| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«15» փետրվարի 2012 թվականի
Պետական գրանցման համարը 2111224 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«31» հունվարի 2012թ. |
N 06-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդերևութաբանական ծառայությունների ապահովման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի վարչության պետի 2012 թվականի
հունվարի 31-ի N 06 -Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ
ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ
ԳԼՈԻԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդերևութաբանական ծառայությունների ապահովման կարգը սահմանվում է` ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կատարվելիք օդային երթևեկության հոսքերի տեսակներից:
2. Քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունների հիմնական նպատակն աերոդրոմներում, երթուղիներում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքում թռիչքների անվտանգության, կանոնավորության և արդյունավետության ապահովումն է: Օդերևութաբանական ծառայությունների մատուցումն իրականացվում է սույն կարգի, Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի հավելված 3-ի, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱO) ավիացիոն օդերևութաբանական կանոնադրության (Դոկ. 8896) դրույթների համաձայն:
Աերոդրոմային օդերևութաբանական ծառայություն մատուցող մարմինը սույն կետում նշված փաստաթղթերին և դրանցում կատարվող լրացումներին ու փոփոխություններին համաձայն սահմանում է ծառայությունների մատուցման մանրամասն ընթացակարգերը, ներառյալ այդ գործընթացում մատուցվող օդերևութաբանական տեղեկատվության ձևն ու բովանդակությունը: Սահմանվող ընթացակարգերը ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության (այսուհետ` Վարչություն) համաձայնեցմանը` սույն կետում նշված պահանջների վերահuկողությունն իրականացնելու նպատակով:
Աերոդրոմային օդերևութաբանական ծառայություն մատուցող մարմինը սույն կարգով նշված պահանջները կարող է իրականացնել իր ստորաբաժանման միջոցով (այսուհետ` Ծառայություն):
3. Ծառայությունը տեղակայվում է աերոդրոմում և սպասարկում աերոդրոմի օդային երթևեկության սպասարկման կարգավարական աշտարակին և (կամ) մոտեցման կարգավարական ծառայությանը: Ծառայությունը ապահովում է իր անձնակազմի արհեստավարժությունը և պատրաստվածությունը` Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից սահմանված պահանջների համաձայն:
4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) ԱԻՐՄԵՏ (AIRMET) տեղեկատվություն` Ծառայության կողմից թողարկվող տեղեկատվություն` երթուղում եղանակի փաստացի կամ սպասվող որոշակի երևույթների առաջացման մասին, որոնք կարող են ազդել օդանավերի ցածր բարձրություններում կատարվող թռիչքների անվտանգության վրա.
2) ԱՏԻՍ (ATIS)` տեղեկատվության ավտոմատ հաղորդման ծառայություն աերոդրոմի շրջանում.
3) ԳԱՄԵՏ (GAMET) գոտիական կանխատեսում` բաց տեքստով, կրճատումներով կազմված գոտիական կանխատեսում ցածր բարձրություններում կատարվող թռիչքների համար և կիրառելի է թռիչքների տեղեկատվական շրջանում.
4) Գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոն` օդերևութաբանական կենտրոն, որը պատրաստում և պետություններին է առաքում համաշխարհային մասշտաբով եղանակի հատուկ երևույթների կանխատեսումներ բարձրություններում թվայնացված տեսքով.
5) Եղանակի կանխատեսում` օդերևութաբանական պայմանների նկարագրություն, որոնք սպասվում են որոշակի պահին կամ ժամանակահատվածում, որոշակի գոտում կամ օդային տարածության մասում.
6) Լեռնային ալիքներ` լեռնային արգելքների հանդիպած օդային հոսանքից առաջացած ալիքներ.
7) ՍԻԳՄԵՏ (SIGMET) տեղեկատվություն` Ծառայության կողմից թողարկվող տեղեկատվություն` թռիչքի երթուղում փաստացի և(կամ) սպասվող եղանակի որոշակի երևույթների առաջացման մասին, որոնք կարող են ներազդել օդանավերի թռիչքների անվտանգության վրա.
8) ՎՈԼՄԵՏ (VOLMET)` օդերևութաբանական տեղեկատվություն թռիչքում գտնվող օդանավերի համար: ՎՈԼՄԵՏ (VOLMET) տեղեկատվությունը հաղորդվում է ռադիոհեռարձակման միջոցով կամ թվային տեսքով` տարածաշրջանային համաձայնագրերի հիման վրա և կարող է պարունակել ՄԵՏԱՐ (METAR), ՍՊԵՍԻ (SPECI), ՏԱՖ (TAF), ՍԻԳՄԵՏ (SIGMET) և այլ բաղկացուցիչներ.
9) Քամու շեղում` քամու ուղղության և(կամ) արագության փոփոխությունը տարածությունում` ներառյալ վերընթաց և վարընթաց հոսանքները, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ օդանավի վայրէջքի և թռիչքի վրա.
10) Օդերևութաբանական ամփոփագիր` հաղորդում օդերևութաբանական պայմանների դիտումների արդյունքների մասին, որոնք վերաբերում են որոշակի ժամանակի և տեղի.
11) Օդերևութաբանական տեղեկատվություն` օդերևութաբանական ամփոփագիր, վերլուծություն, կանխատեսում և ցանկացած այլ հաղորդագրություն, որը վերաբերում է փաստացի կամ սպասվող oդերևութաբանական պայմաններին.
12) OՊՄԵՏ(OPMET)` օդերևութաբանական օպերատիվ տեղեկատվություն.
13) Աերոդրոմային նախազգուշացում` համառոտ տեղեկատվություն օդերևութաբանական պայմանների մասին, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ գետնի վրայի ինքնաթիռների և աերոդրոմային սարքավորումների ու միջոցների վրա:
Այն սահմանումները և հասկացությունները, որոնք չեն արտահայտված սույն փաստաթղթում, պետք է համապատասխանեն ԻԿԱO-ի հավելված 3-ում ընդունված սահմանումներին և հասկացություններին:
ԳԼՈԻԽ 2
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
5. Քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունն իրենից ներկայացնում է Ծառայության կողմից սույն փաստաթղթի դրույթներին համաձայն օդերևութաբանական տեղեկատվության տրամադրումը այդ տեղեկատվության օգտագործողներին: Ծառայությունների մատուցման (օդերևութաբանական տեղեկատվության տրամադրման) ապահովման նպատակով Ծառայությունը իրականացնում է.
1) օդերևութաբանական դիտումներ, ամփոփագրերի կազմում ու տրամադրում, ավիացիոն կլիմատոլոգիական տեղեկատվության տրամադրում.
2) եղանակի կանխատեսումների կազմում ու տրամադրում.
3) գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոնից քարտեզների ստացում և տրամադրում (անհրաժեշտության դեպքում).
4) օդերևութաբանական տվյալների միջազգային բանկերից OՊՄԵՏ (OPMET)-ի ստացում ու տրամադրում (անհրաժեշտության դեպքում):
6. Ծառայությունը կատարում է օդերևութաբանական դիտումներ և հաղորդում համապատասխան ամփոփագրեր: Դիտումներն ու ամփոփագրերն իրենց մեջ ներառում են կանոնավոր դիտումները և ամփոփագրերը, հատուկ դիտումները և հատուկ ամփոփագրերը, օդերևութաբանական ռադարով իրականացվող դիտումները:
7. Կանոնավոր դիտումներն իրականացվում են ամեն օր` շուրջօրյա ռեժիմով: Աերոդրոմում իրականացվող կանոնավոր դիտումների արդյունքում թողարկվում են հետևյալ ամփոփագրերը.
1) աերոդրոմի ընթացիկ տեղական կանոնավոր օդերևութաբանական ամփոփագրեր (այսուհետ` տեղական կանոնավոր ամփոփագրեր),
2) աերոդրոմի ընթացիկ կանոնավոր օդերևութաբանական ամփոփագրեր` ՄԵՏԱՐ (METAR):
Եթե տվյալ օդանավակայանը շուրջօրյա ռեժիմով չի աշխատում, ՄԵՏԱՐ (METAR) ամփոփագրերը թողարկվում են մինչև օդանավակայանում թռիչքների վերսկսվելը` համաձայն Ծառայության կողմից մշակված և Վարչության պետի կողմից հաստատված պահանջների:
Տեղական կանոնավոր ամփոփագրերը նախատեսված են ժամանող և մեկնող օդանավերի համար և տարածվում են միայն տվյալ աերոդրոմում:
Եղանակի ՄԵՏԱՐ (METAR) կանոնավոր ամփոփագրերը նախատեսված են տվյալ աերոդրոմից դուրս տարածելու համար: ՄԵՏԱՐ (METAR) ամփոփագրերը անհրաժեշտության դեպքում կարող են ուղարկվել OՊՄԵՏ (OPMET) տվյալների միջազգային բանկերին:
8. Աերոդրոմում իրականացվող հատուկ դիտումների արդյունքում թողարկվում են հետևյալ ամփոփագրերը.
1) աերոդրոմի հատուկ օդերևութաբանական ամփոփագրեր` ՍՊԵՍԻ (SPECI).
2) աերոդրոմի տեղական հատուկ օդերևութաբանական ամփոփագրեր:
Հատուկ դիտումներ իրականացնելու անհրաժեշտությունը սահմանող չափանիշների ցանկը կազմում է Ծառայությունը` օդային երթևեկության սպասարկման մարմնի (կամ համապատասխան ստորաբաժանման), շահագործողների և այլ շահագրգիռ կողմերի հետ համաձայնության արդյունքում:
Հատուկ ամփոփագրերն ուղարկվում են OՊՄԵՏ (OPMET) տվյալների միջազգային բանկերին:
Կանոնավոր և հատուկ տեղական ամփոփագրերում և ՄԵՏԱՐ (METAR) ու ՍՊԵՍԻ (SPECI) ամփոփագրերում ընդգրկվող տարրերը նշված են ԻԿԱO-ի հավելված 3-ի 4.5 կետում:
9. Այն աերոդրոմներում, որտեղ տեղակայված են օդերևութաբանական ռադարներ, Ծառայությունը իրականացնում է ամպամածության, տեղումների և ամպրոպների օջախների տարածական տեղաշարժման և զարգացման դիտումներ:
Օդերևութաբանական ռադարի տեղեկատվության մեջ մտնում են`
1) օջախի բնույթը.
2) օջախի կենտրոնի տեղադրությունն աերոդրոմի տեղորոշիչ կետի նկատմամբ (ազիմուտը և հեռավորությունը).
3) օջախների տեղաշարժի ընդհանուր ուղղությունը և արագությունը` կմ/ժ:
Դիտումների արդյունքները քարտեզների տեսքով հաղորդվում են աերոդրոմի հերթապահ օդերևութաբանին և օդային երթևեկության սպասարկման կարգավարներին:
Աերոդրոմից 30 կմ շառավղով հեռավորության վրա ամպրոպների առկայության դեպքում տվյալները մտցվում են տեղեկատվության ավտոմատ հաղորդման ծառայության` ԱՏԻՍ (ATIS) հեռարձակման մեջ:
10. Եղանակի կանխատեսումների տեսակները ներառում են.
1) եղանակի կանխատեսումներ աերոդրոմի համար` ՏԱՖ (TAF).
2) կանխատեսումներ վայրէջքի համար` ՏՐԵՆԴ (TREND).
3) գոտիական կանխատեսումներ ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների համար.
4) ՍԳՄԵՏ (SIGMET) տեղեկատվություն.
5) ԱԻՐՄԵՏ (AIRMET) տեղեկատվություն.
6) աերոդրոմային նախազգուշացումներ:
11. Աերոդրոմային կանխատեսումները որոշակի ժամանակահատվածում աերոդրոմի շրջանում սպասվող օերևութաբանական պայմանների մասին սեղմ հաղորդագրություններ են:
Աերոդրոմում ՏԱՖ (TAF) կանխատեսումների գործողության ժամկետը չպետք է լինի 9 ժամից պակաս և 24 ժամից ավելի: Կանոնավոր` 12 ժամ և պակաս տևողությամբ ՏԱՖ (TAF) կանխատեսումները թողարկվում են 3 ժամը մեկ, իսկ 12-ից մինչև 24 ժամ տևողությամբ կանխատեսումները` ամեն 6 ժամը մեկ:
Այն դեպքում, երբ դիտվում կամ սպասվում է եղանակի տարրերի և երևույթների էական փոփոխություն, որը գործող կանխատեսման մեջ նախատեսված չէր, անմիջապես կազմվում է կանխատեսման ճշգրտում` ՏԱՖ ԱՄԴ (TAF AMD): ՏԱՖ (TAF) կանխատեսումը և դրա ճշգրտումը ներառում է տեղեկատվություն` ԻԿԱO-ի հավելված 3-ի 6.2.3 կետում նշված հերթականությամբ:
ՏԱՖ (TAF) կանխատեսման մեջ ընդգրկված oդերևութաբանական տարրերի մասին տեղեկատվությունը նշված է ԻԿԱO-ի հավելված 3-ի լրացում 5-ի 1.2 կետում:
ՏԱՖ (TAF) և ՏԱՖ ԱՄԴ (TAF AMD) կանխատեսումները հաղորդվում են OՊՄԵՏ տվյալների միջազգային բանկերին և oդային երթևեկության կառավարման համապատասխան ծառայություններին:
12. ՏՐԵՆԴ (TREND) կանխատեսումները տվյալ աերոդրոմում օդերևութաբանական պայմանների սպասվող էական փոփոխությունների մասին համառոտ ամփոփագիր է: Այն կցվում է տեղական կանոնավոր, տեղական հատուկ, ՄԵՏԱՐ (METAR) կամ ՍՊԵՍԻ (SPECI) ամփոփագրերից որևէ մեկին:
ՏՐԵՆԴ (TREND)-ի գործողության տևողությունը 2 ժամ է` այն կազմելուց հետո:
13. Ելնելով 150 թռիչքային մակարդակում (մինչև 4550 մետր բարձրություններում) իրականացվող թռիչքների ինտենսիվությունից և հաշվի առնելով օդային տարածքի օգտագործողների պահանջները` աերոդրոմային օդերևութաբանական ծառայություն մատուցող մարմինը, համաձայնեցնելով Վարչության հետ, նախատեսում է ցածր բարձրություններում գոտիական կանխատեսումների կանոնավոր թողարկում և տարածում: Այդպիսի թռիչքների համար կազմվում են ԱԻՐՄԵՏ (AIRMET) տեղեկատվություն և ԳԱՄԵՏ (GAMET) կանխատեսումներ:
ԱԻՐՄԵՏ (AIRMET)-ը անհրաժեշտության դեպքում կարող է հաղորդվել այլ օդերևութաբանական և օդային երթևեկության սպասարկման մարմիններին:
ԳԱՄԵՏ (GAMET)-ը կազմվում է գործողությունը սկսվելուց առնվազն 1 ժամ առաջ և հաղորդվում է այլ օդերևութաբանական մարմիններին ու ցածր բարձրություններում թռիչք իրականացնող oդանավի անձնակազմին: ԳԱՄԵՏ (GAMET)-ում օգտագործվում են ԻԿԱO-ի հավելված 3-ի լրացում 5-ի 5-րդ կետի կրճատումները և թվային մեծությունները:
14. ՍԻԳՄԵՏ (SIGMET) տեղեկատվությունը թողարկում է Ծառայությունը:
ՍԻԳՄԵՏ (SIGMET)-ի գործողության տևողությունը չպետք է գերազանցի 6 ժամը և պետք է թողարկվի գործողությունը սկսվելուց առնվազն 30 րոպե առաջ:
ՍԻԳՄԵՏ (SIGMET) տեղեկատվությունը ուղարկվում է ՕՊՄԵՏ (OPMET) տվյալների միջազգային բանկերին և այլ օդերևութաբանական մարմիններին` համապատասխան համաձայնագրերի առկայության դեպքում:
15. Աերոդրոմային նախազգուշացումները կազմվում են ոչ ուշ, քան 30 րոպե առաջ` մինչև օդերևութաբանական երևույթի սկսվելը:
ԳԼՈԻԽ 3
ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
16. Քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման չափանիշները իրենց մեջ ներառում են սույն կարգի Գլուխ 2-ում ներկայացված օդերևութաբանական տեղեկատվության ձևավորման ու թողարկման չափանիշները, ինչպես նաև այն օգտագործողներին այդ տեղեկատվության տրամադրման (մատուցվող ծառայությունների) չափանիշները:
17. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերը թողարկվում են բաց տեքստով ԻԿԱO-ի հավելված 3-ի «A3-1» աղյուսակի նմուշին համապատասխան:
ՄԵՏԱՐ (METAR) և ՍՊԵՍԻ (SPECI) ամփոփագրերը թողարկվում են ԻԿԱO-ի հավելված 3-ի «A3-2» աղյուսակի նմուշին համապատասխան:
Տեղական հատուկ ամփոփագրերի թողարկման համար օգտագործվում են հետևյալ չափանիշները.
1) տվյալ աերոդրոմն օգտագործողների շահագործման նվազագույնին առավել մոտ դիտվող մեծությունների առկայությունը.
2) օդային երթևեկության սպասարկման և շահագործողների տեղական այլ պահանջները բավարարող մեծություններ, որոնց վերաբերյալ կա համաձայնություն նրանց և Ծառայության միջև.
3) ջերմաստիճանի 2օC-ով կամ ավելի բարձրանալը` վերջին հաղորդագրությունում նշվածի համեմատությամբ, կամ ջերմաստիճանի բարձրանալը այն շեմային նշանակությունից, որի վերաբերյալ կա համաձայնություն Ծառայության, օդային երթևեկության սպասարկման մարմնի և շահագործողների միջև.
4) առկա լրացուցիչ տեղեկատվություն, որն առնչվում է վայրէջքի, մոտեցման և բարձրություն հավաքելու գոտիներում ԻԿԱO-ի հավելված 3-ի «A3-1» աղյուսակում նշված օդերևութաբանական պայմանների առաջացմանը.
5) ՍՊԵՍԻ (SPECI) ամփոփագիր կազմելու համար չափանիշ համարվող մեծություններ:
ՄԵՏԱՐ (METAR) և ՍՊԵՍԻ (SPECI) ամփոփագրերի թողարկման չափանիշները նշված են ԻԿԱO-ի հավելված 3-ի լրացում 3-ի 2.3.2 և 4-րդ կետերում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քամու արագությունը գետնի վրա չափվում է մ/վրկ-ով:
18. ՏԱՖ (TAF) կանխատեսումը թողարկվում է ԻԿԱO-ի հավելված 3-ի «A5-1» աղյուսակում բերված նմուշին համապատասխան:
ՏԱՖ (TAF) կանխատեսումն ընդգրկում է գետնամերձ քամու, տեսանելիության, եղանակային երևույթների, ամպամածության, իսկ 24 ժամ տևողությամբ ՏԱՖ (TAF)-ը` նաև առավելագույն և նվազագույն ջերմաստիճանի մասին տվյալներ:
ՏԱՖ (TAF) կանխատեսման փոփոխությունների խմբի չափանիշները մանրամասն ներկայացված են ԻԿԱO-ի հավելված 3-ի լրացում 5-ի 1.3 կետում:
19. ՏՐԵՆԴ (TREND) կանխատեսումները թողարկվում են ԻԿԱO-ի հավելված 3-ի լրացում 3-ի «A3-1» և «A3-2» աղյուսակների նմուշներին համապատասխան: ՏՐԵՆԴ տիպի կանխատեսումներում oգտագործվում են հաղորդագրության նույն միավորները և սանդղակները, որոնցում դրանք զետեղված են:
ՏՐԵՆԴ (TREND) կանխատեսման մեջ նշվում են մեկ կամ մի քանի հետևյալ տարրերը` գետնամերձ քամին, տեսանելիությունը, եղանակային երևույթները և ամպամածությունը: Դրանում ընդգրկվում են այն տարրերը, որոնց զգալի փոփոխություն է սպասվում:
ՏՐԵՆԴ (TREND) կանխատեսման առանձին տարրերի մանրամասն չափանիշները նշված են ԻԿԱO-ի հավելված 3-ի լրացում 5-ի 2.2 կետում:
20. Ցածր բարձրություններում թռիչքների համար ԳԱՄԵՏ (GAMET) գոտիական կանխատեսումների թողարկման չափանիշները հետևյալն են.
1) լայն տարածությունում 60 կմ/ժ-ից ավելի միջին արագությամբ գետնամերձ քամին.
2) 5000 մետրից պակաս տեսանելիությունը լայն տարածությունում ` ներառյալ տեսանելիությունը վատացնող եղանակային երևույթները.
3) եղանակային յուրահատուկ երևույթները` ներառյալ ուժեղ ավազային մրրիկը և փոշու փոթորիկը.
4) սարերի փակված լինելը.
5) մասնատված կամ համատարած ամպամածություն ընդարձակ տարածությունում` գետնի մակերևույթից 1000 ֆուտ (300 մետրից) ցածր բարձրությամբ և(կամ) ցանկացած կույտաանձրևային կամ աշտարակաձև կույտավոր ամպերը` նշելով նրանց ներքին և վերին սահմանների բարձրությունները.
6) սառցակալումը` բացառությամբ կոնվեկտիվ ամպերում առաջացածների.
7) մրրկայնությունը` բացառությամբ կոնվեկտիվ ամպերում առաջացածների.
8) ճնշումային դաշտերի և մթնոլորտային ճակատների առկայությունը և նրանց սպասվելիք տեղաշարժն ու զարգացումը.
9) քամիները և օդի ջերմաստիճանը հետևյալ բացարձակ բարձրությունների համար` 2000 ֆուտ, 5000 ֆուտ և 10000 ֆուտ, (600 մ, 1500 մ և 3000 մ).
10) 0օC-ի բարձրությունը երկրի մակերևույթից.
11) սպասվող նվազագույն ճնշումը Քյու Էն Էյջ (QNH):
21. ՍԻԳՄԵՏ (SIGMET) տեղեկատվությունն ընդգրկում է ստորև թվարկվող երևույթները.
1) ամպրոպ.
2) միջին և ուժեղ մրրկայնություն.
3) ուժեղ սառցակալում.
4) լեռնային ալիք.
5) փոշու ուժեղ փոթորիկ.
6) ուժեղ ավազափոթորիկ.
7) կարկուտ:
ՍԻԳՄԵՏ (SIGMET) տեղեկատվության չափանիշների մանրամասն նկարագրությունը բերված է ԻԿԱO-ի հավելված 3-ի լրացում 6-ի 1-ին կետում:
22. ԱԻՐՄԵՏ (AIRMET) տեղեկատվությունն ընդգրկում է 150 թռիչքային մակարդակից ցածր բարձրություններում ստորև թվարկվող երևույթները.
1) ընդարձակ տարածությունում 60 կմ/ժ-ից ավելի միջին արագությամբ գետնամերձ քամին.
2) երկրի մակերևույթին, ընդարձակ տարածությունում 5000 մետրից պակաս տեսանելիությունը` ներառյալ տեսանելիությունը վատացնող եղանակային երևույթները.
3) ամպրոպները.
4) սարերի փակված լինելը.
5) մասնատված կամ համատարած ամպամածությունն ընդարձակ տարածությունում` գետնի մակերևույթից 300 մետրից (1000 ֆուտ) ցածր բարձրությամբ` նշելով նրանց ներքին և վերին սահմանների բարձրությունները և չափման միավորը.
6) կույտաանձրևային ամպերը.
7) աշտարակաձև կույտավոր ամպերը.
8) միջին սառցակալումը.
9) միջին մրրկայնությունը.
10) միջին լեռնային ալիքը:
ՍԻԳՄԵՏ (SIGMET) և ԱԻՐՄԵՏ (AIRMET) տեղեկատվություններում ընդգրկված երևույթներին վերաբերող չափանիշների մանրամասները նշված են ԻԿԱO-ի հավելված 3-ի լրացում 6-ի 4-րդ կետում:
23. Աերոդրոմային նախազգուշացումները թողարկվում են ներքոհիշյալ մեկ կամ մի քանի փաստացի կամ սպասվող երևույթների ծագման դեպքում.
1) ամպրոպների.
2) կարկուտների.
3) ձյան.
4) սառչող տեղումների.
5) եղյամի.
6) ավազի փոթորկի.
7) փոշու փոթորկի.
8) բարձրացող ավազի կամ փոշու.
9) ուժեղ գետնամերձ քամու և պոռթկումների.
10) քամու շեղման.
11) հողմային փոթորկման.
12) սառնամանիքի.
13) այլ երևույթների` համաձայնեցված տեղական մակարդակով:
Քամու շեղումը, եթե հնարավոր է, պետք է նշել ըստ թռիչքագոտու հատվածների:
Քամու շեղման ինտենսիվության չափանիշները 30 մետր բարձրության վրա`
1) թույլ` 0-2 մ/վ.
2) միջին` 2-4 մ/վ.
3) ուժեղ` 4-6 մ/վ.
4) շատ ուժեղ` 6 մ/վ ավելի:
24. Ծառայությունը սույն փաստաթղթում նշված տեղեկատվությունը տրամադրում է (ծառայություններ է մատուցում).
1) օդաչուական անձնակազմերին և օդանավ շահագործողներին.
2) օդային երթևեկության կառավարման մարմիններին (կամ ստորաբաժանումներին).
3) որոնողափրկարարական ծառայության մարմիններին.
4) աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությանը.
5) այլ շահագրգիռ մարմիններին (այդ թվում նաև` օդերևութաբանական տվյալների միջազգային բանկերին) և այլ օգտագործողներին` ըստ համաձայնության:
Մատուցվող օդերևութաբանական ծառայությունների տեսակները միմյանցից տարբերվում են տրամադրվող տեղեկատվության տեսակներով և դրանց համադրությամբ:
25. Թռիչքների նախապատրաստման և պլանավորման հետ կապված օդաչուական անձնակազմերին և այլ շահագրգիռ շահագործողներին ներկայացվող փաստաթղթերում Ծառայությունն ընդգրկում է ստորև թվարկված բոլոր տարրերը կամ դրանցից ցանկացած մեկը`
1) բարձրություններում քամու և ջերմաստիճանի մասին ընթացիկ ու կանխատեսվող տվյալներ.
2) տրոպոպաուզայի բարձրությունը և ջերմաստիճանը, ինչպես նաև առավելագույն քամու ուղղությունը, արագությունը և բարձրությունը.
3) երթուղում փաստացի և սպասվող եղանակային յուրահատուկ երևույթները.
4) կանխատեսում վերասլացքի համար.
5) մեկնելու աերոդրոմի, վերասլացքի պահուստային աերոդրոմի, երթուղում գտնվող վայրէջքի համար նախանշված պահուստային աերոդրոմների ՄԵՏԱՐ (METAR) ամփոփագրերը, առկայության դեպքում` նաև ՍՊԵՍԻ (SPECI) ամփոփագրերը.
6) մեկնման և վայրէջքի համար նախանշված աերոդրոմների, ինչպես նաև վերասլացքի, երթուղում գտնվող և վայրէջքի համար նախանշված պահուստային աերոդրոմների ՏԱՖ (TAF) կանխատեսումները.
7) ՍԻԳՄԵՏ (SIGMET) և օդում գտնվող օդանավերից ստացված հատուկ տեղեկատվությունները.
8) ՍԻԳՄԵՏ (SIGMET) տեղեկատվություն ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների համար.
9) օդերևութաբանական ռադարների տվյալները.
10) օդերևութաբանական արբանյակներից ստացվող լուսանկարները.
11) ընթացիկ և կանխատեսումային քարտեզները:
26. Ըստ հարցման, խորհրդատվությունը և թռիչքային փաստաթղթերի ցուցադրումը սովորաբար ապահովվում են մեկնումը սպասարկող աերոդրոմում: Այն դեպքերում, երբ տվյալ աերոդրոմն այդպիսի սպասարկում չի կատարում, Ծառայության և համապատասխան շահագործողի միջև համաձայնագրի հիման վրա միջոցներ են ձեռնարկվում օդանավի անձնակազմի կողմից ներկայացված պահանջներն ապահովելու համար:
Այն տեղեկատվությունը, որը ցուցադրվում է քարտեզների տեսքով (բարձրություններում քամու և ջերմաստիճանի, եղանակային յուրահատուկ երևույթների վերաբերյալ), ուժի մեջ է քարտեզի վրա նշված ժամկետում: Այդպիսի քարտեզներում ներկայացված տեղեկատվությունը նշված է ԻԿԱO-ի հավելված 3-ի լրացում 8-ի 4.3 կետում:
Այն դեպքերում, երբ բարձրություններում քամու և ջերմաստիճանի մասին տեղեկությունները ներկայացվում են աղյուսակների տեսքով, դրանցում ներառված տվյալները պետք է համապատասխանեն թռիչքային մակարդակների համար նախատեսված բարձունքային քարտեզներում նշված բարձրություններին:
27. Ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների համար բաց տեքստով տրվող փաստաթղթերում պետք է ընդգրկվի հետևյալ տեղեկատվությունը`
1) ՍԻԳՄԵՏ (SIGMET) և ԱԻՐՄԵՏ (AIRMET) տեղեկատվություն.
2) ԳԱՄԵՏ (GAMET) գոտիական կանխատեսում:
28. Ծառայությունը թռիչքում գտնվող օդանավերի համար նախատեսված օդերևութաբանական տեղեկատվությունը տրամադրում է օդային երթևեկության սպասարկման մարմնին (կամ համապատասխան ստորաբաժանմանը), ինչպես նաև այն ներկայացնում է ՎՈԼՄԵՏ (VOLMET) ռադիոհեռարձակումներում:
Թռիչքում գտնվող օդանավերին տրամադրվող օդերևութաբանական տեղեկատվությունն օդային երթևեկության սպասարկման մարմիններին ներկայացվում է ԻԿԱO-ի հավելված 3-ի գլուխ 10-ի պահանջներին համապատասխան:
ՎՈԼՄԵՏ (VOLMET) ռադիոհեռարձակվող հաղորդումների օդերևութաբանական տեղեկատվությունը հաղորդվում է ԻԿԱO-ի հավելված 3-ի գլուխ 11-ին համապատասխան:
29. Թռիչքի պատրաստվող օդաչուական անձնակազմերին խորհրդատվության ժամանակ Ծառայությունը իրականացնում է հետևյալ վերջին տեղեկատվությունների ցուցադրումը (տրամադրումը).
1) ՄԵՏԱՐ (METAR) և ՍՊԵՍԻ (SPECI) ամփոփագրեր.
2) ՏԱՖ (TAF) և ՏՐԵՆԴ (TREND) կանխատեսումներ.
3) նախազգուշացումներ տեղի աերոդրոմում.
4) կանխատեսում վերասլացքի համար.
5) ՍԻԳՄԵՏ (SIGMET) և ԱԻՐՄԵՏ (AIRMET) տեղեկատվություններ.
6) ընթացիկ և կանխատեսումային քարտեզներ.
7) Երկրի օդերևութաբանական արբանյակներից ստացված լուսանկարներ.
8) օդերևութաբանական ռադարներից ստացված տեղեկատվություն:
30. Ծառայության և օդանավ շահագործողների փոխադարձ համաձայնությամբ ցուցադրումը կարող է օգտագործվել խորհրդատվության փոխարեն:
31. Թռիչքային փաստաթղթերին առնչվող պահանջները և չափանիշները ներկայացված են ԻԿԱO-ի հավելված 3-ի լրացում 8-ի 4-րդ կետում:
32. Օդային երթևեկության սպասարկման մարմինների հետ խորհրդակցելով` Ծառայությունը նրանց է տրամադրում անհրաժեշտ օդերևութաբանական վերջին տեղեկատվությունը:
Օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից հարցված օդերևութաբանական տեղեկատվությունը ներկայացվում է առավելագույն կարճ ժամանակահատվածում:
33. Ծառայությունը աերոդրոմային կարգավարական կետին տրամադրում է հետևյալ օդերևութաբանական տեղեկատվությունը`
1) տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրեր, ՄԵՏԱՐ (METAR) և ՍՊԵՍԻ (SPECI) ամփոփագրեր, ՏԱՖ (TAF) և ՏՐԵՆԴ (TREND) կանխատեսումներ` ճշտումներով հանդերձ, համապատասխան աերոդրոմում.
2) տեղեկատվություններ ՍԻԳՄԵՏ (SIGMET), ԱԻՐՄԵՏ (AIRMET), աերոդրոմային նախազգուշացումներ.
3) ցանկացած լրացուցիչ օդերևութաբանական տեղեկատվություն, որի վերաբերյալ նրանց միջև գոյություն ունի համաձայնագիր:
34. Ծառայությունը մոտեցման կարգավարին, ըստ անհրաժեշտության, տրամադրում է հետևյալ օդերևութաբանական տեղեկատվությունը`
1) տեղական կանոնավոր և հատուկ, ՄԵՏԱՐ (METAR) և ՍՊԵՍԻ (SPECI) տեղեկագրեր, այդ թվում` տվյալներ ընթացիկ մթնոլորտային ճմշման մասին, ՏԱՖ (TAF) և ՏՐԵՆԴ (TREND) կանխատեսումներ` ճշտումներով հանդերձ.
2) ՍԻԳՄԵՏ (SIGMET) և ԱԻՐՄԵՏ (AIRMET) տեղեկատվություններ, օդանավերից ստացվող հատուկ հաղորդագրություն և աերոդրոմային նախազգուշացումներ.
3) ցանկացած լրացուցիչ oդերևութաբանական տեղեկատվություն, որի վերաբերյալ նրանց միջև գոյության ունի համաձայնագիր:
35. Ծառայությունը, անհրաժեշտության դեպքում, թռիչքային տեղեկատվական կենտրոնին կամ շրջանային կարգավարական կենտրոնին տալիս է հետևյալ տեղեկատվությունը`
1) ՄԵՏԱՐ (METAR) և ՍՊԵՍԻ (SPECI) տեղեկագրեր, այդ թվում` աերոդրոմում մթնոլորտային ճնշման մասին ընթացիկ տվյալներ, ՏԱՖ (TAF) և ՏՐԵՆԴ (TREND) կանխատեսումներ` ճշտումներով հանդերձ, և պատասխանում է թռիչքային տեղեկատվական կենտրոնի կամ շրջանային կարգավարական կենտրոնի հարցումներին` ըստ տեղական համաձայնագրի.
2) քամու և օդի ջերմաստիճանի կանխատեսումներ բարձրություններում, եղանակային յուրահատուկ երևույթների կանխատեսումներ թռիչքի երթուղում` ճշտումներով հանդերձ, մասնավորապես` այնպիսի երևույթների, որոնք կարող են արգելք հանդիսանալ թռիչքների իրականացմանը վիզուալ թռիչքների կանոններով` ՍԻԳՄԵՏ (SIGMET) և ԱԻՐՄԵՏ (AIRMET) տեղեկատվություններ, թռիչքում գտնվող օդանավերից ստացվող հատուկ հաղորդագրություններ.
3) այլ օդերևութաբանական տեղեկատվություն` ըստ թռիչքային տեղեկատվության կենտրոնի կամ շրջանային կարգավարական կենտրոնի հարցումների.
4) դեպի մթնոլորտ ռադիոակտիվ նյութերի վթարային արտանետումների մասին ստացվող տեղեկատվություն` համաձայնեցված օդերևութաբանական և օդային երթևեկության սպասարկման լիազորված մարմինների միջև:
36. Ծառայությունը որոնողափրկարարական ծառայության մարմիններին օդերևութաբանական տեղեկատվությամբ ապահովում է նրանց միջև համաձայնագրի հիման վրա:
37. Որոնողափրկարարական աշխատանքները համակարգող կենտրոններին պետք է տրամադրվեն անհայտ կորած օդանավի գտնվելու վերջին վայրի և տվյալ օդանավի նշված երթուղու օդերևութաբանական պայմանների մասին տեղեկատվություն, որտեղ ընդգրկվում են.
1) եղանակային յուրահատուկ երևույթները թռիչքի երթուղում.
2) ամպերի քանակը, տեսակը (մասնավորապես` կույտաանձրևային), դրանց ստորին և վերին սահմանների բարձրությունը.
3) տեսանելիությունը և նրա վատթարացումն առաջացնող երևույթները.
4) գետնամերձ քամին և քամին բարձրություններում.
5) գետնի մակերևույթի վիճակը, մասնավորապես` ձյան ծածկույթի կամ ջրի առկայությունը:
38. Ըստ որոնողափրկարարական աշխատանքը համակարգող կենտրոնի հարցման, Ծառայությունը պետք է միջոցներ ձեռնարկի անհայտ կորած օդանավի անձնակազմին տրված թռիչքային փաստաթղթերի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար:
Որոնողափրկարարական գործողությունների իրականացմանն աջակցելու համար Ծառայությունը` հարցման դեպքում պետք է ներկայացնի.
1) լրիվ և մանրամասն տեղեկատվություն որոնման շրջանի ընթացիկ և կանխատեսվող օդերևութաբանական պայմանների մասին.
2) տեղեկատվություն թռիչքի երթուղու ընթացիկ և կանխատեսվող օդերևութաբանական պայմանների մասին, այդ թվում` այն թռիչքների երթուղիների, որոնցով որոնողական օդանավերը հեռանում են աերոդրոմից և վերադառնում աերոդրոմ:
39. Ծառայությունը ապահովում է օդերևութաբանական վերջին տեղեկատվության տրամադրումը աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությանը:
40. Աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությանը, անհրաժեշտության դեպքում, տրվում է հետևյալ տեղեկատվությունը.
1) տեղեկատվություն, որը նախատեսված է համապատասխան աերոնավիգացիոն ժողովածուի մեջ հրատարակելու համար.
2) տեղեկատվություն ՆOՏԱՄ (NOTAM) նախապատրաստելու համար, որը ներառում է`
ա. ավիացիոն օդերևութաբանական սպասարկումն սկսելու, դադարեցնելու և նշանակալից փոփոխությունների վերաբերյալ.
բ. մթնոլորտ ռադիոակտիվ նյութերի վթարային արտանետումների վերաբերյալ.
3) տեղեկատվություն, որն անհրաժեշտ է աերոնավիգացիոն տեղեկատվության շրջաբերականներ նախապատրաստելու համար` ներառելով մասնավորապես.
ա. ավիացիայի օդերևութաբանական սպասարկման հարցերում, կանոններում և դրանց մատուցման միջոցներում սպասվող կարևոր փոփոխությունները.
բ. օդանավերի թռիչքների իրականացման վրա օդերևութաբանական որոշակի երևույթների ազդեցությունը:
41. Աերոդրոմային կլիմատոլոգիական աղյուսակներում ներառվում է ԻԿԱO-ի Հավելված 3-ի լրացում 7- ի 3.1 կետում նշված տեղեկատվությունը:
Աերոդրոմային կլիմատոլոգիական հաղորդագրությունները ներառում են ԻԿԱO-ի հավելված 3-ի լրացում 7-ի 3.2 կետի պայմանները: