Համարը 
N 6Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.02.20/03(60)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
24.01.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.01.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«03» փետրվարի 2012թ.

պետական գրանցման համարը 3031208

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«24» հունվարի 2012թ.

N 6Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել հեռուստառադիոընկերությունների հաշվառման մատյանի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ 

 

 

 

Հավելված

Հաստատված է

ԼՂՀ հանրային ծառայությունները և

տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական

հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 24-ի N 6Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է հեռուստառադիոընկերությունների կողմից հաշվառման մատյանում իրենց կողմից հեռարձակված հեռուստառադիոհաղորդումների գրանցման, հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալները հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնելու կանոնները, ինչպես նաև հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի ձևը (Ձև 1):

2. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանը կնքվում և համարակալվում է Հանձնաժողովի կողմից:

3. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի վարումը և պահպանումն իրականացնում է հեռուստառադիոընկերության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու անձը:

4. Պատասխանատու անձի տվյալները հեռուստառադիոընկերությունը ներկայացնում է Հանձնաժողով:

5. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի էջերը համարակալվում և կնքվում են հեռուստառադիոընկերության կնիքով: Մատյանի շապիկի վրա նշվում են հետևյալ տեղեկությունները` հեռուստառադիոընկերության լրիվ անվանումը, սփռման տարածքը, մատյանի հերթական համարը, մատյանի վարումը սկսելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, էջերի քանակը, մատյանի վարումը ավարտելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

6. Պատասխանատու անձը հեռուստառադիոընկերության կողմից հեռարձակված յուրաքանչյուր հաղորդում նույն օրը գրանցում է հաշվառման մատյանում` նշելով հաղորդման անվանումը, հեռարձակման ամիսը, ամսաթիվը, հաղորդման սկզբի և ավարտի ժամը (րոպեների և վայրկյանների ճշտությամբ), համառոտ բովանդակությունը, հեռուստառադիոհաղորդման հեղինակի(ների) և հեռարձակողի անունը, ազգանունը:

7. Յուրաքանչյուր օրվա հեռարձակված հաղորդումների մասին տեղեկությունները գրանցվում են նոր էջից:

8. Եթե հեռուստառադիոընկերությունը հեռուստառադիոհաղորդումներ է հեռարձակում մեկից ավելի բնակավայրերում և այդ բնակավայրերում հեռարձակվող հեռուստառադիոծրագրերը տարբեր են, ապա յուրաքանչյուր հեռուստառադիոծրագրի համար վարում է հեռուստառադիոհաղորդումների հաշվառման առանձին մատյան:

9. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման վերաբերյալ գրանցումները միաժամանակ կատարվում են նաև էլեկտրոնային տարբերակով:

10. Հեռուստառադիոընկերությունը հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի յուրաքանչյուր ամսվա առաջին կեսի տվյալները էլեկտրոնային տարբերակով` Հանձնաժողովի կողմից տրամադրած էլեկտրոնային ծրագրային ապահովմամբ, Հանձնաժողով է ներկայացնում մինչև տվյալ ամսվա 20-ը, իսկ երկրորդ կեսի տվյալները` մինչև հաջորդ ամսվա 5-ը: Ամբողջ ամսվա տվյալները գրավոր նամակով ամիսը մեկ անգամ ներկայացնում է Հանձնաժողով` մինչև հաջորդ ամսվա 5-ը:

11. Հեռուստառադիոընկերության ներկայացրած հաշվառման մատյանի տվյալների և Հանձնաժողովի իրականացրած ուղղակի դիտարկումների տվյալների անհամապատասխանության դեպքում, Հանձնաժողովի գրավոր պահանջի հիման վրա, հեռուստառադիոընկերությունը պարտավոր է եռօրյա ժամկետում ներկայացնել գրավոր բացատրություն: Եթե հեռուստառադիոընկերության ներկայացրած հաշվառման մատյանի գրավոր և էլեկտրոնային տարբերակների միջև կա անհամապատասխանություն, հիմք է ընդունվում գրավոր տարբերակը:

12. Սույն որոշման դրույթները չեն տարածվում այն հեռուստառադիոընկերությունների վրա, որոնք իրականացնում են հեռուստառադիոծրագրերի ամբողջական և անփոփոխ, այդ թվում` առանց գովազդ տեղադրելու իրավունքի վերահեռարձակում: Այն հեռուստառադիոընկերությունները, որոնք իրենց կողմից վերահեռարձակվող հեռուստառադիոծրագրերում տեղադրում են գովազդ կամ այլ հաղորդում, դրանց վերաբերյալ հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում կատարում են գրանցումներ` համաձայն Ձև 1-ի:

13. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում գրանցումները թերի կատարելու կամ հաշվառման մատյանի տվյալները ժամանակին Հանձնաժողով չներկայացնելու դեպքում հեռուստառադիոընկերությունը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

 

 

Ձև 1

 

Հեռուստառադիոընկերությունների հաշվառման մատյանի վարման

 

__________________________________________

Ամսաթիվ, ամիս, տարեթիվ

 

Հ/Հ

Հաղորդման անվանումը

 

Սկիզբը

 

Ավարտը

 

Համառոտ բովանդակությունը

 

Հեղինակի անունը, ազգանունը

Հեռարձակողի անունը, ազգանունը

 

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեռարձակող(պաշտոնը)

 

__________________________

         ստորագրություն

 

__________________________

         անունը, ազգանունը

 

Պատասխանատու անձ

 

__________________________

          ստորագրություն

__________________________

          անունը, ազգանունը

 

 

Հաշվառման մատյանը վարելու ուղեցույց

 

1-ին սյունակում լրացվում է յուրաքանչյուր հաղորդման հերթական համարը:

2-րդ սյունակում լրացվում է հաղորդման (ֆիլմի) անվանումը, անոնսով, հայտարարությամբ, պաշտոնական հաղորդագրությամբ, գովազդով ընդհատումների դեպքում համապատասխանաբար նշվում է «անոնս», «հայտարարություն», «պաշտոնական հաղորդագրություն», «գովազդ» կամ «սոցիալական գովազդ»: Ընդ որում, հաղորդման ընդհատումների մասին նշումները կատարվում են հաղորդման մասին բոլոր տվյալները գրանցելուց հետո: Նախընտրական քարոզչական հաղորդում հեռարձակելու դեպքում կատարվում է «նախընտրական քարոզչական հաղորդում» նշումը: Եթե տվյալ օրը հեռուստառադիոընկերությունում եղել է պրոֆիլակտիկա կամ տեխնիկական պատճառներով անջատում, ապա համապատասխանաբար կատարվում է «պրոֆիլակտիկա» կամ «տեխնիկական անջատում» նշումը:

3-րդ սյունակում լրացվում է հաղորդման կամ հաղորդման ընդհատումների (գովազդ, անոնս և այլն) հեռարձակման սկիզբը` րոպեների և վայրկյանների ճշտությամբ:

4-րդ սյունակում լրացվում է հաղորդման կամ հաղորդման ընդհատումների հեռարձակման ավարտը` րոպեների և վայրկյանների ճշտությամբ:

5-րդ սյունակում լրացվում է հաղորդման թեմատիկան և առարկան, օրինակ` մարզական լրատվական թողարկում, թոք-շոու երիտասարդությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, կենդանիների մասին գիտահանրամատչելի հաղորդում, եթե գեղարվեստական ֆիլմ է, ապա նշվում է ֆիլմի ժանրը (մելոդրամա, կատակերգություն, արկածային, էրոտիկա, սարսափ և այլն) և արտադրողի կողմից արված դասակարգումը (G, PG-13, R և այլն): Նախընտրական քարոզչական հաղորդման դեպքում նշվում է ընտրություններին մասնակցող թեկնածուի անունը, կուսակցության և կուսակցության դաշինքի անվանումը:

6-րդ սյունակում ոչ սեփական արտադրության հաղորդումների դեպքում նշվում է արտադրող կազմակերպության անվանումը և հեղինակի անուն, ազգանունը: Սեփական արտադրության հաղորդումների դեպքում նշվում է հաղորդման հեղինակի անուն, ազգանունը: Սեփական արտադրության հաղորդումների համար կատարվում է «Ս» նշումը, հայրենական արտադրության հաղորդումների համար կատարվում է «Հ» նշումը:

7-րդ սյունակում լրացվում է եթերի պատասխանատուի (եթերի թողարկիչ կամ նույն գործառույթներ իրականացնող այլ աշխատակից) անունը և ազգանունը: Եթե տվյալ հեռուստառադիոընկերությունում եթերի պատասխանատուները մեկ եթերային օրվա ընթացքում հերթափոխվում են, ապա նշվում է բոլորի անունները և ազգանունները:

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման հաշվառման մատյանում ուղղումներ կամ ջնջումներ կատարելու դեպքում, տվյալ ուղղումը կամ ջնջումը պետք է վավերացվի հեռուստառադիոնկերության ղեկավարի, հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանը վարելու համար նշանակված պատասխանատու անձի ստորագրություններով և հեռուստառադիոընկերության կնիքով:

Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանը ստորագրվում է տվյալ օրվա եթերի պատասխանատուի(ների) և մատյանը վարելու համար հեռուստառադիոընկերության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու անձի կողմից:

 

 

Աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար`

Ն. Արզումանյան