ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''26'' ապրիլի 2006թ. |
N 234 |
ք.Ստեփանակերտ
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել թունաքիմիկատների և պարարտանյութերի վաճառքի առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«26» ապրիլի 2006թ.
թիվ 234 որոշման |
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույնով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օգտագործման համար թույլատրված և գրանցված թունաքիմիկատների (քիմիական և կենսաբանական պատրաստուկներ, որոնք օգտագործվում են բույսերի վնասատուների և հիվանդությունների, գյուղատնտեսական արտադրանքի վնասատուների դեմ պայքարի, բույսերի աճի կարգավորման համար), օրգանական և ոչ օրգանական պարարտանյութերի վաճառքի առանձնահատկությունները:
2. Վաճառքի սույն առանձնահատկությունները տարածվում են թունաքիմիկատների և պարարտանյութերի վաճառք իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վաճառքի ենթակա են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված և օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված թունաքիմիկատները:
Թունաքիմիկատների վաճառք իրականացնող խանութներում` գնորդներին (սպառողներին) տեսանելի տեղում փակցվում է նշված անվանացանկը:
4. Թունաքիմիկատների և պարարտանյութերի (այսուհետ` ապրանքներ) վաճառքը խանութներում արտադրողի և մասնագիտացված կազմակերպության, այդ թվում` վաճառողի կողմից իրականացվում է միայն կշռափաթեթավորված:
5. Աշխատողը պարտավոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սպառողին, նրա պահանջով, տրամադրել ապրանքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
6. Վաճառողն ապահովում է աշխատողների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքային անվտանգության պայմանները:
7. Վաճառողը պետք է ապահովի`
ա) տեխնիկական կանոնակարգերով սահմանված` ապրանքների վաճառքի, խանութում տեղավորելու և պահելու անվտանգության պարտադիր պահանջները.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` թունաքիմիկատների և պարարտանյութերի վաճառքին ներկայացվող անվտանգության հիգիենիկ պահանջները:
8. Ապրանքները մինչև վաճառքի հանելը պետք է անցնեն նախավաճառքային նախապատրաստություն, որը ներառում է ապրանքի փաթեթների բացումը և փաթեթավորման որակի ստուգումը, տեսակավորումը, անհրաժեշտ տեղեկատվության առկայությունը և գների ճշտությունը:
9. Կշռափաթեթավորված ապրանքները վաճառվելիս պետք է ունենան պիտակներ, որոնց վրա նշվում են ապրանքի անվանումը, արտադրող ու մասնագիտացված կազմակերպությունների և վաճառողի անվանումները, մաքուր քաշը կամ ծավալը, գինը, ազդող նյութի խտությունը, վտանգավորության դասը, արտադրման ամսաթիվը, պիտանիության ժամկետը և թունավորման ժամանակ առաջին բուժօգնության մասին տեղեկություններ:
10. Ապրանքների վաճառքի ժամանակ սպառողին, բացի օրենքով սահմանված պարտադիր տեղեկատվությունից, պետք է տրամադրվի մշակվող օբյեկտի, ծախսի նորմայի, կիրառման ժամկետի, եղանակի, մշակումների առավելագույն թվի և աշխատանքի անվտանգության միջոցառումների մասին տեղեկատվություն, առանց որի ապրանքի օգտագործումն ըստ նշանակության հնարավոր չէ:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |