Համարը 
N 290
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.06.08/15(24)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.05.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.05.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» մայիսի 2006թ.

N 290

 ք.Ստեփանակերտ

 

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. հոկտեմբերի 20-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը հաստատելու մասին» թիվ 221 որոշման 1-ին կետի «դ» ենթակետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հ ա վ ե լ վ ա ծ

ԼՂՀ կառավարության

2006թ. մայիսի «23»-ի

թիվ 290 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման

 

1. Սույն կարգը սահմանում է մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:

2. Մանրամասն հատակագծման նախագիծը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է ըստ անհրաժեշտության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` բնակավայրի առանձին հատվածի, ինչպես նաև բնակավայրի սահմաններից դուրս գտնվող քաղաքաշինական նպատակներով կառուցապատման ենթակա տարածքների համար, գործող մանրամասն հատակագծման նախագծերի փոփոխման կամ լրացման դեպքերում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001թ. հուլիսի 24-ի թիվ 195 որոշմանը համապատասխան մշակված գոտևորման նախագծերի առկայության պարագայում մանրամասն հատակագծման նախագիծ չի մշակվում:

3. Մանրամասն հատակագծման նախագիծը /այսուհետ` նախագիծ/ որոշում է բնակելի, մշակութակենցաղային, կոմունալ սպասարկման օբյեկտների կազմը և տեղաբաշխումը, տարածքի ինժեներական նախապատրաստման, բարեկարգման ու շրջակա միջավայրի պահպանման միջոցառումները, հողամասերի սահմանները` ըստ սեփականության իրավունքի սուբյեկտների, տրանսպորտային սպասարկման կազմակերպումը, ինժեներական կառուցվածքների և գլխավոր հաղորդակցուղիների ուղեգծերը, կառուցապատման կարգավորման, փողոցների ու հրապարակների կարմիր գծերը, դրանց ընդլայնման կտրվածքները:

4. Նախագծի պատվիրատու /այսուհետ` պատվիրատու/ կարող են հանդիսանալ`

ա/ քաղաքային կամ գյուղական համայնքի վարչական սահմաններում ընդգրկված տարածքների համար` համայնքի ղեկավարը.

բ/ համայնքի վարչական սահմաններից դուրս տարածքների համար` համապատասխան վարչակազմի ղեկավարը.

գ/ Ստեփանակերտ քաղաքի համար` Ստեփանակերտի քաղաքապետը.

դ/ քաղաքաշինական գործունեության` օրենքով նախատեսված այլ սուբյեկտներ:

5. Պատվիրատուն օրենքով սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին /այսուհետ` կատարող/ հանձնում է նախագծի մշակման առաջադրանքը /այսուհետ` առաջադրանք/ և կատարողի հետ կնքում է պայմանագիր:

Կատարողը պատվիրատուի համաձայնությամբ կարող է հավաքել ելակետային նյութերը կամ դրանց մի մասը:

Նախագիծը մշակվում է գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված կազմով և բովանդակությամբ:

6. Հաստատված գլխավոր հատակագծի բացակայության դեպքում սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պատվիրատուներն առաջադրանքը համաձայնեցնում են համապատասխանաբար համայնքի ղեկավարի, վարչակազմի ղեկավարի /ըստ տարածքի գտնվելու վայրի/ և քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի հետ:

7. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության: Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 25-ի թիվ 145 որոշմամբ սահմանված կարգով:

Նախագծային փաստաթղթերը կարող են ներկայացվել փորձաքննության դրանք մշակողի կողմից, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով:

8. Պատվիրատուն, փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո, նախագծի մասին 3-օրյա ժամկետում իրազեկում է հասարակությանը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005թ. ապրիլի 26-ի թիվ 218 որոշմամբ հաստատված կարգի և այն ներկայացնում համաձայնեցման`

ա/ սույն կարգի 4-րդ կետի ,,ա,, ենթակետում նախատեսված դեպքում` համապատասխան վարչակազմի ղեկավարին և քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմին.

բ/ սույն կարգի 4-րդ կետի ,,բ,, և ,,գ,, ենթակետերում նախատեսված դեպքերում` քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմին:

9. Սույն կարգի 4-րդ կետի ,,դ,, ենթակետով նախատեսված դեպքերում սուբյեկտները պարտավոր են նախագծի մշակման առաջադրանքը և նախագծային փաստաթղթերը համաձայնեցնել համապատասխանաբար 4-րդ կետի ,,ա,, ,,բ,, կամ ,,գ,, ենթակետերով սահմանված մարմինների հետ` ըստ տարածքի գտնվելու վայրի, որոնք մինչև նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելը, դրանց մասին իրազեկում են հասարակությանը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005թ. ապրիլի 26-ի թիվ 218 որոշմամբ հաստատված կարգի:

10. Պատվիրատուն նախագիծը սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելուց հետո հաստատում է այն:

11. Մանրամասն հատակագծում փոփոխությունները կատարվում են նույն կարգով, ինչ կարգով այն հաստատվում է:

Ստեփանակերտ քաղաքի տարածքում մանրամասն հատակագծում կատարվող և գլխավոր հատակագծով ամրագրված դրույթներին չհակասող փոփոխություններն իրականացվում են առանց սույն կարգի 8-րդ կետի ,,բ,, ենթակետով սահմանված համաձայնեցման` ապահովելով օրենքով և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների պարտադիր կատարումը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան