Համարը 
N 1015-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.12.13/24(388)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.12.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.12.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.12.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2019թ.

N 1015-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

    

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի դեկտեմբերի 11-ի N 1015-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ քաղաքացիներ)՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր) կնքած քաղաքացիների զինվորական պատրաստության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի դրույթները տարածվում են նաև մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը նախկին «Զինապարտության մասին» օրենքով սահմանված կարգով ուսումը շարունակելու կապակցությամբ տարկետում ստացած և նախկին «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքով սահմանված կարգով ուսումնառության ընթացքում նախարարության հետ զինվորական պատրաստություն անցնելու մասին պայմանագիր կնքած քաղաքացիների զինվորական պատրաստության կազմակերպման և իրականացման հարաբերությունների վրա:

2. Զինվորական պատրաստության նպատակը պայմանագիր կնքած քաղաքացիներին հետագա զինվորական ծառայության համար անհրաժեշտ ռազմական գիտելիքներով ապահովելն է:

3. Զինվորական պատրաստությունը կազմակերպվում է՝

1) դասակի հրամանատարների պաշտոնների համալրման պատրաստությունը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ մոտոհրաձգային, հրաձգային կամ հրետանային դասակների հրամանատարների պատրաստման ծրագրերով.

2) բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստությունը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում՝ ռազմաբժշկական պատրաստության ծրագրերով:

4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված զինվորական պատրաստության ժամկետը 2 տարի 6 ամիս է՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության 3-7-րդ կիսամյակների ընթացքում՝ համապատասխան ռազմաուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված դասացուցակով, սակայն ոչ ավելի, քան շաբաթվա մեկ օրվա ընթացքում՝ 7 ժամ: Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված զինվորական պատրաստության ժամկետը 2 տարի 6 ամիս է՝ նախարարության առաջարկությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի կողմից սահմանված կիսամյակների ընթացքում և օրերին:

5. Զինվորական պատրաստության ուսումնական ծրագրերը մշակվում և հաստատվում են նախարարության կողմից: Ուսումնական ծրագրերը ներառում են նաև միջանկյալ ստուգարքները և ավարտական քննությունը: Զինվորական պատրաստության ընթացքում քաղաքացիները հանձնում են միջանկյալ ստուգարքներ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտից հետո քաղաքացիները նախարարության ռազմաբժշկական հաստատությունում անցնում են բժշկական հետազոտություն և փորձաքննություն:

6. Զինվորական պատրաստությունն ավարտվում է ուսումնական ծրագրով նախատեսված նախարարության զորամասերում՝ մինչև 30 օր տևողությամբ ուսումնական հավաքներով, որից հետո քաղաքացիները հանձնում են զինվորական պատրաստության գծով ավարտական քննություններ:

7. Զինվորական պատրաստության ընթացքում քաղաքացիներն ապահովվում են զինվորական համազգեստով, անհրաժեշտ ուսումնական նյութերով: Քաղաքացիների կողմից զինվորական պատրաստությանը մասնակցության տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում: Զինվորական պատրաստության ներգրավման օրերին քաղաքացիներն ապահովվում են մեկանգամյա սննդով՝ համապատասխան ռազմաուսումնական հաստատության կուրսանտների համար նախատեսված կարգով:

8. Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը սահմանելու մասին» N 1015-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո զինվորական պատրաստություն անցնող քաղաքացիների և նախարարության իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են քաղաքացու և նախարարության միջև Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 1014-Ն որոշման համաձայն կնքված պայմանագրով:

9. Քաղաքացին զինվորական պատրաստությունից ազատվում է՝

1) իր հետ կնքած պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին դիմում ներկայացնելու դեպքում.

2) նախարարության ռազմաբժշկական հաստատությունում բժշկական հետազոտության և փորձաքննության արդյունքներով ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում.

3) բարձրագույն ուսումնական հաստատությունից, անկախ պատճառներից, ազատվելու և (կամ) հեռացվելու դեպքում:

10. Քաղաքացին զինվորական պատրաստությունից հեռացվում է՝

1) մեկ ուսումնական տարվա ընթացքում զինվորական պատրաստության ծրագրից, անկախ պատճառներից, 32 ակադեմիական ժամից ավելի բացակայելու կամ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված ուսումնական հավաքին 3 օրացուցային օրվանից ավելի չմասնակցելու դեպքում.

2) զինվորական պատրաստություն անցնելու ժամանակ ռազմաուսումնական հաստատության ներքին կարգ ու կանոնը չպահպանելու (անկարգապահության) պատճառով.

3) զինվորական պատրաստության միջանկյալ ստուգարքների կամ ռազմական պատրաստության գծով ավարտական քննությունների արդյունքում անբավարար առաջադիմություն ցուցաբերելու դեպքում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ