Համարը 
N 60-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.05.29/07(122)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվը 
15.05.2015
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
15.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի մայիսի 27-ին

Պետական գրանցման համարը 10415107

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«15» մայիսի 2015թ.

 N 60-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի N 237 որոշման 2-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու նշանակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի և համակարգչային սպասարկման բաժնի պետին (այսուհետ` բաժնի պետ):

3. Բաժնի պետին `

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հավատարմագրումն իրականացնել համաձայն սույն հրամանի 1-ին կետով հաստատված կարգի,

2) եռամսյակը մեկ անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ներկայացնել տեղեկատվություն նախարարությունում հավատարմագրված լրագրողների հետ կատարված աշխատանքների մասին:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ա. Գալստյանին` սույն հրամանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

գյուղատնտեսության նախարարի

2015 թվականի մայիսի 15-ի N 60-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում (այսուհետ` նախարարություն) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` նախարարությունում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել նախարարության գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

Հավատարմագրված լրագրողի գործունեությունը նախարարության տարածքում կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով` խոսքի ազատության ապահովման` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

3. Նախարարությունը`

1) որևէ ձևով կամ որևէ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.

2) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.

3) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.

4) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է նախարարության այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ նախատեսված է լրագրողների մասնակցությունը միջոցառումներին:

Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում նախարարությունը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:

4. Նախարարությունը, ըստ անհրաժեշտության, հավատարմագրված լրագրողներին տրամադրում է համառոտ ամփոփագիր նախարարության գործունեության արդյունքների մասին, իսկ նախընթաց արդյունքների մասին հաղորդմամբ հանդես է գալիս մամուլի ասուլիսում` հավատարմագրված լրագրողների մասնակցությամբ: Տրամադրումը կարող է իրականացվել ամփոփագիրը նախարարության էլեկտրոնային էջում տեղադրելու միջոցով:

5. Նախարարությունում լրագրողների և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է նախարարության աշխատակազմի տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի և համակարգչային սպասարկման բաժնի պետը (այսուհետ` բաժնի պետ):

6. Նախարարության գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն, նշելով`

1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).

2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).

3) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).

4) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):

7. Նախարարությունը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան: Լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումն ստացվելուց հետո այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը սույն կարգի 6-րդ կետով նախատեսված` դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:

8. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով:

9. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող և երկու լուսանկարիչ կամ տեսաձայնագրման երկու օպերատոր:

10. Նախարարությունը կարգի 6-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողների հավատարմագրման մատյանում և դրա մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին:

11. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 9-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու` սույն կարգի 13-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:

12. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է նախարարության անցագրային կետ:

Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո:

13. Նախարարությունը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`

1) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.

2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

3) նա տարածել է նախարարության գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.

4) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.

5) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:

Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

Բաժնի պետը լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:

14. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է հանդիսանում Լեռնային ղարաբաղի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` նախարարությունում հավատարմագրման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հավատարմագրումը չի պահանջվում, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:

15. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`

1) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը.

2) նախապես տեղեկացված լինելու նախարարության միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին.

3) մասնակցելու նախարարության միջոցառումներին.

4) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.

5) Նախարարությունում հավատարմագրված լինելու հանգամանքից անկախ` տեղեկատվության ազատության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:

16. Բաժնի պետը լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով, լրագրողի միջնորդությամբ, կազմակերպում է այցելություններ նախարարության ստորաբաժանումներ և հանդիպումներ նախարարության պաշտոնատար անձանց հետ:

17. Նախարարության միջոցառումներին կարող են մասնակցել կամ ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե բաժնի պետի հետ ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն և, եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:

18. Նախարարության միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը նախարարություն համաձայնեցվում է բաժնի պետի հետ: Այդ դեպքում (ինչպես նաև միջոցառումների ժամանակ) լրագրողը նախարարության շենք է այցելում սույն կարգի 12-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա` առանց նախարարության շենք մուտքի անցագրի:

19. Բաժնի պետի` նախարարության տարածքում հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար:

20. Հավատարմագրված լրագրողներին տեղավորելու համար, նախարարության շենքային հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում, նախարարությունը, ելնելով իր գործունեության թափանցիկությունն ապահովելու և այդ գործունեության մասին հանրությանն առավել մեծ ծավալով և լիարժեք տեղեկատվություն տալու նկատառումներից, կարող է սահմանել լրագրողների հավատարմագրման հստակ, բանական և արդարացի քվոտաներ` ըստ լրատվության միջոցի տեսակի, տարածման տարածքի, մամուլի տպաքանակի, բովանդակային գերակա ուղղվածության և լրատվության միջոցի այլ բնութագրերի: Այդ դեպքում լրագրողների հավատարմագրումն իրականացվում է` առաջնությունը տալով ըստ այդ քվոտաների պահանջվող հատկանիշներն առավել չափով բավարարող լրատվության միջոցները ներկայացնող լրագրողներին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ