Համարը 
N 63-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.02.01-2023.02.28 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.02.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.02.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2023թ.

N 63-Ն

ք.Ստեփանակերտ

 

«ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ

ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ՀԵՏ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 7-րդ հոդվածը և 9-րդ հոդվածի 1-ին կետը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։

2. Հաստատել`

1) Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի նպատակներն ու խնդիրներն են կենտրոնին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններում նրա մասնակցության ապահովումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված N1

Արցախի Հանրապետության

կառավարության 2023 թվականի

փետրվարի 8-ի N63-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ՀԵՏ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն) Արցախի Հանրապետության պետական նախարարի կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Կենտրոնը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, Արցախի Հանրապետության օրենքներին, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին, սույն կանոնադրությանը և իրավական այլ ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

4. Կենտրոնն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և Կենտրոնի հայերեն անվանմամբ կլոր կնիք: Կենտրոնը կարող է ունենալ իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

5. Կենտրոնի համակարգը կազմված է Կենտրոնի տնօրենից, տնօրենի տեղակալից, խորհրդականից, մամուլի քարտուղարից, օգնականից և Կենտրոնի աշխատակազմից:

6. Կենտրոնի անվանումն է՝

1) հայերեն լրիվ անվանումը` Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոն,

2) ռուսերեն լրիվ անվանումը` Центр обеспечения взаимодействия с российским миротворческим контингентом,

3) անգլերեն լրիվ անվանումը` A center for ensuring cooperation with the russian peacekeeping forces:

7. Կենտրոնի գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20 փողոց, շենք N 1:

 

2. ԿԵՆՏՐՈՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Կենտրոնի նպատակներն են՝

1) ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության քաղաքականության մշակումը և իրականացումը.

2) ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ոլորտում պետական ծրագրերի արդյունավետ իրականացումը, համակարգումը և կազմակերպումը:

9. Կենտրոնի խնդիրներն են՝

1) համագործակցության ծրագրերի և պլանների մշակումը.

2) պետական համագործակցության ոլորտի մոնիթորինգի իրականացումը:

 

3. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Կենտրոնն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցություն.

2) ցանկացած ոլորտի վերաբերող հարցերում` ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համատեղ բանակցությունների վարում.

3) Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ համագործակցություն.

 4) իրավական սպասարկման բնագավառում՝

 ա. օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում և իրավաբանական խորհրդատվության տրամադրում,

 բ. իրավական ակտերի նախագծերի մշակում.

 5) ֆինանսատնտեսական գործունեություն բնագավառում՝

 ա. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գնումների գործընթացի կազմակերպում,

 բ. Կենտրոնի և դրա աշխատակազմի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպում և հաշվապահական հաշվառման իրականացում.

 6) տեղեկատվության բնագավառում տեղեկատվական քաղաքականության և հանրության հետ կապերի կազմակերպում ու իրականացում:

 

4. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Կենտրոնի տնօրենը (այսուհետ՝ տնօրեն) գլխավորում է Կենտրոնը: Տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Տնօրենն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

12. Տնօրենն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:

13. Տնօրենն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի գնահատման և վերլուծության, հեռանկարային զարգացման ապահովման համար:

14. Տնօրենը հաշվետու է Արցախի Հանրապետության կառավարությանը և Արցախի Հանրապետության պետական նախարարին:

15. Տնօրենը՝

1) պատասխանատու է Կենտրոնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարություն.

3) իրականացնում է Կենտրոնի աշխատակազմի կառավարումը` Արցախի Հանրապետության օրենքով և Կենտրոնի կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում.

4) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Կենտրոնի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

5) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Կենտրոնի աշխատակազմի ղեկավարի` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

6) Արցախի Հանրապետության օրենսդրությանը և Կենտրոնի կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է Կենտրոնի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

7) վերահսկողություն է իրականացնում Կենտրոնի կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ.

8) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Կենտրոնի համակարգի աշխատողների թիվը.

9) սահմանում է իր տեղակալի լիազորությունները.

10) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Կենտրոնի աշխատակազմի ղեկավարին, Կենտրոնի համակարգի աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

11) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

12) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ Կենտրոնի անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ Կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

13) տրամադրում է արձակուրդ Կենտրոնի աշխատակազմի ղեկավարին` Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը և դրանով սահմանված կարգին համապատասխան.

14) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

16. Տնօրենի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, տնօրենի պարտականությունները կատարում է տնօրենի տեղակալը:

17. Տնօրենի տեղակալը՝

1) համակարգում է Կենտրոնի համակարգի աշխատանքները` Կենտրոնին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է Կենտրոնի` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

3) Կենտրոնի նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառներում Կենտրոնի համակարգի մարմիններին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, վերահսկողություն իրականացնում դրանց կատարման նկատմամբ.

4) Տնօրենին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

5) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում տնօրենի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նրան.

6) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

18. Տնօրենն ունի խորհրդական և օգնական, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

19. Տնօրենի խորհրդականը՝

1) իրականացնում է տնօրենի հրամանով իրեն վերապահված գործառույթները.

2) համաձայնեցնելով տնօրենի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագրերը.

3) պարբերաբար տնօրենին է ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

4) առանձին դեպքերում կարող է իրականացնել տնօրենի լիազորությունների իրականացմանն ուղղված որոշակի աշխատանքների, ծրագրերի համակարգումը:

20. Տնօրենի մամուլի քարտուղարն իրականացնում է Կենտրոնի`

1) հասարակայնության հետ կապերի ապահովումը.

2) տնօրենի պաշտոնական տեսակետները ներկայացնում է մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներին.

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում տնօրենին և տնօրենի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

4) կազմակերպում է տնօրենի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

5) տնօրենի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

6) կատարում է տնօրենի կողմից տրված այլ հանձնարարականներ:

21. Տնօրենի օգնականը՝

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում տնօրենին.

2) համաձայնեցնելով տնօրենի հետ` կազմակերպում է տնօրենի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում տնօրենին.

3) կազմակերպում է տնօրենի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով Կենտրոնի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` տնօրենի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) նախապատրաստում և տնօրենին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

6) առանձին դեպքերում կարող է իրականացնել տնօրենի լիազորությունների իրականացմանն ուղղված որոշակի աշխատանքների կատարումը.

7) կատարում է տնօրենի կողմից տրված այլ հանձնարարականներ:

 

5. ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

22. Կենտրոնի աշխատակազմի նպատակը և խնդիրը Կենտրոնի՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին Կենտրոնի մասնակցության ապահովումն է:

23. Կենտրոնի աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, Արցախի Հանրապետության օրենքներին, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին, սույն կանոնադրությանը և իրավական այլ ակտերին համապատասխան:

24. Կենտրոնի աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք: Կենտրոնի աշխատակազմը կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

25. Կենտրոնի աշխատակազմը պետական կառավարչական հիմնարկ է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

26. Կենտրոնի աշխատակազմն իր իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

27. Կենտրոնի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

28. Կենտրոնի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Կենտրոնի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

29. Կենտրոնի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կենտրոնի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև Կենտրոնի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:

30. Կենտրոնի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:

31. Կենտրոնի աշխատակազմի անվանումն է՝ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

32. Կենտրոնի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20 փողոց, շենք N 1:

 

6. ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

33. Կենտրոնի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռքբերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է դրա հաշվեկշռում: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ Կենտրոնի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

34. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել իր կողմից Կենտրոնի աշխատակազմին հանձնված գույքը:

35. Կենտրոնի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, իրավական այլ ակտերով ու սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):

 

7. ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

36. Կենտրոնի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են դրա կառուցվածքային ստորաբաժանումները:

37. Կենտրոնի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է տնօրենը:

 

8. ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

38. Կենտրոնի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարությունը և տնօրենը` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

39. Կենտրոնի աշխատակազմը ղեկավարում է Կենտրոնի աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Կենտրոնի տնօրենը:

40. Արցախի Հանրապետության կառավարությունը՝

1) հաստատում է Կենտրոնի աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

2) որոշում է Կենտրոնի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

3) հաստատում է Կենտրոնի աշխատակազմի կառուցվածքը.

4) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

41. Կենտրոնի աշխատակազմի ղեկավարն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, իրավական այլ ակտերով, տնօրենի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Կենտրոնի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, տնօրենի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

42. Կենտրոնի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Կենտրոնի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

43. Կենտրոնի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, տնօրենի՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

44. Կենտրոնի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է Կենտրոնի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը՝ տնօրենի հրամանով:

45. Կենտրոնի աշխատակազմի ղեկավարը՝

1) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, իրավական այլ ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

3) իր իրավասությունների սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, հանձնարարագրեր, կարգադրություններ և ցուցումներ.

5) տնօրենի հաստատմանն է ներկայացնում Կենտրոնի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է Կենտրոնի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, Կենտրոնի տնօրենի հաստատմանն է ներկայացնում Կենտրոնի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

6) տնօրենին ներկայացնում է առաջարկություններ Կենտրոնի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

7) կազմակերպում է Կենտրոնի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

8) կազմակերպում է Կենտրոնի քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

9) վերահսկում է Կենտրոնի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

10) տնօրենի ստորագրմանն է ներկայացնում տնօրենի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

11) ապահովում է համագործակցությունն Արցախի Հանրապետության պետական մարմինների աշխատակազմերի հետ.

12) կազմակերպում է Կենտրոնում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

13) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

9. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

46. Կենտրոնի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետը ղեկավարում է Կենտրոնի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է Կենտրոնի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» օրենքով իր վրա դրված լիազորությունները:

47. Կենտրոնի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, Կենտրոնի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

48. Կենտրոնի աշխատակազմն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական, ինչպես նաև վարչական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

49. Կենտրոնի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

10. ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

50. Կենտրոնի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N2

Արցախի Հանրապետության

կառավարության 2023 թվականի

փետրվարի 8-ի N63-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

1. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1) Առաջին բաժին

2) Երկրորդ բաժին

3) Ֆինանսատնտեսական բաժին

4) Քարտուղարություն

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2023 թվական