ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ»
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՄԲ
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ
ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտել 01.01.2014 թվականից: Նույն պահից ուժը կորցրած են ճանաչվել «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները:
Մինչև 01.01.2014 թվականը գործող «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն վարձու աշխատողներին (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, օտարերկրացի) վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների, (բացառությամբ` հղիության և ծննդաբերության) գումարները ներառվում են նրանց համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացված եկամուտներ, որ ամիսների համար այդ նպաստները հաշվարկվել են, սակայն հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում արտացոլվում են դրանց վճարման ամսվան վերաբերող սյունակում` աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներին համապատասխանող տողում, իսկ վարձու աշխատողներին (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, օտարերկրացի) վճարված հղիության և ծննդաբերության նպաստի գումարներից եկամտահարկ չի պահվում:
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների փոխարեն 01.01.2014 թվականից «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված անցման ժամանակահատվածում առաջացող հարկման հարցերի հստակեցման անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով` պաշտոնապես պարզաբանում եմ.
1. 2013 թվականին առաջացած և 2014 թվականին շարունակվող վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքերում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով վճարված նպաստի գումարները հարկվում են հետևյալ կերպ`
ա) 2013 թվականին ներկայացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա 2013 թվականին վճարված նպաստի գումարներից եկամտահարկ չի պահվում (այդ թվում` 2014 թվականին բաժին ընկնող ժամանակահատվածի համար):
Այդ դեպքում նպաստի գումարները չեն արտացոլվում 2013 թվականի եկամտահարկի եռամսյակային հաշվարկներում, այլ միայն արտացոլվում են 2013 թվականի պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվություններում` այն ամսում, երբ կատարվել է վճարումը, և 2014 թվականին վերահաշվարկ չի կատարվում.
բ) 2013 թվականին ներկայացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա 2014 թվականին վճարված նպաստի գումարները հարկվում են եկամտային հարկով` «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով (այդ թվում` 2013 թվականին բաժին ընկնող ժամանակահատվածի համար):
Այդ դեպքում նպաստի գումարները և եկամտային հարկը արտացոլվում են 2014 թվականի եկամտային հարկի ամսական հաշվարկներում.
գ) 2014 թվականին ներկայացված ժամանակավոր անաշխատունակության լրացուցիչ թերթիկի հիման վրա ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար վճարված նպաստի գումարները հարկվում են եկամտային հարկով` «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով (այդ թվում` 2013 թվականին բաժին ընկնող ժամանակահատվածի համար):
Այդ դեպքում նպաստի գումարները և եկամտային հարկը արտացոլվում են 2014 թվականի եկամտային հարկի ամսական հաշվարկներում:
2. 2013 թվականին առաջացած և 2014 թվականին շարունակվող վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության (բացառությամբ` հղիության և ծննդաբերության) դեպքերում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով վճարված նպաստի (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ) գումարները հարկվում են հետևյալ կերպ`
ա) 2013 թվականին ներկայացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա 2013 թվականին վճարված նպաստի գումարները հարկվում են եկամտահարկով` «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Այդ դեպքում նպաստի գումարները և եկամտահարկը արտացոլվում են 2013 թվականի եկամտահարկի եռամսյակային հաշվարկներում, իսկ նպաստի գումարները` նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվություններում` այն ամսում, երբ կատարվել է վճարումը.
բ) 2013 թվականին ներկայացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա 2014 թվականին վճարված նպաստի գումարները հարկվում են եկամտային հարկով` «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Այդ դեպքում նպաստի գումարները և եկամտային հարկը արտացոլվում են 2014 թվականի եկամտային հարկի ամսական հաշվարկներում.
գ) 2014 թվականին ներկայացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա վճարված նպաստի գումարները հարկվում են եկամտային հարկով` «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով (այդ թվում` 2013 թվականին բաժին ընկնող ժամանակահատվածի համար):
Այդ դեպքում նպաստի գումարները և եկամտային հարկը արտացոլվում են 2014 թվականի եկամտային հարկի ամսական հաշվարկներում:
|
Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ |
Ա. ԲԱԼԱՅԱՆ |