Համարը 
N 159-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.03.01-2023.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 17.03.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.03.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.03.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա և գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2023թ.

N 159-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տրանսպորտի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կրած վնասների փոխհատուցման պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա և գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

3․ Սույն որոշումն ուժի մեջ մտնելուն նախորդող ամիսների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կրած վնասների փոխհատուցման նպատակով լիազոր մարմնին տեղեկություններ են ներկայացնում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում։

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2023 թվականի մարտի 16-ի N 159-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կրած վնասների փոխհատուցման պայմաններով (այսուհետ՝ սույն պայմաններ) կարգավորվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ կազմակերպություն) կրած վնասների փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն պայմանների համաձայն շահառուներ են հանդիսանում կազմակերպությունները, որոնք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված համապատասխան երթուղային ցանցը կազմակերպող մարմինների (այսուհետ՝ լիազոր մարմին) որոշմամբ ստացել են երթուղիների սպասարկման իրավունք:

3. Սույն պայմաններով փոխհատուցվում է կազմակերպությունների կողմից կատարված ծախսերի տեսակներից միայն դիզելային վառելիքի ծախսատեսակը՝ անհատույց ֆինանսական աջակցության ձևով՝ պետական բյուջեի միջոցներից: Նշված փոխհատուցումը տրամադրվում է համապատասխան ամսում գործող դիզելային վառելիքի մեկ լիտրի շուկայական արժեքի և մեկ լիտր բազային արժեքի (մի շարք միջշրջանային և միջպետական կանոնավոր երթուղիների համար՝ 450 (չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ, իսկ միջշրջանային՝ Ստեփանակերտ-Մարտակերտ-Ստեփանակերտ, Մարտակերտ-Ստեփանակերտ-Մարտակերտ, Մաղավուզ-Ստեփանակերտ-Մաղավուզ, Հաթերք-Ստեփանակերտ-Հաթերք, Ներքին Հոռաթաղ-Ստեփանակերտ-Ներքին Հոռաթաղ երթուղիների համար՝ 570 (հինգ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ, Ստեփանակերտի ներքաղաքային երթուղիների համար՝ 480 (չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամ) դրական տարբերության (այսուհետ՝ վնաս) չափով:

 

2. ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՁԵՎԸ

 

4. Դիզելային վառելիքի հաշվարկային ծախսը որոշվում է ըստ կատարված փաստացի վազքի հետևյալ բանաձևով՝

 

QH=0.01*HS*S*D

 

1) որտեղ՝ QH -վառելիքի ծախսն է (լիտր).

2) 0.01-լիտրը կիլոմետրի հարաբերության գործակիցն է.

3) HS-վառելիքի ծախսի բազային նորման է (լիտր/100 կիլոմետր).

4) S-տրանսպորտային միջոցի փաստացի կատարված վազքն է (կիլոմետր).

5) D-վառելիքի ծախսի բազային նորմայի ավելացման ուղղիչ գործակիցն է՝

ա. ձմեռային ժամանակահատվածում ավտոմեքենայի աշխատանքի ընթացքում՝ մինչև 10 տոկոս,

բ. լեռնային տեղանքներում աշխատանքի ժամանակ՝ կախված ծովի մակերևույթից ունեցած բարձրությունից 300մ-800մ՝ մինչև 5 տոկոս, 800 մ-ից բարձր՝ մինչև 10 տոկոս,

գ. շահագործման մեջ 8 տարվանից ավելի գտնվելու դեպքում մինչև 5 տոկոս,

դ. մինչև 100 հազար բնակիչ ունեցող քաղաքներում աշխատանքի դեպքում ներքաղաքային երթուղիների համար՝ մինչև 5 տոկոս:

5․ Միաժամանակ մի քանի ուղղիչ գործակիցներ կիրառելու դեպքում՝ վառելիքի ծախսի բազային նորմայի մեծությունը սահմանվում է՝ հաշվի առնելով դրանց գումարի մեծությունը:

6. Վնասի փոխհատուցման ենթակա գումարի չափը կկազմի՝

1) միջշրջանային և միջպետական կանոնավոր երթուղիների համար՝

Qփ= QH (Aշուկ-A450) կամ Qփ= QH (Aշուկ-A570)

որտեղ՝

ա. Qփ-վնասի փոխհատուցման ենթակա գումարի չափն է (ՀՀ դրամ),

բ. QH-վնասի փոխհատուցման ենթակա վառելիքի ծախսն է (լիտր),

գ. Aշուկ-մեկ լիտր դիզելային վառելիքի շուկայական գինն է (ՀՀ դրամ/լիտր),

դ. A450-մեկ լիտր դիզելային վառելիքի բազային գինն է՝ 450 ՀՀ դրամ/լիտր,

ե. A570-մեկ լիտր դիզելային վառելիքի բազային գինն է՝ 570 ՀՀ դրամ/լիտր.

2) Ստեփանակերտի ներքաղաքային երթուղիների համար՝

 

Qփ=QH ( Aշուկ-A480)

որտեղ՝

ա. Qփ-վնասի փոխհատուցման ենթակա գումարի չափն է (ՀՀ դրամ),

բ. QH-վնասի փոխհատուցման ենթակա վառելիքի ծախսն է (լիտր),

գ. Aշուկ-մեկ լիտր դիզելային վառելիքի շուկայական գինն է (ՀՀ դրամ/լիտր),

դ. A480-մեկ լիտր դիզելային վառելիքի բազային գինն է՝ 480 ՀՀ դրամ/լիտր։

 

3. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7. Կազմակերպությունը յուրաքանչյուր ամսվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում տվյալ ամսվա ընթացքում տրանսպորտային միջոցի փաստացի կատարած երթերի, վազքի և վնասի փոխհատուցման ենթակա գումարի մասին տեղեկություններ:

8. Լիազոր մարմինը կազմակերպության կողմից ներկայացված տեղեկություններն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ավտոկայարանային և երթակարգավարական կետերի ծառայություններ մատուցող կազմակերպություններից ստանում է նախորդ ամսվա ընթացքում կատարված ուղերթերի և վազքի մասին տեղեկություններ՝ ըստ տրանսպորտային միջոցների (մակնիշի) և դրանց հիման վրա անհրաժեշտության դեպքում կատարում համապատասխան ճշտումներ:

9. Լիազոր մարմինը սույն պայմանների 7-րդ և 8-րդ կետերում նշված տեղեկություններն ամփոփելով կազմում և 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ֆինանսավորման հայտ:

10․ Սույն պայմաններով նախատեսված կրած վնասների փոխհատուցումը տրամադրվում է 2023 թվականի ընթացքում՝ մատուցված տրանսպորտային ծառայությունների համար։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2023 թվական