Համարը 
թիվ 57/Մ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.08/18(90)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
25.04.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
25.04.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«05» մայիսի 2008թ.

Պետական գրանցման թիվ 880 

 

ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«25» ապրիլի 2008թ.

§ 1                                                             թիվ 57/Մ

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ՝

 

1. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման կարգը»՝ համաձայն հավելվածի /կցվում է/:

2. Ընդհանուր բաժնին՝ սահմանված կարգով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման կարգը» ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ս.Ասրյանին:

 

 

ՆԱԽԱՐԱՐ

 Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Հավելված

Հաստատված է ԼՂՀ կրթության և գիտության

նախարարի 2008թ. ապրիլի 25-ի

թիվ 57/Մ §1 հրամանի

 

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցմամբ կրթության կազմակերպման պայմանները: Այն մշակվել է ղեկավարվելով «Կրթության մասին» ԼՂՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հեռակա ուսուցման բովանդակությունը որոշվում է ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված բարձրագույն կրթության պետական կրթական չափորոշիչներով:

2. Հեռակա ուսուցման հիմնական նպատակներն են`

ա/ հիմնական աշխատանքից չկտրված և առկա ուսուցմամբ կրթություն ստանալու հնարավորություն չունեցող անձանց կրթական պահանջմունքների բավարարումը,

բ/ կրթական ծառայությունների մատուցման ոլորտի ընդլայնումը հանրապետության հեռավոր շրջաններում և արտասահմանում բնակվող անձանց համար,

գ/ ուսումնական հաստատություններում օգտագործվող կրթական տեխնոլոգիաների ընդլայնումը և կատարելագործումը:

 

II. Հեռակա ուսուցմամբ սովորողների ընդունելությունը

 

3. ԼՂՀ բուհերում հեռակա ուսուցումը վճարովի է, բացառությամբ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով նախատեսված արտոնություններից օգտվող ուսանողների:

4. Հեռակա ուսուցմամբ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու իրավունք ունեն բարձրագույն, միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցող քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:

5. Հեռակա ուսուցման ընդունելության կանոնները և ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների հաստատում է ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը:

6. Ընդունելության ժամանակ դիմորդներին տրվող արտոնությունները սահմանվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգով և հեռակա ուսուցման ընդունելության կանոններով:

7. Մրցույթով անցած դիմորդները պայմանագիր են կնքում բուհի հետ:

 

III. Հեռակա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպումը

 

8. Հեռակա ուսուցմամբ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի յուրացման նորմատիվային ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր մասնագիտության` համապատասխան որակավորման աստիճանի պետական կրթական չափորոշիչներով (ըստ կրթական ծրագրերի` առկա ուսուցման նորմատիվային ժամկետից կեսից մինչև 1 տարով ավելի):

9. Հեռակա ուսուցմամբ ուսումնական գործընթացը կազմակերպվում է համաձայն ուսումնական պլանի և ուսումնական գործընթացի ժամանակացույցի:

10. Ուսումնական պլանը կազմվում է առկա ուսուցման օրինակելի ուսումնական պլանի հիման վրա` պահպանելով հետևյալ պայմանը` առկա ուսուցման ծավալը յուրաքանչյուր տարում ոչ պակաս 160 ժամից:

11. Ուսումնական գործընթացի ժամանակացույցը (աշխատանքային պլան) կազմվում է յուրաքանչյուր կիսամյակի կամ ուստարվա համար` ուսումնական պլանի հիման վրա: Ժամանակացույցում նշվում են ուսումնասիրվող առարկաները (դասընթացները), յուրաքանչյուր առարկային հատկացված լսարանային ժամաքանակը և ստուգման ձևը:

12. Ուսումնական պլանը և ուսումնական գործընթացի ժամանակացույցը կազմվում են բուհերի ուսումնամեթոդական ստորաբաժանումների կողմից` համապատասխան ֆակուլտետների հետ համատեղ և հաստատվում ռեկտորի (ուսումնական գծով պրոռեկտորի) կողմից:

13. Դասընթացներն անցկացվում են բուհի կողմից սահմանված ժամանակացույցով՝ մինչև հինգ շաբաթ ընդհանուր տևողությամբ: Դասընթացներն ավարտվում են քննաշրջաններով, որոնք լինում են`

ա/ ուսումնաքննական (կիսամյակային կամ տարեկան), որի ընթացքում կատարվում են գործնական, լաբորատոր և կուրսային աշխատանքներ (նախագծեր), ամփոփիչ դասընթացներ` ուսանողների ինքնուրույն աշխատանքի ընթացքում ստացած գիտելիքների համակարգման, ընդլայնման և խորացման նպատակով, անցկացվում են քննություններ, ստուգարքներ, պրակտիկաներ (եթե դրանք նախատեսված են ուսումնական պլանով), ինչպես նաև դրույթային դասախոսություններ և այլ դասընթացներ,

բ/ ամփոփիչ ատեստավորման, որի ընթացքում ուսանողները հանձնում են քննություններ, պաշտպանում ավարտական թեզեր:

Յուրաքանչյուր կիսամյակից առաջ ուսանողներին սահմանված ձևով տեղեկացվում է պարապմունքների սկսման մասին:

Քննաշրջանների պարապմունքներն անցկացվում են ուսումնական գործընթացի ժամանակացույցի հիման վրա կազմված դասացուցակներով:

14. Հեռակայող ուսանողի ինքնուրույն աշխատանքի հիմնական մասը գրավոր աշխատանքների կատարումն է: Գրավոր աշխատանքները, համաձայն ուսումնական պլանի, նախատեսվում է յուրաքանչյուր կիսամյակի համար: Յուրաքանչյուր ուսանողի տրվում է անհատական ժամանակացույց, որում նշվում են առարկաների (դասընթացների) անվանումները, գրավոր և կուրսային աշխատանքների (նախագծերի) քանակը, դրանց ներկայացման ժամկետները, միջանկյալ և ամփոփիչ ստուգման ձևերը: Անհատական ժամանակացույցում նշվում է նաև հաջորդ կիսամյակի անցկացման ժամկետները և բուհի համապատասխան ստորաբաժանումների (դեկանատ, ամբիոններ) հեռախոսահամարները: Սահմանված ժամկետներում գրավոր աշխատանքները չներկայացրած ուսանողները դրանք ներկայացնում են կիսամյակի առաջին օրը:

Բոլոր գրավոր աշխատանքները բուհի համապատասխան ամբիոններում ենթարկվում են գրախոսման և նախնական գնահատման: Վերջնական գնահատականը դրվում է գրավոր աշխատանքի բովանդակության վերաբերյալ ուսանողի հետ դասախոսի կողմից անցկացվող հարցազրույցից հետո:

Կուրսային աշխատանքների (նախագծերի) նախնական ստուգումից հետո կատարվում են հետևյալ նշումները` «Թույլատրվում է պաշտպանության» կամ «Չի թույլատրվում պաշտպանության»: Պաշտպանությունը անցկացվում է համապատասխան ամբիոններում` սահմանված կարգով:

Բացասական գրախոսված գրավոր և կուրսային աշխատանքները, որպես կանոն, վերադարձվում են լրամշակման և կրկնակի ներկայացման:

15. Գիտելիքների ստուգման և գնահատման ձևերն ու մեթոդները (միջանկյալ, ամփոփիչ քննություններ, ստուգարքներ), հաճախականությունը, ինչպես նաև դրանց կազմակերպման ու անցկացման կարգը սահմանում է բուհը:

16. Քննաշրջանին մասնակցել թույլատրվում են այն ուսանողները, ովքեր հանձնել են տվյալ կիսամյակում կամ ուստարում ուսումնական պլանով նախատեսված դասընթացների բոլոր բաղկացուցիչները:

17. Նույն առարկայից երեք անգամ անբավարար գնահատական ստանալու կամ նույն քննաշրջանում երեք առարկաներից (ստուգարք և քննություն) անբավարար գնահատական ստանալու դեպքում ուսանողը հեռացվում է բուհից:

IV. Ուսումնական գործընթացի մեթոդական ապահովումը

18. Ուսանողների համար ուսումնական գործընթացի մեթոդական ապահովումը ներառում է`

ա/ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ծրագրերը,

բ/ ուսումնական ձեռնարկներ և հեռակայողների համար ստեղծված դասախոսությունների տեքստեր,

գ/ կիսամյակների միջև ընկած ժամանակահատվածում ինքնուրույն աշխատանքների կազմակերպման համար մեթոդական ցուցումներ,

դ/ գրավոր աշխատանքների թեմաներ, առաջադրանքներ, թեստեր,

ե/ ամփոփիչ ստուգումների հարցաշարեր,

զ/ ամբիոնների կողմից մշակված տեսալսողական նյութեր և էլեկտրոնային տեսքով ստեղծված մեթոդական այլ նյութեր:

19. Յուրաքանչյուր կիսամյակից հետո բուհը պարտավոր է բոլոր ուսանողներին ապահովելու հաջորդ կիսամյակի համար անհրաժեշտ ուսումնամեթոդական փաստաթղթերով և համապատասխան նյութերով:

 

V. Պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպումը

 

20. Ամփոփիչ ատեստավորման թույլատրվում են այն անձինք, ովքեր ավարտել են հիմնական մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման լրիվ կուրսը և հաջողությամբ հանձնել ուսումնական պլանով նախատեսված բոլոր քննություններն ու ստուգարքները:

21. Ուսանողները ամփոփիչ ատեստավորման թույլատրվում են բուհի ռեկտորի հրամանով` համապատասխան ֆակուլտետների (դեկանների) ներկայացրած տվյալների հիման վրա:

22. Ամփոփիչ ատեստավորումը կազմակերպվում և անցկացվում է ատեստավորող հանձնաժողովի կողմից` ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգով:

23. Ամփոփիչ ատեստավորումը հաջողությամբ անցած շրջանավարտներին տրվում է սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և համապատասխան ներդիր:

24. Ամփոփիչ ատեստավորումը չանցած կամ ուսումը ընդհատած ուսանողներին, իրենց ցանկությամբ, տրվում է սահմանված ձևի ակադեմիական տեղեկանք: