Համարը 
N 149Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.01.14/01(07)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
18.12.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
18.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՐՔՈՒՄ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«27» դեկտեմբերի 2008թ.

 

պետական գրանցման համարը 998

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«18» դեկտեմբերի 2008թ.

 N 149Ն

ք. Ստեփանակերտ

 

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՐՔՈՒՄ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 9-րդ կետերը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել գործարքում «Իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ հայտարարության ձևը»՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ 

 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ ֆինանսների նախարարի

2008թ. դեկտեմբերի 18-ի

թիվ 149-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը գործում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հիման վրա:

2. Սույն կանոնակարգը սահմանում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում՝

1) ֆինանսական հաստատությունների կառավարման մարմինների, ինչպես նաև ներքին դիտարկումների մարմնի գործառույթների և դրանց իրականացման կարգի նվազագույն պահանջները.

2) ներքին իրավական ակտերի հաստատման և փոփոխման կարգը, ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն չափանիշները.

3) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր և ցածր ռիսկի չափանիշներն ու դրանց որոշման կարգը.

4) հաճախորդի նույնականացման նվազագույն կանոնները.

5) հաճախորդի պատշաճ (այդ թվում՝ հավելյալ և պարզեցված) ուսումնասիրության նվազագույն կանոնները.

6) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կողմից փաստաթղթերի (տեղեկատվության) հավաքագրման, հաշվառման ու թարմացման նվազագույն կանոնները.

7) ֆինանսական հաստատությունների կողմից գործարքների կասկածելիության որոշման և այդ կապակցությամբ Լիազորված մարմնին հաշվետվության տրամադրման հարցի քննարկման նվազագույն կանոնները.

8) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների գործունեության աուդիտին ներկայացվող կանոնները.

9) ֆինանսական հաստատությունների՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում իրավասու աշխատակիցների ընտրության, ուսուցման, որակավորման նվազագույն կանոնները:

3. Սույն կանոնակարգի դրույթները տարածվում են հաշվետվություն տրամադրող հետևյալ անձանց (այսուհետ՝ ֆինանսական հաստատությունների) նկատմամբ՝

1) բանկերի.

2) վարկային կազմակերպությունների.

3) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց.

4) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող լիցենզավորված անձանց.

5) ներդրումային ծառայություններ մատուցող անձանց.

6) կարգավորվող շուկայի արժեթղթերի կենտրոնացված պահառուի.

7) ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) ընկերությունների և ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) միջնորդային գործունեություն իրականացնող անձանց.

8) գրավատների:

 

ԳԼՈՒԽ 2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Ֆինանսական հաստատության խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) և գործադիր մարմինը պատասխանատու են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ներքին արդյունավետ համակարգի ձևավորման համար, ապահովում են դրա ընթացիկ աշխատանքն ու վերահսկողությունը:

5. Ֆինանսական հաստատության կառավարման համակարգում խորհրդի բացակայության դեպքում սույն գլխի 8-րդ կետով սահմանված գործառույթներն իրականացնում է գործադիր մարմինը:

6. Ֆինանսական հաստատության կառավարման համակարգում խորհրդի և գործադիր մարմնի բացակայության դեպքում սույն գլխի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված գործառույթներն իրականացնում են ներքին իրավական ակտերով սահմանված կառավարման մարմինները:

7. Եթե հաշվետվություն տրամադրող անձն անհատ ձեռնարկատեր է, ապա սույն գլխի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված գործառույթներն իրականացնում է անհատ ձեռնարկատերը կամ նրա լիազորած անձը:

8. Ֆինանսական հաստատության խորհուրդը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում՝

1) սահմանում է ֆինանսական հաստատության՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի քաղաքականությունը.

2) հաստատում է ներքին դիտարկումների մարմնի և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ներքին աուդիտի տարեկան ծրագրերը, դրանց կատարման հաշվետվությունները, ինչպես նաև վերահսկողություն իրականացնում այդ ծրագրերի իրականացման նկատմամբ.

3) անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ներքին դիտարկումների մարմնի ուսումնասիրություններ, հաստատում է աուդիտորական կամ այլ ստուգումների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.

4) հաստատում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ներքին իրավական ակտերը (այսուհետ՝ ներքին իրավական ակտեր).

5) ստանում և քննարկում է ներքին դիտարկումների մարմնի և (կամ) ներքին աուդիտի հաշվետվությունները ներքին իրավական ակտերի կատարման վիճակի մասին՝ իր կողմից սահմանված հաճախականությամբ.

6) հաստատում է ներքին դիտարկումների մարմնի կողմից կառավարման բարձրագույն մարմնին (բանկերում՝ խորհրդին) ներկայացվող հաշվետվությունները.

7) հսկում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ներքին համակարգի արդյունավետության ուսումնասիրության իրականացումը:

9. Ֆինանսական հաստատության գործադիր մարմինը (այսուհետ՝ գործադիր մարմին) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում՝

1) ապահովում է ներքին իրավական ակտերի ամբողջական ու արդյունավետ կիրառումը.

2) ապահովում է կառավարման բարձրագույն մարմնի սահմանած փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի քաղաքականության և ընթացակարգերի ներդրման, ինչպես նաև դրանց ընթացիկ արդյունավետ իրականացման համար.

3) խորհրդի համաձայնությամբ՝ նշանակում և աշխատանքից ազատում է ներքին դիտարկումների մարմնի ղեկավարին (աշխատակիցներին).

4) ապահովում է ֆինանսական հաստատության աշխատակիցների կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ներքին իրավական ակտերի, ինչպես նաև էթիկայի կանոնների լիարժեք տիրապետումը.

5) ներքին դիտարկումների մարմնի հետ մեկտեղ ապահովում է իր աշխատակիցների՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում պատշաճ ուսուցումը և վերապատրաստումը.

6) ապահովում է հաճախորդի պատշաճ ուսումնասիրության, այդ թվում՝ պարզեցված կամ հավելյալ ուսումնասիրության, ընթացիկ մոնիթորինգի, ինչպես նաև տեղեկատվության հաշվառման, հավաքագրման ու թարմացման իրականացումը.

7) կազմակերպում է ներքին դիտարկումների մարմնի անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովվածությունը.

8) իրականացնում է ներքին դիտարկումների մարմնի ուսումնասիրությունների, աուդիտորական կամ այլ ստուգումների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները.

9) իրականացնում է սույն կանոնակարգով, ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

 

ԳԼՈՒԽ 3. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԵՎ ՄԱՐՄԻՆԸ

 

10. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարը (աշխատակիցը) նշանակվում է և ազատվում է գործադիր մարմնի կողմից՝ խորհրդի համաձայնությամբ:

11. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարը (աշխատակիցը) պետք է ունենա բարձրագույն կրթություն և առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

12. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավար (աշխատակից) չեն կարող լինել այն անձինք, որոնք՝

1) ունեն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն.

2) դատարանի կողմից զրկված են ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.

3) սնանկ են ճանաչվել և ունեն չմարված (չներված) պարտավորություններ.

4) քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.

5) ունեն բացասական գործարար համբավ բանկային համակարգում.

6) չեն համապատասխանում սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված չափանիշներին.

7) փոխկապակցված են տվյալ ֆինանսական հաստատության ղեկավարների հետ:

13. Բանկերում ներքին դիտարկումների գործառույթը չի կարող դրվել հաճախորդների սպասարկման ստորաբաժանման աշխատակցի վրա:

14. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ներքին դիտարկումների գործառույթը ֆինանսական հաստատության այլ ստորաբաժանման կամ աշխատակցի վրա դնելու դեպքում ստորաբաժանման կամ աշխատակցի աշխատանքային պարտականություններում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ներքին դիտարկումների գործառույթը պետք է հստակ նկարագրված լինի, և բավարար ժամանակ տրամադրվի դրա իրականացման համար: Նույն հոդվածի համաձայն՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ներքին դիտարկումների գործառույթը մասնագիտացված գործունեություն իրականացնող համապատասխան անձի վերապահել կարելի է, եթե այդ անձը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ոլորտի մասնագիտացված խորհրդատվական կազմակերպություն է:

15. Ներքին դիտարկումների մարմնին պետք է անմիջականորեն հասանելի լինեն հաճախորդի հաշիվներն և կատարված գործարքներին վերաբերող բոլոր փաստաթղթերը (այդ թվում՝ վարկային գործեր, աշխատանքային փաստաթղթեր, պայմանագրեր և այլն), և իրավունք վերապահվի գործարար հարաբերությունների (գործարքների), ինչպես նաև հաճախորդների, լիազորված անձանց և իրական շահառուների վերաբերյալ պարզաբանումներ պահանջել այլ ստորաբաժանումների ցանկացած աշխատակցից:

16. Ֆինանսական հաստատությունը պետք է իր ներքին իրավական ակտերով նախատեսի, որ ներքին դիտարկումների մարմինն օժանդակում և խորհրդատվություն է ներկայացնում խորհրդին և գործադիր մարմնին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված իրենց գործառույթները կատարելու հարցերում:

17. Ներքին դիտարկումների մարմինը նվազագույնը՝

1) մշակում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ներքին իրավական ակտերը, դրանք ներկայացնում է խորհրդի հաստատմանը.

2) իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ներքին իրավական ակտերի արդյունավետության մոնիթորինգ, առաջարկներ է ներկայացնում դրանց արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ.

3) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հարցերով ապահովում է ֆինանսական հաստատության կապը Լիազորված մարմնի հետ.

4) ապահովում է ֆինանսական հաստատության անունից Լիազորված մարմնին տեղեկացման ենթակա գործարքների վերաբերյալ հաշվետվությունների և այլ տեղեկությունների տրամադրումը.

5) կասկածելի գործարար հարաբերությունների կամ գործարքների բացահայտման նպատակով իրականացնում է վերլուծություններ և այլ գործողություններ.

6) հետևում է գործարար հարաբերությունների ընթացիկ մոնիթորինգին և պարբերաբար վերանայում է տեղեկությունների ճշգրտման ու թարմացման ընթացքը.

7) ապահովում է ֆինանսական հաստատության հաճախորդների դասակարգումը՝ ըստ ռիսկի աստիճանի, իրականացնում է բարձր ռիսկի չափանիշների հետ գործարար հարաբերությունների ընթացիկ մոնիթորինգ.

8) կազմակերպում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ներքին ուսուցումը և վերապատրաստումը, իրականացնում է ուսուցման ծրագրերի ընթացքի ու արդյունքների մոնիթորինգ.

9) որոշում է կայացնում գործարար հարաբերությունը կամ գործարքը կասեցնելու, կամ իրականացումը մերժելու, ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցները սառեցնելու հարցի վերաբերյալ, այդ հարցը, ըստ անհրաժեշտության, քննարկում է հաճախորդներին սպասարկող աշխատակցի հետ, իսկ տարաձայնություններ առաջանալու դեպքում կայացնում է վճռական որոշում.

10) խորհրդի սահմանած չափանիշների հիման վրա սահմանված կարգով խորհրդին տեղեկացնում է գործարար հարաբերության կամ գործարքի կասեցման կամ իրականացումը մերժելու մասին.

11) իրականացնում է տեղեկատվության հաշվառման և պահպանման մոնիթորինգ.

12) իրականացնում է սույն կանոնակարգով, ներքին իրավական ակտերով սահմանված կամ խորհրդի կողմից հանձնարարված այլ գործառույթներ:

18. Ներքին դիտարկումների մարմնի կողմից կառավարման բարձրագույն մարմնին (բանկերում՝ խորհրդին) ներկայացվող հերթական հաշվետվությունը պետք է նվազագույնը ներառի՝

1) պարտադիր տեղեկացման ենթակա, կասկածելի գործարքների ու գործարար հարաբերությունների թիվը, ինչպես նաև կասկածելի գործարքների (գործարար հարաբերությունների) համառոտ նկարագրությունը.

2) այն գործարքների և գործարար հարաբերությունների թիվը և ամփոփ նկարագրությունը, որոնց վերաբերյալ իրականացվել են վերլուծություններ, սակայն չեն ներկայացվել որպես կասկածելի գործարքներ կամ գործարար հարաբերություններ.

3) ֆինանսական հաստատության կողմից կասեցված կամ իրականացումը մերժված գործարար հարաբերությունների և գործարքների թիվը և համառոտ նկարագրությունը, կասեցված գործարքների արժեքը.

4) սառեցված ֆինանսական միջոցների չափը.

5) ներքին իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 4. ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

19. Ֆինանսական հաստատության ներքին իրավական ակտերը հաստատվում և փոփոխվում են խորհրդի կողմից:

20. Ներքին իրավական ակտերը հաստատվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում են Լիազորված մարմնին: Լիազորված մարմնի ներկայացրած դիտողությունների և առաջարկությունների հիման վրա ներքին իրավական ակտերը վերանայվում են քսանօրյա ժամկետում, իսկ փոփոխված (խմբագրված) ակտերը կրկին Լիազորված մարմնին են ներկայացվում մեկշաբաթյա ժամկետում:

21. Ի լրումն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով ներքին իրավական ակտերի բովանդակությանը ներկայացված պահանջների՝ ֆինանսական հաստատության ներքին իրավական ակտերը պետք է սահմանեն նաև՝

1) հաճախորդներին սպասարկող աշխատակցի կողմից կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու, դրանց կասեցման կամ իրականացումը մերժելու առաջարկությունը ներքին դիտարկումների մարմնին ներկայացնելու գործընթացը.

2) ներքին դիտարկումների մարմնի կողմից գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման կամ իրականացումը մերժելու մասին խորհրդին տեղեկացնելու չափանիշները և տեղեկացման գործընթացը:

 

ԳԼՈՒԽ 5. ԲԱՐՁՐ ՌԻՍԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ

 

22. Բարձր ռիսկի չափանիշներ են հետևյալ անձինք, դեպքերը կամ օբյեկտները՝

1) օֆշորային երկրում կամ տարածքում գրանցված (գործունեություն իրականացնող) իրավաբանական անձ կամ բնակվող ֆիզիկական անձ հաճախորդը.

2) հաճախորդի գործարար հարաբերության կամ միանգամյա գործարքի կապը այնպիսի պետությունների (տարածքների) հետ (Լիազորված մարմնի և համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված ցանկերի համաձայն), որտեղ չեն կիրառվում կամ ոչ պատշաճ են կիրառվում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային պահանջները, ինչպես նաև Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից հրապարակված այն երկրների հետ, որոնց նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ.

3) հաճախորդի բնակվելը (գտնվելը) սույն կետի 2-րդ ենթակետում նշված պետություններում (տարածքներում).

4) բարեգործական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները.

5) ըստ ներկայացնողի արժեթղթերը (այդ թվում՝ ըստ ներկայացնողի չեկերը), որոնք շրջանառվում են գործարար հարաբերության ընթացքում կամ հանդիսանում են միանգամյա գործարքի առարկա.

6) այն դեպքերը, երբ առաջանում են նույնականացման համար նախկինում ձեռք բերված տվյալների ճշգրտության և համարժեքության վերաբերյալ կասկածներ, այդ թվում՝ իրական շահառուների առկայության և նրանց մասին տվյալների իսկության հետ կապված.

7) այն դեպքերը, երբ հայտնի է դառնում, որ հաճախորդի հետ գործարար հարաբերության հաստատումը կամ գործարքի կատարումը մերժվել է այլ ֆինանսական հաստատության կողմից.

8) այն դեպքերը, երբ առկա է կանխիկ դրամի մեծածավալ շրջանառություն իրականացնող հաճախորդ, գործարար հարաբերություն կամ միանգամյա գործարք.

9) հաճախորդները, որոնց հաշիվներով իրականցվում են միջոցների հաճախակի և անբացատրելի շարժեր դեպի տարբեր ֆինանսական հաստատություններ.

10) քաղաքական ազդեցություն ունեցող անձանց, նրանց ընտանիքի անդամների, նրանց հետ փոխկապակցված անձանց հետ գործարար հարաբերությունը կամ միանգամյա գործարքը.

11) սահմանափակ թվով հատուկ կատեգորիայի հաճախորդների համար անհատականացված բանկային ծառայությունների մատուցումը.

12) առանց առերես շփման գործարար հարաբերությունների հաստատումը կամ միանգամյա գործարքի կատարումը էլեկտրոնայինեղանակով կամ թղթակցության կարգով (առանց առերես շփման հարաբերությունները).

13) այնպիսի հաշվով կամ միջոցով գործարար հարաբերությունը կամ միանգամյա գործարքը, որոնցով 6 ամսից ավելի որևէ գործարք չի կատարվել.

14) թղթակցային բանկային հարաբերությունները.

15) հաճախորդի վարկավորումը, երբ տրամադրվող վարկերն ապահովված են լինում նույն հաստատությունում ներդրված ավանդով:

23. Ֆինանսական հաստատության ներքին իրավական ակտերով կարող են նախատեսվել նաև բարձր ռիսկի այլ չափանիշներ ու պահանջներ:

24. Բարձր ռիսկի չափանիշները որոշելու համար կարող են հաշվի առնվել նաև հետևյալ հանգամանքները՝

1) հաճախորդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ չէ, կամ հաճախորդի նախկին կամ ներկա քաղաքացիությունը կամ ռեզիդենտությունը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման առումով բարձր ռիսկ է ենթադրում.

2) հաճախորդը նախկինում ներգրավված է եղել գործարար հարաբերությունում կամ գործարքում, որը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման տեսանկյունից կասկածելի է եղել.

3) իրավաբանական անձի հաշիվները, միջոցները կամ հեղինակությունը օգտագործվում են ֆիզիկական անձի ակտիվների շրջանառության նպատակով.

4) իրավաբանական անձի կառուցվածքը կամ կառավարումը առանց հիմնավոր պատճառի բարդ է.

5) իրավաբանական անձի մասնակիցներին հնարավոր չէ կամ դժվար է բացահայտել.

6) հաճախորդ իրավաբանական անձը թողարկում է ըստ ներկայացնողի արժեթղթեր:

25. Բարձր ռիսկի չափանիշների առկայությունը որոշվում է հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացքում: Բարձր ռիսկի չափանիշները պարզելու և գնահատելու նպատակով ֆինանսական հաստատությունը համադրում է՝

1) հաճախորդին նույնականացնող տվյալները.

2) հաճախորդի գործարար բնութագիրը.

3) հաճախորդի գործարար հարաբերությունները.

4) հաճախորդի միանգամյա գործարքների բնույթը և նպատակը.

5) հանրամատչելի աղբյուրներից ստացված տեղեկությունները.

6) այլ հանգամանքներ:

26. Առանց առերես շփման գործարար հարաբերություններ հաստատելիս կամ գործարքներ կնքելիս ֆինանսական հաստատությունը նվազագույնը իրականացնում է հետևյալ լրացուցիչ միջոցառումները՝

1) հաշվարկների կատարումը միայն անկանխիկ ձևով՝ բացառությամբ վճարային տերմինալների, բանկոմատների միջոցով իրականացվող կանխիկ վճարումների.

2) պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, ինչպիսիք են՝ պայմանագրեր, վճարումների ստացականներ կամ այլ հիմնավորող փաստաթղթեր:

27. Անձի՝ քաղաքական ազդեցություն ունենալու փաստը որոշելու նպատակով ֆինանսական հաստատությունը կարող է իրականացնել հետևյալ գործողությունները՝

1) հնարավոր հաճախորդներից տեղեկությունների հարցում կամ հաճախորդների ու նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեության բնույթի վերաբերյալ տվյալների ստացում.

2) հրապարակային տեղեկատվության ուսումնասիրում և քաղաքական ազդեցություն ունեցող անձանց վերաբերյալ առկա մասնավոր տվյալների բազաների (ՈՒորլդ-Չեք և այլն) օգտագործում:

 

ԳԼՈՒԽ 6. ՑԱԾՐ ՌԻՍԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

28. Ցածր ռիսկի չափանիշներ են հետևյալ անձինք, դեպքերը կամ օբյեկտները՝

1) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից արդյունավետորեն վերահսկվող ֆինանսական հաստատությունները.

2) պետական մարմինները.

3) տեղական ինքնակառավարման մարմինները.

4) պետության կողմից հիմնադրված կազմակերպությունները.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախմբված բյուջե կատարվող վճարումները.

6) հանրային ծառայությունների դիմաց կատարվող վճարումները:

 

ԳԼՈՒԽ 7. ՀԱՃԱԽՈՐԴԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

29. Հաճախորդի, այդ թվում՝ լիազորված անձի և իրական շահառուի նույնականացումը կատարվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի հիման վրա:

30. Ֆինանսական հաստատությունը հաճախորդի (լիազորված անձի) հետ գործարար հարաբերություն հաստատելուց կամ միանգամյա գործարք կատարելուց առաջ, սույն կանոնակարգով և հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերով սահմանված բարձր ռիսկի չափանիշի առկայության դեպքում, իրական շահառուի առկայությունը պարզում է հաճախորդի (լիազորված անձի) հայտարարության հիման վրա՝ թիվ 2 հավելվածով ներկայացվող ձևի համաձայն: Գործարար հարաբերության ընթացքում սույն կետով նախատեսված հայտարարության ձևը լրացվում (փոփոխվում) է միայն իրական շահառուի ի հայտ գալու կամ իրական շահառուի փոփոխության դեպքում:

31. Հաճախորդի նույնականացման ընթացքում ձեռք բերված տեղեկությունները պետք է ստուգվեն հաճախորդին սպասարկող ստորաբաժանման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ ներքին դիտարկումների մարմնի կամ այլ ստորաբաժանումների կողմից: Ստուգումը կարող է չներառել նույնականացնող բոլոր տեղեկությունների ստուգումը, սակայն պետք է բավարար լինի հաճախորդի իրական ինքնությունը պարզելու համար: Այդ նպատակով ֆինանսական հաստատության կողմից կարող են օգտագործվել ինչպես փաստաթղթային, այնպես էլ ոչ փաստաթղթային ստուգման մեթոդներ:

 

ԳԼՈՒԽ 8. ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՎԵԼՅԱԼ ԵՎ ՊԱՐԶԵՑՎԱԾ) ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

32. Գործարար հարաբերությունում հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելիս ֆինանսական հաստատությունը պետք է նվազագույնը՝

1) ստուգի գործարքների միջև առկա փոխադարձ կապը, բացահայտի այդ կապի հնարավոր սխեմաները, ինչպես նաև որոշի, թե ինչ նպատակ ունեն նշված գործարքները.

2) ստուգի, թե արդյոք իրականացվող գործարքների էությունը համապատասխանում է հաճախորդի կողմից իրականացվող գործունեության տեսակներին.

3) հավաքագրի հաճախորդի եկամտի աղբյուրների վերաբերյալ հնարավոր տեղեկություններ.

4) համադրի հաճախորդի տարբեր գործարքներով շրջանառվող միջոցների աղբյորները, շարժը, ծավալները.

5) գնահատի գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր ռիսկերը՝ կասկածելի գործարքների ու գործարար հարաբերությունների հիմքերի և չափանիշների հետ համադրություն իրականացնելու միջոցով.

6) ստուգի՝ արդյո՞ք առկա են այնպիսի գործարար հարաբերություններ և (կամ) միանգամյա գործարքներ, որոնցով հաճախորդը նպատակ ունի խուսափել ֆինանսական հաստատության կողմից Լիազորված մարմնին հաշվետվություն տրամադրելու պարտականության կատարումից.

7) ճշտի որոշակի միավոր ժամանակահատվածում գործարքների տեսակները, հաճախականությունը և ժամանակագրությունը.

8) իրականացնի գործարքի կողմերի, ստացողի, իրական շահառուի, ինչպես նաև լիազորված անձի հաշվառում և իրականացնի համադրում հաճախորդների փոխկապակցվածությունը պարզելու նպատակով.

9) իրականացնի իր ներքին իրավական ակտով սահմանված այլ միջոցառումներ:

33. Ֆինանսական հաստատությունը պետք է հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն իրականացնի բարձր ռիսկի չափանիշների առկայության դեպքում:

34. Հավելյալ ուսումնասիրություն իրականացնելիս ֆինանսական հաստատությունը նվազագույնը՝

1) առավել ամբողջական ու խորացված ստուգում է հաճախորդի հետ գործարար հարաբերություններ հաստատելիս պահանջվող փաստաթղթերի (տեղեկությունների) իսկությունը, ինչպես, օրինակ, պահանջում է հիմնավորող այլ փաստաթղթեր (տեղեկություններ).

2) պահանջում է հաճախորդի ակտիվների և միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ տեղեկություններ.

3) տվյալների բազաներով կատարում է հաճախորդի, գործարար հարաբերության և գործարքի վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրություն.

4) հաշվետվություն տրամադրող այլ անձանց կամ այլ, այդ թվում՝ օտարերկրյա գործընկերներին հարցումներ է կատարում՝ ճշտելու հաճախորդի, նրա հետ գործարար հարաբերությունների և միանգամյա գործարքների վերաբերյալ տեղեկությունները.

5) ձեռնարկում է այլ միջոցներ՝ հաճախորդի, նրա հետ գործարար հարաբերությունների ու գործարքների վերաբերյալ իրական ու ամբողջական պատկերացում կազմելու համար:

35. Հաճախորդի հավելյալ ուսումնասիրության միջոցով ֆինանսական հաստատությունը պետք է հիմնավոր պարզաբանումներ և բացատրություններ ստանա և այդ կերպ իրական ու ամբողջական պատկերացում կազմի տվյալ հաճախորդի, նրա հետ գործարար հարաբերությունների ու միանգամյա գործարքների մասին: Եթե ձեռնարկված միջոցների արդյունքում ֆինանսական հաստատությունն իրական ու ամբողջական պատկերացում չի կազմում, ապա ֆինանսական հաստատությունը պետք է քննարկի այդ դեպքի վերաբերյալ Լիազորված մարմնին կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու հնարավորությունը:

36. Ֆինանսական հաստատությունը կարող է հաճախորդի պարզեցված ուսումնասիրություն իրականացնել ցածր ռիսկի չափանիշների առկայության դեպքում:

37. Հաճախորդի պարզեցված ուսումնասիրությունը ֆիզիկական անձանց համար նվազագույնը ներառում է հետևյալ տեղեկությունների պարզումը և հաշվառումը՝

1) անունը, ազգանունը.

2) հաշվի համարը՝ առկայության դեպքում.

3) անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

38. Հաճախորդի պարզեցված ուսումնասիրությունը իրավաբանական անձանց համար նվազագույնը ներառում է հետևյալ տեղեկությունների պարզումը և հաշվառումը՝

1) իրավաբանական անձի անվանումը.

2) պետական գրանցման վկայականի համարը.

3) բանկային հաշիվները տնօրինելու իրավասություն ունեցող անձին նույնականացնող տեղեկությունները:

 

ԳԼՈՒԽ 9. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՈՒ ԹԱՐՄԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

39. Ֆինանսական հաստատությունները սույն կանոնակարգի 44-րդ կետում թվարկված տեղեկատվությունը պետք է հավաքագրեն այնպիսի եղանակով, որը կապահովի հետագայում դրա օգտագործումը որպես ապացույց: Տեղեկատվությունը ամրագրող փաստաթղթերը պետք է ունենան դրանց ներկայացվող բոլոր վավերապայմանները:

40. Տեղեկատվությունը պետք է հաշվառվի: Հաշվառումը պետք է կատարվի դասակարգված տվյալների բազաների միջոցով: Տեղեկատվության հաշվառումը պետք է իրականացվի այնպես, որ դրա հիման վրա հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում վերականգնել այն աշխատակցի տվյալները, որն իրականացրել է նույնականացում կամ հաշվառման ենթակա այլ գործողություններ:

41. Տեղեկատվությունը կարող է պահվել փաստաթղթային կարգով, համակարգիչներում, էլեկտրոնային կրիչներում:

42. Ֆինանսական հաստատությունը պետք է ապահովի հաշվառված ու պահպանվող տեղեկատվության անվտանգությունը, գաղտնիությունը և կանխի դրա չթույլատրված օգտագործումը, տնօրինումը:

43. Ֆինանսական հաստատությունը իր ներքին իրավական ակտերով սահմանում է հաճախորդի վերաբերյալ ձեռք բերված տեղեկատվության թարմացման հաճախականությունը:

44. Ֆինանսական հաստատությունը պետք է հաշվառի և պահպանի՝

1) հաճախորդի նույնականացման տվյալները՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

2) գործարքի (գործարար հարաբերության) հիմնական պայմանների վերաբերյալ տվյալները՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

3) գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության որոշման նպատակով կատարված ցանկացած վերլուծություն և կատարված այլ գործողությունների վերաբերյալ տվյալներ.

4) կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաև հաշվետվության հիմքում ընկած տեղեկություններն ու հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ հարցի քննարկումների արձանագրությունները.

5) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության մասին այն տվյալներն ու ենթադրությունները, որոնց հետ կապված՝ Լիազորված մարմնին չի ներկայացվել կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 10. ՖՒՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ (ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԿԱՍԿԱԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

45. Հաճախորդներին սպասարկող աշխատակիցը գործարար հարաբերություններում կամ գործարքներում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Լիազորված մարմնի ներկայացրած ուղեցույցերով նկարագրված չափանիշներին կամ տիպաբանություններին համապատասխան կամ իր կարծիքի հիման վրա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կասկածների բացահայտման դեպքում ներքին իրավական ատերով սահմանված կարգով այդ մասին անմիջապես հայտնում է ներքին դիտարկումների մարմնին:

46. Ներքին դիտարկումների մարմինը հաճախորդներին սպասարկող աշխատակցի, այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության կամ իր սեփական դիտարկումների արդյունքում կասկածելի գործարքի բացահայտման դեպքում այդ մասին Լիազորված մարմնին ներկայացնում է կասկածելի գործարքի մասին հաշվետվություն:

47. Ֆինանսական հաստատությունը պետք է իր ներքին իրավական ակտով սահմանի գործարար հարաբերությունների և գործարքների կասկածելիության որոշման և այդ կապակցությամբ Լիազորված մարմնին հաշվետվության տրամադրման հարցի քննարկման ներքին ընթացակարգեր: Նշված ընթացակարգերը պետք է նվազագույնը սահմանեն՝

1) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ նախնական տեղեկությունների (ենթադրությունների) վերաբերյալ ներքին դիտարկումների մարմնին տեղեկացնելու կարգը.

2) ներքին դիտարկումների մարմնի կողմից կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տեղեկությունների մշակման, ստուգման և հնարավոր եզրակացություններ կազմելու կարգն ու ժամկետները.

3) գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության որոշման նպատակով հնարավոր գործողություններն ու վերլուծությունները, այդ թվում՝ ներպետական ու միջազգային տվյալների բազաներին հասանելիությունը, հարցումները, դրանց արդյունքների գնահատման չափանիշներն ու ամփոփման կարգը:

48. Լիազորված մարմինը կարող է առանձին անուններ (անվանումներ) կամ այլ տվյալներ փոխանցել ֆինանսական հաստատություններին և ցուցում տալ, որ այդ տվյալների հետ առնչվող որևէ գործարքի կամ գործարար հարաբերության առկայության դեպքում ներկայացվի կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն: Նման ցուցումների հիման վրա, եթե ժամկետ չի նշվում, ֆինանսական հաստատությունները պետք է ոչ պակաս, քան տասնօրյա պարբերականությամբ, վերանայեն իրենց հաճախորդների հետ գործարար հարաբերություններն ու միանգամյա գործարքները և հնարավոր առնչվող տեղեկություններ հայտնաբերելու դեպքում՝ ներկայացնեն կասկածել գործարքի վերաբերյալ հաշվետվություն:

49. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերլուծության նպատակներով Լիազորված մարմնի ներկայացրած հարցումները, այդ թվում՝ լրացուցիչ փաստաթղթերի (տեղեկությունների) ներկայացման պահանջը, ֆինանսական հաստատությունը պետք է հարցումների կամ պահանջի մեջ նշված հնարավոր սեղմ ժամկետներում:

 

ԳԼՈՒԽ 11. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

50. Ներքին աուդիտը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, տարեկան առնվազն մեկ անգամ ստուգումներ է իրականացնում՝ հավաստիանալու, որ գործադիր մարմինը և ներքին դիտարկումների մարմինն ապահովում են ֆինանսական հաստատության լիարժեք համապատասխանությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն կանոնակարգով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին: Այն դեպքում, երբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման գործառույթը վերապահված է ներքին աուդիտի ստորաբաժանմանը կամ աշխատակցին, ապա ստուգումն իրականացվում է ֆինանսական հաստատության ներքին իրավական ակտերով սահմանված մարմնի կողմից և կարգով:

51. Ներքին աուդիտը խորհրդին և գործադիր մարմնին պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում իր գնահատականների և բացահայտումների վերաբերյալ, ներառյալ՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հարցերով աշխատակիցների ուսուցման ու վերապատրաստման համարժեքության և արդյունավետության վերաբերյալ իր եզրակացությունը:

52. Ֆինանսական հաստատությունը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության ներդրման և արդյունավետության մակարդակը վերստուգելու նպատակով հրավիրած արտաքին աուդիտի եզրակացության պատճենը հնգօրյա ժամկետում տրամադրվում է Լիազորված մարմնին:

53. Ֆինանսական հաստատությունը, որն ունի դուստր կազմակերպություն, մասնաճյուղ և (կամ) ներկայացուցչություն, պատասխանատու է դրանց կողմից սույն կանոնակարգի դրույթների պատշաճ կիրառության համար: Այդ նպատակով ֆինանսական հաստատությունը պետք է ստանա և ուսումնասիրի իր դուստր կազմակերպություններում, մասնաճյուղերում և ներկայացուցչություններում ներքին և (կամ) արտաքին աուդիտի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հարցերով ստուգումների վերաբերյալ հաշվետվությունների պատճենները:

 

ԳԼՈՒԽ 12. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱՍՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՈՒՍՈՒՑՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

54. Որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը, այդ թվում՝ որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննությունն անցկացվում է ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի և աշխատակիցների թեկնածուների և հավակնորդների համար:

55. Սույն կանոնակարգի իմաստով՝ թեկնածու են համարվում ֆինանսական հաստատության կողմից որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությանը ներկայացած այն անձինք, որոնց ֆինանսական հաստատությունը նշանակել է ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի կամ աշխատակցի պաշտոնին:

56. Սույն կանոնակարգի իմաստով՝ հավակնորդ են համարվում այն անձինք, որոնք անձնական նախաձեռնությամբ դիմում են՝ անցնելու որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգում:

57. Մինչև սույն կանոնակարգի ուժի մեջ մտնելը ֆինանսական հաստատության ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի կամ աշխատակցի պաշտոնում նշանակված անձինք պետք է որակավորվեն սույն կանոնակարգի ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում, իսկ սույն կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի կամ աշխատակցի պաշտոնում նշանակված անձինք՝ նշանակման պահից եռամսյա ժամկետում:

58. Թեկնածուների (հավակնորդների) որակավորումը և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդի սահմանած կարգով:

59. Ֆինանսական հաստատությունը պետք է պարբերաբար ուսուցում կազմակերպի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն առնչվող բոլոր աշխատակիցների համար: Նոր աշխատակիցների ընդունման դեպքում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հարցերով ուսուցում պետք է կազմակերպվի առաջին երեք ամիսների ընթացքում:

60. Ֆինանսական հաստատության բոլոր աշխատակիցները պետք է իրազեկ լինեն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում իրենց ներքին իրավական ակտերին:

61. Ֆինանսական հաստատությունը պետք է սահմանի և իրականացնի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում իր աշխատակիցների պարբերական ուսուցման ծրագրեր: Այդ ծրագրերը պետք է նախատեսեն ուսուցում խորհրդի անդամների, գործադիր մարմնի աշխատակիցների, ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների, հաճախորդների սպասարկման և աուդիտի գործառույթներ իրականացնող աշխատակիցների համար: Այդ աշխատակիցների համար ուսուցումը և վերապատրաստումը պետք է հնարավորություն տա հավաստիանալու, որ նրանք ունեն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման պահանջների ու ընթացակարգերի վերաբերյալ պատշաճ գիտելիքներ, մասնավորապես՝

1) բարձր և ցածր ռիսկի չափանիշների, կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության առավել հաճախ հանդիպող հիմքերի և չափանիշների վերաբերյալ, այդ թվում՝ Լիազորված մարմնի ուղեցույցներով տրամադրվող կասկածելի գործարքների տիպաբանությունների վերաբերյալ,

2) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնակարգի, ներքին իրավական ակտերի դրույթների վերաբերյալ:

62. Ֆինանսական հաստատության կողմից իրականացվող ուսուցման ծրագրերը, դրանց վերաբերյալ բոլոր նյութերը, ինչպես նաև ուսուցման ծրագրերին մասնակցած անձանց անուններն ու ստորագրությունները պետք է առանձին հաշվառվեն և պահպանվեն առնվազն 5 տարի:

 

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ ֆինանսների նախարարի

2008թ. դեկտեմբերի 18-ի

թիվ 149-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

Ես՝---------------------------------ս,----- ------ -----------թ. ------------------------------------------ գործարար հարաբերության մեջ կամ միանգամյա  գործարքում հանդես գալով որպես-----------------------------, հայտարարում եմ, որ գործարար հարաբերության մեջ կամ միանգամյա գործարքում առկա է/առկա չէ իրական շահառու:

 

Առկայության դեպքում՝ իրական շահառու է -------------------  ------------------------------- -ը:

 

Պարտավորվում եմ նաև գործարար հարաբերության ընթացքում իրական շահառուի փոփոխության կամ շահառուի ի հայտ գալու դեպքում տեղյակ պահել----------------------------------ին:

 

 

------  ----------------- ------թ.

_________________________

ստորագրություն