Համարը 
N 203-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.04.29/06(297)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.04.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.04.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 943-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2016թ.

N 203-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 943-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին, 21-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը՝ համաձայն հավելվածի։

1.1. Սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի և 11-րդ կետի՝ օտար լեզու ու ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականի կամ դրան համապատասխան տեղեկանքի պահանջները չեն տարածվում 2020-2021 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության վրա:

(1.1-ին կետը լրաց 27.07.20 N 259-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 15-ի N 210 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 943-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի  ապրիլի 29-ի N 203-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

l. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ հաստատություններ) ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման հետ կապված հարաբերությունները։

2. Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբից առնվազն վեց ամիս առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) հաստատություններից ստացած հայտերի հիման վրա սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում համապատասխան ուսումնական տարվա ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության տեղերի բաշխումը։

3. Ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում և հայցորդության համակարգում սույն կարգով չկարգավորվող հարաբերությունները կարող են կարգավորվել տվյալ հաստատության սահմանած կանոնակարգով։

 

ll. ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

 

4. Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները։

5. Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1) բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի և դրա հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).

2) օտար լեզու ու ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ).

3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ տպագրված գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.

4) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի).

5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում)։

6. Ասպիրանտուրայի ընդունելության կազմակերպման համար հաստատության ղեկավարի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով՝ հաստատության ղեկավարի կամ տեղակալի նախագահությամբ։

7. Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության անցկացման համար հաստատության ղեկավարի հրամանով ստեղծվում են մասնագիտական քննական հանձնաժողովներ (այսուհետ՝ հանձնաժողով)։

8. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ մասնագիտական բնագավառի գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող երեքից հինգ մասնագետ:

9. Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության անցկացման ժամանակացույցը հաստատում է հաստատության ղեկավարը և տեղեկացնում նախարարությանը։

10. Հաստատության հայտարարությունների համար նախատեսված վայրում փակցվում և (կամ) տեղադրվում է պաշտոնական կայք-էջում մասնագիտական քննության՝

1) անցկացման օրվա, տեղի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը՝ քննությունը սկսելուց յոթ աշխատանքային օր առաջ.

2) հարցաշարը՝ մասնագիտական քննությունից առնվազն մեկ ամիս առաջ.

3) ընթացակարգային պահանջները, որոնք հաստատվում են հաստատության ղեկավարի կողմից։

11. Դիմորդին մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվությունը տալիս է հաստատության ընդունող հանձնաժողովը՝ օտար լեզվից ու ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած համապատասխան միավորը հավաստող վկայականի և (կամ) տեղեկանքի առկայության դեպքում, ինչպես նաև ընդունելության մասնագիտությանը համապատասխան գիտական ռեֆերատի մասին մասնագիտական ամբիոնի (սեկտորի, դեպարտամենտի) կամ գիտական ստորաբաժանման գրավոր դրական գրախոսականի կամ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքների մասին հաստատված ցուցակի դեպքում։

12. Ստորև նշված օտար լեզուներից որևէ մեկից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝

1) անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5,5 միավորը.

2) ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիէՖ)՝ 200 միավորը.

3) գերմաներենից՝ «օո DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:

13. Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից։

14. Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում 25 միավորը:

15. Մասնագիտական քննության հարցաշարը, որն ընդգրկում է նախորդ աստիճանների ծրագրային նյութը, կազմվում է հաստատության մասնագիտական ամբիոնների (դեպարտամենտների), գիտական ստորաբաժանման կամ հանձնաժողովի կողմից և հաստատվում է հաստատության ղեկավարի կողմից։

16. Մասնագիտական քննությունից երկու աշխատանքային օր առաջ՝ հրապարակված հարցաշարից կազմվում են հարցատոմսեր (առաջադրանքներ), որոնք հաստատվում են հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և հաստատության կնիքով։ Հարցատոմսերը յուրաքանչյուր տարի վերանայվում են։

17. Ելնելով մասնագիտական առանձնահատկությունից՝ մասնագիտական քննության անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր) սահմանում է ընդունող հանձնաժողովը:

18. Բանավոր քննությունը ձայնագրվում է, և արդյունքները պահպանվում են հրապարակվելուց հետո առնվազն 24 ժամ։

19. Մասնագիտական քննության արդյունքները գնահատվում են 20 միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն 13 միավոր:

20. Գիտելիքների գնահատման մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականով:

21. Դիմորդը քննության է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով։

22. Մասնագիտական քննության բողոքարկման ընթացակարգային պահանջներն են՝

1) դիմորդը կարող է մասնագիտական քննության գնահատականը բողոքարկել հանձնաժողովին՝ արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում հանձնաժողովի նախագահին ներկայացնելով գրավոր բողոքը, որը քննարկվում է նույն օրը.

2) բողոքարկմանը մասնակցում են հաստատության վարչական անձնակազմի (դեկան կամ ուսումնամեթոդական ստորաբաժանման ներկայացուցիչ)՝ տվյալ հանձնաժողովի անդամ չհանդիսացող աշխատողը և հաստատության ուսանողական կամ երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցիչը, որոնց թեկնածությունները նախապես հաստատվում են հաստատության ղեկավարի կողմից.

3) դիմորդի ներկայությամբ ուսումնասիրվում և քննարկվում է գրավոր աշխատանքը, իսկ բանավոր քննության դեպքում լսվում է ձայնագրությունը։ Բողոքարկման արդյունքում բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների և ներգրավված անձանց ձայների պարզ մեծամասնությամբ կայացվում է որոշում՝

ա. գնահատականը թողնել անփոփոխ,

բ. գնահատականը բարձրացնել.

4) ընդունած որոշման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, հաստատության վարչական անձնակազմի, ուսանողական կամ երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցչի և դիմորդի կողմից։ Նշված անձանցից որևէ մեկից ընդունված որոշմանն անհամաձայնություն հայտնելու դեպքում գրավոր ներկայացվում է հատուկ կարծիք, որը կցվում է արձանագրությանը.

5) գնահատականի փոփոխման դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն.

6) մասնագիտական քննության գնահատականը կարող է բողոքարկվել դատարանում՝ օրենքով սահմանված կարգով:

23. Մասնագիտական քննության վերահանձնում չի թույլատրվում։

24. Ասպիրանտուրայի մասնագիտական քննության արդյունքն ուժի մեջ է տվյալ ուսումնական տարվա տվյալ հաստատության ընդունելության քննության ընթացքում։

25. Ասպիրանտուրա ընդունվում է մասնագիտական քննությունից առավելագույն միավոր ստացած անձը։

26. Մասնագիտական քննությունից ստացած հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշները՝ ըստ հերթականության՝

1) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի ընդհանուր միջին որակական գնահատականը.

2) բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականի գումարը.

3) հրատարակված գիտական աշխատանքների թիվը.

4) միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մասնակցությունը (զեկուցումները)։

27. Ընդունող հանձնաժողովը մրցույթի արդյունքների հիման վրա ընդունում է որոշում յուրաքանչյուր դիմորդի վերաբերյալ։

28. Ասպիրանտուրա ընդունվելու կամ մրցույթով չանցնելու վերաբերյալ որոշման մասին դիմորդներն իրազեկվում են մասնագիտական քնությունից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում։

29. Ասպիրանտների հրամանագրումը կատարվում է հաստատության ղեկավարի հրամանով՝ ասպիրանտի հետ կնքելով համապատասխան պայմանագիր։

30. Առկա ուսուցման ձևով և անվճար հիմունքներով ասպիրանտուրա ընդունվածներին տրվում է սահմանված չափի պետական կրթաթոշակ՝ ընդունման օրվանից։

 

III. ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

31. Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա (անվճար ու վճարովի հիմունքներով) և հեռակա (վճարովի հիմունքով) ձևերով: Առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում երեք տարին, իսկ հեռակա ձևով՝ չորս տարին։

32. Ասպիրանտուրայում ուսուցման լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի, որը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից՝ կրթական և հետազոտական։

33. Ասպիրանտն ուսման ընթացքում պետք է՝

1) հանձնի ուսումնական ծրագրով (պլանով) նախատեսված քննությունը (քննությունները) և ստուգարքը (ստուգարքները) (այդ թվում՝ մասնագիտական քննությունը), կուտակի համապատասխան կրեդիտներ, ավարտի ատենախոսությունը և համապատասխան հաստատությունում անցկացնի ատենախոսության նախնական քննարկում.

2) ունենա հաստատության գիտական խորհրդի կողմից հաստատված աշխատանքային պլան, գիտական ղեկավար և առնվազն 36 ժամ գիտամանկավարժական կամ հետազոտական ծանրաբեռնվածություն։

34. Առկա ասպիրանտուրայում ուսանելու ժամանակը մտնում է ասպիրանտների գիտամանկավարժական ստաժի մեջ։

35. Յուրաքանչյուր գիտական ղեկավար կարող է միաժամանակ ունենալ հինգից ոչ ավելի ասպիրանտ և հայցորդ։

36. Եթե հաստատությունում հնարավոր չէ իրականացնել կրեդիտային համակարգով ներդրված դասընթացները, ապա այդ ուսուցումը պայմանագրային հիմունքներով կարող է իրականացվել այլ հաստատությունում՝ ուղարկող կազմակերպության միջոցների հաշվին։

37. Հաստատության սահմանած կարգով ասպիրանտն ըստ աշխատանքային պլանի տարեկան մեկ անգամ ատեստավորվում է ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) կողմից։ Բուհի համապատասխան ամբիոնում, ֆակուլտետի խորհրդում, կազմակերպության գիտական ստորաբաժանումներում, գիտական (գիտատեխնիկական) խորհրդում պարբերաբար լսվում և քննարկվում են ասպիրանտների ու նրանց գիտական ղեկավարների հաշվետվությունները։

38. Սույն կարգի 37-րդ կետով նախատեսված ատեստավորում չանցած ասպիրանտը հաստատության ղեկավարի հրամանով ազատվում է ասպիրանտուրայից։

39. Գիտական հետազոտություններ կատարելիս ասպիրանտն օգտվում է հաստատության գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, գործուղումների իրավունքից, հանրակացարանից և այլն։

40. Հաստատությունից հեռացված ասպիրանտը կարող է վերականգնվել ասպիրանտուրայում՝ վճարովի հիմունքով ուսումը շարունակելու համար։

41. Ատենախոսությունը չպաշտպանած ասպիրանտին իր ցանկությամբ անվճար տրվում է հաստատության կողմից սահմանված ակադեմիական տեղեկանք՝ ասպիրանտի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը հաստատության ղեկավարին ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

42. Առկա ուսուցմամբ ասպիրանտին ուսման ընթացքում տարեկան տրվում է երկամսյա արձակուրդ՝ կրթաթոշակի պահպանմամբ։

43. Հաստատության ղեկավարը կարող է արտաբյուջետային միջոցների հաշվին սահմանել հավելավճար։

44. Ասպիրանտների գիտական ղեկավարների աշխատանքի վարձատրությունը կատարվում է հաստատության կողմից՝ մեկ ասպիրանտի համար տարեկան 50 ժամ հաշվարկով։

45. Հաստատության ղեկավարը կարող է արտաբյուջետային միջոցների հաշվին ասպիրանտի գիտական ղեկավարի աշխատավարձին հավելավճար սահմանել:

 

IV. ԴՈԿՏՈՐԱՆՏՈԻՐԱ

 

46. Դոկտորանտուրայի տևողությունը չի գերազանցում երեք տարին։

47. Դոկտորանտուրայում ձևակերպվում են այն անձինք, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և ներկայացնում են գիտական, տնտեսական կամ սոցիալ–մշակութային նշանակություն ունեցող հիմնարար և (կամ) կիրառական հետազոտությունների ծրագիր (նախագիծ)։

48. Դոկտորանտուրայում ձևակերպվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է համապատասխան հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1) գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի պատճենը (այլ երկրներում գիտական աստիճանի վկայագիր ստացածների համար՝ նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից տրված համապատասխանեցման հավաստագիրը).

2) դոկտորական ատենախոսության պլանը.

3) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 X 4 չափսի).

4) հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի և հայտնագործությունների, ինչպես նաև կատարված գիտահետազոտական աշխատանքների հաշվետվությունների ցանկը։

49. Համաձայն հաստատության սահմանած կարգի՝ հաստատության ղեկավարի հրամանով դոկտորանտը ձևակերպվում է դոկտորանտուրայում, և նրա հետ կնքվում է պայմանագիր։

50. Դոկտորանտի համար սահմանված ժամկետում դոկտորանտը պետք է կատարի դոկտորական ատենախոսության պլանով նախատեսված աշխատանքները՝ ավարտի ատենախոսությունը և համապատասխան հաստատությունում անցկացնի ատենախոսության նախնական քննարկում։

51. Դոկտորանտը կարող է ունենալ գիտական խորհրդատու, ով հաստատվում է գիտական (գիտատեխնիկական) խորհրդում և նշանակվում հաստատության ղեկավարի կողմից։

52. Հաստատության գիտական (գիտատեխնիկական) խորհուրդը, դոկտորանտի ծրագրին համապատասխան, տարեկան մեկ անգամ լսում է դոկտորանտի հաշվետվությունը։

53. Գիտական հետազոտություններ կատարելիս դոկտորանտն օգտվում է հաստատության գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, գործուղումների իրավունքից և այլն։

54. Դոկտորանտների գիտական խորհրդատուների աշխատանքի վարձատրությունը կատարվում է հաստատության կողմից սահմանված կարգով և չափով։

 

V. ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

55. Հայցորդը մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցող անձ է։

56. Հաստատություններում հայցորդությունն իրականացվում է վճարովի հիմունքով՝ տվյալ հաստատության սահմանած կարգով, որի տևողությունը չի գերազանցում հինգ տարին։

57. Հայցորդ ձևակերպվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի և դրա հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).

2) հրատարակված գիտական աշխատությունների ցուցակը կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ.

3) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի).

4) քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է)։

58. Հաստատության սահմանած կարգի համաձայն՝ հայցորդը ձևակերպվում է հաստատության ղեկավարի հրամանով, և նրա հետ կնքվում է պայմանագիր։

59. Հայցորդի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի, որը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից՝ կրթական և հետազոտական։

60. Հայցորդը պետք է հանձնի ուսումնական ծրագրով (պլանով) նախատեսված քննությունը (քննությունները) և ստուգարքը (ստուգարքները) (այդ թվում՝ մասնագիտական քննությունը), կուտակի համապատասխան կրեդիտներ, ավարտի ատենախոսությունը և համապատասխան հաստատությունում անցկացնի ատենախոսության նախնական քննարկում։

61. Հայցորդը տարեկան մեկ անգամ հաստատության սահմանած կարգով ատեստավորվում է հաստատության ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) կողմից։

62. Գիտական հետազոտություններ կատարելիս հայցորդն օգտվում է հաստատության գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, գործուղումների իրավունքից և այլն։

63. Ատենախոսությունը չպաշտպանած հայցորդին իր ցանկությամբ անվճար տրվում է հաստատության կողմից սահմանված ձևի ակադեմիական տեղեկանք՝ հաստատության ղեկավարին հայցորդի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը ներկայացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

64. Հաստատության ղեկավարը սահմանված կարգով կարող է կատարել հայցորդի գիտական ղեկավարի վարձատրությունը (տարեկան առնվազն 30 ժամ)։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ