| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«15» փետրվարի 2012 թվականի
Պետական գրանցման համարը 2111225 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«31» հունվարի 2012թ. |
N 07-Ն |
ք. Ստեփանակերտ
ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՄԱՆ
ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի N 385-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 130-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի վարչության պետի 2012 թվականի
հունվարի 31-ի N 07 -Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՄԱՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՈՒղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը (այսուհետ` Կարգ) մշակվել է «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 385-Ն որոշման, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին կոնվենցիայի «Անվտանգություն» թիվ 17 հավելվածի դրույթների հիման վրա և նպատակ ունի կանոնակարգել քաղաքացիական ավիացիայի օդանավերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ուղեկցման ենթակա անձանց փոխադրման գործընթացը:
2. ՈՒղեկցման ենթակա անձինք են հանդիսանում.
1) ազգային անվտանգության, ոստիկանության կարգախմբով ուղեկցվող անձինք.
2) հաշմանդամները.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից վտարված անձինք կամ օտարերկրյա պետություններից վտարված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, կալանքի տակ գտնվող անձինք, հոգեկան խանգարում ունեցող անձինք:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց քաղաքացիական օդանավերով փոխադրման ընթացքում նրանց ուղեկցումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` Ազգային անվտանգության ծառայություն) կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) միջոցով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից վտարված անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետություններից վտարված և որպես ուղևոր քաղաքացիական օդանավերով փոխադրման ենթակա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ուղեկցումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի համապատասխան պատրաստածություն ունեցող աշխատակիցների միջոցով:
5. Հաշմանդամ ուղևորներ են համարվում անվասայլակների, պատգարակների միջոցով փոխադրվող ուղևորները, ինչպես նաև տեսողությունից և լսողությունից զուրկ ուղևորները և ուղեկցումն իրականացվում է հետևյալ կերպ.
1) այն ուղևորները, որոնք ինքնուրույն չեն կարողանում շարժվել, դեպի օդանավ են տարվում անվասայլակների կամ պատգարակների միջոցով: Նման ուղևորների թույլատրվում են փոխադրման միայն ուղեկցող անձի ներկայությամբ, որը թռիչքի ընթացքում պետք է ապահովի նրանց խնամքը.
2) չուղեկցվող հաշմանդամները, որոնք ինքնուրույն չեն շարժվում ընդունվում են փոխադրման միայն փոխադրողի համաձայնությամբ.
3) տեսողությունից զուրկ ուղևորները փոխադրվում են ուղեկցող անձանց ներկայության պայմաններում: Օդանավ շահագործողի համաձայնության դեպքում տեսողությունից զուրկ ուղևորները կարող են փոխադրվել նաև ուղեվար շան ուղեկցությամբ: Տեսողությունից զրկված ուղևորների փոխադրումը ուղեվար շան հետ կատարվում է հաշմանդամության և ուղեվար շան վարժեցման փաստաթղթերի առկայության դեպքում: ՈՒղեվար շունը պետք է ունենա վզնոց, դնչկալ և թռիչքի ընթացքում կապված լինի ուղևորի ոտքերի մոտ.
4) լսողությունից զուրկ ուղևորները փոխադրվում են ուղեկցողի առկայության դեպքում, ինչպես նաև փոխադրողի համաձայնությամբ` առանց ուղեկցողի:
6. Օդանավ շահագործողը նախապես տեղեկացնում է հաշմանդամ ուղևորներին օդանավակայաններում կիրառվող նախաթռիչքային ձևակերպումների, նման ուղևորների նկատմամբ սահմանված ավիացիոն անվտանգության պահանջների մասին:
Օդանավ շահագործողն իրավունք ունի չկատարել ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց փոխադրում, եթե գտնում է, որ այն կարող է սպառնալ օդանավի թռիչքի կամ ուղևորների անվտանգությանը:
7. Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ուղեկցումն իրականացվում է համապատասխան բժշկական կազմակերպությունների աշխատակիցների միջոցով:
ԳԼՈՒԽ 2
ՈՒՂԵԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից վտարված անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետություններից վտարված և ուղեկցման ենթակա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ուղեկցման աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են այն դեպքում, երբ օդանավ շահագործողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն (այսուհետ` Վարչություն) հայտ է ներկայացվում որոշակի չվերթով Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված անձանց ուղեկցման աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար:
9. Օդանավ շահագործող կազմակերպության կողմից Վարչություն ներկայացված հայտում նշվում է.
1) փոխադրող ավիաընկերության անվանումը.
2) չվերթի երթուղին, օրը, ժամը.
3) ուղեկցման ենթակա անձանց անունը, ազգանունը, ծննդյան թիվը, բնակության վայրը, քաղաքացիությունը, քանակը.
4) ուղեկցող անձանց քանակը:
10. Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը և բժշկական հաստատություններն ուղեկցման ենթակա անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն քաղաքացիական օդանավերով փոխադրման անհրաժեշտության դեպքում, նախատեսված փոխադրումից առնվազն երեք օր առաջ փոխադրման աշխատանքների կազմակերպման նպատակով հայտ են ներկայացնում տվյալ ուղղությամբ չվերթ իրականացնող օդանավ շահագործող ընկերությանը:
Հայտում նշվում է.
1) չվերթի երթուղին, օրը և ժամը.
2) ուղեկցման ենթակա անձանց քաղաքացիությունը և քանակը.
3) ուղեկցման ենթակա անձանց տվյալները` անունը, ազգանունը, անձնագրի համարը, ծննդյան թիվը, բնակության վայրը.
4) ուղեկցող անձանց անունը, ազգանունը և քանակը:
Oդանավ շահագործող կազմակերպությունը քաղաքացիական օդանավերով ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կազմակերպման վերաբերյալ ներկայացված հայտի մասին տեղեկատվություն է ներկայացնում Վարչություն:
11. Անհրաժեշտության դեպքում սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված անձանց ուղեկցման աշխատանքների ապահովման նպատակով ուղեկցող խմբի կազմում կարող են ներգրավվել նաև ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և քրեակատարողական վարչության աշխատակիցներ, այդ մասին նախապես գրավոր տեղեկացնելով պետական կառավարման համապատասխան մարմինների ղեկավարությանը:
12. Անկախ վտարված և ուղեկցման ենթակա անձանց վտանգավորության աստիճանից` մեկ վտարված և ուղեկցման ենթակա անձին պետք է ուղեկցեն ուղեկցման խմբի երկու անդամ:
ԳԼՈՒԽ 3. ՈՒՂԵԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից վտարված անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետություններից վտարված և քաղաքացիական օդանավերով դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ուղեկցման ենթակա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ուղեկցման աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է Վարչության պետը կամ Վարչության պետի տեղակալը, որը որոշում է կայացնում ուղեկցող խմբի անդամների կազմի վերաբերյալ` հիմք ընդունելով վտարման ենթակա ուղևորների ընդհանուր քանակը, քաղաքացիությունը, վտանգավորության աստիճանը, թռիչքի երթուղու վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, ուղեկցող խմբի անդամների օտար լեզուների իմացության աստիճանը:
14. ՈՒղեկցող խմբի կազմը և նրանց թռիչքային փաստաթղթերի ձևակերպման (ավիատոմսերի ձևակերպում կամ օդանավի անձնակազմի թռիչքային պլանում ներառում) աշխատանքներն իրականացվում են Վարչության պետի հրամանի համաձայն:
15. ՈՒղեկցող խմբի անդամները մինչ ուղեկցման աշխատանքներին ձեռնամուխ լինելը իրավասու անձի կողմից հրահանգավորում են ուղեկցման աշխատանքների կազմակերպման ու իրականացման, ինչպես նաև թռիչքի ընթացքում անվտանգության ապահովման միջոցառումների վերաբերյալ:
16. ՈՒղեկցման ենթակա անձանց հավաքումը և խմբավորումն ըստ թռիչքի նշանակության վայրի, պետք է իրականացվի օդանավի թռիչքից 3,5 ժամ առաջ օդանավակայանի մեկնման սրահում:
17. ՈՒղեկցման ենթակա անձինք և ուղեկցող խմբի անդամներն օդանավակայանում հաշվառման և ձևակերպման են ներկայանում համատեղ, նախքան տվյալ չվերթի ուղևորների հաշվառումն սկսելը:
18. Հաշվառումից հետո ուղեկցվող անձանց փաստաթղթերը, նստեցման կտրոնը, հաշվառված և ձևակերպված ուղեբեռի կտրոնները հանձնվում են ուղեկցող խմբի ավագին:
19. ՈՒղեկցման ենթակա անձանց և ուղեկցող խմբի անդամները անցնում են մեկնող (ժամանող) ուղևորների համար նախատեսված մաքսային, սահմանային, ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերը, ընդ որում այդ ընթացակարգերը նրանք անցնում են տվյալ չվերթի ուղևորների սպասարկումներից առաջ և նստեցվում են օդանավ մինչև տվյալ չվերթի այլ ուղևորների նստեցումը, իսկ ժամանման օդանավակայանում նրանց իջեցումը իրականացվում է բոլոր ուղևորների օդանավից իջեցումից հետո:
20. Չվերթի մեկնումից երկու ժամ առաջ օդանավակայանում ուղեկցման ենթակա անձանց փոխադրող ավիաընկերության ներկայացուցիչը տվյալ չվերթով մեկնող օդանավում ուղեկցող խմբի և ուղեկցման ենթակա անձանց առկայության մասին հեռագրով տեղեկացնում է ժամանման օդանավակայանի համապատասխան ծառայություններին, նրանց դիմավորումը կազմակերպելու նպատակով:
21. Հաղորդագրության մեջ պետք է նշվեն ուղեկցման ենթակա անձանց թիվը, անունը, ազգանունը, վտարման երկիրը, երթուղին, նշանակման վայրը, ինչպես նաև ուղեկցող խմբի անդամների թիվը և անուններն ու ազգանունները:
22. Մինչև օդանավի նստեցումը, ուղեկցող խմբի ավագն իրազեկում է օդանավի հրամանատարին տվյալ չվերթով ուղեկցման ենթակա անձանց, ինչպես նաև ուղեկցող խմբի անդամների մոտ զենքի կամ անձի ազատությունը սահմանափակող միջոցների առկայության և ուղեկցվող անձանց ու ուղեկցող խմբի անդամների նստատեղերի մասին:
Թռիչքի ընթացքում, ուղեկցող խմբի ողջ անձնակազմը ենթարկվում է օդանավի հրամանատարին և կատարում է նրա կողմից տրված հրահանգները:
23. ՈՒղեկցման ենթակա անձանց և ուղեկցող խմբի անդամների նստատեղերը պետք է գտնվեն օդանավի վերջնամասում: Օդանավի միջանցքի մեկ կողմի նվազագույնը երկու նստատեղ ունեցող շարքերում ուղեկցող խմբի անդամը պետք է զբաղեցնի ուղեկցման ենթակա անձի նստատեղի և օդանավի միջանցքի միջև գտնվող նստատեղը:
24. Թռիչքի ընթացքում ուղեկցող խմբի անդամի կողմից իր նստատեղը լքելու դեպքում ուղեկցող խմբի անդամի բացակայության ողջ ընթացքում, նախնական համաձայնությամբ, նրան պետք է փոխարինի օդանավի բորտուղեկցորդներից մեկը:
25. Օդանավի թռիչքի և ուղևորների անվտանգության ապահովման համար ուղեկցող խմբի անդամները հսկողություն են իրականացնում ուղեկցման ենթակա անձանց նկատմամբ թռիչքի ամբողջ ընթացքում:
26. Թռիչքի ընթացքում, ուղեկցման ենթակա անձանց կողմից կատարված վարքագծի կանոնների խախտումների կամ օդանավի թռիչքի անվտանգությանը սպառնացող գործողությունների դեպքերը կանխվում են ուղեկցող խմբի անդամների կողմից, իսկ այլ ուղևորների կողմից կատարված վարքագծի կանոնների խախտումների կամ օդանավի թռիչքի անվտանգությանը սպառնացող գործողությունների դեպքերը ուղեկցող խմբի անդամների կողմից կարող են կանխվել` օդանավի հրամանատարի կողմից համապատասխան կարգադրություն տալուց հետո:
27. Թռիչքի ավարտից հետո ուղեկցող խմբի ավագը վտարված անձանց փաստաթղթերը հանձնում է փոխադրող ավիաընկերության ներկայացուցչին և նրա հետ միասին վտարված անձանց ուղեկցում է մինչև պետական սահմանային հսկողության անցակետ` ներկայացնելով նրանց սահմանային հսկողության, որից հետո ուղեկցման աշխատանքները համարվում են ավարտված:
28. ՈՒղեկցման աշխատանքների վերաբերյալ խմբի ավագը զեկուցագիր է ներկայացնում Վարչության պետին:
29. Վտարված, սակայն չուղեկցվող անձանց փաստաթղթերը մեկնման օդանավակայանում հանձնվում են օդանավի անձնակազմի հրամանատարին, որը վայրէջքի օդանավակայանում դրանք հանձնում է տվյալ օդանավակայանում ավիաընկերության ներկայացուցչին` սահմանային հսկողության ծառայություն ներկայացնելու համար:
30. Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ուղեկցումն իրականացվում է կարգի 12-րդ կետով սահմանված հայտի ներկայացումից հետո: Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ուղեկցումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ նման մեկ անձին ուղեկցում են համապատասխան մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածություն ունեցող երկու բժիշկ-հոգեբույժներ:
Եթե հոգեկան խանգարումներ ունեցող անձին անհրաժեշտ է մինչև թռիչքը ներարկել հանգստացնող միջոցներ, ապա այդ դեպքում պետք է հաշվի առնել օդանավի թռիչքի յուրաքանչյուր հատվածի տևողությունը և ներարկում կատարել թռիչքի սահմանված ժամանակահատվածի հաշվարկով:
31. Օդանավ շահագործողը, ելնելով օդանավի թռիչքի անվտանգության ապահովման առաջնահերթությունից, իրավունք ունի հրաժարվելու փոխադրման ընդունել հոգեկան խանգարում ունեցող անձանց:
ԳԼՈՒԽ 4
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ
ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
32. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց փոխադրում կարող է կազմակերպվել և իրականացվել Կարգի 12-րդ կետով սահմանված հայտի ներկայացումից հետո:
33. Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց փոխադրում չի թույլատրվում, եթե նման մեկ անձին ուղեկցող ազգային անվտանգության ծառայության, ոստիկանական կամ քրեակատարողական վարչության աշխատակիցների քանակը պակաս է երկուսից:
34. Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց և նրանց ուղեկցող խմբի անդամների հաշվառումը, իրերի ձևակերպումը, օդանավակայաններում մաքսային, սահմանային և ավիացիոն անվտանգության հսկողություններն իրականացվում են սույն կարգի 16, 17, 18 և 19 կետերով սահմանված կարգով:
35. Զինված ուղեկցում իրականացնող անձինք հաշվառման ժամանակ պետք է տեղեկացնեն օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցներին իրենց մոտ զենքի առկայության մասին, մաքսային և ավիացիոն անվտանգության հսկողությունների ընթացակարգեր անցնելիս ներկայացնեն գործուղման թերթիկը, զենք կրելու թույլտվությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից այն դուրս տանելու թույլտվությունը, օդանավ շահագործողի ներկայացուցիչների կողմից ծանոթանան քաղաքացիական օդանավով զինված ուղեկցում իրականացնելու պայմաններին և ստորագրեն համապատասխան հրահանգի ծանոթացման թերթիկում:
36. Օդանավի հրամանատարը և անձնակազմի անդամները պետք է տեղեկացվեն օդանավում զինված անձանց առկայության, նրանց թվի և նստատեղերի մասին: Այն դեպքերում, երբ զինված ուղեկցում իրականացնող անձինք տարանցիկ չվերթով են մեկնում կամ մեկ օդանավից փոխադրվում են մեկ այլ օդանավ, ապա օդանավի հրամանատարը կամ շահագործողը այդ մասին տեղեկացնում են այդ oդանավ շահագործողին:
37. Օդանավի հրամանատարը պետք է զգուշացնի զինված ուղեկցում իրականացնող անձանց չմիջամտել օդանավի թռիչքի ընթացքում օդանավում տեղի ունեցող անկարգություններին, եթե միջամտելու խնդրանքով ինքը նրանց չի դիմել:
38. Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց ուղեկցող խմբի անդամները պետք է ապահովված լինեն հատուկ միջոցներով:
39. Թռիչքի ավարտից հետո ուղեկցման խմբի ավագը ձերբակալված, կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց ուղեկցում է մինչև նշանակման վայր:
ԳԼՈՒԽ 5
ՈՒՂԵԿՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
40. Կարգի 2-րդ կետով սահմանված ուղեկցման ենթակա անձինք թռիչքի ընթացքում պետք է մշտապես գտնվեն ուղեկցող խմբի անդամների հսկողության ներքո, նրանք պետք է մշտապես ուղեկցվեն ուղեկցման խմբի անդամների կողմից, այդ թվում նաև` զուգարանից օգտվելու դեպքերում:
41. ՈՒղեկցվող անձանց և ուղեկցող խմբի անդամներին թռիչքի ընթացքում ոգելից խմիչքների և սննդի ընդունման համար նախատեսված մետաղական պարագաների մատուցումը չի թույլատրվում: