ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեյսմամիկրոշրջանացման քարտեզի հաստատման կարգը հաստատելու մասին
Համաձայն «Սեյսմիկ պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի և 17-րդ հոդվածի 2-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սեյսմամիկրոշրջանացման քարտեզի հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով հաստատել սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների իրականացման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«15» հունվարի 2008թ.
թիվ 4 որոշման |
Կ Ա Ր Գ
ՍԵՅՍՄԱՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է սեյսմամիկրոշրջանացման քարտեզի հաստատման ընթացակարգը:
2. Սեյսմամիկրոշրջանացման քարտեզը կազմվում է ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքների և այլ նյութերի հիման վրա` առանձնացնելով գրունտների հորիզոնական արագացումների արժեքներն ըստ ց-ի մասերի` 0,05ց-ի ճշտությամբ, սեյսմիկ վտանգի գոտիները` գունավորելով դրանք:
3. Սեյսմամիկրոշրջանացման քարտեզը, համաձայն «Սեյսմիկ պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
4. Պատվիրատուն սեյսմամիկրոշրջանացման քարտեզը հանձնում է «Սեյսմիկ պաշտպանության Արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ին համապատասխան եզրակացությամբ ներկայացնելու համար լիազոր մարմին` հաստատման:
Սեյսմամիկրոշրջանացման քարտեզին կից ներկայացվում են հետևյալ նյութերը`
ա) սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների մասին հաշվետվության տեքստային մասը, որը պարունակում է հետևյալ բաժիններն ու տեղեկությունները`
ներածություն,
տարածքի ուսումնասիրվածության մասին ընդհանուր տեղեկություններ,
աշխատանքների կատարման մեթոդիկան,
տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները,
գործիքային հետազոտությունների արդյունքները,
չափանմուշային գրունտների ընտրությունը,
սեյսմամիկրոշրջանացման քարտեզի համառոտ նկարագրությունը,
եզրակացություններ և առաջարկություններ,
տեսական հաշվարկներ,
օգտագործված գրականության ցուցակ.
բ) տեքստային հավելվածներ, որոնք պետք է պարունակեն`
պատվիրատուի տեխնիկական առաջադրանքը` ներառյալ դրա մեջ կատարված փոփոխություններն ու լրացումները,
գրանցված երկրաշարժերի գրացուցակ,
գրունտների հատկությունների լաբորատոր չափումների արդյունքների ամփոփիչ աղյուսակներ,
սեյսմիկ վտանգի հաշվարկների աղյուսակ,
այլ երկրաֆիզիկական պարամետրերի հաշվարկների տվյալներ.
գ) հաշվետվության գրաֆիկական մասը, որը պետք է պարունակի սեյսմամիկրոշրջանացման քարտեզը,
փաստացի նյութերի քարտեզ,
ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզ` առանձնացվող տարրերի բնութագրմամբ, աղյուսակային ձևով և ինժեներաերկրաբանական կտրվածքներ,
ուժեղ երկրաշարժերի հաշվարկային ակսելերագրամներ, սպեկտրային բնութագրի գրունտների հակազդման սպեկտրներ,
դ) անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008թ. «Սեյսմամիկրոշրջանացման քարտեզի հաստատման կարգը հաստատելու մասին» թիվ 4 որոշման 2-րդ կետով նախատեսված սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների իրականացման կարգում նշված այլ նյութեր:
5. ՍՊԱրԾ ՊՈԱԿ-ը հաշվետվությունը կարող է ներկայացնել սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետի հաշվառմամբ:
6. ՍՊԱրԾ ՊՈԱԿ-ը հաշվետվությունը պատվիրատուից ստանալուց հետո 10 օրվա ընթացքում իր կողմից ստեղծված փորձագիտական խմբում քննարկում և սեյսմամիկրոշրջանացման քարտեզը հաշվետվության վերաբերյալ կարծիքի հետ միասին հաստատման է ներկայացնում լիազոր մարմին կամ կից գրավոր դիտողություններով վերադարձնում է պատվիրատուին` լրամշակման:
Սեյսմամիկրոշրջանացման քարտեզը վերադարձվում է լրամշակման, եթե հաշվետվությունը չի բավարարում սույն կարգի 1-ին և 2-րդ կետերի պահանջները:
7. Պատվիրատուն համապատասխան լրամշակումից հետո ընդունում է հաշվետվությունը և կրկին հանձնում ՍՊԱրԾ ՊՈԱԿ-ին` ներկայացնելու համար լիազոր մարմին` հաստատման:
8. ՍՊԱրԾ ՊՈԱԿ-ը եռօրյա ժամկետում քննարկում է սեյսմամիկրոշրջանացման քարտեզը և իր եզրակացության հետ միասին ներկայացնում լիազոր մարմին` հաստատման:
9. Լիազոր մարմինը 5 օրվա ընթացքում հաստատում է սեյսմամիկրոշրջանացման քարտեզը և վերադարձնում պատվիրատուին:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |