| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի փետրվարի 1-ին
Պետական գրանցման համար 1111613 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| 15 հունվարի 2016թ. |
N 10-Ն |
ք.Ստեփանակերտ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի N 133-Ն որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետը`
Հրամայում եմ.
Սահմանել գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` հրապարակման ենթակա տեղեկատվության հրապարակման կարգը` համաձայն հավելվածի:
| |
Հավելված 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի 2016 թվականի
հունվարի 15-ի N 10-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 133-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 3-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված գնումներ կատարելու նպատակով կազմակերպված գնման գործընթացների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկատվությունը գնումների էլեկտրոնային տեղեկատուում հրապարակելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը գնումների էլեկտրոնային տեղեկատուում հրապարակվում է հետևյալ կերպ.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տարածքային կառավարման մարմինները հրապարակում են`
ա. իրենց և ենթակա պետական հիմնարկների,
բ. իրենց ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ՊՈԱԿ-ներ) ու պետության 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (այսուհետ` ԲԸ-ներ),
գ. պետության կամ իրենց ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի կամ ԲԸ-ի կողմից ձևավորված միավորումների (միությունների),
դ. պետությունից կամ իրենց ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ից կամ ԲԸ-ից նվիրաբերության կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձաց` նվիրաբերության կարգով ստացված միջոցների հաշվին կատարվող գնումների մասով հրապարակման ենթակա տեղեկատվությունը.
2) Հանրային կազմակերպությունները հրապարակում են իրենց կարիքների համար կատարվող գնումների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվությունը:
3. Հրապարակման ենթակա տեղեկատվության` գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների հետ համապատասխանության պահպանման պատասխանատվությունը կրում է այդ տեղեկատվությունը պատրաստած պատվիրատուն:
ԲԱԺԻՆ II
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների`
1) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը պատվիրատուի ղեկավարը հաստատում և հրապարակման նպատակով հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված` հրապարակելու իրավասություն ունեցող պատվիրատուին (այսուհետ` Հրապարակող մարմին) է տրամադրում տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք գնումների պլանը, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն չէ: Հրապարակող մարմինը գնումների պլանը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում.
2) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը պատվիրատուի ղեկավարը հաստատում է գնումների պլանը, որը հաստատվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հրապարակող մարմինը հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում, եթե տվյալ գնման գործընթացի պատվիրատուն Հրապարակող մարմինն է:
5. Գնումների պլանում կատարվող փոփոխությունները և լրացումները`
1) տրամադրվում են Հրապարակող մարմնին` դրանք հաստատվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն չէ: Հրապարակող մարմինը գնումների պլանում կատարվող փոփոխությունները և լրացումները ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրանք հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում.
2) Հրապարակող մարմինը հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում, այդ փոփոխությունները և լրացումները հաստատվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե տվյալ գնման գործընթացի պատվիրատուն Հրապարակող մարմինն է:
6. Գնումների կամ նախաորակավորման հայտարարության և (կամ) հրավերի տեքստերը հաստատվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում`
1) էլեկտրոնային եղանակով, ուղարկվում են Հրապարակող մարմին, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն չէ: Հրապարակող մարմինը գնումների կամ նախաորակավորման հայտարարության և (կամ) հրավերի տեքստերը տեղադրում է` հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում` դրանք ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
2) Հրապարակող մարմինը տեղադրում է` հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում, եթե հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն է:
7. Գնումը շրջանակային համաձայնագրերի միջոցով իրականացնելու դեպքում «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված շրջանակային համաձայնագրեր կնքած բոլոր մասնակիցներին ծանուցելու նպատակով հրավերի տեքստը`
1) ուղարկվում է Հրապարակվող մարմնին, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն չէ: Հրապարակող մարմինը հրավերի տեքստը ուղարկում է շրջանակային համաձայնագրեր կնքած բոլոր մասնակիցներին` այն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում.
2) Հրապարակող մարմինը ուղարկում է շրջանակային համաձայնագրեր կնքած բոլոր մասնակիցներին, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն է:
8. Եթե պետության կարիքների համար կնքված պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա այդ պայմանագրում կատարված փոփոխությունը և դրա վերաբերյալ հայտարարությունը` փոփոխությունը կատարվելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հրապարակող մարմինը հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում:
9. Գնման առարկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը գնումների հայտարարության և հրավերի տեքստերը տեղադրում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում:
10. Պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունը այդ հայտարարությունը կազմելու օրը`
1) ուղարկվում է Հրապարակող մարմին, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն չէ: Հրապարակող մարմինը հայտարարության տեքստը հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում` այն ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում.
2) Հրապարակող մարմինը հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն է:
11. «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված հայտարարությունը պայմանագիրը կնքելուց հետո յոթ օրացուցային օրվա ընթացքում`
1) ուղարկվում է Հրապարակող մարմնին, եթե Հրապարակող մարմինը տվյալ գնման գործընթացի պատվիրատուն չէ: Հրապարակող մարմինը հայտարարությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում.
2) Հրապարակող մարմինը հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում, եթե տվյալ գնման գործընթացի պատվիրատուն հրապարակող մարմինն է:
12. Գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և սույն կարգով չնախատեսված հրապարակման ենթակա նյութերը հրապարակվում են` պահպանելով գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված պահանջները:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության |
|
|
ֆինանսների նախարարության |
|
|
աշխատակազմի ղեկավար |
Հ. Ալեքսանյան |