ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ (ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԿԱՏՄԱՄԲ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրումն ազատված է ավելացված արժեքի հարկից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկի տրամադրումն ինքնին ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք չէ՝ Օրենքի վերոնշյալ դրույթի կիրառությունը նշանակում է, որ ավելացված արժեքի հարկից ազատվում են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման ծառայությունների մատուցման գործարքները (գործառնությունները): Ստեղծված իրավիճակում Օրենքի վերոնշյալ դրույթը տարաբնույթ կերպ է ընկալվում՝ կապված բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման գործարքների (գործառնությունները) ավելացված արժեքի հարկով հարկելու հարցի հետ:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.
Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման գործարքների (գործառնությունների) համար, «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն, ԱԱՀ-ից ազատված շրջանառություն է համարվում.
1) Վարկերի տրամադրման դիմաց վճարվող տոկոսային եկամուտը, վարկի տրամադրման պահին միանվագ գանձվող՝ վարկի տրամադրման վճարը, վարկի սպասարկման (այդ թվում՝ մոնիտորինգի) համար որոշակի պարբերականությամբ գանձվող վճարները,
2) վարկային հայտի ուսումնասիրության համար գանձվող վճարը,
3) վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման համար գանձվող վճարը:
|
ՊԵՏ,
Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ |
Ա. ԲԱԼԱՅԱՆ |