Համարը 
N 476
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.12.13/8(08)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.11.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.11.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 "29" նոյեմբերի 2005թ.

N 476 

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արգելել`

ա) բոլոր տեսակի թափոնների ներմուծումը հանրապետություն` դրանց պահեստավորման և թաղման նպատակով.

բ) վտանգավոր թափոնների ներմուծումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնների ցանկի:

2. Թափոնների և երկրորդային հումքի ներմուծումը հանրապետություն թույլատրել միայն դրանց ուղղակի կամ վերամշակումից հետո օգտագործելու նպատակով:

3. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, հանրապետությունից արտահանման և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման վերահսկողության կարգը` համաձայն հավելվածի:

4. Սահմանել, որ`

ա) վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը ենթակա Է պարտադիր նախնական հայտավորման (ծանուցման) և կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության թույլտվությամբ.

բ) մարդու առողջության և շրջակա բնական միջավայրի համար վտանգ չներկայացնող թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով` առանց նախնական հայտավորման (ծանուցման):

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության և շահագրգիռ այլ նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ մշակել և հաստատել վտանգավոր ու այլ թափոնների ներմուծման, արտահանման և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման կարգավորման համար անհրաժեշտ ցուցակները, ցանկերը և փաստաթղթերի ձևերը, ինչպես նաև թափոնների վտանգավոր հատկությունների ցանկը.

բ) ստեղծել վտանգավոր թափոնների վերաբերյալ կոորդինացիոն-տեղեկատվական կենտրոն:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան

 

 

 

Հավելված 

ԼՂՀ կառավարության 

«29» նոյեմբերի 2005թ. 

N 476 որոշման  

 

Կ Ա Ր Գ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, արտահանման և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման վերահսկողության

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, հանրապետությունից արտահանման և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման վերահսկողության կարգը մշակվել է վտանգավոր թափոնների երկրից երկիր փոխադրման, դրանց հեռացման նկատմամբ հսկողության մասին Բազելյան համաձայնագրի հիմնական դրույթներին համապատասխան:

Սույն կարգի գործողությունը չի տարածվում ռադիոակտիվ թափոնների վրա:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Թափոններ` նյութեր և առարկաներ, որոնք հեռացվում են, նախատեսված են հեռացման համար կամ ենթակա են հեռացման:

3. Վտանգավոր թափոններ` թափոններ, որոնք վտանգ են ներկայացնում մարդու առողջության և շրջակա բնական միջավայրի համար:

4. Այլ թափոններ` բնակավայրերից հավաքվող թափոններ և կենցաղային թափոնների այրման հետևանքով առաջացած մնացորդներ:

5. Երկրորդային հումք` նյութեր և առարկաներ, որոնք արդյունաբերական կամ այլ մշակման, օգտագործման, պահպանման, տեղափոխման մնացորդներ են և որոշակի մշակումից հետո կարող են լիովին կամ մասամբ օգտագործվել:

Կարգում օգտագործվող "վտանգավոր և այլ թափոններ" հասկացությունը վերաբերում Է ինչպես թափոններին, այնպես Էլ երկրորդային հումքին:

6. Թափոնների կամ երկրորդային հումքի օգտագործում` գործողություն, որը բերում Է թափոնների կամ երկրորդային հումքի լրիվ կամ մասնակի վերականգնման, վերամշակման` պիտանի դարձնելով այն կրկնակի կամ այլ նպատակով օգտագործելու համար:

7. Երկրից երկիր փոխադրում` վտանգավոր և այլ թափոնների ցանկացած փոխադրում որևէ պետության իրավազորությանը պատկանող շրջանից այլ պետության իրավազորությանը պատկանող շրջան (կամ այդպիսի շրջանի տարածքով):

8. Հեռացում` գործողություն, որը հանգեցնում է թափոնների վերականգնման, օգտագործման կամ թաղման:

9. Վերջնական հեռացում` գործողություն, որը չի նախատեսում թափոնների վերականգնում կամ օգտագործում և հանգեցնում է դրանց թաղման:

10. Իրավասու մարմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմին, որը կոչված է վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, արտահանման ու հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման հայտերին (ծանուցումներին) պատասխանելու, ինչպես նաև նշված փոխադրման հետ կապված ցանկացած տեղեկատվություն ընդունելու համար:

11. Առանձնացված կենտրոն` տվյալ պետության կազմակերպություն, որը պատասխանատու է փոխադրման, փոխադրման ժամանակ տեղի ունեցած վթարների, միջադեպերի, ինչպես նաև հեռացման աշխատանքների, բնական միջավայրի վրա այդ թափոնների ունեցած ազդեցության մասին տեղեկատվություն ստանալու և տրամադրելու համար:

12. Անձ` ցանկացած ֆիզիկական, իրավաբանական անձ, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն:

13. Արտահանող` արտահանող պետության իրավազորությանը պատկանող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ օտարերկրյա ցանկացած անձ, որը կազմակերպում է վտանգավոր և այլ թափոնների արտահանում:

14. Ներմուծող` ներմուծող պետության իրավազորությանը պատկանող ցանկացած անձ, որը կազմակերպում Է վտանգավոր և այլ թափոնների ներմուծում:

15. Արտադրող` ցանկացած անձ, որի գործունեության հետևանքով առաջանում են կամ որի սեփականությունն են հանդիսանում վտանգավոր և այլ թափոններ:

16. Հեռացման համար պատասխանատու անձ` ցանկացած անձ, որին հասցեագրված են վտանգավոր և այլ թափոններ և որը կատարում է դրանց հեռացման աշխատանքները:

17. Անօրինական շրջանառություն` վտանգավոր և այլ թափոնների ցանկացած տեղափոխում, որը կատարվում Է սույն կարգի 34-րդ կետում նշված խախտումներով:

 

III. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԱՎՈՐՈՒՄԸ (ԾԱՆՈՒՑՈՒՄԸ)

 

18. Վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, արտահանման և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման հայտը (ծանուցումը) հաստատված ձևով ներկայացվում Է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմին: Թափոնների փոխադրման հայտում նշված տեղեկությունները պետք Է հստակ ցույց տան փոխադրման և վերամշակման հնարավոր ազդեցությունը մարդու առողջության և շրջակա բնական միջավայրի վրա:

19. Թափոնների փոխադրման հայտը ներկայացվում է վտանգավոր և այլ թափոններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանելու դեպքում: Այն ներկայացնում են թափոններն արտադրող կամ արտահանող անձինք:

20. Թափոնների փոխադրման ծանուցումը ներկայացվում Է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծման կամ նրա տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում: Այն ներկայացնում են արտահանող պետությունների իրավասու պետական մարմինները:

21. Արտահանման հայտ ստանալուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմինն ստուգում Է ներկայացված տեղեկատվությունը և 120 օրվա ընթացքում համապատասխան ծանուցումներ Է ուղարկում ներմուծման ու տարանցման պետությունների իրավասու պետական մարմիններին:

22. Ներմուծման և տարանցիկ փոխադրման ծանուցում ստանալուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմինը ծանուցողին գրավոր տեղեկացնում Է ծանուցման ստացման մասին, ապահովման համար պահանջվող պայմաններով կամ առանց դրանց համաձայնություն Է տալիս թափոնների ներմուծման համար, մերժում Է այն, կամ հարցում Է անում լրացուցիչ տեղեկատվության համար: Ծանուցման պատասխանը պետք Է տրվի 60 օրվա ընթացքում, եթե լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտություն չկա:

23. Եթե ֆիզիկական և քիմիական նույն հատկություններով բնութագրվող վտանգավոր և այլ թափոնները հասցեագրվում են դրանց հեռացման համար պատասխանատու նույն անձին ու փոխադրումը կատարվում Է ներմուծման և տարանցման պետությունների մաքսային նույն կետով, ապա շահագրգիռ բոլոր կողմերի համաձայնությամբ թույլատրվում է օգտագործել մեկ ընդհանուր ծանուցում: Այդ դեպքում շահագրգիռ կողմերին, բացի ընդհանուր ծանուցումից, ներկայացվում են տեղեկություններ առանձին բեռնաառաքումներով տեղափոխվող թափոնների ստույգ քանակության և կազմի մասին: Ընդհանուր ծանուցումը և համաձայնությունն ուժի մեջ են մնում 1 տարուց (12 ամսից) ոչ ավելի և կարող են ընդգրկել բազմակի բեռնաառաքումներ:

24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմինն իրավունք ունի պահանջելու, որպեսզի վտանգավոր և այլ թափոնների յուրաքանչյուր տեղափոխման անվտանգություն ապահովվի երաշխիքով, այդ թվում` գրավով:

 

IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

25. Վտանգավոր և այլ թափոնները կարող են ներմուծվել, արտահանվել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվել`

եթե արտահանող պետությունն իր տրամադրության տակ չունի տեխնիկական հնարավորություններ և անհրաժեշտ օբյեկտներ, հզորություններ կամ համապատասխան տեղեր` այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված արդյունավետ հեռացման համար.

եթե նշված թափոններն անհրաժեշտ են ներմուծող պետությանը` որպես հումք.

կողմերի միջև պայմանավորված այլ դեպքերում, որոնք չեն հակասում սույն կարգին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը:

26. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմինը թույլատրում Է վտանգավոր թափոնների արտահանում, ներմուծում և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրում, եթե առկա Է սույն կարգի 25-րդ կետում նշված պայմաններից մեկը` հաստատված թափոններ արտահանող և թափոնների հեռացման համար պատասխանատու անձանց գրավոր համաձայնությամբ (որտեղ նշված Է թափոնների էկոլոգիապես հիմնավորված հեռացումը):

 

V. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

27. Վտանգավոր և այլ թափոններ փոխադրողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանն անցնելիս պարտավոր են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմնից ստացված փոխադրման թույլտվություն:

28. Փոխադրվող թափոնները պետք Է փաթեթավորվեն, պիտակավորվեն և տեղափոխվեն ընդունված և համընդհանուր ճանաչում գտած միջազգային կանոնների համաձայն: Դրանք պետք Է ուղեկցվեն փոխադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթով, որտեղ նշվում Է ամբողջ երթուղին` ելակետից մինչև հեռացման վայրը:

29. Վտանգավոր և այլ թափոնների փոխադրման համար պատասխանատու ցանկացած անձ պարտավոր Է ստորագրել փաստաթուղթ` թափոնների փոխադրման, ստացման կամ տեղհասցման մասին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում նա պարտավոր Է փոխադրումն սկսելուց 15 օր առաջ և փոխադրման ավարտից 10 օր հետո այդ մասին գրավոր տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմնին:

30. Թափոնների հեռացման մասին պատասխանատու անձը պարտավոր Է թափոններն ստանալու օրվանից 7-օրյա և դրանց հեռացման գործողությունների ավարտից հետո 10-օրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնել արտահանողին, արտահանող և ներմուծող երկրների իրավասու մարմիններին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից թափոնների արտահանման վերաբերյալ ժամանակին համապատասխան տեղեկություններ չստանալու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմինը պարտավոր Է այդ մասին տեղեկացնել ներմուծվող երկրի իրավասու մարմնին:

31. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական ծառայության մարմինները գրանցում են վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, արտահանման ու հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման յուրաքանչյուր դեպք, փոխադրվող թափոնների տեսակը, քանակը, փոխադրման երթուղին և յուրաքանչյուր կիսամյակ համապատասխան տեղեկանք ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմնին:

32. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմինը կարող Է սահմանել թափոնների փոխադրման և հեռացման վերաբերյալ սույն կարգին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող լրացուցիչ պայմաններ:

 

VI. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

33. Էկոլոգիապես հիմնավորված են համարվում վտանգավոր և այլ թափոնների հեռացման այն ձևերը, որոնք երաշխավորված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմնի կողմից:

 

VII. ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ

 

34. Անօրինական շրջանառություն է համարվում վտանգավոր և այլ թափոնների ցանկացած տեղափոխում, եթե այն`

կատարվել է առանց շահագրգիռ բոլոր պետություններին հաստատված կարգով ծանուցելու.

կատարվել է առանց շահագրգիռ բոլոր պետությունների համաձայնության.

կատարվել է շահագրգիռ պետությունների կեղծիքի, մոլորեցնելու կամ խաբեության միջոցով ստացված համաձայնությամբ.

չի համապատասխանում ուղեկցող փաստաթղթերին կամ ներկայացված ծանուցմանը.

հանգեցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին հակասող կանխամտածված հեռացման (օրինակ, վերջնական հեռացման):

35. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող վտանգավոր և այլ թափոնների փոխադրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորությունից դուրս գտնվող անձանց` արտադրողի, արտահանողի, ներմուծողի կամ հեռացման համար պատասխանատու անձի մեղքով համարվում է անօրինական շրջանառություն, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմինը պարտավոր է այդ մասին տեղեկացնել համապատասխան պետության իրավասու մարմնին և միջոցներ ձեռնարկել, որպեսզի թափոնները հեռացվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից նշված անձանց կամ պետության կողմից, որի իրավազորությանն են պատկանում նրանք: Եթե դա գործնականորեն նպատակահարմար չէ, ապա համապատասխան ծանուցումը հանձնելուց հետո 30 օրվա կամ փոխադարձ համաձայնությամբ որևէ այլ ժամկետի ընթացքում թափոնները պետք է մշակվեն էկոլոգիապես հիմնավորված ձևով:

36. Այն դեպքում, երբ վտանգավոր թափոնները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս և փոխադրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորությանը պատկանող անձանց մեղքով դիտվել է որպես անօրինական շրջանառություն ու դրա վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմինը պաշտոնական ծանուցում է ստացել, ապա նա պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի նշված անձինք կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական համապատասխան ծառայությունները վերադարձնեն թափոնները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: Եթե դա գործնականորեն նպատակահարմար չէ, թափոնները պետք Է մշակվեն Էկոլոգիապես հիմնավորված ձևով` ծանուցումն ստանալուց հետո 30 օրվա կամ փոխադարձ պայմանավորվածությամբ այլ ժամկետի ընթացքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս թափոնների անօրինական շրջանառությունն իրականացնող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորությանը պատկանող իրավաբանական անձը պարտավոր Է լիովին հատուցել անօրինական շրջանառության վերացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից կատարված բոլոր ծախսերը, ինչպես նաև մուծել տուգանք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

37. Եթե անօրինական շրջանառության համար արտահանողը, ներմուծողը կամ հեռացման համար պատասխանատու անձը պատասխանատվություն չի կրում, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական մարմինը, համագործակցելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ, հնարավոր կարճ ժամկետում ապահովում Է թափոնների հեռացումը:

 

VIII. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

38. Վտանգավոր և այլ թափոնների տեղափոխմանն ու հեռացմանը մասնակցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորությանը պատկանող, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող, նրա իրավազորությունից դուրս անձինք պարտավոր են`

ապահովել վտանգավոր և այլ թափոններով շրջակա միջավայրի աղտոտման կանխումը, իսկ եթե դա այնուամենայնիվ տեղի է ունենում, ապա հետևանքները նվազագույնի հասցնելու համար բոլոր անհրաժեշտ միջոցների ձևակերպումը.

թույլ չտալ վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը, եթե հիմքեր կան ենթադրելու, որ դրանց հեռացումն իրականացվելու է էկոլոգիապես ոչ հիմնավորված ձևով.

արգելել վտանգավոր և այլ թափոնների տեղափոխումն ու հեռացումը առանց համապատասխան թույլտվության:

Սույն կետով սահմանված պարտականությունները խախտող իրավաբանական անձինք պարտավոր են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատուցել իրենց մեղքով պատճառված վնասը, ինչպես նաև մուծել տուգանք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկի չափով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան