| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից «29» հունիսի 2012թ.
Պետական գրանցման համարը 30212103 |
LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«13» հունիսի 2012թ. |
N 131-Ն |
ք. Ստեփանակերտ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ
ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությանն համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Սահմանել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ կապված քաղաքացիական ծառայության գործընթացների առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված առանձնահատկությունները տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սահմանված ցանկում ընդգրկված պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնների հետ կապված հարաբերությունների վրա:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
քաղաքացիական ծառայության խորհրդի
2012 թվականի հունիսի 13-ի N 131-Ն որոշման |
Ա Ռ Ա Ն Ձ Ն Ա Հ Ա Տ Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ
ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ
1. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ կապված քաղաքացիական ծառայության գործընթացների առանձնահատկությունները հետևյալն են.
1) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ (այսուհետ՝ մրցույթ) և այդ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորում (այսուհետ՝ ատեստավորում) անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների (այսուհետ՝ մրցութային և ատեստավորման հանձնաժողովներ) կազմում գիտական և հասարակական հաստատությունների ներկայացուցիչների փոխարեն, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդգրկվում են ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչները.
2) մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչների թեկնածուների ցուցակը, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ներկայացնում է ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմինը.
3) մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անդամներ պետք է լինեն պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություն ունեցող անձինք.
4) մրցույթին մասնակցելու համար քաղաքացին, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ներկայացնի նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու համապատասխան ձևի ձևակերպված թույլտվության մասին տեղեկանք՝ այն մարմնից, որտեղ նա աշխատում (աշխատել) է.
5) հույժ գաղտնի տեղեկությունների հետ առնչվելու համար պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ամրագրվի, որ տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողը պետք է ունենա պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված առնվազն երեք տարվա թույլտվություն.
6) գաղտնի տեղեկությունների հետ առնչվելու համար պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ամրագրվի, որ տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողը պետք է ունենա ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված առնվազն երեք տարվա թույլտվություն.
7) մրցույթի մասնագիտական թեստերի 50 տոկոսից առնվազն 25 տոկոսը և ատեստավորման մասնագիտական թեստերի 70 տոկոսից առնվազն 35 տոկոսը պետք է լինեն պետական և ծառայողական գաղտնիքին վերաբերող օրենսդրության հարցեր.
8) մրցույթի և ատեստավորման պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող մասնագիտական թեստերի հարցերը «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված մարմինը (այսուհետ՝ համապատասխան մարմին) կազմում է ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ.
9) մրցույթի և ատեստավորման հարցերի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող պատասխանները, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, գնահատում են մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչները.
10) մրցույթի և ատեստավորման հարցազրույցի փուլի արձանագրության ու ձայնագրության տեղեկությունները ենթակա չեն հրապարակման.
11) մրցույթին և ատեստավորմանը մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, դիտորդների ու հասարակական միավորումների ներկայացուցիչների մասնակցությունը չի թույլատրվում.
12) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, իսկ նման ստորաբաժանման բացակայության դեպքում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասով պատասխանատու քաղաքացիական ծառայողի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ամրագրվի, որ տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողը պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասով ենթակա և հաշվետու է համապատասխան մարմնի ղեկավարին.
13) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստման մասնագիտական ծրագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդգրկվում են նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող թեմաներ, որոնց մասով ծրագիրը կազմվում է ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ.
14) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստումը, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես կանոն պետք է անցկացվի ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնում.
15) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի հետ կապված ծառայողական քննությունը, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է անցկացվի աշխատանքային խմբի կազմով՝ ընդգրկելով նաև ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներին՝ տվյալ մարմնի լիազորությունների շրջանակում ծառայողական քննությանը մասնակցելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոններ ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություններ չունենալը հիմք է նրանց հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագրերը լուծելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո համապատասխան մարմինը պարտավոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների սույն առանձնահատկությունների 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություններ ունենալը:
4. Սույն առանձնահատկությունների 3-րդ կետով նախատեսված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություն չստանալը, ինչպես նաև սույն առանձնահատկությունների 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվությունների բացակայությունը հիմք են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններից ազատելու համար: