| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2014 թվականի հունիսի 12-ին
պետական գրանցման համարը 3031455 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 55Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի հոկտեմբերի 18-ի «Ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը հաստատելու մասին» թիվ 55Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը;
| |
Հավելված
Սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի
2014 թվականի հունիսի 7-ի N 27Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ
Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ (այսուհետ՝ Հանձնաժողով) այն ներդրումային ծրագրերի համաձայնեցման ընթացակարգը, որոնց շրջանակներում իրականացված ներդրումները հետագայում լրիվ կամ մասնակիորեն պետք է ներառվեն լիցենզավորված անձի սակագնում (ծառայությունների մատուցման վճարում):
Սույն կարգի դրույթները չեն տարածվում այն լիցենզավորված անձանց վրա, որոնց սակագները հաշվարկվում են Հանձնաժողովի 2009 թվականի մարտի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2009 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» թիվ 14Ն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայի համաձայն:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգի իմաստով ներդրումներ են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ օգտակար և օգտագործվող ակտիվների ավելացմանը կամ փոխարինմանն ուղղված ներդրումները:
2. Լիցենզավորված անձի կողմից Հանձնաժողով ներկայացվող ներդրումային ծրագիրը պետք է նպատակաուղղված լինի հետևյալ հիմնախնդիրներից որևէ մեկի կամ մի քանիսի լուծմանը`
1) արտադրական հզորությունների ավելացում.
2) ծառայությունների մատուցման կամ սպասարկման որակի ցուցանիշների բարելավում.
3) տեխնոլոգիական ու առևտրային կորուստների կամ սեփական կարիքների ծախսերի իջեցում.
4) մաշված և դուրս գրման ենթակա ակտիվների նորով փոխարինում.
5) անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացում.
6) շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում.
7) էներգախնայողության միջոցառումների իրականացում.
8) ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրում, տեղական պաշարների արդյունավետ օգտագործում.
9) Հանձնաժողովի և իրավասու այլ մարմինների նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարում.
10) լիցենզավորված գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
3. Լիցենզավորված անձի կողմից Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացվող ներդրումային ծրագրերը պետք է ներառեն`
1) ներդրումային ծրագրի նպատակը և հիմնական ուղղությունները.
2) հիմնական ուղղություններից յուրաքանչյուրով ներդրումներ կատարելու անհրաժեշտության հիմնավորումները.
3) հիմնական ուղղություններից յուրաքանչյուրով ներդրումների ծավալը, իրականացման ժամանակացույցը և սպասվող արդյունքների գնահատականը.
4) ծրագրի ֆինանսավորման աղբյուրները և պայմանները:
4. Հանձնաժողովն իրավասու է լիցենզավորված անձից պահանջելու երկրորդ փուլով իր համաձայնեցմանը ներկայացնել ներդրումային ծրագրի առանձին ուղղությունների նախագծերը կամ դրանց իրականացմանն առնչվող այլ փաստաթղթեր:
5. Լիցենզավորված անձը ներդրումների իրականացման անհրաժեշտությունը կանխատեսելու և ժամանակի սղության պատճառով դրանք Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցնելու անհնարինության դեպքում կարող է իրականացնել անհետաձգելի ներդրումներ: Լիցենզավորված անձը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակ Հանձնաժողով ներկայացնել իրականացված անհետաձգելի ներդրումների մասին տեղեկատվություն` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը: Անհետաձգելի ներդրումների մասին տեղեկատվությունը պետք է ներառի դրանց իրականացման անհրաժեշտության հիմնավորումները:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
6. Հանձնաժողովը լիցենզավորված անձի ներդրումային ծրագիրն իր մոտ մուտքագրվելու օրվանից սկսում է դրա ուսումնասիրության գործընթացը և`
1) 30 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ լիցենզավորված անձին է ներկայացնում ներդրումային ծրագրի վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները կամ`
2) 60 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում ներդրումային ծրագրին ամբողջությամբ կամ մասնակիորեն համաձայնություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ:
7. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում լիցենզավորված անձը դիտարկում է Հանձնաժողովի ներկայացրած դիտողություններն ու առաջարկությունները և ծրագրի լրամշակված տարբերակը կրկին ներկայացնում Հանձնաժողովի համաձայնեցմանը: Ներդրումային ծրագրի լրամշակված տարբերակում Հանձնաժողովի դիտողություններն ու առաջարկությունները չընդունելու դեպքում լիցենզավորված անձը ներկայացնում է իր պարզաբանումները և հիմնավորումները: Հանձնաժողովը ներդրումային ծրագրի լրամշակված տարբերակն ստանալուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում ներդրումային ծրագրին ամբողջությամբ կամ մասնակիորեն համաձայնություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ:
8. Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում լիցենզավորված անձը դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով ներդրումային ծրագրում փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Հանձնաժողովը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերում սահմանված ընթացակարգով և ժամկետներում կայացնում է համապատասխան որոշում:
9. Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում ներդրումային ծրագրի ուղղությունների ծավալներից ոչ էական շեղումների դեպքում լիցենզավորված անձը այդ շեղումները հիմնավորող փաստաթղթերով հանդերձ դիմում է Հանձնաժողով` նրա գրավոր եզրակացությունը ստանալու նպատակով: Հանձնաժողովը 30 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և տալիս է դրանց վերաբերյալ իր գրավոր եզրակացությունը: Սույն կարգի իմաստով ոչ էական են համարվում այնպիսի շեղումները, որոնց արդյունքում ներդրումային ծրագրի որևէ հիմնական ուղղությամբ Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումների ծավալի փոփոխությունը չի գերազանցում 3%-ի սահմանը:
4. ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
10. Դրամաշնորհների և միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության երաշխիքով տրամադրված վարկային միջոցներով իրականացվող նպատակային ներդրումային ծրագրերի համար Հանձնաժողովն իրավասու է կիրառելու առանձին ընթացակարգեր` ելնելով ներկայացված ծրագրի նպատակային առանձնահատկություններից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. ԹՈՐՈՍՅԱՆ |