Համարը 
N 272-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.04.28/10(401)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.04.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.04.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 843-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2020թ.

N 272-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ

 ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 843-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը և 41-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 15-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 843-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2020 թվականի ապրիլի 16-ի N 272-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ գլխով նախատեսված հանրային քննարկումները (այսուհետ` հանրային քննարկումներ) նորմատիվ իրավական ակտի նախագծերի իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, այդ գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով` այդ նախագծերի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաև հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու և դրանք ամփոփելու գործընթաց է:

2. Օրենսդրական ակտերի նախագծերը ենթակա են հանրային քննարկման, բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծի:

3. Այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, բացառությամբ ռազմական դրություն, արտակարգ դրություն, արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի նախագծերի, հանրային քննարկման կարող են դրվել նախագիծը մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ` սույն կարգով սահմանված ընթացակարգով:

4. Հանրային քննարկումներն իրականացվում են հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքների հիման վրա:

5. Հանրային քննարկումը կազմակերպվում է նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմնի կամ Արցախի Հանրապետության կառավարության անդամի կամ նախագիծը մշակող մարմնի կողմից (այսուհետ՝ հանրային քննարկում իրականացնող մարմին):

6. Հանրային քննարկումներին կարող է մասնակցել յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ:

7.Հանրային քննարկումների կազմակերպումը և անցկացումը ֆինանսավորվում են հանրային քննարկում իրականացնող մարմնի պահպանման նպատակով տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

8. Հանրային քննարկումների տևողությունն առնվազն 15 օր է, եթե հանրային քննարկում իրականացնող մարմինը չի սահմանել ավելի երկար ժամկետ:

9. Հանրային քննարկումը պարտադիր իրականացվում է հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետ՝ կայք) հրապարակման եղանակով:

10. Սույն կարգին համապատասխան հանրային քննարկումներ իրականացվում են նաև հանրային լսումների կամ հասարակական հարցումների ձևով:

11. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկում իրականացնող մարմինն իր կայքում հրապարակում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև իր հայեցողությամբ այլ նյութեր:

12. Հանրային քննարկումների իրականացման խախտումներ հայտնաբերելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել հանրային քննարկում իրականացնող մարմին:

13. Հանրային քննարկումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք հանրային քննարկում իրականացնող մարմնի կայքում հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները՝ հանրային քննարկում իրականացնող մարմնի կայքում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկելու կամ հանրային քննարկում իրականացնող մարմնին թղթային տարբերակով հանձնելու եղանակով:

14. Եթե առաջարկություններն ուղարկվել են էլեկտրոնային հասցեով, ապա հանրային քննարկում իրականացնող մարմինն անմիջապես, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հետադարձ կապի միջոցով տեղեկացնում է համապատասխան առաջարկությունները ստանալու մասին:

15. Կայքում հանրային քննարկման նպատակով տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր առաջարկությունները հանրային քննարկում իրականացնող մարմնի կողմից ներառվում են նախագծի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթում:

16. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով իրականացված հանրային քննարկումների ավարտից հետո 15-օրյա ժամկետում կազմված ամփոփաթերթը, որում պետք է ամբողջությամբ արտացոլված լինեն հանրային քննարկումների արդյունքները և նախագծի՝ հանրային քննարկումների արդյունքում լրամշակված տարբերակը՝ բացառությամբ «Արցախի Հանրապետության պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և այդ օրենքի նախագծի լրամշակված տարբերակի, պետք է տեղադրվեն հանրային քննարկում իրականացնող մարմնի կայքում:

17. Կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, վերջինիս վերաբերյալ ստացված առաջարկությունների ամփոփաթերթն արխիվացվում են հանրային քննարկում իրականացնող մարմնի կայքի համապատասխան բաժնում՝ նախագիծը կայքում տեղադրելուց մեկ տարի հետո:

18. Հանրային քննարկում իրականացնող մարմնի նախաձեռնությամբ հանրային լսումներն իրականացվում են տվյալ ոլորտում մասնագիտացված կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով քննարկումների ձևով:

19. Հանրային քննարկում իրականացնող մարմինն իր կայքում հրապարակում է հայտարարություն հանրային լսման մասին, որը պետք է պարունակի հանրային քննարկումների իրականացման վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի մասին տեղեկություններ: Հանրային քննարկում իրականացնող մարմինը հանրային քննարկումների հայտարարությունը կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության միջոցներով:

20. Հանրային քննարկումները սույն կարգի 18-րդ կետով սահմանված կարգով իրականացվելու դեպքում հանրային քննարկում իրականացնող մարմնի ներկայացուցիչը հանրային քննարկում իրականացնելու հայտարարությամբ հրապարակված ժամին բացում է քննարկումները, ներկայացնում է համապատասխան նախագծի համառոտ նկարագիրը, քննարկման հարցերի շրջանակը, հանրային քննարկում իրականացնող մարմնի ներկայացուցիչ հանդիսացող հանրային քննարկումների քարտուղարին, ինչպես նաև մասնակիցներին տրամադրում է համապատասխան նյութեր քննարկումների վերաբերյալ, որոնք մինչ այդ հրապարակված չէին եղել հանրային քննարկում իրականացնող մարմնի կայքում: Քննարկումների քարտուղարը պետք է կազմի քննարկումների վերաբերյալ գրավոր արձանագրություն, որն ստորագրվում է վերջինիս կողմից: Արձանագրությունում պետք է ամրագրված լինեն քննարկումներն իրականացնող մարմնի անվանումը, քննարկումների ամսաթիվը, թեման, քննարկումների մասնակիցների առաջարկությունները: Մասնակիցները կարող են առաջարկությունները ներկայացնել նաև գրավոր: Գրավոր ներկայացված առաջարկներն ու դիտողությունները ներառվում են ամփոփաթերթում, որոնք համապատասխան հիմնավորմամբ ընդունվում կամ չեն ընդունվում: Ամփոփաթերթը, արձանագրությունը և լրամշակված նախագիծը տեղադրվում են հանրային քննարկումներ կազմակերպող մարմնի կայքում:

21. Հանրային քննարկման ենթակա` հանրային քննարկում չանցած Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացված նախագիծն Արցախի Հանրապետության կառավարությունը կարող է վերադարձնել այն ներկայացնող մարմին:

22. Հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով նորմատիվ իրավական ակտի նախագիծը սույն կարգով սահմանված կարգով հրապարակելուց հետո հանրային քննարկում իրականացնող մարմինը կարող է գրավոր կամ բանավոր ձևով հասարակական հարցումներ իրականացնել: Տվյալ դեպքերում հանրային քննարկում իրականացնող մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է համապատասխան նախագծի համառոտ նկարագիրը և հարցման ենթակա հարցերի շրջանակը: Հարցման մասնակիցներն իրենց առաջարկությունները ներկայացնում են հարցումն իրականացնողին: Հարցումն իրականացնողը պետք է կազմի հարցումների վերաբերյալ գրավոր արձանագրություն, որն ստորագրվում է վերջինիս կողմից: Արձանագրությունում պետք է նշված լինեն հասարակական հարցումն իրականացնող մարմնի անվանումը, հարցումների ամսաթիվը, թեման, մասնակիցների առաջարկությունները: Գրավոր ներկայացված առաջարկությունները կցվում են արձանագրությանը և լրամշակված նախագծի հետ տեղադրվում են հանրային քննարկումներ կազմակերպող մարմնի կայքում:

23. Հանրային լսումների և հասարակական հարցումների միջոցով հանրային քննարկումների կազմակերպումը հանրային քննարկում իրականացնող մարմինը կարող է պատվիրակել այլ անձանց:

24. Հանրային քննարկումները, ըստ անհրաժեշտության, կազմակերպվում են Արցախի Հանրապետության տարբեր շրջաններում կամ համայնքներում:

25. Հանրային քննարկումների արդյունքում քննարկման դրված հարցերի առնչությամբ ստացված յուրաքանչյուր առաջարկության (դիտողության) վերլուծության, ինչպես նաև դրանց ամփոփման արդյունքում հանրային քննարկում իրականացնող մարմինն ընդունված առաջարկների հիման վրա կատարում է նախագծի անհրաժեշտ լրամշակումներ:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ