Համարը 
N 77-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.02.01-2023.02.28 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.02.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.02.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.02.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2023թ.

N 77-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 105-րդ կետի 1-ին ենթակետով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել որոշ ապրանքների մատակարարման հատուկ կարգ (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Կարգի կիրառմամբ պայմանավորված աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբին (այսուհետ՝ օպերատիվ շտաբ) կից հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Սահմանել, որ Կարգի կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է օպերատիվ շտաբը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված N1

Արցախի Հանրապետության

կառավարության 2023 թվականի

փետրվարի 15-ի N77-Ն որոշման

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ

ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

 

1. Որոշ ապրանքների մատակարարման հատուկ կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում են Արցախի Հանրապետության տարածքում բնակչության կարիքների բավարարման նպատակով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբի (այսուհետ՝ օպերատիվ շտաբ) կողմից որոշված ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) մատակարարման ապահովման համար մատակարարների ընտրության հետ կապված հարաբերությունները:

2. Ապրանքների մատակարարումը կազմակերպվում է Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 15-ի N 77–Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից կազմակերպված մրցույթների (այսուհետ՝ մրցույթ) արդյունքներով հաղթող ճանաչված մատակարարների միջոցով:

3. Արցախի Հանրապետության տարածքում գրանցված և (կամ) գործունեություն ծավալող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ապրանքների մատակարարման մրցույթներին մասնակցելու հրավեր ստանալու համար գրանցվում են համապատասխան էլեկտրոնային հավելվածում:

4. Մրցույթների կազմակերպման նպատակով օպերատիվ շտաբը մատակարարման ենթակա ապրանքների ցանկն ըստ բնութագրերի (քանակ, մատակարարման ժամկետներ, մատակարարման վայր) տրամադրում է հանձնաժողովին:

5. Հանձնաժողովը կազմում և հաստատում է հրավերը, որը մասնակիցներին է ուղարկվում էլեկտրոնային հավելվածի միջոցով: Հրավերը ներառում է՝

1) ապրանքների բնութագրերը և որակական չափանիշները.

2) ապրանքների պահանջվող քանակը, մատակարարման ենթակա օբյեկտները.

3) ապրանքների մատակարարման ժամկետները.

4) հայտերի ներկայացման օրը, ժամը և վայրը:

6. Մասնակիցների կողմից մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է փակ ծրարով:

7. Հայտ ներկայացրած մասնակցի կամ նրա ներկայացուցչի ներկայությունը պարտադիր է հայտերի բացման նիստում:

8. Հանձնաժողովը հրավերով նշված վայրում և ժամին մասնակիցների ներկայությամբ բացում է հայտերը՝ որոշում և հայտարարում հրավերի պահանջներին բավարարող նվազագույն գին առաջարկած հաղթող մասնակցին:

9. Հանձնաժողովը հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ տվյալները տրամադրում է օպերատիվ շտաբին:

10. Հաղթող ճանաչված մասնակցի կողմից հրավերով նախատեսված պայմանները խախտելու դեպքում մասնակիցը հանձնաժողովի որոշմամբ կարող է զրկվել հետագայում մրցույթներին մասնակցելու իրավունքից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված N2

Արցախի Հանրապետության

կառավարության 2023 թվականի

փետրվարի 15-ի N77-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆՀ-1792-Ն

ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԻՆ ԿԻՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Անդրանիկ Գասպարյան

- Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)․

2. Վլադիմիր Գրիգորյան

- «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ)․

3. Նարեկ Հարությունյան

- Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ․

4. Գեղամ Ասատրյան

- Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման վարչության պետ.

5. Զավեն Միրզոյան

- Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ներքին հսկողության բաժնի պետ.

6․ Գրաչիկ Սարքիսյան

- Արցախի Հանրապետության պետական նախարարի հասարակական հիմունքներով օգնական․

7. Թամար Բաբայան

- Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2023 թվական