունեցող հաշվով սկսում են կատարվել խոշոր փոխանցումներ և ելքագրումներ: |
1) Քաղաքացիական ծառայողի հաշվով, որի միջին ամսական շարժը շուրջ 250 հազար դրամ է, կարճատև ժամանակահատվածում սկսում են կատարվել 10 միլիոն դրամը գերազանցող գործարքներ,
2) Պարբերական փոխանցումներն ուղարկվում են խոշոր, կլոր գումարներով,
3) Խոշոր գումարներ են ստացվում օտարերկրյա քաղաքացիությամբ հաճախորդի անունով՝ առանց պատշաճ պատճառաբանության: |
|
35. Բարձր ռիսկային տարածքների
բանկերը բացում են հաշիվներ կամ կատարվում են այլ գործարքներ բարձր ռիսկային տարածքների հետ: |
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բանկին թղթակցային հաշիվ բացելու առաջարկով դիմում է Քենիայի մի որևէ բանկ,
2) Փոխանցումը կատարվում է այնպիսի երկրներ, որտեղ խստորեն պահպանվում է ֆինանսական գաղտնիությունը, կամ առկա են կոռուպցիայի կամ ահաբեկչական գործունեության բարձր ռիսկեր, երբ առկա չէ այդ երկրներում ձեռնարկատիրական կամ այլ իրավաչափ գործունեություն իրականացնելու հստակ նպատակ կամ այդ գործունեությունը բնորոշ չէ հաճախորդի գործարար կերպարին, ձեռնարկատիրական գործունեությանը կամ պատմությանը: |
|
36. Մանրածախ առևտրով զբաղվող հաճախորդի հաշվին մուտքագրվող գումարները էապես տարբերվում են տվյալ տարածքում համանման գործունեությամբ զբաղվողների կողմից մուտքագրվող գումարներից: |
Թերթի կրպակի սեփականատերը շաբաթական 5 միլիոն դրամ գումար է մուտքագրում իր հաշվին, իսկ մյուս փողոցում տեղակայված նմանատիպ կրպակի սեփականատերը շաբաթական 300.000 դրամ է մուտքագրում իր հաշվին: |
|
37. Հաճախորդն առաջարկում է արտարժույթի սահմանված փոխարժեքից տարբերվող փոխարժեքով կատարել գործարքը: |
Այն դեպքում, երբ սահմանված է 1 դոլարի դիմաց 315 դրամ գնման փոխարժեք, հաճախորդն առաջարկում է փոխարկումն իրականացնել 300 դրամ փոխարժեքով: |
|
38. Հաճախորդն առաջարկում է գործարքը կատարել խոշոր չափերի այնպիսի արտարժույթով, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սովորաբար չի շրջանառվում: |
Հաճախորդն առաջարկում է ՀՀ դրամի փոխարկել 25 հազար ավստրալական դոլար. ընդ որում, հաճախորդի բացահայտ ցանկությունն է Ձեր միջոցով այն փոխարկել բանկերում: |
|
39. Հաճախորդն առաջարկում է խոշոր
թվով ցածր անվանական արժեք մետաղադրամները կամ թղթադրամները փոխանակել բարձր անվանական արժեք ունեցող թղթադրամների: |
1) Հաճախորդն առաջարկում է 1 դոլարանոց դրամանիշերը փոխարկել 5 հազար դոլար գումարով,
2) Հաճախորդը պարբերաբար փոխում է մանր թղթադրամները մեծ թղթադրամների,
3) Հաճախորդը խաղանիշեր է գնում մանրադրամներով և ապա պահանջում է դրանք հետ գնել բարձրարժեք թղթադրամներով: |
|
40. Հաճախորդը պարբերաբար կնքում է իր համար վնասներ առաջացնող գործարքներ: |
1) Արժեթղթերի շուկայում միևնույն կողմերի միջև պարբերաբար իրականացվում են գործարքներ, որոնցով նրանք կրում են կայուն վնասներ,
2) Հաճախորդն առաջարկում է իր կյանքի կամ գույքի ապահովագրությունն իրականացնել իր համար ակնհայտ անշահավետ կամ անհավանական պայմաններով: |
|
41. Հաճախորդը կատարում է գործարքների շարք, որոնք առերևույթ իրար հետ փոխկապակցված չեն, սակայն կազմում են միևնույն տրամաբանական (կամ՝ անտրամաբանական) շղթայի մասերը: |
1) Դրամական փոխանցումներ ստացած անձինք պարբերաբար նույն չափերի գումարները հետ են ուղարկում փոխանցումը նախաձեռնողին կամ հասցեագրում են այլ անձանց,
2) Հաճախորդը խաղանիշերի է փոխարկում խոշոր գումարներ (պահանջում է փոխարկման ստացական), կատարում է ոչ նշանակալի խաղադրույքներ և ապա առկա խաղանիշերը կրկին փոխարկում է դրամի,
3) Փոխանցումներ են կատարվում մեկ բանկից մյուսը, որոնք որոշ ժամանակ անց փոխանցվում են հետ նույն բանկ: |
ՀԻՄՔ 3. Գործարքը (գործառնությունը) կարող է համարվել կասկածելի, եթե հաշվետու անձի համար պարզ է դառնում, որ առաջարկվող կամ կնքված գործարքն ակնհայտորեն տնտեսական կամ իրավաչափ նպատակ չունի.
|
ՉԱՓԱՆԻՇԸ |
ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ |
|
1. Հաճախորդների նույնականացման տվյալները համընկնում են: |
Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները ներկայացնում են միևնույն հարկ վճարողի հաշվառման համարը կամ միևնույն գտնվելու վայրերը: |
|
2. Հաճախորդը, գործարքի մասնակից այլ անձը հանդիսանում են օֆշորային երկրի քաղաքացիություն կամ բնակության վայր ունեցող ֆիզիկական անձ, օֆշորային երկրում գրանցված կամ գործունեության իրականացնող կազմակերպություն: |
Սեյշելյան կղզիներում գրանցում ունեցող կազմակերպությունն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունում ապահովագրել իր ձեռնարկատիրական ռիսկերը: |
|
3. Գործարար հարաբերությունում կամ գործարքում առկա է օֆշորային երկրում (տարածքում) կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրություն չունեցող պետությունում գրանցված կամ գործունեություն իրականացնող ֆինանսական կամ ոչ
ֆինանսական հաստատություն: |
1) Օֆշորային տարածքում գրանցված ապահովագրական մի ընկերություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությանն առաջարկում է վերաապահովագրել գույքի ապահովագրության հետ կապված իր բոլոր ռիսկերը,
2) Հաճախորդը մուտքագրում կամ ելքագրում է խոշոր ծավալով գումարներ, որոնց համար չկա որևէ հիմնավորող փաստաթուղթ, մասնավորապես երբ այդ փոխանցումները ընդգրկում են բարձր ռիսկային տարածքներ,
3) Կնքվում են առուվաճառքի տարաբնույթ պայմանագրեր տարբեր իրավաբանական անձանց հետ, սակայն բոլոր գործընկեր իրավաբանական անձինք գտնվում են բարձր ռիսկային տարածքներում և հաճախորդը չի կարողանում պատասխանել կնքվող գործարքների վերաբերյալ մանրամասն հարցերի,
4) Հաճախորդի կողմից կատարվող գործարքներում ներգրավվում են բազմաթիվ շահառուներ, որոնք գտնվում են բարձր ռիսկային օֆշորային գոտիներում: |
|
4. Հաճախորդն անթաքույց կամ ակնարկներով խոստովանում է, որ գործարքի առարկա գումարները ձեռք են բերվել հանցավոր աղբյուրներից և միջոցներով կամ ներդրվում են որևէ հանցագործություն ֆինանսավորելու նպատակով: |
Հաճախորդը բանկի աշխատակցին հայտնում է, որ դրամական փոխանցման ուշացման դեպքում իր հաշվին առկա միջոցները կարող են դատարանի որոշմամբ բռնագրավվել, կամ գումարների ուշացման կամ կորստի համար հաճախորդը կունենա ֆիզիկական անվտանգության սպառնացող խնդիրներ: |
|
5. Հաճախորդի մոտ գործարքն իրականացնելիս առկա են հոգենյարդային ապրումներ, որոնց վերաբերյալ նա ակնհայտ կեղծ պատճառաբանություններ է ներկայացնում: |
1) Հաճախորդն ակնհայտ նյարդային վիճակում պարբերաբար մտափոխվում է դրամական փոխանցումն իրականացնելու հարցում և դա պատճառաբանում է գլխացավով,
2) Հաճախորդը շփոթված է և ցուցաբերում է ակնհայտ անտարբերություն գործարքի էական պայմանների վերաբերյալ (ընդունելի է ցանկացած պայման): |
|
6. Հաճախորդին գործարքն իրականացնելիս ուղեկցում են այդ գործարքի հետ կապ չունեցող անձինք, կամ երրորդ անձն է ղեկավարում հաճախորդի գործողությունները: |
1) Գործարքը կատարվում է հաճախորդի անունով, սակայն նրա գործողությունները կատարվում են երրորդ անձի ցուցումով,
2) Հաճախորդը թերի է տեղեկացված, թե ինչ գործարք է նա ցանկանում կատարել,
3) Բանկում իր հաշվից գումար կանխիկացնելիս հաճախորդի մոտ կանգնած են կասկածելի արտաքինով անձինք, որոնք որոշակի կերպով վերահսկում են նրա գործողությունները՝ ջանալով բացառել չնախատեսված քայլեր. այսինքն՝ կասկածներ են առաջանում, որ հաճախորդն իր քայլերը կատարում է նրանց ցուցումներով: |
|
7. Բացակայում է գործարքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացնելու որևէ օբյեկտիվ նպատակ: |
Հունաստանում գրանցված բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը համալրելու համար Հունաստանի ռեզիդենտ (քաղաքացի) հաճախորդը կանխիկ դրամական միջոցներ է մուտքագրում և փոխանցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանկերից մեկում առկա իր հաշվեհամարին: |
|
8. Հաճախորդը, լիազորված անձը, շահառուն
կամ գործարքի մասնակից այլ անձը կասկածվում (կասկածվել) են կամ դատվածություն ունեն տնտեսական հանցագործությունների համար, կամ նրանց անունից կատարված գործարքները նախկինում դադարեցվել կամ կասեցվել են հանցավոր ճանապարհով ստացված միջոցների շրջանառության կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ կասկածվելու հիմքով: |
1) Դուք որևէ կերպ տեղեկացված եք, որ հաճախորդը դատվածություն ունի տնտեսական հանցագործության համար,
2) Իրավապահ մարմիններից հարցում է կատարվել տվյալ անձի հաշիվների վերաբերյալ,
3) Տեղեկացված եք, որ տվյալ հաճախորդի գործարքները կասեցված են հաշվետվություն տրամադրող այլ անձի կողմից: |
|
9. Առևտրային գործունեություն իրականացնող կամ ֆիզիկական անձ հաճախորդը կամ լիազորված անձը պարբերաբար իրականացնում են գործարքներ, որոնցից շահույթ չեն ակնկալում կամ որոնք ակնհայտորեն իմաստազուրկ են: |
1) Ոսկու վերամշակման ձեռնարկությունը երկու ամսվա ընթացքում պարի խմբակ կազմակերպելու բարեգործական նպատակներով խոշոր միջոցներ է փոխանցում որևէ հիմնադրամի բանկային հաշվին կամ անհատույց օգնության պայմանագրերի հիման վրա միջոցներ է տրամադրում ֆիզիկական անձանց,
2) Հաճախորդն առաջարկում է ապահովագրել այնպիսի ռիսկեր, որոնց ի հայտ գալը գործնականում անհնար է,
3) Հաճախորդը ձեռք է բերում ապահովագրական պոլիսներ, չնայած այն հանգամանքին, որ նա ունի կյանքի ապահովագրություն, հատկապես, երբ հատուցումները կատարելու համար նա նշում է իր հետ չփոխկապակցված անձանց,
4) Կենդանի խաղում մի քանի անձինք պարբերաբար խաղադրույք են կատարում և տանուլ տալիս՝ հօգուտ երրորդ անձի,
5) Հաճախորդը տարաբնույթ արտարժույթներով կատարում է փոխարկումներ և չի անհանգստանում տնտեսական կամ ֆինանսական կորուստներից, որոնք առաջանում են արտարժույթի փոխարժեքների տատանումից: |
|
10. Իրականացվում են գործարքներ, որոնց դեպքում միևնույն օբյեկտը բազմիցս
օտարվում է և ձեռք է բերվում գործարքի կողմ
հանդիսացող միևնույն հաճախորդի կողմից: |
Միևնույն անշարժ գույքը, վաճառվելով, հետագայում ձեռք է բերվում նախկին սեփականատիրոջ կողմից, իսկ հետագայում կրկին վաճառվում է. ընդ որում գործարքների շղթան իրականացվում է կարճ ժամանակահատվածում: |
|
11. Հաճախորդը պարտակում է հաշվետվություն տրամադրող մեկ այլ անձի կողմից տվյալ գործարքի իրականացումը մերժելու փաստը կամ ներկայացնում է մերժման ակնհայտ անհիմն կամ ոչ արժանահավատ հիմքեր: |
1) Հաճախորդը նոր հաշիվ բացելուց հետո իր միջոցները տեղափոխում է այլ բանկից և պահանջում է կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար հնարավոր է, որ նախորդ բանկի կողմից մերժում ստացած լինի,
2) Ձեր կողմից տրված հարցին, թե ինչու է հաճախորդը փոխում իր բանկը, նա բերում է ոչ հիմնավոր պատճառներ: |
|
12. Հաճախորդի միջին եկամուտը կամ շահույթը չեն համապատասխանում գործարքի կատարման ընթացքում ներդրվող կամ ակնկալվող գումարին: |
1) Հաճախորդն ամսական ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ, սակայն մեկ օրում իր հաշվին մուտքագրվում է 5 միլիոն դրամ գումար և չի ներկայացնում գումարի ստացման աղբյուրը,
2) Հաճախորդը ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում և մեծածավալ գումար է ներդնում այն բնագավառում, որտեղից ակնհայտորեն վնասներ է կրելու: |
|
13. Գործարքի կողմերի գործունեության բնույթները ակնհայտորեն չեն համապատասխանում միմյանց: |
Հաճախորդի վերաբերյալ գործում նշված է, որ կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ, սակայն նրան գումարներ փոխանցող ընկերությունը զբաղվում է մրգահյութի արտադրությամբ: |
|
14. Գործարքի կողմերի գործունեության բնույթը ակնհայտորեն չի համապատասխանում տվյալ գործարքի առարկային և նպատակին: |
Երկու շինարարական կազմակերպությունների միջև դրամական փոխանցում է կատարվում արտասահմանյան մեքենաների ներմուծման և վաճառքի պայմանագրի հիման վրա: |
|
15. Հաճախորդի կնքած գործարքում (որի
հիման վրա կատարվում է վճարումը) չկան տվյալ գործարքների համար սովորաբար բնորոշ պայմաններ: |
Առաջարկվում է դրամական փոխանցում կատարել մի պայմանագրի հիման վրա, որտեղ նշված են տարբեր ժամանակահատվածներում տարբեր ապրանքների խմբաքանակների մատակարարման պահանջներ, սակայն որպես պայմանագրի գին և վճարման ժամկետ նշված է մեկ ընդհանուր դրույթ. այս դեպքում անհնար է դառնում գործարքի գումարի և գործարքի առարկայի միջև համապատասխանությունը բացահայտելը: |
|
16. Ստացվում կամ կատարվում են վճարումներ առանց օրինական պայմանագրերի հետ կապի, ապրանքների կամ ծառայությունների ստացման հստակ հիմքերի առկայության: |
«Ա» իրավաբանական անձը ստացել է փոխանցում ոչ ռեզիդենտ «Բ» իրավաբանական անձից և որպես հիմք ներկայացնում է սոսկ հաշիվ-ապրանքագրի համարը: |
|
17. Անսովոր դրամական փոխանցումներ են տեղի ունենում փոխկապակցված հաշիվների կամ միևնույն անձին պատկանող կամ միմյանց հետ փոխկախակցված անձանց հաշիվների միջև: |
Հաճախորդը մեկ շաբաթվա ընթացքում 10 միլիոնական դրամ է փոխանցում իր և իր հոր տարբեր բանկերում գտնվող 15 հաշիվներին: |
|
18. Հաճախորդը կատարում է խոշոր գումարների ներգրավմամբ գործարքներ, որոնք նրա եկամուտներին չեն համապատասխանում: |
1) Հաճախորդը մի քանի բանկերից փորձում է խոշոր վարկեր ստանալ՝ գրավադրելով տարբեր վայրերում գտնվող անշարժ գույք, այն դեպքում, երբ նրա ամսական եկամուտները չեն գերազանցում 100.000 դրամը,
2) Հաճախորդի հաշվով մինչ այժմ նման գումարի շարժեր չեն իրականացվել,
3) Խոշոր գումարներ են ստացվում հաճախորդի հաշվին, որի եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է, և նույն օրվա ընթացքում կանխիկացվում են: |
|
19. Հաճախորդի բանկային հաշվին միջոցները մուտքագրվում են և ակնհայտ կարճ ժամկետում դրանք փոխանցվում կամ ելքագրվում են: |
Նույն բանկային օրվա ընթացքում դրամական միջոցները մուտքագրվում են հաճախորդի հաշվին և փոխանցվում կամ ելքագրվում են: |
|
20. Հաճախորդն անձամբ կամ լիազորված
անձի միջոցով տարբեր կամ միևնույն
բանկային հաշիվներով կատարում է անտրամաբանական գործառնություններ: |
1) Բանկում հաշվեհամար ունեցող հաճախորդն իր անունով պահանջում է բացել երեք նույնատիպ հաշիվ,
2) Հաճախորդը փակում է իր հին բանկային հաշիվը (հաշիվները) և, միաժամանակ, բացում է նոր հաշիվ (հաշիվներ): |
|
21. Բանկային հաշվով գումարներ են փոխանցվում միմյանց հետ չկապված
անձանց միջև: |
1) Հաճախորդը մուտքեր և (կամ) փոխանցումներ է կատարում մեկ այլ անձի հաշվին, որը նրա գործընկերը կամ բարեկամը չէ,
2) Միմյանց չփոխկապակցված կամ գործընկերներ չհանդիսացող տարբեր անձինք վճարումներ են կատարում մեկ հաշվի՝ առանց խելամիտ պատճառաբանության,
3) Հաճախորդը իր հաշվով խոշոր գումարներ է փոխանցում մի կազմակերպության, որի հետ նա ոչ մի գործարար հարաբերություն չունի և չի ներկայացնում գործարքը հիմնավորող որևէ փաստաթուղթ: |
|
22. Հաճախորդը հաճախակի ավանդներ է ներդնում, որոնք ներկայացվում են որպես ակտիվների վաճառքից ստացված գումար, սակայն այդ ակտիվները չեն հստակեցվում: |
Հաճախորդի ավանդների ներդրման աղբյուրը ցույց է տրվում որպես պարբերաբար անշարժ գույքի վաճառքից ստացված հասույթ: |
|
23. Հաճախորդն ընտրում է գործարքի արդյունքում ձևավորված գումարների
ստացման համար անսովոր եղանակ: |
1) Հաճախորդը նախընտրում է ապահովագրավճարնրը վճարել արտասահմանից կամ ապահովագրական հատուցումները ստանալ արտերկրում,
2) Հաճախորդը նախընտրում է ապահովագրական հատուցումները ստանալ որևէ այլ անձի հաշվեհամարին դրանց փոխանցմամբ: |
ՀԻՄՔ 4. Հաշվետվություն տրամադրող անձի համար ակնհայտ է դառնում, որ առաջարկվող կամ կնքված գործարքի (գործարքների) արժեքը չի գերազանցում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հաշվետվության տրամադրման և 15-րդ հոդվածով նախատեսված նույնականացման համար անհրաժեշտ սահմանաչափը միայն այն պատճառով, որ հաճախորդը ցանկանում է խուսափել հաշվետվություն տրամադրող անձի կողմից այդ գործարքի վերաբերյալ հաշվետվության տրամադրումից կամ նույնականացումից.
|
ՉԱՓԱՆԻՇԸ |
ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ |
|
1. Հաճախորդը ակնհայտորեն մտահոգվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ներքին կանոնների և դրանց հնարավոր կիրառման կապակցությամբ: |
1) Հաճախորդը բանկի աշխատակցին հարցուփորձ է անում, թե կարող են արդյոք վարկավորման համար իր ներկայացրած փաստաթղթերը համարվել կասկածելի, կամ պահանջում է խորհրդատվություն՝ իր անվամբ հաշվետվություն ուղարկելուց խուսափելու համար,
2) Տեղեկանալով, որ գումարը գերազանցում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գումարային շեմը, հաճախորդը փորձում է փոքրացնել գործարքի գումարի չափը,
3) Հաճախորդը չի ցանկանում շարունակել կամ անհանգստանում է այն բանից հետո, երբ տեղեկանում է, որ գործարքը գերազանցում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գումարային շեմը |
|
2. Հաճախորդը գործարքի կատարման կամ գոյություն չունեցող գործարքի վերաբերյալ փաստաթղթեր տրամադրելու նպատակով փորձում է նյութապես շահագրգռել հաշվետվություն տրամադրող անձի աշխատակցին: |
Հաճախորդը 20 միլիոնը գերազանցող դրամական փոխանցման վերաբերյալ հաշվետվություն չտրամադրելու նպատակով բանկի աշխատակցին է առաջարկում 500 հազար դրամ կամ այդ գումարն առաջարկում է իրականում չկատարված դրամական փոխանցման վերաբերյալ տեղեկանք ստանալու ակնկալիքով: |
|
3. Անձը կատարում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գումարային շեմից ցածր արժեքով միանման մի քանի գործարքներ: |
1) Հաճախորդը մուտքագրում է տարբեր բանկային հաշիվներին հաշվետվությունների տրամադրման սահմանաչափից ցածր գումարներ, որոնք հետագայում փոխանցվում են միևնույն շահառուին,
2) Հաճախորդը մեկ ժամվա ընթացքում միևնույն փոխանակման կետից մի քանի անգամ միևնույն արտարժույթի փոխարկում է կատարում,
4) Մուտքագրվող գումարները բաժանվում են մասերի և մուտքագրվում միևնույն բանկի տարբեր մասնաճյուղերից կամ միևնույն մասնաճյուղում մուտքագրումը կատարում են միևնույն ժամանակ գործարք կատարող փոխկապակցված անձանց խմբի կողմից: |
ՀԻՄՔ 5. Ֆինանսական հաստատությունների համար՝ ֆիզիկական անձը, որը փոխկապակցված է որևէ իրավաբանական անձի հետ, իր անունից այլ իրավաբանական անձի փոխանցում (տրամադրում) է գումարներ, որն ակնհայտորեն իրականացվում է այդ իրավաբանական անձանց միջև պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով կամ այդ իրավաբանական անձանց միջև այլ կերպ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար.
|
ՉԱՓԱՆԻՇԸ |
ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ |
|
1. Ֆիզիկական անձն օգտագործում է իր անձնական բանկային հաշիվը՝ իր հետ փոխկապակցված իրավաբանական անձի պարտավորությունների դիմաց վճարում կատարելու նպատակով: |
Հաճախորդը, որը հանդիսանում է ձեռնարկության տնօրեն, աշխատակից, կամ այդ ձեռնարկության հետ որևէ այլ կերպ կապված անձ, իր հաշվից, կամ առանց հաշվի բացման դրամական միջոցներ է փոխանցում այդ իրավաբանական անձին ապրանքներ մատակարարած օտարերկրյա ընկերության օգտին: |
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ ֆինանսների նախարարի
2008թ. դեկտեմբերի 18-ի
թիվ 148-Ն հրամանի |
ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ
1. Անթիլյան կղզիներ (Նիդերլանդներ)
2. Անգիլյա կղզի (Անգուիլյա)
3. Անտիգուա կղզի (Անտիգուա և Բարբուրդա)
4. Արուբա
5. Անդորայի Իշխանություն
6. ԱՄՆ (Վիրջինյան կղզիներ, Պուերտո Ռիկոյի Համագործակցություն, Դելավեր, Վայոմինգ և Օրեգոն նահանգներ)
7. Արգենտինա
8. Ալբանիա
9. Բահրեյնի Պետություն
10. Բարբադոս
11. Բրիտանական Վիրջինյան կղզիներ
12. Բրունեյ-Դարուսսալամ Պետություն
13. Բահամյան կղզիների Համագործակցություն
14. Բերմուդյան կղզիներ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)
15. Բելիզ
16. Բոսնիա և Հերցեգովինա
17. Բիրմա (Մյանմանր)
18. Գրենադա
19. Գուամ
20. Գվադելուպ
21. Գվիանա (Ֆրանսիա)
22. Գայանա (Գայանայի Կոոպերատիվ Հանրապետություն)
23. Դուբլին, Շենոն (Իռլանդիա)
24. Դուբայ (Դուբայի Իշխանություն, Միացյալ Արաբական Էմիրություններ)
25. Դոմինիկայի Համագործակցություն (Դոմինիկա կղզի)
26. Դոմինիկյան Հանրապետություն (Հաիթի կղզի)
27. Թերքս և Կայքոս կղզիներ (Մեծ Բրիտանիա)
28. Թոնգա Թագավորություն
29. Թանժեր
30. Թաիթի
31. Թաիլանդ (Բանգկոկի միջազգային բանկային տարածքներ)
32. Ինդոնեզիա
33. Իսրայել
34. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
35. Լաբուան կղզի (Մալայզիա)
36. Լիբերիայի Հանրապետություն
37. Լիխտենշտեյնի Իշխանություն
38. Խորվաթիա
39. Կայմանյան կղզիներ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)
40. Կոստա Ռիկայի Հանրապետություն
41. Կիպրոսի Հանրապետություն
42. Կոլումբիայի Հանրապետություն
43. Կուբա
44. Հոնգկոնգ, Սյանգան (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)
45. Հարավային Գեորգիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ (Միացյալ Թագավորության տարածք)
46. Ճապոնիա (Ճապոնիայի օֆշորային շուկա)
49. Ճամայկա
50. Մաքաո (Աօմին) (Պորտուգալական տարածք)
51. Մալթայի Հանրապետություն
52. Մալդիվյան Հանրապետություն
53. Մոնակոյի Իշխանություն
54. Մեն կղզի (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)
55. Մադեյրա կղզի (Պորտուգալական տարածք)
56. Մարշալյան կղզիներ (Մարշալյան կղզիներ Հանրապետություն)
57. Մավրիկիայի Հանրապետություն
58. Մոնթսերրաթ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)
59. Մարիանյան կղզիներ
60. Միկրոնեզիա
61. Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն
62. Մակեդոնիա
63. Մարտինիկա
64. Նաուրույի Հանրապետություն
65. Նիուե կղզի (Նիուեի Հանրապետություն)
66. Նիգերիա
67. Շվեյցարիայի Համադաշնություն
68. Շրի Լանկա
69. Չագոս կղզի (Բրիտանական տարածք, Հնդկական օվկիանոս)
70. Չեռնոգորիայի Հանրապետություն
71. Պանամայի Հանրապետություն
72. Պուերտո Ռիկո
73. Պալաու (Բալաու) Հանրապետություն
74. Ջիբրալթար (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)
75. Ջերսի և Հերնսի կղզիներ, Սարկ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)
76. Ջիբութիի Հանրապետություն
77. Սամոայի Անկախ Պետություն
78. Սինգապուրի Հանրապետություն
79. Սիրիա
80. Սենթ Քիթս և Նեվիս Դաշնություն
81. Սենթ Լուսիա կղզի (Սենթ Լուսիա)
82. Սենթ Վինսենթ կղզի (Սենթ Վինսենթ և Գրենադիններ)
83. Սեյշելյան կղզիներ Հանրապետություն
84. Սան Մարինոյի Հանրապետություն
85. Սուրինամ
86. Վանուատուի Հանրապետություն
87. Վեստ Ինդիա (Միացյալ Թագավորության տարածք)
88. Տանզանիայի Միացյալ Հանրապետություն
89. Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետություն
90. Ուրուգվայ
91. Քուկի կղզիներ (Նոր Զելանդիա)
92. Քամպիոնե
93. Ֆիջի Անկախ Դեմոկրատական Հանրապետություն
94. Ֆիլիպիններ | |