| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 2019 թվականի փետրվարի 20-ին
պետական գրանցման համարը 3001914 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
ք.Ստեփանակերտ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արցախի Հանրապետության սահմանադրության 122-րդ և 162-րդ հոդվածների կիրարկումն ապահովելու նպատակով, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել ստորագրությունների վավերականության հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ |
|
|
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2019 թվականի փետրվարի 18-ի N 4-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական նախաձեռնության կարգով նախագիծը (հարցը) առաջարկելու նպատակով կազմավորված նախաձեռնող խմբի կողմից նախաձեռնությանը միանալը հավաստող ստորագրությունների (այսուհետ` ստորագրությունների) վավերականության հաստատման կանոնները:
2. Ստորագրությունների հավաքումն իրականացվում է նախաձեռնող խմբի գրանցումից հետո` 45 օրվա ընթացքում:
3. Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն (այսուհետ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով) ստորագրությունների վավերականությունը պարզելու նպատակով ուսումնասիրում է նախաձեռնող խմբի կողմից ներկայացված ստորագրված ձևաթերթիկները, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացված` տեղում ստորագրությանը միանալու վերաբերյալ նոտարական կարգով տրված հայտարարությունները (նախաձեռնող խմբի կողմից դրանք ընդհանրացվում են մեկ ընդհանուր ցուցակի մեջ), որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել ոչ ուշ, քան սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո` 15-րդ օրը, եթե վերը նշված բոլոր ստորագրությունների համագումարը հավասար է կամ գերազանցում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված ստորագրությունների նվազագույն քանակը:
4. Հավաքված ստորագրությունը համարվում է վավեր, եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են և լրացված են պատշաճ ձևով:
Ներկայացված ստորագրությունների խմբաքանակից ստորագրությունը հանվում է, եթե`
1) ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական չեն,
2) ձևաթերթիկում պահանջվող տվյալները լրացված են ոչ պատշաճ ձևով,
3) քաղաքացու տվյալները կրկնվում են. այս դեպքում հաշվվում է տվյալ քաղաքացու միայն մեկ ստորագրությունը:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է ստորագրությունների վավերականության հաստատում` նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը և ստորագրված ձևաթերթիկներն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստորագրությունների վավերականությունը հաստատելու նպատակով կատարվող ուսումնասիրությունների շրջանակներում կարող է կատարել այցելություններ, հրավիրել, հարցում կատարել ստորագրողներին, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին, նախաձեռնող խմբի անդամներին և ստորագրության հավաքումն իրականացրած ներկայացուցիչներին, անհրաժեշտության դեպքում ներգրավել մասնագետներին և համագործակցել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների հետ:
7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստորագրությունների վավերականությունը հաստատելու նպատակով կարող է իրականացնել այլընտրանքային ստուգումներ, ստորագրված ձևաթերթիկների տվյալների համադրում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հասանելի տեղեկությունների բազաներում (շտեմարաններում) առկա տվյալների հետ, կիրառել տեխնիկածրագրային ապահովման միջոցներ` հնարավոր սխալները և կրկնությունները հայտնաբերելու համար:
8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստորագրությունների վավերականությունը պարզելու նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը.
1) ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին, եթե առկա են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ պահանջվող քանակի վավեր ստորագրություններ.
2) ստորագրությունների վավերականության հաստատումը մերժելու մասին, եթե Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ պահանջվող քանակի վավեր ստորագրություններ առկա չեն:
9. Սույն կարգի 8-րդ կետում նշված որոշումների ընդունման նպատակով հրավիրված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի մասին քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը ծանուցվում է նիստի անցկացման օրվա և ժամի մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղեկություն տեղադրելու կամ էլեկտրոնային կապի (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե) որևէ միջոցով տեղեկացվելու եղանակով:
10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստորագրությունների վավերականությունը հաստատելու կամ հաստատումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը չի ստացել որոշումը, ինչպես նաև մինչև հաջորդ օրվա ավարտը տեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
11. Քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչն ստորագրությունների վավերականությունը հաստատելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով:
12. Ստորագրությունների վավերականության հաստատումը մերժելու մասին որոշումը քաղաքացիական նախաձեռնության խումբը կարող է բողոքարկել դատական կարգով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ |
|
|
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ս.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |