Համարը 
N 767-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.09.23/19(383)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.09.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.09.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.10.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՄԱՆ, ՉԵՂԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՈՉ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2019թ.

N 767-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՄԱՆ, ՉԵՂԱՐԿՄԱՆ

ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՈՉ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ

 ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի երրորդ պարբերության 2-րդ կետը և քսանմեկերորդ պարբերությունն ու «Հարկերի մասին» օրենքի 284-րդ հոդվածի յոթերորդ պարբերությունը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել՝

1) հարկային հաշիվների դուրսգրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հարկային հաշիվների անվավեր ճանաչման և չեղարկման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) ոչ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման դեպքերը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ   

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 18-ի N 767-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածի առաջին և տասնիններորդ պարբերություններով սահմանված հարկային հաշիվների (բացառությամբ՝ այն հարկային հաշիվների, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող և (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, երբ հարկային հաշիվները կարող են դուրս գրվել Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով)՝ էլեկտրոնային եղանակով դուրսգրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հարկային հաշիվների դուրսգրման ձևերը, էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների լրացման նպատակով կիրառվող համակարգչային ծրագրերի աշխատանքի հիմնական սկզբունքները, էլեկտրոնային հարկային հաշիվների վավերացման և հարկային մարմնի էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգ ծրագրային միջոցներով տեղեկատվություն ներկայացնելու կարգերը:

2. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս են գրվում հարկային մարմնի էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգի միջոցով: Հարկային մարմնի էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգը ծրագրային համակարգ է, որում ներառվում են հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրսգրումն ապահովող, հարկային հաշիվների մասին տեղեկությունների համադրման, ինչպես նաև հարկային հաշիվների, դրանց մասին և հարկային հաշիվների շրջանառությանն առնչվող այլ տեղեկությունների էլեկտրոնային դարաններ (բազաներ):

3. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվները կարող են դուրս գրվել հետևյալ ձևերով՝

1) ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրում.

2) հարկային մարմնից ստացված սերիա-համարներով հարկ վճարողների կողմից կիրառվող հարկային հաշիվների դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրերով հարկային հաշիվների դուրսգրում:

4. Հարկ վճարողները կարող են հարկային հաշիվներ դուրս գրել սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ձևով, իսկ հարկային հաշիվների դուրսգրման հատուկ համակարգչային ծրագիր կիրառողները` նաև սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ձևով:

5. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող բոլոր հարկային հաշիվները պետք է պարունակեն չկրկնվող ու սահմանված կարգով գեներացված սերիա և համար (այսուհետ` սերիա-համար), որը հարկային հաշիվը նույնականացնող հիմնական վավերապայմանն է:

6. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող բոլոր հարկային հաշիվները պարտադիր վավերացվում (հաստատվում) են նման իրավասություն ունեցող առնվազն մեկ անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

7. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու իրավասություն ունեն «Հարկերի մասին» օրենքի N 2 հավելվածի պահանջներին համապատասխան հարկային մարմնի հետ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկներ ներկայացնելու մասին պայմանագիր կնքած, հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստացած ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարողները և (կամ) առևտրի հարկ վճարողները` «Առևտրի հարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքում:

8. Ստացած հարկային հաշիվներն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու իրավասություն ունեն «Հարկերի մասին» օրենքի N 2 հավելվածի պահանջներին համապատասխան հարկային մարմնի հետ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկներ ներկայացնելու մասին պայմանագիր կնքած, ինչպես նաև հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստացած անձինք:

9. Անձինք, անկախ տվյալ պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից, կարող են վավերացնել էլեկտրոնային եղանակով ստացված հարկային հաշիվները:

10. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համար հարկ վճարողին սերիա-համարների տրամադրումը, օգտագործումը, դուրս գրված և (կամ) ճշգրտող հարկային հաշիվները, ինչպես նաև հարկային հաշիվների անվավեր ճանաչումը և (կամ) չեղարկումը հաշվառվում են հարկային մարմնում:

11. Նույն գործարքի շրջանակներում հարկային հաշվի հետ միաժամանակ հսկիչ-դրամարկղային մեքենայի (այսուհետ` ՀԴՄ) կտրոն տրամադրելու դեպքում հարկային հաշվի «Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)» բաժնում նշվում է նույն գործարքի շրջանակներում տրամադրված ՀԴՄ-ի կտրոնի համարը:

12. Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հարկային հաշիվները կարող են շրջանառվել (այդ թվում` ապրանքներ ձեռք բերողներին, աշխատանքներ ընդունողներին և (կամ) ծառայություններ ստացողներին տրամադրվել) կամ պահպանվել էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակներով:

13. Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հարկային հաշիվը ենթակա չէ փոփոխման:

14. Հարկային մարմինը պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն է ստեղծում, հարկ վճարողների համար էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների սերիա-համարներից ելնելով, հարկային հաշիվների վավերականության ստուգման համար:

15. Դուրս գրված հարկային հաշիվները և (կամ) դրանց սերիա-համարները չեղարկվում և (կամ) անվավեր են ճանաչվում կամ ճշգրտող հարկային հաշիվներ են դուրս գրվում հարկ վճարողների կողմից` համապատասխանաբար օրենքի 18-րդ հոդվածի 9-20-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում և Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 18-ի N 767-Ն որոշմամբ սահմանված կարգով:

16. Հարկային հաշիվներն էլեկտրոնային եղանակով դուրս են գրվում ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում Էլեկտրոնային հարկային հաշիվների ծրագրի միջոցով:

 

2. ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ`

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

17. Ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվներ (այսուհետ` էլեկտրոնային հարկային հաշիվներ) դուրս գրելու իրավունք ունեն սույն կարգի 7-րդ կետով սահմանված պայմանները բավարարող անձինք:

18. Էլեկտրոնային հարկային հաշիվները դուրս են գրվում համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով: Էլեկտրոնային հարկային հաշիվների ծրագիրը (այսուհետ` սույն բաժնում՝ ծրագիր) տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում (http://tax.nk.am):

19. Ծրագիրը բեռնվում և տեղադրվում (installation) է հարկ վճարողի համակարգչում:

20. Ծրագիրը գործարկվելու համար պահանջում է հարկ վճարողի հաշվառման համարի (այսուհետ` ՀՎՀՀ), օգտվողի մուտքի անվան (login) և գաղտնաբառի (password) մուտքագրում:

21. Մեկ համակարգչում ծրագիրը կարող է տեղադրվել մեկ անգամ: Ծրագիրը հնարավոր է օգտագործել տարբեր հարկ վճարողների տվյալները (ՀՎՀՀ-ն, օգտագործողի անունը, գաղտնաբառը) մուտքագրելով: Ծրագրով էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս են գրվում, դուրս գրված և ստացված էլեկտրոնային հարկային հաշիվների մասին տեղեկություններ և այլ գործողություններ են կատարվում այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ ծրագիրն ակտիվացվել է կամ ակտիվացվել և մուտք է գործվել հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգ:

22. Էլեկտրոնային հարկային հաշիվներում այն դուրս գրողին վերաբերող՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները` անվանումը (անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը, լրացվում են էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգի միջոցով՝ տեղեկատվական բազայում առկա տվյալներով:

23. Ծրագիրը գործում է ինտերնետային ցանցի ռեժիմում: Էլեկտրոնային հարկային հաշիվները դուրս են գրվում և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվում ինտերնետային ցանցին միացած լինելու դեպքում (ինտերնետային ցանցի ռեժիմում):

24. Հարկ վճարողը էլեկտրոնային հարկային հաշիվ դուրս գրելու համար ծրագրում ընտրում է ծրագրով նախատեսված՝ հարկային հաշվի տեսակը (ապրանքի մատակարարման, ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման) և ձևը (հարկ վճարողի անունից, մատակարարի անունից, հանձնարարողի (պրինցիպալի) անունից) և լրացնում այն: Էլեկտրոնային հարկային հաշիվների ձևերը սահմանվում են հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված` ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքով:

25. Գործարքի կողմ չհանդիսացող հարկ վճարողի կողմից էլեկտրոնային հարկային հաշիվ ստանալու դեպքում ստացողի կողմից պետք է կիրառվի ծրագրի տվյալ հարկային հաշվի շրջանակներում գործարքի կողմ չհանդիսանալու համապատասխան ֆունկցիան, որը հնարավորություն կտա տվյալ հարկային հաշիվը ջնջելու ստացողի ստացած հարկային հաշիվների դարանից:

26. Լրացված էլեկտրոնային հարկային հաշիվը ստանում է սերիա-համար և վավերացվում ինտերնետային ցանցում վավերականությունը հաստատող էլեկտրոնային ստորագրությամբ:

27. Դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվները գրանցվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում:

28. Էլեկտրոնային հարկային հաշիվ հնարավոր է դուրս գրել հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերում լրացված տվյալներն ծրագրով լրացվող հարկային հաշվի ձևի մեջ ներմուծելու միջոցով, եթե այդ տվյալները գրանցված են հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևաչափով: Հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերից ծրագիր տվյալների արտահանման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման առկայությունն ապահովվում է հարկ վճարողների կամ հաշվապահական հաշվառման կամ հարկային հաշիվներ դուրս գրող այլ ծրագրերն սպասարկող կազմակերպությունների կողմից:

29. Ծրագրում լրացված տվյալները (հարկային հաշիվները) հնարավոր է արտահանել հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրեր, եթե այդ ծրագրերն ունեն համապատասխան ծրագրային միջոցներ, որոնք ապահովում են հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևաչափով տվյալներ ընդունելու հնարավորություն: Ծրագրից հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրեր տվյալների ներմուծման համար անհրաժեշտ ծրագրային միջոցների առկայությունն ապահովվում է հարկ վճարողների կամ հաշվապահական հաշվառման կամ այլ համանման ծրագրերն սպասարկող կազմակերպությունների կողմից:

30. Ծրագիրն ինտերնետային ցանցի ռեժիմում հնարավորություն է տալիս դիտելու իր և այլ անձանց կողմից տվյալ հարկ վճարողի անվամբ (որպես ապրանքների գնորդ, աշխատանքներ կամ ծառայություններ ստացող կամ հանձնակատարի, գործակալի կողմից) դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվները, հաստատելու էլեկտրոնային հարկային հաշվի ստացումը` հարկային հաշվում դնելով էլեկտրոնային ստորագրություն:

31. Ծրագիրը թույլ է տալիս դուրս գրված և ստացված էլեկտրոնային հարկային հաշիվների ցանկերը, հաշվետվությունը վերածել «ԷմԷս Էքսել (MS Exel) ֆայլի` այդ ծրագրի հնարավորություններն օգտագործելով հաշվապահական և այլ հաշվառման նպատակով անհրաժեշտ հաշվարկներ կատարելու համար:

32. Էլեկտրոնային հարկային հաշիվների մասով՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ էլեկտրոնային հարկային հաշիվների դուրսգրում է համարվում ծրագրում կամ հարկային մարմնի էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգում կիրառվող ծրագրերում այնպիսի ծրագրային փոփոխությունների կամ լրացումների կատարումը, որոնց արդյունքում հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգում չգրանցվող հարկային հաշիվ կամ էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգում գրանցվում է դուրս գրված հարկային հաշվում լրացված տվյալներից տարբերվող տվյալ, կամ հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի կողմից տվյալ հարկ վճարողին չտրամադրված կամ անվավեր ճանաչված կամ չեղարկված սերիա-համարով հարկային հաշիվ:

 

3. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ` ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍԵՐԻԱ-ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

33. Հարկային մարմնից ստացված` հարկային հաշիվների սերիա-համարներով հարկ վճարողի կողմից կիրառվող հարկային հաշիվների դուրսգրման համակարգչային ծրագրերի միջոցով օրենքի 18-րդ հոդվածի առաջին և տասնիններորդ պարբերություններով սահմանված հարկային հաշիվների դուրսգրման դեպքում հարկ վճարողի և հարկային մարմնի միջև տեղեկատվության հոսքն իրականացվում է բացառապես ծրագրային միջոցներով (առանց մարդու միջամտության)` ինտերնետային կապի միջոցով կամ հեռահաղորդակցության այլ միջոցով (օրինակ, օպտիկամանրաթելային կապով), եթե հարկ վճարողն ապահովել է կապի այդ միջոցի կիրառումը: Սույն բաժնում նշվող «ուղարկում», «ստացում» կամ «տրամադրում» բառերը նշանակում են միայն կապի միջոցով, համապատասխան ծրագրային միջոցների կիրառմամբ տեղեկատվության (տվյալների) ուղարկում, ստացում կամ տրամադրում, եթե սույն կարգով ուղղակիորեն այլ բան սահմանված չէ:

34. Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների սերիա-համարներով հարկային հաշիվներ կարող են դուրս գրել այն անձինք՝

1) ովքեր կիրառում են հարկային հաշիվների դուրսգրման հատուկ ծրագիր (ծրագրեր).

2) որոնց կողմից յուրաքանչյուր օրացուցային ամսվա որևէ (ցանկացած) օրվա ընթացքում դուրս գրվող հարկային հաշիվների թիվը գերազանցում է հազարը.

3) ովքեր բավարարում են սույն կարգի 7-րդ կետով սահմանված պայմանները:

35. Սույն կարգի կիրառման առումով՝ հարկային հաշիվների դուրսգրման հատուկ ծրագրեր (այսուհետ` բիլինգային համակարգեր) են համարվում այն ծրագրերը, որոնք, օգտագործելով մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների ծավալի հաշվառման (օրինակ, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման ժամանակահատվածի և (կամ) ծավալի հաշվառման) այլ ծրագրերի կամ հաշվիչ սարքերի հաշվարկած տվյալները կամ մատակարարված ապրանքների քանակի հաշվառման ծրագրերի կամ այլ հաշվիչ սարքերի տվյալները, գեներացնում (կազմում) են հարկային հաշիվներ` ապրանքներ ձեռք բերողներին, աշխատանքներ ընդունողներին և (կամ) ծառայություններ ստացողներին ներկայացնելու (տրամադրելու) և հատուցում ստանալու նպատակով: Որպես հատուկ ծրագրեր չեն կարող համարվել հաշվապահական հաշվառման ծրագրերը, որոնց միջոցով ևս հնարավոր է կամ իրականացվում է հարկային հաշիվների դուրսգրում:

36. Հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների սերիա-համարներով հարկային հաշիվներ դուրս գրելու իրավունք ունեցող անձանց (այսուհետ` բիլինգային համակարգ կիրառող անձինք) հարկային հաշիվների սերիա-համարներ տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` բիլինգային համակարգ կիրառող անձի կողմից կիրառվող համակարգչային ծրագրով ուղարկված հայտի հիման վրա:

37. Բիլինգային համակարգ կիրառող անձի կողմից հարկային հաշիվների սերիա-համարների ստացման հայտ ներկայացնող ծրագիրը մշակվում է բիլինգային համակարգ կիրառող անձի կողմից։

38. Էլեկտրոնային հայտը ներկայացնելու ձևաչափը (protocol) սահմանում է հարկային մարմնի ղեկավարը և տրամադրում է բիլինգային համակարգ կիրառող անձին` բիլինգային համակարգի կիրառումից առնվազն երեք ամիս առաջ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողը պատրաստ է այդ համակարգը կիրառել ավելի վաղ ժամկետից կամ առանց ձևաչափ ստանալու:

39. Էլեկտրոնային հայտը պետք է ստորագրված լինի հարկային մարմնում՝ հարկային հաշիվների սերիա-համարներ ստանալու լիազորություն ունեցող անձի՝ վավերական էլեկտրոնային ստորագրությամբ: Լիազոր անձի ստորագրությունը հարկային մարմնում գրանցվում է էլեկտրոնային հաշվետվություններն ստորագրելու լիազորություն ունեցող անձանց համար սահմանված գրանցման կարգին համապատասխան:

40. Հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրով ստուգվում է հայտում պարունակվող էլեկտրոնային ստորագրության վավերականությունը, և այն վավերական լինելու դեպքում ապահովվում է հայտի հետագա ընթացքը: Եթե հայտում նշված էլեկտրոնային ստորագրությունը վավերական չէ, ապա հարկային մարմնի կողմից կիրառվող ծրագրով ուղարկվում է ստորագրության անվավեր լինելու հիմքով հայտը մերժելու վերաբերյալ հաղորդագրություն:

41. Ծրագիրը ձևավորում է փաթեթ` ըստ ծառայության տիպի, և տեղեկատվություն հաղորդում բիլինգին` նշելով ձևավորված փաթեթի ունիկալ համարը: Դրանից հետո բիլինգը սկսում է ձևավորել սևագիր հարկային հաշիվներ` յուրաքանչյուրի մասով ստանալով հարկային հաշվի սերիա-համար և հաշվի լրացվածության ճշտության վերաբերյալ տեղեկատվություն:

42. Եթե փաթեթում կան սխալ լրացված հարկային հաշիվներ, ապա փաթեթը հնարավոր չէ ստորագրել:

43. Փաթեթը ամբողջական ձևավորելուց հետո ներբեռնվում է գեներացված (կազմված) հայտը փդֆ (PDF) ձևաչափով, ստորագրվում լիազորված անձի ստորագրությամբ և ուղարկվում ծրագրին` վեբ (WEB) սերվիսի միջոցով: Եթե ստորագրությունը համապատասխանում է, ապա փաթեթը ստանում է «ստորագրված» կարգավիճակ, նրանում պարունակվող հարկային հաշիվները ևս ստանում են «ստորագրված» կարգավիճակ և արտածվում են ծրագրում` ցուցադրվելով գնորդի անձնական գրասենյակում:

44. Բիլինգային համակարգ կիրառող անձանց նաև հասանելի է փաթեթների ցանկը, փաթեթների բովանդակությունը, փաթեթում ներառված սխալ հարկային հաշիվների ցանկը:

 

4. ՃՇԳՐՏՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

45. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ճշգրտման դեպքերում հարկային հաշիվ դուրս գրող անձը դուրս է գրում ճշգրտող հարկային հաշիվ՝ օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան:

46. Նույն գործարքի շրջանակներում հարկային հաշվի հետ միաժամանակ ՀԴՄ-ի կտրոն տրամադրելու և հետագայում գործարքն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ճշգրտելու դեպքում ճշգրտվում է հարկային հաշիվը:

47. Ճշգրտող հարկային հաշվում նշվում են այն դուրս գրողին և ստացողին վերաբերող՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները, ինչպես նաև այն հարկային հաշվի սերիան, համարը և դուրսգրման ամսաթիվը, որը ճշգրտվում է: Դուրս գրվող ճշգրտող հարկային հաշվում արտացոլվում են վերադարձվող կամ ավելի մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայության չընդունված կամ ավելի ընդունված մասի անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայության տեսակն ու ծավալը, ինչպես նաև այդ ցուցանիշների նկատմամբ նախկինում դուրս գրված հարկային հաշվում նշված տվյալները (միավորի գինը, արժեքը, ԱԱՀ-ի գումարը, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դեպքում՝ ակցիզային հարկի գումարը) և հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա այլ տվյալներ: Մատակարարի կողմից ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ճշգրտող հարկային հաշիվ դուրս գրելու համապատասխան հիմքի առաջացման օրը:

48. Անկախ սույն կարգի դրույթներից` ծառայությունների մատուցմանը կամ աշխատանքների կատարմանը վերաբերող ճշգրտող հարկային հաշիվ չի կարող դուրս գրվել, եթե այդ ծառայությունները կամ աշխատանքներն արդեն իսկ (փաստացի) մատուցվել կամ կատարվել են գործարքի իրական պայմաններին համապատասխանող` դուրս գրված հարկային հաշվում նշված պայմաններով կամ ծառայության կամ աշխատանքի բովանդակությունն այնպիսին է, որ ծառայության կամ աշխատանքի արդյունքի հետհանձնումն ուղղակի անհնարին է:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա.ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 18-ի N 767-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՉԵՂԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածին համապատասխան հարկային հաշիվների անվավեր ճանաչման և չեղարկման կարգը:

2. Սույն կարգում «ապրանքների մատակարարում», «աշխատանքների կատարում», «ծառայությունների մատուցում», «գործարք» հասկացությունները կիրառվում են օրենքում կիրառված իմաստով, իսկ «կնքված պայմանագիր» հասկացությունը` քաղաքացիական օրենսգրքով (մասնավորապես, օրենսգրքի 436-րդ, 448-րդ հոդվածներով) սահմանված իմաստով՝ անկախ կնքման ձևից (օրինակ, բանավոր):

3. Սույն որոշմամբ սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր են ճանաչվում դուրս գրող անձի կողմից օրենքի 18-րդ հոդվածի տասներկուերորդ պարբերության համապատասխան, իսկ չեղարկվում են դուրս գրող անձի կողմից՝ օրենքի 18-րդ հոդվածի իններորդ պարբերությամբ սահմանված դեպքերում:

4. Անվավեր ճանաչված գործարքի մասով նախկինում դուրս գրված հարկային հաշիվն անվավեր է ճանաչվում ինտերնետային կապի միջոցով հարկային հաշվի դուրսգրման ծրագրի միջոցով` կիրառելով ծրագրի համապատասխան ֆունկցիան:

5. Հարկային հաշիվները, ինչպես նաև բիլինգային համակարգում գեներացված (կազմված) հարկային հաշիվներում արտացոլված` հարկային մարմին ներկայացված տեղեկատվությունը չեղարկվում են ինտերնետային կապի միջոցով հարկային հաշիվների դուրսգրման ծրագրի միջոցով` կիրառելով ծրագրի համապատասխան ֆունկցիան: Հարկային հաշվի չեղարկման ֆունկցիան կիրառելուց դուրս գրողի կողմից ընտրվում է օրենքի 18-րդ հոդվածի իններորդ պարբերությունում նշված հարկային հաշվի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը): Ընդ որում, եթե չեղարկման պահին հարկային հաշիվը վավերացված է տվյալ հարկային հաշվով ապրանք ձեռք բերողի, աշխատանք կատարողի և (կամ) ծառայություն ստացողի էլեկտրոնային ստորագրությամբ, հարկային հաշիվ դուրս գրող անձի կողմից ծրագրի չեղարկման համապատասխան ֆունկցիան կիրառելուց, օրենքի 18-րդ հոդվածի իններորդ պարբերությունում նշված հարկային հաշվի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը) ընտրելուց և ստորագրելուց հետո հարկային հաշվով ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացողն ստանում է հաղորդագրություն տվյալ հարկային հաշիվների չեղարկման վերաբերյալ, որից հետո ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող անձի կողմից էլեկտրոնային համապատասխան հաստատման ֆունկցիան կիրառելու և ստորագրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրող անձն ստանում է հաղորդագրություն հարկային հաշվի չեղարկման հաստատման վերաբերյալ, որից հետո միայն հարկային հաշիվը կարող է համարվել սահմանված կարգով չեղարկված: Ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող անձի կողմից էլեկտրոնային համապատասխան մերժման ֆունկցիան կիրառելով՝ մերժվում է հարկային հաշվի չեղարկումը, եթե տվյալ գործարքը չեղարկման ենթակա չէ: Այդ դեպքում հարկային հաշիվ դուրս գրող անձն ստանում է հաղորդագրություն հարկային հաշվի չեղարկման մերժման վերաբերյալ, և հարկային հաշիվը չի կարող համարվել չեղարկված ու պահպանում է վավերական կարգավիճակը, իսկ այն դեպքում, երբ ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող անձը չեղարկման հաղորդագրությունն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում ո'չ հաստատում և ո'չ էլ մերժում է ստացված հաղորդագրությունը, ապա հարկային հաշիվն ինքնաշխատ համարվում է չեղարկված:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա.ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 18-ի N 767-Ն որոշման

 

ՈՉ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով կանոնակարգվում են ոչ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման դեպքերը և նախկինում դուրս չգրված հարկային հաշիվների դուրսգրման հետ կապված հարաբերությունները:

2. Ոչ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվները դուրս են գրվում կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հարկային հաշիվ դուրս գրելու անհնարինության դեպքերում:

 

2. ԿԱՊԻ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՅԼ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

3. Կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հարկային հաշիվ դուրս գրելու անհնարինության դեպքում՝ Արցախի Հանրապետության տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, տեղափոխումը) պարտադիր կարգով իրականացվում է թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված) այլ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերով, որոնք պետք է պարունակեն օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկային հաշվում ներառվող տվյալները՝ բացառությամբ հարկային հաշվի սերիայի և համարի:

4. «Հարկերի մասին» օրենքի 284-րդ հոդվածի կիրառման նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթղթերի բացակայության և սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված այլ ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ տվյալ փաստի վերաբերյալ հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող իրավասու անձանց (այսուհետ՝ իրավասու անձ) կողմից կազմվում է արձանագրություն:

5. Արձանագրության մեջ նշվում են այլ ուղեկցող փաստաթղթում ներառված հետևյալ տվյալները՝ հարկ վճարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), մատակարարվող (առաքվող, տեղափոխվող) ապրանքի անվանումը, քանակը, գինը, ուղեկցող փաստաթղթի դուրսգրման փորձի կատարման վայրի հասցեն, ժամանակը (րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին) և կապի ծառայություն մատուցող կազմակերպության անվանումը:

 

3. ԿԱՊԻ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՓԱՆՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԴՈՒՐՍ ՉԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

6. Կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումների հետևանքով հարկային հաշիվները չեն կարող դուրս գրվել ու վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ և համարվում են սևագիր տարբերակներ:

7. Կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումը վերացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ հարկ վճարողը նախկինում դուրս չգրված և թղթային կրիչի վրա լրացված ուղեկցող փաստաթղթի փոխարեն էլեկտրոնային եղանակով դուրս է գրում հարկային հաշիվ, որտեղ «Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)» դաշտում նշում է նախկինում դուրսգրման փորձի կատարման ժամանակը (րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին), այնուհետև էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում և դուրս է գրում:

 

4. ԿԱՊԻ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽԱՓԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

8. Հարկ վճարողի կողմից ուղեկցող այլ փաստաթղթի դուրսգրման դեպքում, արձանագրության կազմման օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իրավասու անձանց կողմից, հարկային մարմնի պաշտոնական կայքում (http://tax.nk.am) հրապարակված տեղեկատվության հիման վրա, ստուգվում է հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքի առկայությունը:

9. Հարկային մարմնի պաշտոնական կայքում հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հարցում է ուղարկվում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն:

10. Կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման փաստերի առկայության դեպքում հարկ վճարողի նկատմամբ «Հարկերի մասին» օրենքի 284-րդ հոդվածով սահմանված տուգանք չի կիրառվում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա.ԼԱԶԱՐՅԱՆ