Համարը 
N 576-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.07.20/12(352)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.07.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.07.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.07.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԱՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ, ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 379 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2018թ.

N 576-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԱՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ, ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 379 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել`

1) վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց` համաձայն N 2 հավելվածի.

3) Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայություն ներկայացնելու համար բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սահմանել, որ յուրաքանչյուր ամսվա 1-ին և 16-ին «Հոգեթմրաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայությանն էլեկտրոնային կրիչների միջոցով կամ էլեկտրոնային փոստով տրամադրում է տեղեկատվություն` նշված բժշկական հաստատությունում հաշվառված անձանց մասին:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 20-ի «Այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու մասին» N 379 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հուլիսի 18-ի N 576-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց պոլիկլինիկական ծառայություն մատուցող բժշկական հաստատություններում բժշկական հավատարմագրման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրումն իրականացնում են պոլիկլինիկական ծառայություն մատուցող բժշկական հաստատությունները, Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության գրավոր պահանջագրերի հիման վրա, տրանսպորտային միջոց վարելու պիտանիությունը որոշելու նպատակով` կախված նրանց առողջական վիճակից և ֆիզիկական զարգացածությունից:

3. Վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձինք, բժշկական հավատարմագրում անցնելիս, ներկայացնում են Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից տրված գրավոր պահանջագիր և անձը հաստատող փաստաթուղթ:

4. Վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշվում է, իր հայեցողությամբ, ցանկացած պոլիկլինիկական ծառայություն մատուցող բժշկական հաստատությունում: Եթե անձը հավատարմագրումն անցնում է ոչ իր գրանցման վայրի պոլիկլինիկական ծառայություն մատուցող բժշկական հաստատությունում, ապա նրա համար լրացվում են համապատասխան բժշկական փաստաթղթեր:

5. Վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշելու նպատակով պոլիկլինիկական ծառայություն մատուցող բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է մշտապես գործող բժշկական հանձնաժողով, որի աշխատակարգը սահմանում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարը:

6. Բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են թերապևտը կամ ընտանեկան բժիշկը, ակնաբույժը, վիրաբույժը: Առանձին դեպքերում, ելնելով կոնկրետ հիվանդությունից կամ վիճակից, բժշկական հանձնաժողովը, պոլիկլինիկական ծառայություն մատուցող բժշկական հաստատության տնօրենի հրամանով, կարող է համալրվել նաև տվյալ բժշկական հաստատության այլ բժիշկ-մասնագետներով:

7. Բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա՝ պոլիկլինիկական ծառայություն մատուցող բժշկական հաստատության տնօրենի կողմից պահանջագիրը ներկայացվելուց հետո նույն օրը տրվում է բժշկական հավատարմագրման մասին տեղեկանք` Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայություն ներկայացնելու համար՝ բացառությամբ այն դեպքի, երբ պահանջագիրը ներկայացվել է աշխատանքային օրվա ավարտից մեկ ժամ առաջ, որի դեպքում բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքը տրվում է հաջորդ աշխատանքային օրը: Յուրաքանչյուր բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքը վավերացվում է պոլիկլինիկական ծառայություն մատուցող բժշկական հաստատության տնօրենի, բժիշկ-թերապևտի կամ ընտանեկան բժշկի ստորագրություններով:

8. Բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքի «Եզրակացություն» բաժնում կատարվում են հետևյալ գրառումները պիտանիության մասին`

1) «Պիտանի է իր հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոց վարելու».

2) «Պիտանի չէ»։

9. Պիտանիության հարցը որոշելիս` բժշկական հանձնաժողովն առաջնորդվում է Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 18-ի N 576-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հիվանդությունների ցանկով, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց:

10. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների ու նրանց ընտանիքների անդամների բժշկական հավատարմագրումը կարող է իրականացվել նաև այդ մարմինների բժշկական ծառայությունների ղեկավարների հրամանով ստեղծված բժշկական հանձնաժողովների կողմից` ըստ սույն կարգի:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հուլիսի 18-ի N 576-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԱՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ

 

1. Աչքի բացակայություն, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման՝ բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:

2. Մեկ աչքի բացակայության դեպքում հարմարեցված տրանսպորտային միջոց է հանդիսանում կայանման ձայնային ազդանշանային համակարգով կահավորված տրանսպորտային միջոցը: Վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայության, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտումների, ինչպես նաև վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման հանգեցնող ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումների և արատների դեպքում հարմարեցված տրանսպորտային միջոցների տեխնիկական տեսանկյունից հարմարեցվածությունը գնահատվում է Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից` հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ. Ձեռքերի և ոտքերի ֆունկցիաների խանգարմամբ հաշմանդամ վարորդների համար կառավարման մարմիններ. տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ» (ԳՕՍՏ 33668-2015) միջպետական ստանդարտը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հուլիսի 18-ի N 576-Ն որոշման

 

_________________________________________________________________________

(պոլիկլինիկական ծառայություն մատուցող բժշկական հաստատության անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

(Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության

ծառայություն ներկայացնելու համար)

Անունը _____________________________________________________________________

 

Ազգանունը _________________________________________________________________

 

Հայրանունը _________________________________________________________________

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _______________________________________________

 

Աշխատանքի վայրը __________________________________________________________

 

Ախտորոշումը _______________________________________________________________

 

Եզրակացություն_____________________________________________________________

 

___________________________________________________________________________

 

Անցել է բժշկական հավատարմագրում __________ __________________________ 20 թ.

 

Բժիշկ-թերապևտ կամ ընտանեկան բժիշկ ______________________________________

                                                                         (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Պոլիկլինիկական ծառայություն մատուցող բժշկական հաստատության տնօրեն

___________________________________________________________________________

                                          (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 4

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի հուլիսի 18-ի N 576-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու հետ կապված հարաբերությունները:

2. Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով նախատեսվում են համալիր միջոցառումներ, որոնք իրականացվում են հետևյալ փուլերով`

1) բժշկական օգնության ցուցաբերում` դեպքի վայրում.

2) բժշկական օգնության ցուցաբերում` տուժածին մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին.

3) բժշկական օգնության ցուցաբերում` մասնագիտացված բժշկական հաստատությունում:

 

II. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄԸ ԴԵՊՔԻ ՎԱՅՐՈՒՄ

 

3. Դեպքի վայրում բժշկական օգնության ցուցաբերումը ներառում է ինչպես ինքն օգնությունը և փոխօգնությունը դեպքի վայրում հայտնված անձանց կողմից (վարորդների, Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության ծառայողների և մյուսների), այնպես էլ բժշկական օգնության ցուցաբերումը շտապ օգնության բրիգադի, ինչպես նաև դեպքի վայրում գործող ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն մատուցող բժշկական հաստատությունների բուժաշխատողների կողմից:

4. Դեպքի վայրում հայտնված անձանց կողմից իրականացվող միջոցառումներն են`

1) ահազանգումը շտապ օգնության կայան.

2) տուժածի տեղափոխումն անվտանգ վայր, վառվող հագուստի մարումը, պաշտպանումը ոչ բարենպաստ կլիմայական պայմաններից (ցուրտ, շոգ և այլն).

3) շտապ օգնության մեքենա կանչելու հնարավորության բացակայության և տուժածին մասնագիտացված բժշկական հաստատություն անհապաղ տեղափոխելու անհրաժեշտության դեպքում` տուժածին մոտակա բժշկական հաստատություն տեղափոխելու կազմակերպումը: Անհրաժեշտ է կազմակերպել տուժածի՝ հնարավորինս խնամքով տեղափոխումը (տակդիրի օգտագործում, տուժածի ծածկում, տուժածի` հնարավորինս հարմար դիրքի ապահովում): Վերջույթի կոտրվածքի առկայության դեպքում անհրաժեշտ է այն անշարժացնել ձեռքի տակ գտնվող միջոցներով, արտաքին արյունահոսությունը դադարեցնել ճնշող կապով, իսկ զգալի արյունահոսությունը` լարանի միջոցով:

5. Դեպքի վայր ժամանած բուժաշխատողների կողմից իրականացվում են`

1) ցավի վերացման նպատակով համապատասխան դեղամիջոցի ներարկում.

2) սրտի կանգի դեպքում` սրտի ոչ ուղղակի մերսում և միաժամանակ արհեստական շնչառության իրականացում.

3) համակցված (կոմբինացված) վնասվածքների դեպքում (վնասվածք և այրվածք) այրվածքներից ախտահարված մարմնի մասերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ միջոցառումների իրականացում` հակաայրվածքային դեղամիջոցների ու հակաայրվածքային կամ ստերիլ վիրակապի օգտագործմամբ:

 

III. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄԸ՝ ՏՈՒԺԱԾԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

 

6. Տուժածին մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու հարցը որոշելիս՝ անհրաժեշտ է հաշվի առնել`

1) տուժածի վիճակը, ստացած վնասվածքների ծանրության աստիճանը և բնույթը.

2) տրանսպորտային միջոցի տեսակը և դրա պիտանիությունը` տուժածին տեղափոխելու համար.

3) բժշկական հաստատության հեռավորությունը.

4) տուժածի տեղափոխման ընթացքում անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումների իրականացման հնարավորությունը:

7. Տուժածին մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին ցուցաբերվող բժշկական օգնության ծավալը կախված է տուժածի վիճակից և ուղղված է հիմնականում սրտի ու շնչառական ֆունկցիաների պահպանմանը և հակաշոկային միջոցառումների կազմակերպմանը: Շտապ օգնության մեքենայով տուժածին տեղափոխելու ընթացքում բժշկի կողմից իրականացվում են կենսական կարևորագույն ֆունկցիաների վերականգնման կամ պահպանման միջոցառումներ` ամբողջ ծավալով: Շտապ օգնության մեքենայի բժիշկը կամ բուժակը պարտավոր է ստույգ որոշել շարժման երթուղին, որպեսզի տուժածը տեղափոխվի այնպիսի մասնագիտացված բուժհաստատություն, որտեղ նրան կցուցաբերվի անհրաժեշտ որակյալ բժշկական օգնություն՝ ամբողջ ծավալով:

 

IV. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

8. Մասնագիտացված բժշկական հաստատությունում ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին ցուցաբերվող բժշկական օգնության ծավալն ու բնույթը կախված են վնասվածքի տեսակից, տուժածի վիճակից և այն բժշկական հաստատության հնարավորություններից, որտեղ դեպքի վայրից տեղափոխվել է տուժածը:

9. Այն դեպքում, երբ տվյալ բժշկական հաստատությունում հնարավոր չէ տուժածի բժշկական օգնության կազմակերպումն անհրաժեշտ ծավալով, կամ համապատասխան մասնագետ է հրավիրվում այլ բժշկական հաստատությունից, կամ կազմակերպվում է հիվանդի տեղափոխումն այն մասնագիտացված բժշկական հաստատություն, որտեղ կան անհրաժեշտ պայմաններ՝ որակյալ բժշկական օգնության ցուցաբերման համար՝ տուժածին նախապես շոկային վիճակից դուրս բերելուց, արյան կորուստը լրացնելուց և կոտրված վերջույթներն անշարժացնելուց հետո:

10. Մասնագիտացված բժշկական հաստատությունում տուժածին ցուցաբերվող որակյալ բժշկական օգնության ծավալը կախված է տուժածի վիճակից:

11. Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնության ցուցաբերման բոլոր փուլերում բժշկական համապատասխան փաստաթղթերում պարտադիր կատարվում է մանրամասն գրառում տուժածին՝ ինչպես տվյալ փուլում ցուցաբերվող բժշկական օգնության բնույթի և ծավալի, այնպես էլ՝ նախորդ փուլում իրականացված միջոցառումների մասին:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ