ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՂԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայողի կենսաթոշակը նշանակելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակազմի պետական ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակում և վճարում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովության պետական գործակալությունը՝ իր տարածքային ստորաբաժանումների միջոցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի մարտի 19-ի N 181-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ
1. Սույն կարգը կարգավորում է «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 61-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կենսաթոշակը (այսուհետ՝ կենսաթոշակ) նշանակելուն առնչվող հարաբերությունները:
2. Կենսաթոշակը նշանակվում է օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով կամ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Դատական ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ քննչական կոմիտե) ծառայողի կամ քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայողի (այսուհետ՝ ծառայող) պաշտոնից ազատված ծառայողին, եթե օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայողի պաշտոնում նշանակվելու օրվա դրությամբ ունեցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կամ ազգային անվտանգության բնագավառի պետական լիազոր մարմիններում զինվորական ծառայության առնվազն 10 տարվա ստաժ և պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ձեռք է բերել առնվազն 20 օրացուցային տարվա ծառայության ստաժ:
Սույն կետով սահմանված ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի Ν 9-Ն որոշմամբ հաստատված Ν 3 հավելվածի 2-րդ կետում նշված ժամանակահատվածները և ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ծառայողին կենսաթոշակ նշանակվում, վճարվում (այդ թվում` չվճարված կենսաթոշակի գումարը), նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում, կենսաթոշակից պահումներ կատարվում, ավելի վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում, հետ գանձվում և Արցախի Հանրապետության պետական բյուջե են վերականգնվում, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով զինծառայողների համար սահմանված կարգով և ժամկետում:
4. Սույն կարգով սահմանված` կենսաթոշակ նշանակելուն առնչվող տվյալները ներառվում են պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:
5. Ծառայողի կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում Արցախի Հանրապետության ոստիկանության կամ ազգային անվտանգության բնագավառի պետական լիազոր մարմիններից ազատվելու օրվա դրությամբ զբաղեցրած վերջին պաշտոնի խմբի ստաժին համապատասխանող գործակիցը:
6. Ծառայողի կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 906-Ն որոշմամբ հաստատված կարգով:
7. Ծառայողին կենսաթոշակ նշանակվում, վճարումն ապահովվում, կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակի չափը հաշվարկելու համար նրա ստաժը հաշվարկվում, ինչպես նաև կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) վարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշմամբ հաստատված NN 1, 2, 8, 9, 13 և 14 հավելվածների, ինչպես նաև սույն կարգի համաձայն:
8. Կենսաթոշակ նշանակելու համար դիմումին կից ներկայացվում են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշմամբ հաստատված N 10 հավելվածի 3-րդ կետում նշված` անձը հաստատող փաստաթուղթը.
2) հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.
3) ստաժը հաստատող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).
4) քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նշանակված լինելու մասին փաստաթուղթ.
5) ծառայողի պաշտոնից ազատվելու մասին հրամանի քաղվածքը.
6) Արցախի Հանրապետության ոստիկանության կամ ազգային անվտանգության բնագավառի պետական լիազոր մարմիններից ազատվելու օրվա դրությամբ զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված խմբի վերաբերյալ տեղեկանքը:
9. Կենսաթոշակ վճարելը վերսկսելու և չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար անձը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշմամբ հաստատված N 10 հավելվածի 24-րդ, 24.1-ին, 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերում նշված փաստաթղթերը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |