Համարը 
N 322-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.05.06/07(371)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.05.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.05.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.05.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2019թ.

N 322-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է.

1. Սահմանել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի մայիսի 2-ի N 322-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ

ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

 ՀԱՅՏՆԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողների հետ պայմանագրեր կնքելու հետ կապված հարաբերությունները:

2. Օրենքով սահմանված կարգով հայտարարված զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու (այսուհետ՝ զորակոչի ենթակա անձ) կողմից Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու հանգամանքը ճշտելու նպատակով զորակոչի նախապատրաստական փուլի ժամանակ համապատասխան զինվորական կոմիսարիատը զորակոչի ենթակա անձանց տեղեկացնում է օրենքով ու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով (N 1 ձև) սահմանված պայմանների վերաբերյալ և հաշվառում է նման ցանկություն հայտնած անձանց (այսուհետ՝ հաշվառված անձ)՝ հաշվառված անձի կողմից ներկայացված դիմումի (N 2 ձև) հիման վրա: Ներկայացված դիմումների համաձայն համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից կազմվում է հաշվառված անձանց անվանացանկ (N 3 ձև):

3. Զինվորական կոմիսարիատները հաշվառված անձանց անվանացանկերը և հաշվառված անձանց դիմումները, ոչ ուշ, քան յուրաքանչյուր հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող 10-րդ օրը ներկայացնում են Արցախի Հանրապետության զինվորական կոմիսարիատ: Հաշվառված անձանց անվանացանկերն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում Արցախի Հանրապետության զինվորական կոմիսարիատը համապատասխան զինվորական կոմիսարիատներին գրավոր տեղեկացնում է հաշվառված անձանց զորակոչի միասնական օրվա վերաբերյալ, որի հիման վրա տվյալ օրը զինվորական կոմիսարիատներն օրենքով սահմանված կարգով իրականացնում են հաշվառված անձանց զորակոչը՝ հանրապետական հավաքակայան:

4. Հանրապետական հավաքակայանում կրկին հստակեցվում է հաշվառված անձանց կողմից Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկությունը՝ հաշվառված անձանց անվանացանկում հաշվառված անձի կողմից ստորագրություն դնելու միջոցով, որի հիման վրա հաշվառված յուրաքանչյուր անձի հետ կնքվում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր: Պայմանագիր կնքվում է նաև զորակոչի նախապատրաստական փուլի ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն չհայտնած և անվանացուցակներում չներառված քաղաքացու հետ՝ նրա զորակոչի օրը հանրապետական հավաքակայանում մինչև ընդհանուր հիմունքներով ծառայության վայրի նշանակման վիճակահանությանը մասնակցելը քաղաքացու կողմից Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնելու և սույն կարգի N 1 ձևով սահմանված դիմում ներկայացնելու դեպքում:

5. Կնքված պայմանագրի հիման վրա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողն օրենքով սահմանված կարգով ուղարկվում է ծառայության վայրի զորամաս՝ ուսումնական ստորաբաժանման կազմում զինվորական պատրաստության ծրագիր անցնելու և զինվորական մասնագիտություն ստանալու համար:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N _______

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ք. Ստեփանակերտ

« _____» ______________ 2019թ.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. ԱՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս __________________________________

                                                                                        (պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

___________________________________________________________________________-ի,

 

(այսուհետ՝ նախարարություն), մի կողմից, և զինծառայող ______________________________

                                                                                                (անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________ -ը,

 

(այսուհետ՝ զինծառայող (այսուհետ նաև՝ կողմեր), մյուս կողմից, կնքեցին սույն քաղաքացիաիրավական պայմանագիրն այն մասին, որ զինծառայողը պարտավորվում է սույն պայմանագրով նախատեսված վայրում և պայմաններով 3 (երեք) տարի ժամկետով անցնել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն (այսուհետ՝ ծառայություն):

1.2. Կողմերը պայմանավորվում են, որ զինծառայողի կողմից նախարարության հետ սույն պայմանագրի կնքման իրավասության ծագման նախապայման են հետևյալ հանգամանքները՝

1.2.1. զինծառայողի առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով չի հայտարարվել սահմանափակում մարտական հերթապահության մեջ ներգրավվելու համար.

1.2.2. զինծառայողն ունի առնվազն հիմնական հանրակրթական ծրագիր անցած լինելու ավարտական վկայական:

 

2. ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2.1. Կողմերը պայմանավորվում են, որ զինծառայողը կամավոր ծառայություն է

անցնում __________________ զորամասում՝ հետևյալ պայմաններով՝

                 (պայմանական համարը)

2.1.1. զինծառայողը զորամասի ուսումնական ստորաբաժանման կազմում անցնում է «Երիտասարդ մարտիկ» պատրաստության ծրագիր և զինվորական մասնագիտության ուսուցում (այսուհետ՝ պատրաստություն)՝ մինչև 5 (հինգ) ամիս ընդհանուր ժամկետով.

2.1.2. զինծառայողի համար պատրաստության ընթացքում հաշվարկվում է դրամական ապահովություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշմամբ սահմանված չափով.

2.1.3. զինծառայողը պատրաստության ավարտից հետո զորամասի ստորաբաժանման կազմում նշանակվում է իր ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի.

2.1.4. զինծառայողին պատրաստության ավարտի օրվան հաջորդող օրվանից տրամադրվում է հիմնական արձակուրդ՝ 10 օրացուցային օր ժամկետով.

2.1.5. զինծառայողի համար պատրաստության ավարտից հետո հաշվարկվում է դրամական ապահովություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշմամբ սահմանված չափով.

2.1.6. սույն պայմանագրի 2.1.4-րդ կետում նախատեսված հիմնական արձակուրդից վերադառնալուց հետո զինծառայողը զորամասում անցնում է մարտական հերթապահության մեջ ներգրավվելու պատրաստություն՝ յոթ օրացուցային օր ժամկետով, որից հետո ծառայության յուրաքանչյուր ամսվա ընթացքում՝

2.1.6.1. զինծառայողը ներգրավվում է մարտական հերթապահության մեջ՝ 14 օրացուցային օր ժամկետով,

2.1.6.2. զինծառայողին տրվում է ամսական արձակուրդ՝ յոթ օրացուցային օր ժամկետով, որը ներառում է նաև արձակուրդի վայր մեկնելու և արձակուրդի վայրից վերադառնալու ժամանակահատվածը: Ընդ որում, եթե զինծառայողը զորամասի հրամանատարի ուղղված զեկուցագրով հրաժարվում է ամսական արձակուրդից կամ առաջարկում է իրեն ամսական արձակուրդ տրամադրել յոթ օրացուցային օրվանից պակաս ժամկետով, ապա՝

2.1.6.2.1. զորամասում շարունակում է իրականացնել իր ծառայողական պարտականությունները և այդ ընթացքում զինծառայողի սննդի ապահովումն իրականացվում է վերջինիս միջոցների հաշվին,

2.1.6.2.2. ամսական արձակուրդից հրաժարվելու կամ հասանելիք օրերից պակաս ժամկետով ամսական արձակուրդից օգտվելու դեպքում չօգտագործված ամսական արձակուրդի օրերը զինծառայողին լրացուցիչ չեն տրվում,

2.1.6.3. զինծառայողը զորամասում անցնում է մարտական հերթապահության մեջ ներգրավվելու պատրաստություն՝ մինչև յոթ օրացուցային օր ժամկետով.

2.1.7. զինծառայողին սույն պայմանագրով սահմանված ծառայության ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ ծառայությունից արձակելիս՝ հաշվարկվում է պատվովճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշմամբ սահմանված կարգով, չափով և տնօրինման ուղղություններով:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Զինծառայողն իրավունք ունի՝

3.1.1. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճար ստանալու զինվորական հանդերձանք, սնունդ, բժշկական օգնություն և սպասարկում, կոմունալ-կենցաղային բավարար պայմաններ, ծառայության դիմաց դրամական ապահովություն.

3.1.2. օգտվելու սույն պայմանագրով, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար նախատեսված այլ իրավունքներից ու սոցիալական երաշխիքներից.

3.1.3. պատրաստության ավարտից հետո նախարարությունից պահանջելու իրեն նշանակել ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող պաշտոնի, ինչպես նաև ապահովելու սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը.

3.1.4. սույն պայմանագրի 2.1.6.2-րդ կետի պայմանների համաձայն՝ իր ցանկությամբ հրաժարվելու ամսական արձակուրդից կամ ամսական արձակուրդ ստանալ հասանելիք օրերից պակաս ժամկետով.

3.1.5. սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում վաղաժամկետ հրաժարվելու պայմանագրից:

3.2. Զինծառայողը պարտավոր է՝

3.2.1. զորամասի ուսումնական ստորաբաժանման կազմում անցնել սույն պայմանագրի 2.1.1-ին կետում նշված պատրաստություն.

3.2.2. պատրաստության և հետագա ծառայության ընթացքում կատարել շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակից և սույն պայմանագրից բխող իր պարտականությունները, խստորեն ղեկավարվել զինվորական ծառայությունը կանոնակարգող ակտերի պահանջներով:

3.3. Նախարարությունը պարտավոր է՝

3.3.1. զինծառայողին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվճար ապահովել զինվորական հանդերձանքով, սննդով, բժշկական օգնությամբ և սպասարկմամբ, կոմունալ-կենցաղային բավարար պայմաններով, ծառայության դիմաց դրամական ապահովությամբ.

3.3.2. զինծառայողի համար ապահովել սույն պայմանագրով, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար նախատեսված այլ իրավունքներից ու սոցիալական երաշխիքներից օգտվելու անարգել հնարավորությունը.

3.3.3. զինծառայողին պատրաստության ավարտից հետո նշանակել ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող պաշտոնի, ինչպես նաև ապահովել սույն պայմանագրով նախարարության ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը:

3.4. Նախարարությունն իրավունք ունի՝

3.4.1. զինծառայողից պահանջելու պատրաստության և հետագա ծառայության ընթացքում կատարելու շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակից և սույն պայմանագրից բխող իր պարտականությունները, խստորեն ղեկավարվելու զինվորական ծառայությունը կանոնակարգող ակտերի պահանջներով.

3.4.2. սույն պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի կողմից պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում զինծառայողի նկատմամբ կիրառելու սույն պայմանագրի 4.2-րդ և 4.3-րդ կետերը.

3.4.3. լուծելու պայմանագիրը՝ սույն պայմանագրի 5.2-րդ կետի դրույթներին համապատասխան:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. Նախարարության կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները խախտելու դեպքում զինծառայողն իրավունք ունի իր խախտված իրավունքներն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու ըստ վերադասության կամ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին կամ դատարան:

4.2. Զինծառայողի կողմից սույն պայմանագրի 2.1.1-ին կետում նշված պատրաստություն անցնելու ժամկետի ընթացքում սույն պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում զինծառայողը, օրենքով սահմանված կարգով ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվում է ծառայության այլ վայր՝ շարունակելով պարտադիր զինվորական ծառայությունը: Սույն կետում նախատեսված դեպքում պատրաստություն անցած լինելու ժամանակահատվածը հաշվարկվում է զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում:

4.3. Զինծառայողի կողմից սույն պայմանագրի համաձայն պատրաստություն անցնելուց հետո ծառայության ընթացքում սույն պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում զինծառայողը, օրենքով սահմանված կարգով ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվում է ծառայության այլ վայր՝ շարունակելով պարտադիր զինվորական ծառայությունը: Սույն կետում նախատեսված դեպքում պատրաստություն և ծառայություն անցած լինելու ժամանակահատվածները, բացառությամբ ծառայության ընթացքում զինծառայողին տրված ամսական արձակուրդի օրերի, հաշվարկվում են զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում: Սույն կետում նախատեսված դեպքում ծառայության ընթացքում զինծառայողին տրված ամսական արձակուրդի օրերը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն չեն հաշվարկվում զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում, և պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված ժամկետը լրացվում է ամսական արձակուրդի օրացուցային օրերի քանակով՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

4.4. Սույն պայմանագրի 4.2-րդ և 4.3-րդ կետերում նախատեսված դեպքերում այլ վայրում պարտադիր զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողի դրամական ապահովությունը հաշվարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայողների համար նախատեսված ընդհանուր կարգով և չափերով:

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԴՐԱ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ,

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է 3 (երեք) տարի ժամկետով: Պայմանագրի ժամկետը երկարաձգվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կետերում սահմանված դեպքերում՝ բաց թողնված օրացուցային օրերի քանակով՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

5.2. Պայմանագիրը լուծվում է՝

5.2.1. պայմանագրի գործողության (ներառյալ՝ երկարաձգված) ժամկետը լրանալու հիման վրա.

5.2.2. վաղաժամկետ՝

5.2.2.1. զինծառայողի կողմից առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում,

5.2.2.2. սույն պայմանագրի 4.2-րդ և 4.3-րդ կետերում նախատեսված դեպքում,

5.2.2.3. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» կետում սահմանված դեպքում,

5.2.2.4. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դեպքում,

5.2.2.5. զինծառայողի կողմից կատարված կարգապահական իրավախախտումների պատճառով զինծառայողին մեկ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով առնվազն հինգ անգամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում,

5.2.2.6. զինծառայողի կողմից ծառայության ընթացքում, առողջական վիճակով պայմանավորված, ընդհանուր 50 օր մարտական հերթապահությունում և սույն պայմանագրի 2.1.6.3-րդ ենթակետում նշված պատրաստության մեջ չգտնվելու կամ առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով մարտական հերթապահության մեջ ներգրավվելու սահմանափակում ունեցող ճանաչվելու դեպքերում՝ բացառությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ մարտական հերթապահություն կատարելիս ստացած վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետևանքով ծագած հիվանդության բուժման պատճառով մարտական հերթապահություն չիրականացնելու դեպքի:

5.3. Սույն կարգի 5.2.2.5-րդ և 5.2.2.6-րդ ենթակետերում նախատեսված դեպքերում պայմանագիրը վաղաժամկետ լուծելիս՝ զինծառայողի պատրաստություն անցնելու և ծառայության ժամանակահատվածը հաշվարկվում է զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում, որի հիման վրա, եթե չի լրացել օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը, ապա զինծառայողը, օրենքով սահմանված կարգով ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվում է ծառայության այլ վայր՝ շարունակելով պարտադիր զինվորական ծառայությունը, իսկ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու դեպքում՝ օրենքով սահմանված կարգով արձակվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

5.4. Պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կամ զինծառայողի կողմից առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրի լուծմամբ չի դադարում սույն պայմանագրի 2.1.7-րդ կետով նախատեսված՝ պատվովճար ստանալու զինծառայողի իրավունքը:

5.5. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ: Պայմանագրի մեկ օրինակը տրվում է զինծառայողին, իսկ մյուս օրինակը պահվում է նախարարությունում:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

_______________________________

_______________________________________

(բնակության վայրը)

(գտնվելու վայրը)

_______________________________

_______________________________________

(անվան ու հայրանվան սկզբնատառերը, ազգանունը)

 

(պաշտ. անձի կոչումը, անվան ու հայրանվան

սկզբնատառերը,

     

ազգանունը)

_______________________________

______________________________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

      

Կ.Տ.

            

          «_____» _________________ 20 թ.

«_____» ____________________ 20 թ.

 

 

Ձև N 2

 

_________________________________________

(զինվորական կոմիսարի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Հայտնում եմ Ձեզ, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ցանկություն ունեմ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքելու Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում 3 (երեք) տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր:

Տեղեկացված եմ նաև, որ իմ դիմումը բավարարելու նախապայման է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրի 1.2-րդ կետում նախատեսված հանգամանքների առկայությունը:

 

ԴԻՄՈՂ _____________________________________

_________________

                              (ազգանունը, անունը, հայրանունը)

(ստորագրությունը)

          

«_____» ___________ 20 թ.

          

 

 

Ձև N 3

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ

ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

 

NN

Քաղաքացու

ազգանունը,

անունը,

հայրանունը

Ծննդյան օրը,

ամիսը,

տարեթիվը

Զինվորական

կոմիսարիատը

Քաղաքացու

կողմից դի-

մումը տալու

օրը, ամիսը,

տարեթիվը

Քաղաքացու

ստորագրությունը

(լրացվում է

հանրապետական

հավաքակայանում)