ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման և մոնիթորինգի անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հ ա վ ե լ վ ա ծ
ԼՂՀ կառավարության
2006թ. մայիսի «23»-ի
թիվ 291 որոշման |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման և մոնիթորինգի անցկացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման առաջադրանքին, կազմին ու բովանդակությանը, ինչպես նաև այդ նախագծի փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման և մոնիթորինգի անցկացման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագիծը /այսուհետ` նախագիծ/ պետական քաղաքաշինական քաղաքականության գերակա ուղղությունները հիմնավորող` վերլուծական բնույթի, մշտապես գործող և պարբերաբար արդիականացվող քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է:
3. Նախագծի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական ակտերից, այդ թվում` սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման ծրագրերից բխող համընդհանուր քաղաքաշինական զարգացման, տարաբնակեցման համակարգի կատարելագործման ռազմավարական ուղղությունների ընտրության նախադրյալների բացահայտումն է` փոխկապակցված անվտանգ ու առողջ կենսամիջավայրի ստեղծման, բնակավայրերի կայուն զարգացման, բնական և պատմամշակութային ժառանգության պահպանման հետ:
4. Նախագիծը մշակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքի համար:
5. Նախագծի հիմնադրույթները պարտադիր հաշվի են առնվում քաղաքաշինական ծրագրային այլ փաստաթղթերի նախագծման, ինչպես նաև ճյուղային, պետական նպատակային և համայնքային սոցիալ-տնտեսական ու տարածքային զարգացման ծրագրերի մշակման ընթացքում` քաղաքաշինական պլանավորման խնդիրներին առնչվող մասով:
6. Նախագիծը հիմք է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինության ոլորտում փոխհամաձայնեցված ու նպատակային գործողությունների համակարգի ստեղծման և ապահովման համար:
II. Նախագծի կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման նախագծային փաստաթղթերը /այսուհետ` նախագծային փաստաթղթեր/ մշակվում են երկու փուլով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր ուրվագիծ /այսուհետ` ուրվագիծ/ և նախագիծ:
8. Ուրվագիծը մշակվում է քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական մարմնի /այսուհետ` լիազորված մարմին/ կողմից կազմված առաջադրանքի հիման վրա և ենթակա է փորձաքննության ու շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցման:
9. Ուրվագիծը նախանշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման և տարածքի քաղաքաշինական կազմակերպման պետական քաղաքականության հայեցակարգային դրույթները, տարաբնակեցման կատարելագործման հիմնական ուղղությունները` փոխկապակցված ռեսուրսային պոտենցիալի գնահատման, տարածքների գոտևորման, բնապահպանական իրավիճակի բարելավման, տրանսպորտային, ինժեներական ենթակառուցվածքների կատարելագործման հետ և հիմք է ծառայում նախագծի մշակման համար:
10. Նախագծում հստակեցվում են ուրվագծով ամրագրված հայեցակարգային դրույթները, հիմնավորվում տարաբնակեցման հեռանկարային համակարգի ձևավորման, կատարելագործման, քաղաքաշինական պլանավորման քաղաքականության հիմնական սկզբունքները` հանրապետության և առանձին տարածքային միավորների /շրջանների, շրջանների խմբեր, տարածաշրջաններ/ կտրվածքով:
11. Նախագիծը ներառում է տարածքի համալիր վերլուծությունը, ռեսուրսային պոտենցիալի գնահատականը` մանրամասնեցված և կոնկրետացված յուրաքանչյուր շրջանի կտրվածքով` համայնքների տարածքային զարգացման փոխկապակցվածության, ռեսուրսների համատեղ օգտագործման, հանրապետական, միջշրջանային, շրջանային ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների համակարգերի կազմավորման համար անհրաժեշտ նախադրյալների բացահայտմամբ` տարածքի էկոլոգիական հավասարակշռության պահպանման պարտադիր պայմանով:
12. Նախագծի իրականացման անհրաժեշտ միջոցառումները մշակվում են առանձին տարածքային միավորների /շրջանների, տարածաշրջաններ/ քաղաքաշինական զարգացման գերակա ուղղությունների և առանձնահատկությունների հաշվառմամբ` փոխկապակցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և շրջանային սոցիալ-տնտեսական, ինչպես նաև ճյուղային նպատակային ծրագրերի հետ:
III. Նախագծի կազմում մշակվող տեքստային և գրաֆիկական նյութերին ներկայացվող հիմնական պահանջները
13. Նախագծի գրաֆիկական մասը ներառում է`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքը մերձակա երկրների համակարգում /1:3000000 և 1:800000 մասշտաբի քարտեզների վրա/.
Գծագրում արտացոլվում են մերձակա երկրների հետ հանրապետությունում առկա և առաջարկվող տրանսպորտային կապերի հնարավորությունները` հետագա ելքերով դեպի Եվրոպայի և Ասիայի երկրներ.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի հատակագծային կառուցվածքի ներկա վիճակը /1:200000 մասշտաբի քարտեզի վրա/.
Գծագրում արտացոլվում են հանրապետության վարչատարածքային բաժանումը, բնակավայրերի համակարգը /քաղաքային և գյուղական/, դրանց դասակարգումն ըստ բնակչության թվի, ինչպես նաև տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքները.
գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի քաղաքաշինական վերլուծությունը և համալիր գնահատականը /1:200000 մասշտաբի քարտեզի վրա/:
Գծագրում արտացոլվում են քաղաքաշինական գործունեությունը սահմանափակող գործոնները`
հատուկ պահպանվող տարածքները.
բնական և տեխնածին վտանգավոր պրոցեսներն ու երևույթները /սահքեր, հեղեղներ, խախտված հողեր և այլն/.
սեյսմատեկտոնական պայմանները.
քաղաքաշինական և էկոլոգիական պրոբլեմային տարածաշրջանները.
ռեսուրսային պոտենցիալը /հողային, ջրային, ռեկրեացիոն, հիմունքային/, դրանց որակական ու քանակական ցուցանիշները և գնահատականը.
տարածքի գոտևորումն ըստ տնտեսական-քաղաքաշինական յուրացվածության.
դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման և տարածքի քաղաքաշինական կազմակերպման հեռանկարային կառուցվածքը /հիմնական գծագիր/ /1:200000 մասշտաբի քարտեզի վրա/.
Գծագրում արտացոլվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի հեռանկարային հատակագծային կառուցվածքը, որը ներառում է քաղաքաշինական հիմնակմախքի տարածքային /գոտիներ/, գծային /տրանսպորտային կապեր/ և կետային /բնակավայրեր/ տարրերի ու ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների, գոտիների և բնակավայրերի քաղաքաշինական զարգացման ռեժիմներին վերաբերվող նախագծային առաջարկները.
ե/ գրաֆիկական վերլուծություններ` առանձին տարածաշրջանների վերաբերյալ /համաձայն առաջադրանքի/ /1:50000 և 1:100000 մասշտաբի քարտեզների վրա/.
զ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինական հիմնակմախքի տարածքային տարրերի /գոտիներ/ կատարելագործման և զարգացման ռեժիմները.
է/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինական հիմնակմախքի գծային տարրերի /հաղորդակցության ուղիներ/ կատարելագործման և զարգացման ուղիները.
ը/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինական հիմնակմախքի կետային տարրերի /բնակավայրերի/ զարգացման ռեժիմները.
թ/ նախագծի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը:
Յուրաքանչյուր գծագիր իր հերթին բաժանվում է համապատասխան թվով շերտերի /ըստ առանձին բնական և հատակագծային գործոնների հագեցվածության, ինչպես նաև տարածքի քաղաքաշինական կազմակերպման գործընթացում դրանց նշանակության/:
14. Նախագծի բացատրագիրը` տեքստային և աղյուսակային մասերով, պետք է ընդգրկի սույն կարգի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի պահանջները` հետևյալ կառուցվածքով`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի և տարաբնակեցման ներկա վիճակի քաղաքաշինական վերլուծություն և համալիր գնահատական, այդ թվում`
տարաբնակեցման գործընթացի վրա ազդող հիմնական գործոնները.
տարածքի ֆունկցիոնալ գոտևորման վերլուծությունն ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածաշրջանային համակարգի քաղաքաշինական հիմնակմախքի ընդհանուր բնութագիրը.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածաշրջանային համակարգի էկոլոգիական հիմնակմախքի ընդհանուր բնութագիրը.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման համակարգի կատարելագործման և տարածքի քաղաքաշինական կազմակերպման հիմնական ուղղությունները, այդ թվում`
ռեսուրսային պոտենցիալի ռացիոնալ օգտագործման հիմնախնդիրները.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարաբնակեցման համակարգի քաղաքաշինական հիմնակմախքի կատարելագործման ռազմավարությունը.
գ/ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների զարգացման հիմնախնդիրները.
դ/ աղյուսակները կազմում են ըստ սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված կառուցվածքի` ներառյալ համապատասխան բաժիններով ներկայացված գործոնները, դրանց համեմատական վերլուծությունն ու ամփոփ արդյունքները:
IV. Նախագծի մշակման կազմակերպումը
15. Նախագծի մշակումը կազմակերպելու նպատակով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է նախագծի մշակումը համակարգող հանձնաժողով /այսուհետ` համակարգող հանձնաժողով/` շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
16. Նախագիծը մշակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` լիազորված մարմնի պատվերով:
17. Լիազորված մարմինն ապահովում է նախագծի մշակումը, դրա հաստատումից հետո` իրականացման նկատմամբ վերահսկողությունն ու մոնիթորինգի անցկացումը:
18. Լիազորված մարմինը «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված նախագծային փաստաթղթեր մշակող կազմակերպության հետ /այսուհետ` կատարող/ կնքում է պայմանագիր և կատարողին հանձնում համակարգող հանձնաժողովի հետ համաձայնեցված նախագծման առաջադրանքը, ապահովում է պայմանագրով սահմանված ժամկետներում ելակետային նյութերի ստացումը կատարողի կողմից: Ելակետային նյութերի հավաստիության համար պատասխանատվությունը կրում է ելակետային նյութեր տրամադրող մարմինը:
19. Լիազորված մարմինը կարող է ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը հանձնարարել կատարողին:
20. Նախագծի մշակման ընթացքում լիազորված մարմինը` կատարողի մասնակցությամբ, պայմանագրով նախատեսված փուլերով իրականացված աշխատանքները համաձայնեցնում է համակարգող հանձնաժողովի հետ:
21. Աշխատանքի ավարտից հետո նախագծային փաստաթղթերը ներկայացվում են համալիր փորձաքննության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» թիվ 145 որոշմամբ սահմանված կարգով:
22. Լիազորված մարմինը փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո նախագիծը համաձայնեցնում է շահագրգիռ նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ` վերջիններիս կանոնադրական խնդիրներին առնչվող մասով:
23. Շահագրգիռ նախարարությունները և պետական կառավարման մյուս մարմինները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները պատվիրատուին են տրամադրում նախագծային փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:
24. Լիազորված մարմինն ամփոփում է ստացած առաջարկություններն ու դիտողությունները և նախագիծը սահմանված կարգով ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը:
25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո նախագծի հետագա իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողությունն ու մոնիթորինգն ապահովում է լիազորված մարմինը` համագործակցելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, վերջիններիս կողմից պարբերաբար մշակվող արդիականացվող ծրագրերի փոխհամաձայնեցման ու համակարգման նպատակով` քաղաքաշինական պլանավորման խնդիրներին առնչվող մասով:
26. Նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ մոնիթորինգային մշակումներն իրականացվում են հետևյալ հիմնական ուղղություններով`
ա/ Տարածագոտիների զարգացման ռեժիմներ.
բ/ բնակավայրերի զարգացման ռեժիմներ.
գ/ Ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ.
դ/ ճյուղային նպատակային ծրագրեր` քաղաքաշինության բնագավառին առնչվող մասով.
ե/ տարածքային զարգացման ծրագրեր` քաղաքաշինության բնագավառին առնչվող մասով.
զ/ քաղաքաշինության բնագավառի առաջնահերթ միջոցառումների իրականացում.
է/ նախագծում ներառյալ այլ խնդիրներ:
27. Սույն կարգի 26-րդ կետում նշված ուղղությունների վերաբերյալ` իրենց կանոնադրական խնդիրներին առնչվող մասով, տեղեկատվություն են տրամադրում համապատասխան շահագրգիռ մարմինները` լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ տվյալ մարմիններ ներկայացվող գրավոր հարցման հիման վրա:
28. Նախագծում ներառված դրույթներն ու մոնիթորինգային դիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվությունը ներառվում են պետական քաղաքաշինական կադաստրում:
29. Նախագծի իրականացման ընթացքի վերլուծության հիմնական արդյունքներն ամփոփվում են լիազորված մարմնի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ ներկայացվող հաշվետվությամբ:
30. Նախագծով սահմանված առանձին դրույթների, ինչպես նաև նախագծի բոլոր փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |