ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 12 փետրվարի 2021թ. |
N 73-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ելնելով ռազմական դրության պայմաններում աշխարհազորայինների դրամական ապահովության անհրաժեշտությունից` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած աշխարհազորայիններին տրամադրվում է միանվագ դրամական օժանդակություն՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. Միանվագ դրամական օժանդակությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Արցախի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով մասնակցող քաղաքացիներին:
3. Միանվագ դրամական օժանդակության տրամադրման համար հիմք է հանդիսանում Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 15-ի N 528-Ն որոշմամբ սահմանված օրինակելի ձևին համապատասխանող աշխարհազորայինի հետ կնքված պայմանագիրը:
4. Միանվագ դրամական օժանդակությունը տրամադրում (վճարում) է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ աշխարհազորային շտաբի տրամադրած հաստատող համաձայնության հիման վրա։
5. Միանվագ դրամական օժանդակությունը տրամադրվում է կանխիկ եղանակով՝ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով:
6. Միանվագ դրամական օժանդակության գումարը ենթակա է ժառանգման:
7. Միանվագ դրամական օժանդակությունն աշխարհազորայիններին տրամադրելու նպատակով աշխարհազորային միավորման կամ աշխարհազորային միավորմանը ենթակա ստորաբաժանման ղեկավարը (հրամանատարը) աշխարհազորայինների անվանացուցակները ներկայացնում է աշխարհազորային շտաբ:
8. Միանվագ դրամական օժանդակությունը նշանակում է աշխարհազորային շտաբը: Աշխարհազորային շտաբի կողմից սույն որոշման 7-րդ կետում նշված փաստաթղթերի հաստատման վերաբերյալ համաձայնությունը փոխանցվում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ միանվագ դրամական օժանդակության վճարման գործընթացն ապահովելու նպատակով:
9. Միանվագ դրամական օժանդակությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվ մուտք գործած միջոցների հաշվին:
10. Միանվագ դրամական օժանդակությունը վճարվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ աշխարհազորային միավորման կամ աշխարհազորային միավորմանը ենթակա ստորաբաժանման ղեկավարին (հրամանատարին)՝ որպես իր միավորման կամ միավորմանը ենթակա ստորաբաժանմանն անդամագրված աշխարհազորայինների լիազոր ներկայացուցիչ՝ աշխարհազորայինին կամ նրա ժառանգին փոխանցելու նպատակով:
11. Աշխարհազորային միավորման կամ աշխարհազորային միավորմանը ենթակա ստորաբաժանման ղեկավարը (հրամանատարը) ստանձնում է պարտավորություն բաշխել ստացած գումարն իր միավորմանը կամ միավորմանը ենթակա ստորաբաժանմանն անդամագրված աշխարհազորայիններին կամ նրանց ժառանգներին:
12. Աշխարհազորային միավորման կամ աշխարհազորային միավորմանը ենթակա ստորաբաժանման ղեկավարը (հրամանատարը) աշխարհազորայիններին փաստացի վճարվելիք միանվագ դրամական օժանդակության բաշխումը հավաստող փաստաթղթերը ներկայացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |