Համարը 
N 134Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.02.01/02(80)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
25.12.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«9» հունվարի 2013թ.

պետական գրանցման համարը 3031308

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» դեկտեմբերի 2012 թվականի

N 134Ն

ք. Ստեփանակերտ

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ կետերին, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին, 2-րդ կետի «ը», «ժէ» ենթակետերին և 6‑րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման սակագների և պայմանների հրապարակման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ 

 

 

 

Հավելված

Սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

հանրային ծառայությունները և տնտեսական

մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 134Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

Սույն կարգը սահմանում է տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ (այսուհետ` ծառայություններ) մատուցող անձանց (այսուհետ` ծառայություններ մատուցողներ) կողմից հրապարակային պայմանագրերի հիման վրա բաժանորդներին մատուցվող ծառայությունների սակագների և մատուցման պայմանների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պայմանները և ընթացակարգը:

Սույն կարգը չի տարածվում հանրային ինտերնետ հասանելիության կետերում (ինտերնետ ակումբ, կենտրոն, կրպակ և այլն) տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ:

1. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ապահովել իրենց կողմից բաժանորդներին առաջարկվող ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը:

2. Եթե ծառայություններ մատուցողները կնքում են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնցով նախատեսված են ծառայությունների մատուցման այլ սակագներ և պայմաններ, քան սույն կարգին համապատասխան հրապարակած տեղեկատվությամբ, ապա ծառայություններ մատուցողները պարտավոր են սույն կարգի պայմաններին և ընթացակարգին համապատասխան հրապարակել այդ տեղեկատվությունը` որպես հրապարակային պայմանագրի սակագներ և պայմաններ:

3. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակել.

1) իրենց հաճախորդների սպասարկման գործառնական գրասենյակներում,

2) իրենց ինտերնետային կայքերում:

4. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը իրենց հաճախորդների սպասարկման գործառնական գրասենյակներում և ինտերնետային կայքերում հրապարակելիս ապահովել հետևյալ նվազագույն պահանջների կատարումը.

1) ծառայությունների մատուցման սակագները և պայմանները պետք է ամբողջապես հասանելի լինեն հանրությանը` բացառելով դրանց ներկայացման նկատմամբ որևէ խտրական կամ հայեցողական մոտեցում,

2) ծառայությունների մատուցման սակագները և պայմանները ըստ առանձին աշխարհագրական տարածքների, ժամանակային հատվածների կամ հաճախորդների խմբերի տարբերակման պարագայում` ներկայացվող տարբերակված սակագները և մատուցման պայմանները պետք է լինեն հստակ տարանջատված և չապակողմնորոշեն հանրությանը,

3) ծառայությունների մատուցման հրապարակվող պայմանները (տվյալների հոսքի արագություն, տվյալների ծավալ, այլ պայմաններ) պետք է համապատասխանեն հաճախորդներին ծառայությունների մատուցման փաստացի պայմաններին` ըստ անհրաժեշտության նախատեսելով վերջինիս շեղման ողջամիտ սահմաններ, և պետք է արտահայտեն ծառայություն մատուցողի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ միացման արագությունը (Մբիթ/վ)` ներկայացված ըստ տվյալների ստացման և հաղորդման արագությունների, եթե միացումը ասիմետրիկ է` բացառությամբ շարժական կապի ծառայությունների,

4) ծառայությունների սակագները ըստ հատկացվող տվյալների հոսքի արագության միջակայքը սահմանելիս հստակ պետք է ամրագրվեն նշված միջակայքի վերին և ստորին սահմանները, տեղեկատվության միավորի (Մբայթ) ստացման և հաղորդման սակագինը (եթե դա կիրառվում է)` բացառությամբ շարժական կապի ծառայությունների: Շարժական կապի օպերատորները բաժանորդներին առաջադրվող տվյալների հոսքի արագության միջակայքը սահմանելիս պետք է հաշվի առնեն արագության վրա ազդող գործոնները և ներկայացնեն այն ակնկալվող միջակայքը, որը հիմնականում հասանելի է բաժանորդին: Շարժական կապի օպերատորները պարտավոր են նաև ներկայացնել պարզաբանում տվյալների հոսքի արագության վրա ազդող գործոնների և դրանցով պայմանավորված արագության հնարավոր փոփոխման վերաբերյալ,

5) ծառայությունների որակի սահմանափակման որևէ քաղաքականություն պետք է ներկայացվի հրապարակավ` նշելով որակի սահմանափակման եղանակը և քանակական չափանիշները,

6) ծառայություններ մատուցողները գործունեության ընթացքում պարտավոր են ոչ խտրական մոտեցում ցուցաբերել իրենց ցանցերում օգտագործվող արձանագրությունների նկատմամբ՝ չտալով առավելություն որևէ արձանագրության օգտագործման հնարավորությանը, եթե հրապարակային պայմանագրով կամ ծառայությունների մատուցման պայմաններով այլ բան նախատեսված չէ:

5. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ներկայացնել կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե, որոնց միջոցով հաճախորդները կարող են դիմել և ստանալ մանրամասն տեղեկատվություն ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ:

6. Ծառայությունների մատուցման պայմանները պետք է պարունակեն հաճախորդների սպասարկման որակի վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկությունները.

1) միացման կամ ակտիվացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը,

2) ծառայությունների որակի վերաբերյալ հաճախորդների բողոքներին արձագանքման ժամանակահատվածը,

3) հաճախորդից անկախ տեխնիկական պատճառներով ծառայությունների որակի անկման կամ ծառայությունների ընդհատման դեպքում` պատշաճ որակի կամ ընդհատված ծառայությունների վերականգնման համար անհրաժեշտ ժամանակահատվածը,

4) հաճախորդների սպասարկման և հաճախորդների բողոքներին արձագանքման հարցերով կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե:

 

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ`

Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ