Համարը 
N 94-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.24/16(380)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
09.08.2019
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
09.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆՈՏԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2019 թվականի օգոստոսի 9-ի

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 94-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել նոտարների վերպատրաստման կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարար

Ա. Դանիելյան

      

2019 թվականի օգոստոսի 9

ք. Ստեփանակերտ

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թվականի օգոստոսի 9-ի N 94-Ն հրամանի

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ՎԵՐՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Արցախի Հանրապետության պետական նոտարների (այսուհետ՝ նոտար) պարտադիր վերապատրաստման (այսուհետ՝ վերապատրաստում) կազմակերպման կարգը և պայմանները, կարգավորում է վերապատրաստում անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Նոտարի վերապատրաստումն օրենքով առնվազն 3 տարին մեկ անգամ սահմանված պարտադիր գործընթաց է և կատարվում է մատչելիության, համակարգվածության և պարբերական ուսուցման սկզբունքների, ինչպես նաև տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համադրության հիման վրա:

3. Նոտարների վերապատրաստման նպատակն է նրանց մասնագիտական հմտությունների կատարելագործումը, որակավորման բարձրացումը, կարողությունների և գործնական հմտությունների ձեռքբերումը և զարգացումը՝ գիտելիքների նորացման, խորացման և ծավալի ընդլայնման միջոցով, ինչպես նաև, գործող օրենսդրությամբ և գործող օրենսդրության մեջ տեղի ունեցող փոփոխություններին զուգահեռ նոտարական գործողություններ իրականացնելիս դրանց կիրառման պրակտիկայի, աշխատանքային ունակությունների բարձրացման ապահովումը:

4. Նոտարների վերապատրաստումն իրականացվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից կազմակերպված դասընթացների միջոցով: Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը վերապատրաստման դասընթացների կազմակերպումը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի հետ կնքված համագործակցության հուշագրի հիման վրա, ինչպես նաև այն պատվիրել մասնագիտացված կազմակերպությանը:

5. Դասընթացները կազմակերպվում են ուսումնական պլանով յուրաքանչյուր տարի՝ մեկ փուլով:

6. Յուրաքանչյուր տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա նոտարների ցուցակը սահմանվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:

7.Վերապատրաստման դասընթացների տևողությունը յուրաքանչյուր նոտարի համար 30, բայց ոչ ավելի, քան 60 ակադեմիական ժամ է: Ակադեմիական ժամի տևողությունը 40 րոպե է: