ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի
հոկտեմբերի 30-ին
ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է Արցախի Հանրապետության գանձապետական համակարգը (այսուհետ՝ գանձապետարան), կարգավորում է գանձապետարանի գործունեության հետ կապված հարաբերությունները:
(1-ին հոդվածը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
Սույն օրենքի նպատակն է գանձապետարանի գործունեության հետ կապված հարաբերությունների կարգավորման միջոցով ապահովել Արցախի Հանրապետության և համայնքների ֆինանսական ակտիվների և պարտավորությունների արդյունավետ կառավարման համակարգի առկայությունը:
(2-րդ հոդվածը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
1. Գանձապետարանը ներառում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կենտրոնական գանձապետարանը և լիազոր մարմնի տեղական գանձապետական բաժինները (այսուհետ՝ գանձապետարանի ստորաբաժանումներ):
2. Գանձապետարանը լիազոր մարմնի աշխատակազմի՝ սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացման կազմակերպումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների ամբողջությունն է, որը ղեկավարվում է լիազոր մարմնի ղեկավարի տեղակալի (այսուհետ՝ գլխավոր գանձապետ) կողմից:
3. Գանձապետարանի ստորաբաժանումների թվաքանակն ու տեղաբաշխումը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
4. Գանձապետարանի ստորաբաժանումներն ունեն Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք և իրենց անվանումով ձևաթղթեր:
5. Սույն օրենքով նախատեսված խնդիրների իրագործման ժամանակ գանձապետարանը հանդես է գալիս լիազոր մարմնի անունից:
(3-րդ հոդվածը խմբ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
|
Հոդված 4. |
Գանձապետարանի իրավասությունը |
Սույն օրենքով իր առջև դրված խնդիրներն իրագործելու նպատակով գանձապետարանն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:
(4-րդ հոդվածը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
|
Հոդված 5. |
Գանձապետարանի խնդիրները |
Գանձապետարանի խնդիրներն են՝
ա) Արցախի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման կազմակերպումը.
բ) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը.
գ) Արցախի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվային կարգավորման մեթոդական ապահովման կազմակերպումը.
դ) Արցախի Հանրապետության և համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի՝ լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը.
ե) պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունների նորմատիվային կարգավորման և բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառման նորմերի սահմանման ապահովումը.
զ) պետական և համայնքների բյուջեների կատարման ընթացքում պետական հիմնարկների կողմից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը.
է) Արցախի Հանրապետության և համայնքների ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը.
ը) պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառնությունների հաշվառումը.
թ) Արցախի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների, արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ֆինանսական հաշվետվությունների ստացումը, դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատության գնահատումը, ամփոփումը և ներկայացումը.
ժ) Արցախի Հանրապետության պետական պարտքի կառավարման կազմակերպումը.
ժա) (կետն ուժը կորցրել է 31.10.2018 ՀՕ-47-Ն)
ժբ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումն ու հսկումը (մոնիտորինգ).
ժգ) Արցախի Հանրապետության նկատմամբ առաջացած՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների սպասարկումը.
ժդ) սույն օրենքից բխող այլ գործառույթների իրականացումը:
(5-րդ հոդվածը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
|
Հոդված 6. |
Գլխավոր գանձապետը |
1. Գլխավոր գանձապետն ի պաշտոնե լիազոր մարմնի ղեկավարի տեղակալն է:
2. Գանձապետարանի` սույն օրենքով նախատեսված խնդիրներն իրագործելու նպատակով գլխավոր գանձապետն իրականացնում է իրեն վերապահված լիազորություններ, այդ թվում՝ կազմակերպում և ղեկավարում է գանձապետարանի աշխատանքները:
|
Հոդված 7. |
Գանձապետարանի աշխատակիցները |
1. Գանձապետարանի աշխատակիցներ են համարվում գանձապետարանի ստորաբաժանումների Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված հաստիքացուցակներում ներառված պաշտոնները զբաղեցնող անձինք:
2. (մասն ուժը կորցրել է 31.10.2018 ՀՕ-47-Ն)
(7-րդ հոդվածը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
|
Հոդված 8. |
Գանձապետարանի խնդիրների իրականացման ընթացքում այլ մարմինների հետ առաջացող հարաբերությունների կարգավորումը |
1. Գանձապետարանի խնդիրների իրականացման ընթացքում այլ մարմինների հետ առաջացող հարաբերությունների կարգավորման նպատակով բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման հոդվածներով նախատեսված հանրապետական և տարածքային կառավարման պետական յուրաքանչյուր մարմնում (այսուհետ՝ պետական մարմին) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է գլխավոր ֆինանսիստ:
2. Գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է պետական մարմնի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է պետական մարմնի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
3. Գլխավոր ֆինանսիստի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պետական մարմնի ղեկավարի հրամանով նրան փոխարինում է այլ պաշտոնյա:
4. Պետական մարմնի և համակարգի հիմնարկների (այսուհետ` պետական հիմնարկներ) ֆինանսական և հաշվապահական ծառայությունների կառուցվածքը և խնդիրները սահմանվում են լիազոր մարմնի համաձայնությամբ:
(8-րդ հոդվածը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
|
Հոդված 9. |
Գլխավոր ֆինանսիստի պարտականությունները |
1. Գլխավոր ֆինանսիստն ապահովում է պետական մարմնի կողմից`
ա) ֆինանսական կառավարման համակարգի առկայությունը,
բ) գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` գնումների համակարգի առկայությունը:
2. Գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է պետական մարմնի տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման ու դրա հրապարակայնության ապահովման համար և ձեռնարկում է օրենսդրությամբ սահմանված միջոցներ`
ա) պետական մարմնի կողմից օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական միջոցների հավաքումն ապահովելու համար.
բ) միջոցների վատնումը, չնախատեսված ծախսերի կատարումը կանխելու համար.
գ) պետական մարմնի ֆինանսական պարտավորությունների և հիմնական միջոցների կառավարման համար, ներառյալ` հիմնական միջոցների հաշվառումը, պահպանությունը և շահագործումը.
դ) համակարգի պետական հիմնարկներին` բյուջետային դասակարգմանը համապատասխան, բյուջեով նախատեսված միջոցների բաշխումն ապահովելու համար:
3. Գլխավոր ֆինանսիստը պարտավոր է ապահովել`
ա) պետական մարմնի և (կամ) համակարգի որևէ պետական հիմնարկի ֆինանսական միջոցների կառավարման` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը,
բ) պետական մարմնի կողմից սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջների կատարումը,
գ) պետական մարմնի անունից լիազոր մարմին համապատասխան հաշվետվությունների ներկայացումը` բյուջետային ելքերի գերակատարումը կամ պետական մարմնի կողմից հավաքվող բյուջետային մուտքերի թերակատարումը բացառելու անհնարինության դեպքում,
դ) պետական մարմնի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ սահմանված կարգով հաշվապահական գրանցումները,
ե) լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ֆինանսական հաշվետվությունների և այլ տեղեկատվության պատրաստումը և պետական մարմնի անունից ներկայացումը:
(9-րդ հոդվածը փոփ. 21.07.2017 ՀՕ-18-Ն, խմբ., փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
|
Հոդված 10. |
Պետական հիմնարկի գլխավոր հաշվապահը |
1. Պետական մարմնի համակարգի յուրաքանչյուր պետական հիմնարկում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերադաս պետական մարմնի գլխավոր ֆինանսիստի համաձայնությամբ նշանակվում է հիմնարկի գլխավոր հաշվապահ:
2. Սույն օրենքով գլխավոր ֆինանսիստին վերապահված լիազորությունները և պարտականությունները պետական հիմնարկում իրականացնում է գլխավոր հաշվապահը:
3. Գլխավոր հաշվապահի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պետական հիմնարկի ղեկավարի հրամանով նրան փոխարինում է այլ պաշտոնյա:
(10-րդ հոդվածը խմբ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
|
Հոդված 11. |
Արցախի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման ապահովումը |
(վերնագիրը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
Արցախի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման նպատակով գանձապետարանն ապահովում է՝
ա) օրենսդրությամբ սահմանված կարգով Արցախի Հանրապետության և համայնքների ծախսերի ֆինանսավորման իրականացումը.
բ) Արցախի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի ընթացիկ կառավարումը.
գ) (կետն ուժը կորցրել է 31.10.2018 ՀՕ-47-Ն)
դ) դրամական հոսքերի կառավարման եռամսյակային, ամսական, շաբաթական և օրական ծրագրերի կազմումը.
ե) դրամական հոսքերի կառավարման ծրագրերի փաստացի կատարման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը և հաջորդ ժամանակահատվածի ծրագրերում համապատասխան ճշգրտումների կատարումը:
(11-րդ հոդվածը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
|
Հոդված 12. |
Արցախի Հանրապետության և համայնքների ակտիվների ու պասսիվների հաշվառումը |
(վերնագիրը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
Արցախի Հանրապետության և համայնքների ակտիվների ու պասսիվների հաշվառման նպատակով գանձապետարանն ապահովում է`
ա) Արցախի Հանրապետության բյուջեների կատարման շրջանակներում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պետական բյուջեի կատարման, համայնքների բյուջեների կատարման, արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծրագրերի, Արցախի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների պարտքերի և պետական ու համայնքների բյուջեների կատարման ընթացքում ստանձնված պարտավորությունների մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը, վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից դրանց արդյունքների սահմանված կարգով ներկայացումը.
բ) Արցախի Հանրապետության բյուջետային հատվածի վերաբերյալ պետական մարմիններից պետական հիմնարկների հաշվեկշիռների (ակտիվների ու պասսիվների), ֆինանսական հոսքերի (ներառյալ` արտաբյուջետային միջոցների գոյացման ու տնօրինման) մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը, վերլուծությունը և սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից դրանց արդյունքների ներկայացումը:
(12-րդ հոդվածը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
|
Հոդված 13. |
Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը |
(վերնագիրը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
Լիազոր մարմինը, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գանձապետարանի միջոցով ապահովում է Արցախի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը:
(13-րդ հոդվածը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
|
Հոդված 14. |
Գանձապետական միասնական հաշիվը |
1. Լիազոր մարմնի անվամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` սպասարկող բանկ) բացվում և սույն օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարվում է լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշիվը (այսուհետ՝ գանձապետական միասնական հաշիվ), որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված հաշիվ:
2. Արցախի Հանրապետությանը և համայնքներին ամրագրված բոլոր միջոցները հաշվեգրվում են գանձապետական միասնական հաշվին:
3. Արցախի Հանրապետության պետական հիմնարկները չեն կարող ունենալ բանկային հաշիվներ առևտրային բանկերում (եթե այլ բան չի նախատեսված Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով), բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով և «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքերի:
4. Արցախի Հանրապետության և համայնքների կողմից բոլոր վճարումներն իրականացվում են գանձապետական միասնական հաշվից (եթե այլ բան չի նախատեսված Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով)` լիազոր մարմնի սահմանած կարգով:
5. Գանձապետական միասնական հաշիվը ներառում է գանձապետարանի կողմից վարվող հետևյալ ենթահաշիվները`
ա) Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների ենթահաշիվները,
բ) Արցախի Հանրապետության համայնքների բյուջեների միջոցների ենթահաշիվները,
գ) պետական և համայնքների արտաբյուջետային միջոցների ենթահաշիվները (այդ թվում` ավանդային),
դ) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների բանկային սպասարկման համար ենթահաշիվները,
ե) պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները,
զ) 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունների, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները:
5.1. Գանձապետական միասնական հաշվի հետևյալ ենթահաշիվները տնօրինում է լիազոր մարմինը`
ա) Արցախի Հանրապետության պետական բյուջեի ըստ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների չբաշխված միջոցների ենթահաշիվները,
բ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի Հանրապետությանը ապրանքային տեսքով տրամադրված վարկերի և դրամաշնորհների դրամայնացումից առաջացող միջոցների կուտակման արտաբյուջետային ավանդային ենթահաշիվները,
գ) լիազոր մարմնի անվամբ` բյուջեների ժամանակավորապես ազատ միջոցների ավանդադրման, առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) առաջացող միջոցների հավաքագրման և ավանդադրման նպատակով բացված արտաբյուջետային ավանդային ենթահաշիվները:
6. Գանձապետական միասնական հաշվի ենթահաշիվներից`
ա) պետական մարմինները տնօրինում են`
- Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների այն ենթահաշիվները, որոնց համար այդ մարմինները հանդիսանում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ,
- պետական հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) ենթահաշիվները.
բ) տեղական ինքնակառավարման մարմինները տնօրինում են`
- համայնքների բյուջեների միջոցների այն ենթահաշիվները, որոնց համար այդ մարմինները հանդիսանում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ,
- համայնքային հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) ենթահաշիվները.
գ) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.
դ) պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամները, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.
ե) 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունները, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները:
(14-րդ հոդվածը փոփ. 19.12.2007 ՀՕ-101, փոփ., լրաց., խմբ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
|
Հոդված 15. |
Գանձապետական արտարժութային հաշիվները |
Լիազոր մարմնի անվամբ սպասարկող բանկում բացվում և սույն օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարվում են նաև լիազոր մարմնի գանձապետական արտարժութային հաշիվները:
(15-րդ հոդվածը խմբ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
|
Հոդված 16. |
Պետական մարմինների գործունեության մասին հաշվետվությունների կազմումը, ամփոփումը և ներկայացումը |
1. Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով պետական մարմինը գանձապետարանին է ներկայացնում ֆինանսատնտեսական գործունեության տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ տարեկան հաշվետվություն): Տարեկան հաշվետվությունը, ի լրումն հաշվետու ժամանակաշրջանի գործունեության, այլ հարցերի հետ պետք է ներառի հետևյալ հիմնական բաղկացուցիչները՝
ա) պետական մարմնի ֆինանսատնտեսական գործունեության ամփոփ նկարագիրը, դրանք են՝
- նպատակները,
- խնդիրները, որոնց իրագործումը հնարավորություն կընձեռի հասնել նպատակներին,
- ծրագրերը, որոնք նպատակաուղղված են խնդիրների իրագործմանը, դրանց նկարագրությունը և ծրագրի յուրաքանչյուր բաղկացուցչի համար առաջարկվող քանակական և որակական ցուցանիշների սահմանումը,
- ֆինանսական՝ բյուջետային կամ արտաբյուջետային միջոցները,
- մարդկային ռեսուրսները,
բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը` բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգմամբ, որը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը`
- տարեկան հաստատված բյուջեն,
- հաստատված բյուջեում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կատարված փոփոխությունները,
- հաստատված բյուջեում Արցախի Հանրապետության կառավարության և (կամ) պետական մարմնի լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները,
- ճշգրտված բյուջեն,
- աճողական մուտքերը (վճարումները),
- շեղումը ճշգրտված բյուջեից,
- շեղումների համառոտ պատճառները.
գ) հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական մարմնի ամփոփ հաշվեկշիռը՝ ըստ ակտիվների և պասսիվների.
դ) բյուջետային տարվա ընթացքում դեբիտորական պարտքերի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման.
ե) տվյալ բյուջետային տարվա ընթացքում ֆինանսական ակտիվների շարժի վերաբերյալ հաշվետվությունը (բացի դեբիտորական պարտքերից).
զ) տվյալ բյուջետային տարվա ընթացքում պարտավորությունների շարժի վերաբերյալ հաշվետվությունը (բացի կրեդիտորական պարտքերից).
է) բյուջետային տարվա ընթացքում կրեդիտորական պարտքերի փոփոխության վերաբեյալ հաշվետվությունը՝ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ.
ը) բյուջետային տարվա ընթացքում ոչ ֆինանսական ակտիվների փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը:
2. Պետական հիմնարկի գլխավոր հաշվապահը լիազոր մարմնի սահմանած կարգով պատրաստում և հիմնարկի անունից պետական մարմնի գլխավոր ֆինանսիստին է ներկայացնում ամսական հաշվետվություններ, որոնք պետք է ներառեն՝
ա) հաշվետվություն՝ նախորդ ամսվա ընթացքում պետական հիմնարկի եկամուտների և ծախսերի վերաբերյալ՝ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգմամբ.
բ) ընթացիկ ֆինանսական տարվա մնացած ժամանակահատվածի համար սպասվող եկամուտների և ծախսերի կանխատեսումները.
գ) ամփոփ գործողությունների նկարագրությունը, որոնց իրագործման արդյունքում հնարավոր կլինի ապահովել ծրագրավորված եկամուտները և ծախսերը:
Պետական մարմնի գլխավոր ֆինանսիստը, սահմանված կարգով պետական հիմնարկներից ստանալով հաշվետվությունները, ամփոփում է դրանք և լիազոր մարմնի սահմանած կարգով ներկայացնում է վերջինիս:
Պետական հիմնարկներից ստացված հաշվետվություններից բացի, գլխավոր ֆինանսիստն ապահովում է նաև պետական մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և ծրագրերի կատարման մասին հաշվետվությունների ամփոփումը և լիազոր մարմին ներկայացնելը:
Գլխավոր ֆինանսիստը հաշվետվության հետ միասին լիազոր մարմին է ներկայացնում նաև հաշվետվության մանրամասն վերլուծությունը՝ ծրագրի համեմատ շեղումների պատճառների բացահայտմամբ:
(16-րդ հոդվածը խմբ., փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
|
Հոդված 17. |
Արցախի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման և պետական հիմնարկների ֆինանսական գործունեության նկատմամբ նախնական հսկողության իրականացումը |
(վերնագիրը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
1. Արցախի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման նկատմամբ գանձապետարանն իրականացնում է նախնական հսկողություն, որի կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
2. Նախնական հսկողության շրջանակներում, նախքան պետական հիմնարկների անվամբ բացված գանձապետական հաշիվներից ֆինանսական միջոցների ելքագրումը, գանձապետարանում գնահատվում է պետական հիմնարկների կողմից իրականացվող ֆինանսական գործառույթների համապատասխանությունը՝ բյուջեների կատարման գործընթացը կարգավորող՝ Արցախի Հանրապետության օրենքներով և այլ ակտերով սահմանված պահանջներին: Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում պետական հիմնարկների անվամբ բացված գանձապետական հաշիվներից ֆինանսական միջոցների ելքագրումը ժամանակավորապես դադարեցվում է, որից հետո՝
ա) պետական հիմնարկների համար արձանագրված անհամապատասխանությունը վերջիններիս կողմից չկարգավորելու դեպքում գլխավոր գանձապետը հայտնում է լիազոր մարմնի ղեկավարին, որը տալիս է ցուցում հետագա գործողությունների մասին.
բ) համայնքների կողմից ստեղծված հիմնարկների համար գանձապետարանը տեղյակ է պահում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին, որն ապահովում է անհամապատասխանության շտկումը:
(17-րդ հոդվածը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
|
Հոդված 18. |
Գանձապետարանի կողմից հաշվետվությունների ստացումը, դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատության գնահատումը, համախմբումը և ներկայացումը |
Գանձապետարանը լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով գնահատում է պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունների արժանահավատությունը, համախմբում է ներկայացված հաշվետվությունները և ապահովում է սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից ամփոփ հաշվետվությունների ներկայացումը:
(18-րդ հոդվածը լրաց. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
|
Հոդված 19. |
Արցախի Հանրապետության պետական պարտքի կառավարման ապահովումը |
(վերնագիրը խմբ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
Գանձապետարանն ապահովում է Արցախի Հանրապետության պետական պարտքի գծով փոխառու միջոցների ներգրավման, մարման և սպասարկման ծրագրերի մշակման և իրականացման կազմակերպումը՝ Արցախի Հանրապետության պետական պարտքի կառավարման ռազմավարական նպատակներին համապատասխան:
(19-րդ հոդվածը խմբ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
|
Հոդված 20. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին պետական պարտքի ընթացիկ կառավարումը |
(20-րդ հոդվածն ուժը կորցրել է 31.10.2018 ՀՕ-47-Ն)
|
Հոդված 21. |
Արցախի Հանրապետության նկատմամբ պարտավորությունների սպասարկումը |
(վերնագիրը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
Արցախի Հանրապետության նկատմամբ առաջացած՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտավորությունների սպասարկումը գանձապետարանն ապահովում է լիազոր մարմնի սահմանած կարգով:
(21-րդ հոդվածը փոփ. 31.10.2018 ՀՕ-47-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
|
Հոդված 22. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 նոյեմբերի 2002թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-7 |
|