ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
|
§21¦ ապրիլի 2009թ. |
Թիվ 08-Ն |
ք. Ստեփանակերտ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով §Դատական ծառայության մասին¦ Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենքի 21-րդ հոդվածով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դատական օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով` ԼՂՀ դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել դատական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և աշխատակարգը` համաձայն հավելվածի:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
դատարանների նախագահների խորհրդի
2009թ. ապրիլի 21-ի թիվ 08-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1. Սույնով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովների /այսուհետ` Հանձնաժողով/ ձևավորման կարգը և աշխատակարգը:
2. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են §Դատական ծառայության մասին¦ ԼՂՀ օրենքով /այսուհետ Օրենք/, ԼՂՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող Հանձնաժողովները ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի /այսուհետ Ղեկավար/ կողմից:
4. Հանձնաժողովները կազմվում են.
ա) ԼՂՀ դատական դեպարտամենտի /այսուհետ Դեպարտամենտ/ կենտրոնական մարմնի երկու ներկայացուցչից,
բ) համապատասխան թափուր պաշտոնի անմիջական ղեկավարից,
գ) թափուր պաշտոնի անձնագրի առանձնահատկություններից ելնելով` մեկ դատավորից /համաձայնությամբ/ և Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման մեկ ղեկավարից:
5. Հանձնաժողովը կազմվում է մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 18 ժամ առաջ: Դեպարտամենտը մրցույթն սկսելուց առնվազն հինգ ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա և ժամի մասին:
6. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Ղեկավարի կողմից: Նույն որոշմամբ Ղեկավարը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
7. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:
Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում են անհնար, ապա սույն կարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից,
բ) համաձայն դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
9. Հանձնաժողովը`
ա) Դեպարտամենտից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, հանձնաժողովի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.
բ) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ չթույլատրելու մասին.
գ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղը.
դ) ԼՂՀ դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
ե) անցկացնում է մրցույթի մասնակիցների թեստավորումը.
զ) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.
է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
ը) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.
թ) հաստատում և հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
ժ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.
ժա) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.
ժբ) կազմում է քվեաթերթեր.
ժգ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.
ժդ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.
ժե) ամփոփում է մրցույթի արդյունքները.
ժզ) պաշտոնապես հրապարակում է մրցույթի արդյունքները.
ժէ) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է ամփոփիչ արձանագրություն տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին.
ժը) դատական դեպարտամենտին հանձնում է կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, բայց չօգտագործված ամփոփաթերթերը և մյուս փաստաթղթերը.
ժթ) իրականացնում է օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
11. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովների անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում: Եթե Հանձնաժողովն իրավազոր չէ /նիստին չի մասնակցում Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին/, ապա Հանձնաժողովի անդամներն այդ մասին կազմում են արձանագրություն և ստորագրում այն:
12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
13. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահին: ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահն իր որոշմամբ կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ հանձնաժողովի կազմից:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
14. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.
դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
զ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
15. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.
բ) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
16. Հանձնաժողովի անդամը`
ա) վարում է նիստերը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
բ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.
գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.
դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը:
ե) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.
զ) ստորագրում է մրցույթի ամփոփիչ արձանագրությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է §հատուկ կարծիքը կցվում է¦ բառերը.
է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
ը) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
17. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից և հանձնման ակտով Դեպարտամենտին մրցութային փաթեթը փոխանցելուց հետո, ինչպես նաև դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգով նախատեսված դեպքում, դադարեցնում է իր գործունեությունը:
18. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: