Համարը 
N 366-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.05.30/14(471)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվը 
25.05.2022
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
25.05.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.05.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅԱՆ,

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

25 մայիսի 2022թ.

N 366-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ `

 

1. Սահմանել պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ա․ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի մայիսի 25-ի N 366-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց (այսուհետ` շրջանավարտ) պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և անցկացման ընդհանուր պայմանները:

2. Պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնումը կազմակերպվում է 2022 թվականից մինչև 2023-2024 ուսումնական տարվա ավարտը:

3. Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին կարող են մասնակցել պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ունեցող շրջանավարտները:

4. Պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման նպատակով Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով ստեղծվում են պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներ (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատվում քննությունների կազմակերպման ընթացակարգ:

5. Յուրաքանչյուր մասնագիտության գծով ձևավորվում են հանձնաժողովներ՝ ոչ ուշ, քան դրանց աշխատանքները սկսվելուց երկու շաբաթ առաջ և գործում են միայն տվյալ ուսումնական տարվա համար նախատեսվող քննաշրջանի ժամկետում:

6. Հանձնաժողովի նախագահը նշանակվում է նախարարի հրամանով:

7. Հանձնաժողովի անդամների անվանական կազմը հաստատում է ընտրված միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենը` հանձնաժողովի աշխատանքներն սկսելուց առնվազն երկու շաբաթ առաջ:

8. Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններ հանձնելու նպատակով շրջանավարտը, նախարարի կողմից սահմանած ժամկետում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում.

1) քննություններին մասնակցելու դիմում-հայտ.

2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը.

3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր) բնօրինակը և պատճենը.

4) 2 լուսանկար (3X4 չափսի):

9. Շրջանավարտը պետական ամփոփիչ ատեստավորման քննությունները հանձնում է պետական կամ հավատարմագրված ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում: Ուսումնական հաստատությունների ցանկը հաստատում է նախարարը:

10. Պետական ամփոփիչ ատեստավորման անցկացման ժամկետները՝ հանձնաժողովի առաջարկությամբ հաստատվում է նախարարի հրամանով:

11. Պետական ամփոփիչ ատեստավորումն անցկացվում է բանավոր` հանձնաժողովի կողմից նախապես կազմված հարցատոմսերով: Հարցատոմսերը ներառում են առանձին մասնագիտական առարկաների հիմնական բովանդակությանը համապատասխանող հարցեր, որոնք բխում են տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված որակավորման բնութագրից:

12. Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գնահատվում են (գերազանց, լավ, բավարար, անբավարար) և հայտարարվում նույն օրը՝ հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմելուց հետո:

13. Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններից դրական գնահատական ստացած շրջանավարտին հանձնաժողովի որոշմամբ շնորհվում է ստացած մասնագիտությանը համապատասխան որակավորում:

14. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի նախագահը մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում նախարարություն՝ տվյալների ամփոփման և համապատասխան միջին մասնագիտական ուսումնական հաստատության կողմից պետական նմուշի դիպլոմ շնորհելու վերաբերյալ (նախկին դիպլոմի ներդիրի գնահատականները պահպանվում են):

15. Պետական ամփոփիչ ատեստավորումից անբավարար գնահատական ստացած շրջանավարտին տվյալ ուսումնական տարվա ընթացքում քննությունների վերահանձնում չի թույլատրվում: