ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» հունվարի 2008թ. |
N 35 |
ք.Ստեփանակերտ
1000 ՎՈԼՏ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՈՒ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա)1000 վոլտ և բարձր լարման էլեկտրական ցանցերի պահպանության կանոնները՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
բ) մայրուղային խողովակաշարերի պահպանության կանոնները՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«29» հունվարի 2008թ.
թիվ 35 որոշման |
ԿԱՆՈՆՆԵՐ
1000 վոլտ և բարձր լարման էլեկտրական ցանցերի պահպանության
1. Սույն կանոնները սահմանում են 1000 վոլտ և բարձր լարման էլեկտրական ցանցերի պահպանության պահանջները` դրանց անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարելիս և այլ գործունեություն իրականացնելիս:
1000 վոլտ և բարձր լարման էլեկտրական ցանցերը (այսուհետև` էլեկտրական ցանցեր) սույն կանոններում հասկացվում են ենթակայաններ, բաշխիչ սարքվածքներ, հոսանքատարներ, էլեկտրահաղորդման օդային գծեր, էլեկտրահաղորդման ստորգետնյա և ստորջրյա մալուխային գծեր և դրանց հարակից կառույցները:
Էլեկտրական ցանցերը պահպանում են այն կազմակերպությունները, որոնց տնօրինության տակ են գտնվում դրանք:
2. Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պարտավոր են դրանք իրականացնել` պահպանելով այդ ցանցերի պահպանվածությունն ապահովող պայմանները:
3. Արգելվում է էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում այնպիսի գործողությունների կատարումը, որոնք կարող են խախտել էլեկտրական ցանցերի բնականոն աշխատանքը, հանգեցնել դրանց վնասմանը կամ դժբախտ պատահարների, մասնավորապես`
ա)ավտոլցակայանների և այլ վառելիքաքսուքային պահեստարանների տեղադրումը.
բ) հաղորդալարերի և հենասյուների վրա կողմնակի առարկաներ գցելը կամ դրանց մոտեցնելը, ինչպես նաև հենասյուների վրա բարձրանալը.
գ) օդապարիկներ, թռչող ապարատների մարզական մոդելներ բաց թողնելը.
դ) մարզահրապարակների, մարզադաշտերի, շուկաների, հասարակական փոխադրամիջոցների և բոլոր տեսակի մեքենաների ու մեխանիզմների կանգառների կազմակերպումը, բազմամարդ միջոցառումների անցկացումը, որոնք կապված չեն սահմանված կարգով թույլատրված աշխատանքների կատարման հետ.
ե) մալուխային գծերի անվտանգության գոտիներում աշխատանքների կատարումը հարվածող մեխանիզմներով, 5 տոննայից ավելի զանգված ունեցող ծանրությունների նետումը, այրվող, կոռոզիական և վառելիքաքսուքային նյութեր դատարկելն ու թափելը, կրակ վառելը:
4. Եթե կազմակերպությունները և ֆիզիկական անձինք էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում կատարում են պայթեցման, շինարարական և այլ այնպիսի աշխատանքներ, որոնք կարող են վնաս պատճառել էլեկտրական ցանցերին, ապա նրանք պարտավոր են աշխատանքներն սկսելուց առնվազն 10 օր առաջ էլեկտրական ցանցերը տնoրինող կազմակերպություններին տեղեկացնել և նրանց հետ համաձայնեցնել աշխատանքների կատարման այն պայմաններն ու կարգը, որոնք ապահովում են էլեկտրական ցանցերի պահպանվածությունը:
5. Մալուխային գծերի կոռոզիայի հնարավոր աղբյուր հանդիսացող օբյեկտների շինարարության, հիմնանորոգման և վերակառուցման նախագծային-նախահաշվային փաստաթղթերում պետք է նախատեսվեն կոռոզիան սահմանափակելու կամ մալուխային գծերը կոռոզիայի գոտուց դուրս բերելու միջոցառումներ:
Այն կազմակերպությունները, որոնց արտադրական գործունեությունն առաջացնում է մալուխային գծերի կոռոզիա, պարտավոր են իրականացնել դրանց կոռոզիան սահմանափակող միջոցառումներ` անկախ այդ գծերի պատկանելությունից:
6. Կառուցվող կամ գործող էլեկտրահաղորդման մալուխային գծերը տնօրինող կազմակերպությունները պարտավոր են իրականացնել նշված գծերը «թափառող հոսանքներից» պաշտպանելու միջոցառումներ:
7. Օդանավերի թռիչքները պետք է իրականացվեն և էլեկտրական ցանցերի վերևում ու շրջակայքում օդային տարածությունն այլ նպատակներով պետք է օգտագործվի` ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքի օգտագործման մասին օրենսդրության դրույթներից:
8. Եթե էլեկտրահաղորդման գծի անվտանգության գոտին համընկնում է երկաթուղու կամ ավտոմոբիլային ճանապարհների համար հատկացված գոտու, խողովակաշարերի, կապի գծերի, այլ էլեկտրահաղորդման գծերի և օբյեկտների անվտանգության գոտիների հետ, ապա դրանց պահպանությունը, շահագործման աշխատանքները տարածքի համընկնող հատվածներում կատարելիս, իրականացվում է դրանք տնօրինող կազմակերպությունների փոխհամաձայնությամբ:
9. Այն կազմակերպությունները, որոնց տնօրինության տակ գտնվող տարածքում առկա են անտառային տարածքներով և անտառուղիներով անցնող էլեկտրական ցանցեր, պարտավոր են`
ա) անտառուղիները պահել հրդեհաանվտանգ վիճակում.
բ) անտառուղիներում ծառերի ու թփուտների հատման միջոցով և այլ եղանակներով ապահովել անտառուղիների լայնության համապատասխանությունն էլեկտրական ցանցերի կառուցման նախագծերով նախատեսված չափերին.
գ) սահմանված կարգով հատել անտառուղիներից դուրս աճող և հաղորդալարերի կամ հենասյուների վրա ընկնել սպառնացող ծառերը.
դ) անտառուղիներում հատել կամ էտել 4 մետրից ավելի բարձրություն ունեցող ծառերը:
10.Պետական անտառային ֆոնդի հողատարածքներով անցնող էլեկտրահաղորդման օդային գծերի հաղորդալարերին անմիջականորեն մոտ աճող ծառերն էտում են այդ գծերը տնօրինող կազմակերպությունները` համաձայնեցնելով անտառների օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների հետ: Եթե էլեկտրահաղորդման օդային գծերն անցնում են զբոսայգիների, այգիների և այլ բազմամյա տնկարկների վրայով, ապա ծառերն էտում են նշված գծերը տնօրինող կազմակերպությունները, իսկ երկուստեք համաձայնության դեպքում` այն կազմակերպությունները, որոնց տնօրինության տակ են գտնվում դրանք, կամ այդ այգիների և այլ բազմամյա տնկարկների սեփականատեր հանդիսացող քաղաքացիները:
11. Էլեկտրական ցանցերի հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքներ կատարելու համար տարածքներ և ուղիներ ունենալու անհրաժեշտության դեպքում` նշված ցանցերը տնօրինող կազմակերպությունները, համաձայն քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի, պարտավոր են այդ տարածքների սեփականատերերի հետ կնքել ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտ) պայմանագիր:
Գյուղատնտեսական տարածքներով անցնող էլեկտրահաղորդման գծերի նորոգման և վերակառուցման պլանային աշխատանքները կատարվում են հողօգտագործողների հետ համաձայնեցնելով և, որպես կանոն, այն ժամանակ, երբ այդ տարածքները գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված չեն, կամ հնարավոր է ապահովել այդ մշակաբույսերի պահպանվածությունը:
Էլեկտրահաղորդման գծերի վթարների կանխման կամ դրանց հետևանքների վերացման աշխատանքները կարող են կատարվել տարվա ցանկացած ժամանակ` առանց հողoգտագործողների հետ համաձայնեցնելու, բայց նրանց նախօրոք տեղեկացնելով կատարվելիք աշխատանքների մասին:
Էլեկտրահաղորդման գծերը տնoրինող կազմակերպությունները նշված աշխատանքները կատարելուց հետո պարտավոր են գյուղատնտեսական տարածքները բերել դրանց նպատակային oգտագործման համար պիտանի վիճակի, ինչպես նաև հատուցել բնությանը և հողօգտագործողներին աշխատանքների կատարման ժամանակ պատճառված վնասները: Հողօգտագործողների կրած վնասները որոշվում և հատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Էլեկտրահաղորդման մալուխային գծերի նորոգման և վերակառուցման այն պլանային աշխատանքները, որոնց հետևանքով վնասվում են ճանապարհների հողային պաստառը և երեսարկը, կարող են կատարվել աշխատանքի կատարման պայմանները միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական ավտոմոբիլային տեսչության մարմինների և այդ ճանապարհները տնoրինող կազմակերպությունների, իսկ բնակավայրերի սահմաններում` նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ նախապես համաձայնեցնելուց հետո: Աշխատանքների կատարման պայմանները պետք է համաձայնեցվեն և uահմանված կարգով շինարարության (քանդման) թույլտվությունը պետք է ձևակերպվի աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ:
Վթարների դեպքում էլեկտրահաղորդման մալուխային գծերի` ճանապարհային հողային պաստառը և երեսարկը վնասող նորոգման աշխատանքները թույլատրվում է կատարել առանց նախնական համաձայնեցման, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական ավտոմոբիլային տեսչության մարմիններին և այդ ճանապարհները տնօրինող կազմակերպություններին, իսկ բնակավայրերի սահմաններում` նաև տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնելուց հետո:
Նշված աշխատանքները կատարող կազմակերպությունները պարտավոր են պատրաստել շրջուղիներ և պատնեշել այդ աշխատանքների կատարման տեղերն ու տեղադրել համապատասխան ճանապարհային նշաններ, իսկ աշխատանքների ավարտից հետո` համահարթել հողը և վերականգնել ճանապարհների հողային պաստառն ու երեսարկը:
13. Էլեկտրահաղորդման գծերի փաստացի տեղադրման վերաբերյալ նյութերը պետք է հանձնվեն տեղական ինքնակառավարման և ընդերքի բնագավառում պետական կառավարման համապատասխան մարմիններին` հողoգտագործման, երկրաբանական հատկացման և լեռնահատկացման քարտեզներում գրանցելու համար:
14. Եթե հողային աշխատանքներ կատարող կազմակերպությունները հայտնաբերում են աշխատանքների կատարման տեխնիկական փաստաթղթերում չնշված մալուխ, ապա պարտավոր են անմիջապես դադարեցնել այդ աշխատանքները, ձեռնարկել մալուխի պահպանվածության ապահովման միջոցներ և դրա մասին հայտնել էլեկտրական ցանցը տնօրինող կազմակերպությանը կամ տեղական ինքնակառավարման մարմին:
15. Կազմակերպությունները և քաղաքացիները էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում պարտավոր են կատարել էլեկտրական ցանցերը տնօրինող կազմակերպությունների աշխատողների և սույն կանոններից բխող պահանջները` էլեկտրական ցանցերի պահպանվածության ապահովման ու դժբախտ պատահարների կանխման նպատակով: Կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիներում սույն կանոնների պահանջների խախտմամբ կատարվող աշխատանքների դեպքեր հայտնաբերելիս` էլեկտրական ցանցերը տնօրինող կազմակերպությունները պարտավոր են նրանց զգուշացնել, իսկ այդ աշխատանքները չդադարեցնելու դեպքում դիմել պետական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմիններին:
16. Սույն կանոնների պահանջները խախտող պաշտոնատար անձինք և քաղաքացիները կրում են պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«29» հունվարի 2008թ.
թիվ 35 որոշման |
ԿԱՆՈՆՆԵՐ
մայրուղային խողովակաշարերի պահպանության
1. Սույն կանոնները սահմանում են բնական և արհեստական ածխաջրածնային գազեր ու խտուցք, հեղուկացված ածխաջրածնային գազեր տեղափոխող մայրուղային խողովակաշարերի, այդ թվում` արդյունագործական ու միջարդյունագործական խողովակաշարերի և հավաքիչների (այսուհետև` խողովակաշարեր) պահպանության պահանջները` դրանց անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարելիս ու այլ գործունեություն իրականացնելիս:
2. Սույն կանոնների պահանջները տարածվում են մայրուղային խողովակաշարերի հետևյալ բաղադրամասերի և տարրերի վրա`
ճյուղավորումներ և շրջանցումներ, փակիչ արմատուր, բնական և արհեստական խոչընդոտների անցումներ, պոմպային և ճնշակային կայանների միացման հանգույցներ, խտուցքահավաքիչներ, մեթանոլի ներանցման սարքվածքներ ունեցող խողովակաշարեր,
խողովակաշարերը քայքայումից պաշտպանող էլեկտրաքիմիական կայանքներ, տեխնոլոգիական կապի գծեր ու կառույցներ, խողովակաշարերի հեռուստամեխանիկայի միջոցներ,
էլեկտրահաղորդման գծեր և փակիչ արմատուր ու խողովակաշարերի էլեկտրաքիմիական պաշտպանության կայանքներ ունեցող էլեկտրամատակարարման ու հեռուստակառավարման սարքվածքներ,
հակահրդեհային միջոցներ, խողովակաշարերի հակաէրոզիական և պաշտպանիչ կառույցներ, խտուցքի պահման ու ապագազավորման տարողություններ, նավթի, նավթամթերքի, խտուցքների և հեղուկացված ածխաջրածինների վերգետնյա ու ստորգետնյա տարողություններ և վթարային հողաշեն բացթողման ամբարներ,
խողովակաշարերի շահագործման գծային ծառայության կառույցներ,
մշտական ճանապարհներ և ուղղաթիռային հրապարակներ, որոնք տեղակայված են խողովակաշարերի ուղեգծի երկարությամբ և դեպի դրանք ուղղված մատույցներ, ինչպես նաև խողովակաշարերի տեղի տարբերիչ նշաններ ու ազդանշաններ,
վերամղման և լցավորման գլխավոր ու միջանկյալ պոմպակայաններ, պահոցային հավաքակայաններ, գազաբաշխիչ և ճնշակային կայաններ,
ստորգետնյա գազապահեստարաններ,
լցման և դատարկման կամրջակներ (էստակադներ):
3. Խողովակաշարերի ուղեգծերը նշվում են երկաթբետոնե կամ փայտե տարբերիչ նշաններով (ցուցատախտակներով), գետնից 1,5-2 մետր բարձրության և միմյանցից տեսանելի հեռավորության վրա:
4. Խողովակաշարերը տնօրինող կազմակերպություններն այդ խողովակաշարերի հետ բոլոր տեսակի ավտոճանապարհների հատման տեղերում տեղադրում են տրանսպորտային միջոցների կանգառն արգելող համապատասխան ճանապարհային նշաններ:
5. Խողովակաշարերը տնօրինող կազմակերպություններն այդ խողովակաշարերի փաստացի տեղադրման վերաբերյալ նյութերը (հանույթները) պետք է հանձնեն տեղական ինքնակառավարման և ընդերքի բնագավառում պետական կառավարման համապատասխան մարմիններին` հողօգտագործման, երկրաբանական հատկացման և լեռնահատկացման քարտեզներում գրանցելու համար:
6. Խողովակաշարերի անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պարտավոր են դրանք իրականացնել` պահպանելով այդ խողովակաշարերի պահպանվածությունն ապահովող պայմանները:
7. Արգելվում է խողովակաշարերի անվտանգության գոտիներում այնպիսի գործողությունների կատարումը, որոնք կարող են խախտել խողովակաշարերի բնականոն շահագործումը կամ առաջացնել դրանց վնասվածքներ, մասնավորապես`
ա) տարբերիչ ու ազդանշանային նշանների ստուգիչ-չափիչ կետերը տեղափոխելը, ծածկելը և կոտրելը.
բ) չսպասարկվող ուժեղարար կետերի մալուխային կապերի, գծային արմատուրի հանգույցների ցանկապատերի, կաթոդային և ջրաքաշային պաշտպանության կայանների, գծային ու դիտարկման ջրհորների և այլ գծային սարքվածքների դիտանցքները, դռնակներն ու դռները բացելը, ծորակներն ու սողնակները բացելն ու փակելը, խողովակաշարերի կապի, էներգամատակարարման և հեռուստամեխանիկայի միջոցներն անջատելը կամ միացնելը.
գ) ամեն տեսակի աղբակույտեր առաջացնելը, թթուների, աղերի և հիմքերի լուծույթները թափելը.
դ) ափերն ամրացնող կառույցները, ջրի բացթողման սարքվածքները, հողաշեն և այլ կառուցվածքները (սարքվածքները) քանդելը, որոնք խողովակաշարերը պահպանում են քայքայումից, իսկ հարակից տարածքն ու շրջապատող տեղանքը խողովակաշարով տեղափոխվող նյութի վթարային ողողումից.
ե) ժամանակավոր կառույցներ, շինություններ կառուցելը և ծառատունկ կատարելը.
զ) կրակ վառելը և կրակի որևէ բաց կամ փակ աղբյուր տեղադրելը.
է) միջոցառումներ անցկացնելը` կապված այն մարդկանց կուտակումների հետ, որոնք զբաղված չեն սահմանված կարգով թույլատրված աշխատանքների կատարմամբ:
8. Խողովակաշարերը տնօրինող կազմակերպությունները խողովակաշարերի հիմնանորոգման ու վերակառուցման և դրանց վրայով անցումների կառուցման համար տարածքներ ու ուղիներ ունենալու անհրաժեշտության դեպքում, համաձայն քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի, պարտավոր են այդ տարածքների սեփականատերերի հետ կնքել ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտ) պայմանագիր:
Ջրավազանների տարածքով անցնող խողովակաշարերի նորոգման աշխատանքների կատարումը պետք է համաձայնեցվի դրանք շահագործող և դրանց օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, բացառությամբ այն աշխատանքների, որոնք կապված են խողովակաշարերի վթարային վիճակի հետ:
9. Եթե խողովակաշարերի անվտանգության գոտին համընկնում է երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհների հատկացման գոտիների, էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների, օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանական հատկացումների, լեռնահատկացումների տարածքների և այլ օբյեկտների հետ, ապա համընկնող տարածքներում նշված օբյեկտների շահագործման աշխատանքները կատարվում են դրանք տնօրինող կողմերի փոխհամաձայնությամբ:
10. Եթե խողովակաշարերի ուղեգծերն անցնում են պետական անտառային ֆոնդի հողատարածքներով, ապա խողովակաշարերը շահագործող կազմակերպությունները պետք է անտառատնտեսության և խողովակաշարերի ուղեգծի միջև ապահովեն ռադիո և հեռախոսային կապ:
11. Խողովակաշարի վթարի դեպքում` այն շահագործող կազմակերպությունն անմիջապես պետք է ձեռնամուխ լինի դրա վերացմանը` միաժամանակ դրա մասին տեղեկացնելով տեղական ինքնակառավարման և բնապահպանական ու տեխնիկական վերահսկողության պետական մարմիններին:
12. Խողովակաշարերը տնօրինող կազմակերպությունները պլանային կամ վթարային նորոգման-վերականգնման աշխատանքների ավարտից հետո պարտավոր են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցել բնությանը և հողօգտագործողներին հասցված վնասները և հողատարածքները բերել հետագա օգտագործման համար պիտանի վիճակի:
13. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, շինարարության կատարման համար հողատարածքներ հատկացնելու մասին դիմումները քննարկելիս, շինարարության օբյեկտների բնույթը և դասավորության տեղերը, եթե վերջիններս առնչվում են խողովակաշարերի անվտանգության գոտիներին, պետք է նախապես համաձայնեցնեն խողովակաշարերը տնօրինող կազմակերպությունների հետ:
14. Խողովակաշարերը տնօրինող կազմակերպությունները պարտավոր են զգուշացնել խողովակաշարերի անվտանգության գոտիներում սույն կանոնների պահանջների խախտումներով աշխատանքներ կատարող կազմակերպություններին ու քաղաքացիներին, իսկ նշված աշխատանքները չդադարեցնելու դեպքում` դիմել պետական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմիններին:
15. Սույն կանոնների պահանջները խախտող պաշտոնատար անձինք և քաղաքացիները կրում են պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |