Համարը 
N 131
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.04.13/11(52)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.03.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.03.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, «ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» մարտի 2007թ.

N 131

ք.Ստեփանակերտ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, նախադպրոցական ուսումնական հաստատությունների տեսակները սահմանելու, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախադպրոցական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել Մարտակերտի շրջանի «Հաթերքի պետական մանկապարտեզ», Մարտունու շրջանի «Բերդաշենի պետական մանկապարտեզ» և Հադրութի շրջանի «Ազոխի պետական մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները` համապատասխանաբար Մարտակերտի, Մարտունու, Հադրութի շրջանների վարչակազմերի ենթակայությամբ:

2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն թիվ 1 հավելվածի:

3. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախադպրոցական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը` համաձայն թիվ 2 հավելվածի:

4. Սահմանել, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության առարկան ու նպատակը նախադպրոցական կրթական բնույթի գործունեության իրականացումն է:

5. Սահմանել նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետևյալ տեսակները`

ա/ մանկապարտեզ, որն իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագրեր և ապահովում է երեխաների խնամքը.

բ/ հատուկ մանկապարտեզ` երեխաների ֆիզիկական և հոգեկան զարգացման շեղումների շտկման գերակայությամբ.

գ/ առողջարանային մանկապարտեզ` սանիտարահիգիենիկ, կանխարգելիչ և առողջապահական ծրագրերի գերակայությամբ.

դ/ մանկական կենտրոն, որն իրականացնում է նախադպրոցական ծրագրեր և ապահովում է երեխաների խնամքը.

ե/ համալիր մանկապարտեզ, որի կազմում կարող են ընդգրկվել նախադպրոցական հաստատությունների մի քանի տեսակներ կամ խմբեր.

զ/ կրթահամալիր, որի կազմում կարող են ընդգրկվել նախադպրոցական և այլ մակարդակի կրթական ծրագրեր իրականացնող մի քանի հաստատություններ.

է/ մանկատուն, որն իրականացնում է ծնողազուրկ, ծնողական խնամքից զուրկ, սոցիալապես անապահով, անբարենպաստ ընտանիքների մինչև 6 տարեկան երեխաների խնամքը, դաստիարակությունը և ուսուցումը:

6. Սահմանել, որ`

ա/ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկների վերակազմակերպման պահին դրանց տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը` իր ամբողջ կազմով և արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին.

բ/ նշված պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` իր ամբողջ կազմով և արժեքով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացվում են անհատույց օգտագործելու իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

7. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները, ըստ կազմակերպությունների ենթակայության, վերապահել ԼՂՀ շրջանների վարչակազմերին և Ստեփանակերտի քաղաքապետարանին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«27» մարտի 2007թ.

թիվ 131 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախադպրոցական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների

 

Հ/Հ Ը/Կ

Պետական հիմնարկի անվանումը

Պետական ոչ առևտրային կազմակերպության

անվանումը

Ենթակայությունը

1.

Ստեփանակերտի թիվ 1 պետական մանկապարտեզ

Ստեփանակերտի թիվ 1

պետական մանկապարտեզ

Ստեփանակերտի

քաղաքապետարանի

կրթության, մշակույթի,

 սպորտի և զբոսաշրջության բաժին

2.

Բերձորի մսուր-

մանկապարտեզ

Բերձորի պետական

մանկապարտեզ

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմ

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«27» մարտի 2007թ.

թիվ 131 որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «____________________________________________________________ պետական ոչ առևտրային կազմակերպությունը /այսուհետ` հաստատություն/ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հաստատություն է, որն իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագրեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:

2. Հաստատությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հաստատության գտնվելու վայրն է /նշել մշտական գործող մարմնի գտնվելու վայրը/:

4. Հաստատությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հաստատությունն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Հաստատությունը ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Հաստատությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

7. Հաստատությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

8. Հաստատությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:

9. Հաստատությունում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

 

II. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Հաստատության գործունեության առարկան և նպատակը նախադպրոցական կրթական բնույթի գործունեության իրականացումն է:

11. Հաստատության կրթական գործունեությունն իրականացվում է ի շահ անհատի, հասարակության և պետության:

12. Հաստատությունը, համագործակցելով ընտանիքի հետ, ապահովում է նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և այդ հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալների ապահովումը, հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացման ձևավորումը, աշխատանքային տարրական կարողություններին և հմտություններին ծանոթացումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը:

13. Հաստատության գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:

14. Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, նախակրթական պետական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:

 

III. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Հաստատության երեխաների համակազմի համալրման կարգը և խմբերի առավելագույն խտությունը սահմանվում է պետական կրթական չափորոշիչներով:

16. Հաստատություն ընդունվում են մինչև 6 տարեկան երեխաները` առողջության մասին բժշկական տեղեկանքի հիման վրա:

17. Հաստատությունում կրթադաստիարակչական գործունեությունը կազմակերպվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված նախադպրոցական կրթության համալիր ծրագրին համապատասխան:

Հաստատությունը կարող է մշակել և նախարարության հետ համաձայնեցնելով` իրականացնել նաև նախադպրոցական կրթության հեղինակային ծրագրեր:

18. Հաստատություններն իրենց գործունեության ուղղություններին համապատասխան բաժանվում են հետևյալ տեսակների.

ա/ մանկապարտեզ, որն իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագրեր և ապահովում է երեխաների խնամքը.

բ/ հատուկ մանկապարտեզ, երեխաների ֆիզիկական և հոգեկան զարգացման շեղումների շտկման գերակայությամբ.

գ/ առողջարանային մանկապարտեզ` սանիտարահիգիենիկ, կանխարգելիչ և առողջապահական ծրագրերի գերակայությամբ.

դ/ մանկական կենտրոն, որն իրականացնում է նախադպրոցական ծրագրեր և ապահովում է երեխաների խնամքը.

ե/ համալիր մանկապարտեզ, որի կազմում կարող են ընդգրկվել նախադպրոցական հաստատությունների մի քանի տեսակներ կամ խմբեր.

զ/ կրթահամալիր, որի կազմում կարող են ընդգրկվել նախադպրոցական և այլ մակարդակի կրթական ծրագրեր իրականացնող մի քանի հաստատություններ.

է/ մանկատուն, որն իրականացնում է ծնողազուրկ, ծնողական խնամքից զուրկ, սոցիալապես անապահով, անբարենպաստ ընտանիքների մինչև 6 տարեկան երեխաների խնամքը, դաստիարակությունը և ուսուցումը:

19. Հաստատության աշխատանքային ռեժիմը, երեխաների այնտեղ մնալու տևողությունը, կրթադաստիարակչական խմբերի համալրման և սննդի կազմակերպման կարգը որոշվում են նախարարության մեթոդական ցուցումներին համապատասխան: Թույլատրվում է հաստատության կամ առանձին խմբերի գործունեության կազմակերպումը ցերեկային, երեկոյան ժամերին, շուրջօրյա, հանգստյան և տոնական օրերին, ինչպես նաև երեխաների ազատ հաճախումը հաստատություն:

20. Հաստատության երեխաների բժշկական սպասարկումն իրականացվում է հաստիքային բժշկական անձնակազմի միջոցով, որը տնօրինության հետ պատասխանատվություն է կրում երեխաների առողջության, ֆիզիկական զարգացման, բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ նորմերի, ռեժիմի պահպանման և սննդի որակի համար:

21. Հաստատության մանկավարժական և սպասարկող անձնակազմերը պետական բյուջեի հաշվին պարբերաբար ենթարկվում են բժշկական քննության:

 

IV. ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

22. Հաստատության կրթադաստիարակչական գործընթացի մասնակիցները երեխաներն են, ծնողները /օրինական ներկայացուցիչները/, մանկավարժական աշխատողները:

23. Երեխաների ընդունելության ժամանակ հաստատության տնօրինությունը պարտավոր է ծնողներին /նրանց օրինական ներկայացուցիչներին/ ծանոթացնել կանոնադրությանը և այլ փաստաթղթերի, որոնք կանոնակարգում են հաստատության գործունեությունը:

24. Հաստատության և ծնողների փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրով:

25. Երեխայի և հաստատության աշխատակիցների փոխհարաբերությունները կառուցվում են համագործակցության, երեխայի անհատականության հանդեպ հարգանքի հիմքի վրա:

26. Հաստատությունում աշխատանքի ընդունվում են այն անձինք, ովքեր ունեն նախարարության հաստատած որակավորման բնութագրի պահանջներին համապատասխան անհրաժեշտ մասնագիտական-մանկավարժական որակավորում:

27. Հաստատության աշխատողների իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները որոշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հաստատության կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով:

28. Հաստատության աշխատողներն իրավունք ունեն սահմանված կարգով մասնակցելու հաստատության կառավարմանը, համատեղությամբ կատարելու գիտական, ստեղծագործական և մանկավարժական բնույթի աշխատանքներ:

 

V. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

29. Հաստատության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը` հաստատության տնօրենը /այսուհետ` տնօրենը/:

30. Հաստատության հիմնադիրն ունի հաստատության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

31. Հաստատության հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա/ հաստատության հիմնադրումը.

բ/ հաստատության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ/ հաստատությանը սեփականության իրավունքով հանձնվող և /կամ/ ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

դ/ հաստատության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.

ե/ հաստատության կառավարման համակարգի սահմանումը.

զ/ հաստատության վերակազմակերպումը և լուծարումը.

է/ հաստատության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

ը/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

32. Լիազորված պետական մարմինն իրականացնում է հաստատության ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

33. Լիազորված պետական մարմինը`

ա/ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

բ/ վերահսկողություն է իրականացնում հաստատության գործունեության նկատմամբ.

գ/ կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հաստատության տնօրենի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

դ/ լսում է հաստատության գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

ե/ վերահսկողություն է իրականացնում հաստատությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ.

զ/ հիմնադրի որոշմամբ կամ հաստատության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

է/ հաստատում է հաստատության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ը/ իրականացնում է հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

34. Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում է խորհրդակցական մարմին` մանկավարժական խորհուրդ: Համայնքի և ծնողների հետ արդյունավետ համագործակցության նպատակով հաստատությունում կարող են ստեղծվել ծնողական, հոգաբարձուների և այլ խորհուրդներ:

35. Տնօրենն իրականացնում է հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնօրենն օրենքներով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ և իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է հաստատության գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

36. Տնօրենը`

ա/ առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.

բ/ սահմանում է հաստատության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

գ/ նախագահում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստերը.

դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

ե/ տալիս է հաստատության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

զ/ աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

է/ բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

ը/ կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

թ/ օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժ/ իրականացնում է մանկավարժական կադրերի և սպասարկող անձնակազմի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.

ժա/ վերահսկողություն է իրականացնում հաստատության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

ժբ/ ապահովում է ներքին աշխատանքային կարգապահական կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

ժգ/ կազմում է հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնում է կառավարման մարմինների հաստատմանը.

ժդ/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և հաստատության կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

37. Տնօրենի բացակայության դեպքում նրան նշանակած մարմնի գրավոր որոշման /հրամանի/ համաձայն նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:

38. Մեթոդիստը /տնօրենի ուսումնական գծով տեղակալը/`

ա/ իրականացնում է կրթադաստիարակչական աշխատանքի մեթոդական ղեկավարումը.

բ/ ապահովում և վերահսկում է տիպային ծրագրի դրույթների և մեթոդական հանձնարականների կատարումը.

գ/ պատասխանատու է կրթադաստիարակչական աշխատանքների որակի և արդյունքի համար.

դ/ կազմակերպում է մանկապարտեզի մեթոդկաբինետի աշխատանքը.

ե/ ուսումնասիրում է դաստիարակների առաջավոր փորձը և ընդհանրացնում այն.

զ/ դաստիարակներին մշտապես հաղորդակից է դարձնում մանկավարժական գիտությունների նորույթներին, ծանոթացնում մեթոդական հանձնարարականներին.

է/ կազմակերպում է աշխատանք ծնողների շրջանում:

39. Դաստիարակը`

ա/ պարտավոր է պահպանել երեխաների կյանքը, աշխատանք տանել նրանց առողջության ամրապնդման ուղղությամբ, զարգացնել նրանց ստեղծագործական երևակայությունը.

բ/ պատասխանատու է երեխաների համակողմանի զարգացման և դաստիարակության համար.

գ/ մշտապես համագործակցում է երեխայի ընտանիքի հետ, կազմակերպում աշխատանք ծնողների շրջանում:

40. Երաժշտական ղեկավարը`

ա/ տիպային ծրագրին համապատասխան` դաստիարակների հետ համատեղ իրականացնում է երեխաների երաժշտական դաստիարակությունը.

բ/ ծնողների շրջանում խորհրդատվություն է կազմակերպում երեխաների երաժշտական, գեղագիտական դաստիարակության հարցերի շուրջ.

41. Տնտեսական մասի վարիչը /տնտեսական աշխատանքների գծով տնօրենի օգնականը/`

ա/ կազմակերպում է մանկապարտեզի տնտեսական սպասարկումը, անհրաժեշտ մթերքի, գույքի և սարքավորումների ստացումն ու պահպանությունը.

բ/ մասնակցում է ճաշացուցակի և սննդամթերքի պահանջագիր-հայտերի կազմմանը.

գ/ հետևում է մանկապարտեզի տեղամասի, շենքի, գույքի և սարքավորումների վիճակին, միջոցներ է ձեռնարկում դրանք ժամանակին վերանորոգելու համար.

դ/ պատասխանատու է սպասարկող անձնակազմի աշխատանքային և կատարողական կարգապահության համար:

 

VI. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

42. Հաստատության սեփականությունը ձևավորվում է հաստատության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև հաստատության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:

43. Հաստատությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և /կամ/ իր կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

44. Հիմնադիրը սեփականության իրավունքով հաստատությանը պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ հաստատության լուծարումից հետո մնացած գույքի:

45. Հաստատության սեփականության պահպանման հոգսը կրում է հաստատությունը:

46. Հաստատության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում միայն դատական կարգով:

47. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից հաստատությանն ամրացված գույքը:

48. Հաստատությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման: Հաստատությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի, պետական լիազորված մարմնի որոշմամբ կամ հաստատության կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող մեկ տարվանից ավելի սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

Ամրացված գույքի օգտագործման արդյունքում հաստատության ստացած եկամուտները հաստատության սեփականությունն են: Հաստատությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

Հաստատության լուծարման դեպքում նրա գույքի օգտագործման և տնօրինման կարգը որոշում է հիմնադիրը:

49. Հաստատությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է իր ֆինանսական միջոցները:

50. Հաստատությունը ֆինանսավորում է հիմնադիրը: Հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:

51. Հաստատության ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

ա/ հիմնադրի կողմից թույլատրված ձեռնարկատիրական գործունեության իրականացումից գոյացած միջոցները.

բ/ բարեգործական, նպատակային ներդրումները, ծնողական վճարները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հաստատության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները:

52. Հաստատության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի /վերստուգման/` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VII. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

53. Հաստատությունը վերակազմակերպվում և լուծարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան