Համարը 
N 92-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.24/16(380)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
06.08.2019
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
06.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆՈՏԱՐԻ ՍՏԱԺՈՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2019 թվականի օգոստոսի 6-ի

 

ՆՈՏԱՐԻ ՍՏԱԺՈՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 92-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով

 

հրամայում եմ՝

 

Սահմանել նոտարի ստաժոր ներգրավելու և ստաժավորում անցնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարար

Ա. Դանիելյան

      

2019 թվականի օգոստոսի 6

ք. Ստեփանակերտ

   

 

Հավելված

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թվականի օգոստոսի 6-ի N 92-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ՆՈՏԱՐԻ ՍՏԱԺՈՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

 

1. Նոտարի ստաժավորումն ուղղված է նոտարական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորում և աշխատանքային փորձ ձեռք բերելուն:

2. Ստաժորի թեկնածուն Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում`

1) դիմում, որում պետք է նշվեն`

ա. դիմողի անունը, ազգանունը և նրա ցանկությամբ` նաև հայրանունը,

բ. դիմողի հաշվառման վայրի հասցեն (այդ թվում՝ բնակության վայրի, եթե տարբերվում է հաշվառման վայրից),

գ. հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,

2) անձնագիր (այդ թվում՝ պատճենը),

3) երկու գունավոր լուսանկար` 4 X 6 չափսի,

4) բարձրագույն իրավաբանական կրթություն ունենալը հավաստող փաստաթուղթ (այդ թվում՝ պատճենը),

5) հայտարարություն դատվածություն չունենալու մասին,

6) ինքնակենսագրություն:

3. Ստաժորի թեկնածուն կարող է իր նախաձեռնությամբ նախարարություն ներկայացնել բնութագիր, երաշխավորագիր և իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

4. Նոտարի ստաժորի թեկնածուները մասնակցում են նախարարության կողմից կազմակերպված հարցազրույցին՝ մասնագիտական գիտելիքները և ունակությունները, գործնական կարողությունները ստուգելու նպատակով:

5. Ստաժոր ներգրավելու համար նախարարությունը կարող է իր պաշտոնական ինտերնետային կայք էջում հայտարարություն հրապարակել հարցազրույց անցկացնելու վերաբերյալ: Նախարարությունը կարող է հայտարարությունը հրապարակել նաև հանրությանը հասանելի զանգվածային լրատվության այլ միջոցներով:

6. Հարցազրույցի արդյունքում լավագույն արդյունքներ դրսևորած անձին ընտրում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ՝ նախարար):

7. Ստաժավորումն իրականացվում է նախարարի հրամանի հիման վրա: Ստաժավորումն իրականացվում է հասարակական հիմունքներով:

8. Նոտարը միաժամանակ կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու ստաժոր:

9. Ստաժավորման ժամանակի մեջ չի ընդգրկվում ստաժորի հիվանդության կամ այլ պատճառներով նրա բացակայության ժամկետը:

10. Ստաժորը պարտավոր է պահպանել նոտարական գրասենյակի աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, բարեխղճորեն վերաբերվել նոտարի և այլ աշխատողների գույքին, չհրապարակել նոտարական և օրենքով պահպանվող այլ գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, որը հայտնի է դարձել ստաժավորման շրջանակներում:

11. Ստաժորն իրավունք ունի իրականացնել հետևյալ գործողությունները.

1) քաղաքացիների ընդունելություն կամ նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում,

2) խորհրդատվություն կամ իրավաբանական այլ ծառայությունների մատուցում,

3) նոտարական գործավարության իրականացում,

4) գործարքների և իրավաբանական բովանդակություն ունեցող այլ փաստաթղթերի նախագծերի կազմում,

5) նոտարական պրակտիկայի ամփոփում,

6) աշխատանք արխիվի հետ,

7) նոտարական գործողությունների կատարումն ապահովող կամ նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքների իրականացում, բացառությամբ նոտարական գործողությունների կատարման:

12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված գործողություններին ներկայացվող պահանջները որոշում է ստաժորի աշխատանքները ղեկավարող նոտարը:

 13. Նոտարը պարտավոր է`

1) ստաժորին ապահովել սույն կարգի 11-րդ կետում սահմանված գործողությունների կատարման համար անհրաժեշտ պայմաններով,

2) ստաժավորման անցնելու ժամանակ, ինչպես նաև ստաժավորման ընթացքում ստաժորին ծանոթացնել նոտարական գրասենյակի ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին,

3) կատարել օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

14. Ստաժավորումն իրականացվում է հրամանով սահմանված ժամկետով կամ անորոշ ժամկետով:

15. Ստաժավորումը կարող է վաղաժամկետ դադարեցվել նախարարի հրամանով`

1) ստաժորի դիմումի համաձայն,

2) անհարգելի պատճառով տասն օր անընդմեջ ստաժավորում չանցնելու դեպքում,

3) նոտարական գրասենյակի ներքին կարգապահական կանոնները պարբերաբար խախտելու դեպքում,

4) ստաժավորման համար կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ ներկայացնելու դեպքում,

5) նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը չպահպանելու դեպքում,

6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ստաժորի անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում,

7) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա դիտավորությամբ հանցանք կատարելու համար դատապարտվելու դեպքում,

8) Արցախի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում:

 16. Ստաժորի աշխատանքները ղեկավարող նոտարը ստաժավորման ավարտի կապակցությամբ, երբ դադարում է հրամանով նախատեսված ստաժավորման ժամկետը, կազմում է եզրակացություն՝ ստաժավորման արդյունքների մասին, որում պետք է նշված լինեն ստաժավորման ժամկետի սկիզբը և վերջը, ստաժորի կողմից ստաժավորման ընթացքում կատարած` «Նոտարիատի մասին» օրենքով նախատեսված գործողությունները, դրույթ այն մասին, որ նոտարը երաշխավորում է, որ ստաժորը լիարժեք անցել է «Նոտարիատի մասին» օրենքով և սույն հրամանով սահմանված ստաժավորումը, որի արդյունքում լիովին տիրապետում է նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներին ու պատրաստ է հանձնել որակավորման քննությունները: Եզրակացության մեկ օրինակը պահվում է նոտարի մոտ, մյուս օրինակը՝ նախարարությունում, իսկ մյուսը տրվում է ստաժորին:

17. Նոտարը եզրակացությունը նախարարություն է ուղարկում այն կազմելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:

18. Ստաժավորման արդյունքների մասին եզրակացությունը կցվում է որակավորման քննություններ հանձնելու դիմումին: