Համարը 
ՆՀ-128-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.08.14/20(411)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
12.08.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.08.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածը՝ ո ր ո շ ու մ  եմ.

 

1. Սահմանել՝

1) արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվությունը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

   

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2020թ. օգոստոսի 12

Ստեփանակերտ

ՆՀ-128-Ն

   

 

 

     

Հավելված N 1

Արցախի Հանրապետության Նախագահի

2020 թվականի օգոստոսի 12-ի ՆՀ-128-Ն

հրամանագրի

 

Կ Ա Ր Գ

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում միասնական քաղաքականության վարման գործում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության հետ կապված հարաբերությունները։

2. Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ սույն կարգի դրույթները կարող են տարածվել Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենքներին համապատասխան կամ Արցախի Հանրապետության Նախագահի որոշմամբ՝ արտաքին գործերի բնագավառում գործունեություն իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար այլ անձանց վրա:

 

II. ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արտաքին գործերի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինն է։

4. Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի այլ մարմիններն իրենց միջազգային բնույթի գործունեությունն իրականացնում են Արցախի Հանրապետության Նախագահի ծրագրի հիման վրա՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված:

5. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համակարգում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների միջազգային բնույթի պաշտոնական գործունեությունը և միջազգային կապերը:

6. Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված պաշտոնական հայտարարություններով հանդես են գալիս Արցախի Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, իսկ այլ անձինք` Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ:

7. Արտաքին քաղաքական բնույթի պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվում է Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի կամ տեղեկատվական ծառայության, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի կամ տեղեկատվական ծառայության, ինչպես նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից լիազորված ներկայացուցիչների միջոցով։

8. Պաշտոնատար անձինք և պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ արտաքին քաղաքականության առանձին հարցերի վերաբերյալ հայտարարություններով և մեկնաբանություններով միայն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան: Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա հարցերի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումները, Արցախի Հանրապետության Նախագահի ծրագրի հիման վրա Արցախի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխան, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից մշակվում և թարմացվում են ըստ անհրաժեշտության և ներկայացվում պետական կառավարման համակարգի մարմիններին։

9. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետական կառավարման համակարգի մարմիններին տրամադրում է իրենց միջազգային բնույթի գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն արտաքին քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև նրանց հարցման հիման վրա դիրքորոշում արտաքին քաղաքականության բնագավառի կոնկրետ հարցերի վերաբերյալ՝ նման հարցում ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում:

10.Պետական կառավարման համակարգի մարմինների և պաշտոնատար անձանց կողմից Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական շահերին և միջազգային հարաբերություններին առնչվող առաջարկությունները Արցախի Հանրապետության Նախագահին և Արցախի Հանրապետության կառավարության քննարկմանն են ներկայացվում դրանց վերաբերյալ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կարծիքի հետ միասին:

11.Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց և մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչների հետ հարաբերությունները, այդ թվում` պաշտոնական նամակագրությունը, բանակցությունները, փաստաթղթերի ստորագրումը, երկկողմ և բազմակողմ ձևաչափով պաշտոնական հանդիպումները, պաշտոնական և աշխատանքային հրավերներն ու ընդունելությունները, պաշտոնական և աշխատանքային այցերը, խորհրդակցությունները, պաշտոնական հայտարարությունները, այլ պայմանավորվածությունները, իրականացվում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ներկայացվում է հաշվետվություն դրանց վերաբերյալ:

12.11-րդ կետում նշված անձանց և մարմինների կողմից պաշտոնատար անձանց և պետական կառավարման համակարգի մարմիններին ուղղակիորեն հասցեագրված գրությունների պատճենները ներկայացվում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ ստանալուց հետո 3-օրյա ժամկետում։

13.11-12-րդ կետերը չեն տարածվում՝

1) ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերով կարգավորվող այնպիսի հարաբերությունների վրա, որոնք նախատեսում են անմիջական հաղորդակցություն.

2) այն միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող հարաբերությունների վրա, որոնցում ընդունված կանոնակարգի համաձայն նախատեսվում են ուղղակի շփումներ համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց հետ.

3) այն դեպքերում, երբ սույն կետում նշված միջոցառումներն իրականացվում են անմիջականորեն՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջարկությամբ կամ համաձայնությամբ։

14.Սույն կարգի 13-րդ կետում նշված դեպքերում պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց գործունեության մասին ամփոփ տեղեկությունները Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում կիսամյակային պարբերականությամբ:

15.Պետական կառավարման համակարգի մարմիններն ապահովում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների ներգրավումը միջազգային բնույթի գործունեության իրականացմանն առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի և այլ մարմինների, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ օտարերկրյա պետություններ այց իրականացնող պատվիրակությունների կազմում:

16.Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչները համապատասխան երկրներ մեկնող պաշտոնական պատվիրակությունների և պետական կառավարման համակարգի մարմնի պաշտոնատար անձանց գործուղման մասին իրազեկվում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով: Պաշտոնական պատվիրակությունների և պետական կառավարման համակարգի մարմնի պաշտոնատար անձանց այցի ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումները նախապես քննարկվում և համաձայնեցվում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

17.Արցախի Հանրապետության օտարերկրյա պետությունում գործող մշտական ներկայացուցիչը, որպես կանոն, մասնակցում է պաշտոնական պատվիրակությունների և պետական կառավարման համակարգի մարմնի պաշտոնատար անձանց հանդիպումներին, միջազգային համաժողովներին և նիստերին, որոնք նախատեսում են Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկում և (կամ) որոնց արդյունքում կարող են ձեռք բերվել արտաքին քաղաքականությանն առնչվող պայմանավորվածություններ, արվել արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված հայտարարություններ:

18.Սույն հրամանագրի կատարման մասին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պարբերաբար զեկուցում է Արցախի Հանրապետության Նախագահին:

 

 

Արցախի Հանրապետության Նախագահի

աշխատակազմի ղեկավար՝

Կ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

     

Հավելված N 2

Արցախի Հանրապետության Նախագահի

2020 թվականի օգոստոսի 12-ի ՆՀ-128-Ն

հրամանագրի

 

Կ Ա Ր Գ

ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ

ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՓՈՓ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ

ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվությունը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Գործադիր իշխանության մարմիններում սույն կարգի պահանջների կատարման վերահսկողությունն իրականացվում է համապատասխան մարմնի ղեկավարի կողմից:

3. Սույն կարգի իմաստով գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձ են համարվում նախարարը և նրա տեղակալը, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները։

 

II. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

4. Գործադիր իշխանության մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների կամ բանակցությունների կայանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, տվյալ պետական մարմնի կողմից համապատասխան պաշտոնական հանդիպման կամ բանակցությունների մասին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացվում ամփոփ տեղեկատվություն՝ սույն կարգով սահմանված ձևով՝ համաձայն ձևի (կցվում է)։

5. Եթե գործադիր իշխանության մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումներին կամ բանակցություններին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, ապա սույն կարգի 4-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը չի ներկայացվում:

6. Սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկատվությանը կցվում են դրան առնչվող փաստաթղթերի պատճենները։

7. Սույն կարգի պահանջների համաձայն ներկայացված տեղեկատվության վերաբերյալ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հարցադրումներին կամ հավելյալ տեղեկատվություն տրամադրելու դիմումի դեպքում՝ գործադիր իշխանության մարմինն իր պատասխանը ներկայացնում է 5-օրյա ժամկետում։

8. Սույն կարգի կատարման մասին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պարբերաբար զեկուցում է Արցախի Հանրապետության Նախագահին:

 

 

Արցախի Հանրապետության Նախագահի

աշխատակազմի ղեկավար՝

Կ.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

     

Ձև

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց

կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների

ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների և

բանակցությունների վերաբերյալ

 

1.

 

Հանդիպման օրը և վայրը

 

                                                     

2.

 

Հանդիպման նախաձեռնող կողմը

 

  

3.

 

Հանդիպման մասնակիցները

 

  

4.

 

Հանդիպման նպատակը

 

  

5.

 

Քննարկված հարցերը

 

  

6.

 

Կողմերի առաջարկությունները

 

  

7.

 

Ձեռք բերված պայմանավորվածությունները